«Գավրիլովի գիշերից» երեք տարի անց՝ ինչպես հունիսի 20-ը մտավ Վրաստանի պատմության մեջ
Հունիսի 20-ի հանրահավաքը Թբիլիսիում
Հունիսի 20-ին Թբիլիսիում նշում են հակակառավարական զանգվածային բողոքը դաժանորեն ցրելու երրորդ տարին: Հիմնական պահանջը ընտրական համակարգի բարեփոխումն էր, որին մինչ օրս ընդդիմությունը չի կարողացել ամբողջությամբ հասնել:
Ոստիկանությունն այդ ժամանակ կիրառեց արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ և ռետինե փանփուշտներով կրակում էր հազարավոր երիտասարդ մարդկանց վրա Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի առաջ: Երկու մարդ զրկվեցին աչքից, ավելի քան 200-ը վիրավորվեցին:
Այդ ամսաթիվը նշելու համար խորհրդարանի շենքի առաջ 19:00-ին կհավաքվեն ակտիվիստներ և ընդդիմադիրներ: Սպասվում է, որ նրանց կմիանան հարյուրավոր թբիլիսցիներ:
Ակցիան լիազորված է Թբիլիսիի քաղաքապետի կողմից: Ռուսթավելի պողոտան փակ կլինի 14:00-ից:
Կազմակերպիչները հայտարարել են, որ կպահպանվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր կանոնները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ:
Ցույցի վայրում հատուկ նշաններ են արված, որոնք կօգնեն պահպանել երկու մետր հեռավորությունը:
Տեղում կարելի է ստանալ դիմակներ, պաշտպանիչ վահաններ և ախտահանիչ միջոցներ:
Կազմակերպիչները քաղաքացիներին կոչ են անում բողոքի ակցիայի ընթացքում գլուխները խոնարհած կանգնել:
Բողոքի ակցիա, որը Թբիլիսիում անվանում են «Գավրիլովի գիշեր». ի՞նչ, ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցավ
2019 թվականի հունիսի 20-ի առավոտյան Վրաստանում սկսվեց խաղաղ ակցիա՝ առանց որևէ նախնական կազմակերպման:
Խորհրդարանում այդ օրը բացվեց Միջազգային ուղղափառ խորհրդարանական վեհաժողովը: Շուտով պարզ դարձավ, որ դրա կազմակերպիչներից մեկը՝ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որոշել է անցկացնել խորհրդակցությունը՝ վրաց խոսնակի բազկաթոռին նստած:
• Ո՞վ է ռուս ուղղափառ կոմունիստը, որը Թբիլիսիում բողոքի ցույցերի պատճառ է դարձել
• Ինչ է պետք իմանալ Թբիլիսիում բողոքի շարժման մասին՝ երեք րոպեանոց տեսանյութում
• Քաղաքական ճգնաժամ Վրաստանում։ Հարվածներ օլիգարխին՝ դրսից և ներսից
• Բողոքի չորս հանրահավաք մեկ օրում։ Թե ինչպես էր ցույց անում Թբիլիսին․ ֆոտոռեպորտաժ
Շուտով մոտ հարյուր մարդ դուրս եկավ բողոքի ակցիայի Ռուսթավելի պողոտայում: Խաղաղ ցույցի մասնակիցները դիմեցին Վրաստանի կառավարությանը հարցով.
«Ո՞վ է թույլ տվել Վրաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչող երկրի պատգամավորին նստել վրաց խոսնակի բազկաթոռին»:
Երեկոյան արդեն դա ոչ թե ցույց էր, այլ հսկայական բողոքի ակցիա, որը սփռվել էր Թբիլիսիի ողջ կենտրոնով: Ըստ տարբեր աղբյուրների՝ հավաքվել էր մինչև 20 հազար մարդ: Խորհրդարան ներխուժելու փորձեր են եղել, որոնք անվտանգությունը կասեցրել է: Անհանգստությունը և ոստիկանության հետ դիմակայությունը տևեց ողջ գիշեր:
Հունիսի 21-ի առավոտյան հատուկջոկատայինները գործի անցան և ցրեցին ցույցը՝ արցունքաբեր գազ, ջրցաններ և ռետինե փամփուշտներ օգտագործելով:
Ավելի քան 200 մարդ վիրավորվեց:
Երկուսը՝ 18-ամյա Մաքո Գոմուրին և 26-ամյա Գիորգի Սուլաշվիլին, ռետինե գնդակների հետևանքով զրկվեցին աչքից:
Գոմուրին և Սուլաշվիլին ճանաչվեցին որպես ոստիկանության գործողությունների զոհ երկարատև դատավարությունից հետո, միայն հինգ ամիս անց:
Իշխանությունները հունիսի 20-ի բողոքի ակցիան որակեցին որպես պետական հեղաշրջման փորձ: Նրանց խոսքերով՝ ցույցի ցրումը կապված էր հենց այն բանի հետ, որ ընդդիմության մի քանի ակտիվիստ ցուցարարներին կոչ էին անում ներխուժել խորհրդարանի շենք:
Բողոքի ակցիայի առաջնորդները, սակայն, ասում են, որ հիմնական նպատակը եղել է 2020 թվականի աշնանը ապահովել խորհրդարանի ազատ ընտրություններ, որը շատ կարևոր իրադարձություն է Վրաստանի քաղաքական ապագայի համար: Ընդդիմությունը կարծում է, որ դրա համար անհրաժեշտ է հրաժարվել խառը ընտրական համակարգից:
Ընդդիմությունը պահանջում է մաքուր համամասնական համակարգ՝ կուսակցական ցուցակներով, քանի որ մեծամասնական համակարգը կառավարությանը նշանակալի առավելություն է տալիս հենց սկզբից:
Հունիսի 24-ին Բիձինա Իվանիշվիլին՝ երկրի ոչ ֆորմալ ղեկավարը, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահը և օլիգարխը, կատարեց ցուցարարների հիմնական պահանջներից մեկը:
Նա անձամբ խոստացավ, որ կվերացվի մեծամասնական համակարգը և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով:
• Ինչո՞ւ է կարևոր Վրաստանի համամասնական ընտրական համակարգի համար պայքարը
• Երաժշտություն և պարեր Թբիլիսիի բողոքի ցույցերին։ Տեսանյութ
Այդ խոստումից հինգ ամիս անց՝ 2019 թվականի նոյեմբերին, կառավարությունը աննախադեպ քայլ արեց՝ հրաժարվեց կատարել խոստումը:
Խորհրդարանում համամասնական ընտրական համակարգի անցնելու հարցի քվեարկության ժամանակ երկրի ստվերային առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին հավատարիմ պատգամավորները բարեփոխման դեմ քվեարկեցին:
Չկատարվեց ցուցարարների ևս մեկ պահանջ՝ ազատել աշխատանքից ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: Դրա փոխարեն Գախարիան նշանակվեց վարչապետ:
• Ինչպե՞ս է Վրաստանի գլխավոր օլիգարխը կապված նոր վարչապետի հետ․ բոլոր մանրամասները
Դա ևս բողոքի ակցիաների նոր ալիք բարձրացրեց, որոնք շարունակվեցին 2019 թվականի ամռանը և աշնանը: Խորհրդանիշ դարձավ կարմիր ժապավենը, որը փակում էր մեկ աչքը՝ «20%» գրությամբ:
Դա միևնույն ժամանակ համերաշխության նշան էր նրանց նկատմամբ, ովքեր կորցրել էին աչքը հունիսի 21-ի գիշերը բողոքի ակցիան ցրելու ժամանակ, և հիշեցում այն մասին, որ Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը:
Քաղաքացիական ակտիվիստները Իվանիշվիլիին մեղադրեցին ստախոսության և ընտրակեղծիքների մեջ: 2019 թվականի նոյեմբերին նորից մի քանի հազար մարդ դուրս եկավ փողոց:
Ընդդիմության մեծամասնությունը համախմբվեց ընտրությունները համամասնական համակարգով անցկացնելու պահանջի շուրջ: Ավելին, մի քանի պատգամավորներ լքեցին խորհրդարանական մեծամասնությունը ի նշան բողոքի, այդ թվում Թամարա Չուգոշվիլին՝ առաջին տեղակալը:
Խորհրդարանի առաջ վերսկսվեցին բողոքի ակցիաները, վրաններ տեղադրվեցին:
Նոյեմբերի 18-ին հատուկ նշանակության ուժերը իրականացրեցին ևս մեկ հատուկ գործողություն և մաքրեցին խորհրդարանի դիմացի տարածքը:
Այնուամենայնիվ, հանրահավաքները Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում չդադարեցին: Եվ միայն կորոնավիրուսի համավարակը ստիպեց ցուցարարներին դադարեցնել ակցիաները:
Քաղաքականությունը վերադարձավ Վրաստան 2020 թվականի մայիսին
Դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ շարունակվեց երկխոսությունը Վրաստանում կառավարության և ընդդիմության միջև:
Եվ արդյունքում, 2020-ի մարտի 8-ին ԱՄՆ դեսպանատանը ստորագրվեց պատմական փոխզիջումային համաձայնագիր՝ 2020-ի խորհրդարանական ընտրությունների մոդելի վերաբերյալ:
Որոշվեց, որ ընտրությունները կանցկացվեն 120/30 մոդելիով, այսինքն ՝ 120 պատգամավոր ընտրվելու է համամասնական ցուցակով, իսկ 30-ը՝ մեծամասնականով:
Ընդդիմությունը ինչ-որ չափով փոխզիջման գնաց, քանի որ մարտի 8-ին ԱՄՆ դեսպանատանը ստորագրված համաձայնագիրը նաև նախատեսում էր ազատ արձակել չորս քաղաքական առաջնորդների և ակտիվիստների, որոնք ձերբակալվել էին տարբեր պատճառներով (Գիգի Ուգուլավա, Իրակլի Օկրուաշվիլի, Գեորգի Ռուրուա, Բեսիկ Թամլիանի).
Վրաստանում և նրա սահմաններից դուրս շատերը նրանց համարում են «քաղբանտարկյալներ»:
Իշխանությունները հերքում են քաղբանտարկյալների առկայությունը և, համապատասխանաբար, համաձայնագրում նրանց մասին դրույթը: Այնուամենայնիվ, նրանցից երեքը ազատ են արձակվել:
Շարունակում է կալանավորված մնալ 2019-ի ամառվա ցույցերի ակտիվ մասնակից, ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի հիմնադիրներից մեկը՝ Գեորգի Ռուրուան: