Թբիլիսի. բողոքի ակցիաներ, որոնք մեզ ոգեշնչում են
«Բնապահպանական պատասխանատվություն», «ուրբանիստական ժողովրդավարություն», «սոցիալական արդարություն». ո՞վ կհավատար, որ բոլորովին վերջերս այս արտահայտությունները կհնչեն Թբիլիսում բողոքի ակցիաների ժամանակ:
Նախորդող ցույցերը մոտ 200 տոկոսով քաղաքական էին, բարձրախոսներով լսվում էին սեփական պատուհանից երևացող տեսարանի պես սովորական պահանջներ. վերացական «ազատություն», «անկախություն» և ավելի շոշափելի «հեռացի՛ր» и «վերընտրում»:
Նախորդ 5 տարիներին Վրաստանում տասնյակ երիտասարդական շարժումներ կազմավորվեցին, որոնք բարցրաձայնում էին ամենատարբեր, քաղաքականության հետ ուղղակիորեն կապ չունեցող հարցեր: Դրանցից ամենահայտնիներն այսօրվա դրությամբ վերաբերում են բնապահպանությանն ու սոցիալական քաղաքականությանը:
Հետաքրքրական է արդեն միայն այն, որ հորիզոնում հայտնվել են երիտասարդ և էներգիայով լի մարդիկ, որոնք անկեղծորեն հետաքրքրված են սուպերմարկետների գանձապահների աշխատանքային օրվա տևողությամբ կամ շինարարի գլխին սաղավարտի բացակայությամբ:
Եվ պարզապես հիացնում է այն, որ նրանք «պատիվ են պահանջում» գանձապահի ու շինարարի մենեջերից, նրանց իրավունքները չխախտելու հիմնավորված պահանջներ են ներկայացնում:
Քաղաքականից դեպի մարդկային այս փոխակերպումը կատարվեց աստիճանաբար, աննկատ ու զգուշորեն, մեզնից շատերը դեռևս չեն գիտակցում՝ ինչ հեղաշրջում է տեղի ունեցել վրացիների գիտակցությունում ու մտածելակերպում:
Կրկնենք. բազմաթիվ տարիների ընթացքում առաջին անգամ մեր քաղաքացիները պահանջում են ոչ թե քաղաքական նշանակումներ կամ հրաժարական, այլ մաքուր օդ, մեքենաների ճիշտ կայանում, խելամիտ քաղաքաշինություն: Եվ անում են դա արդյունավետ, դինամիկ ու կրեատիվ, նոր ոճով:
Համերգը, պերֆոմանսը, ֆլեշմոբը բողոքի նոր ձևեր են: Բայց միակը չեն:
Վերջին ժամանակների ամենավառ օրինակը Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքների վերացմանն ուղղված կամավորական աշխատանքն էր: Ջրհեղեղը հունիսի 13-ի գիշերն էր: Իսկ վաղ առավոտյան աղետից տուժած Թբիլիսին լի էր հազարավոր կամավորներով, ովքեր առանց ավելորդ բառի սկսեցին գործել: Նրանք աշխատում էին վաղ առավոտից մինչև ուշ գիշեր մի շաբաթ շարունակ: Իսկ ոմանք՝ նույնիսկ ավելի երկար:
Քաղաքային այգիներում հերթապահություն անցկացնելը նույնպես բողոքի նոր ժանր է: Նոր՝ այսինքն առանց հացադուլների, բարձրախոսով վեհաշունչ կոչերի: Ցուցահանդեսներ, համերգներ և այլ ելույթներ՝ այս ամենը կիրառվում էր, օրինակ, Վակե այգում հյուրանոցի կառուցման կամ Գուդիաշվիլու պատմական հրապարակի բարբարոսական վերակառուցման դեմ բողոքի ակցիաների ժամանակ:
Այս նոր շարժումներն աննշմար են, ամենուր: Դրանք աճում են, բազմապատկվում ու նորանոր կողմնակիցներ ձեռք բերում: Դրանց առցանց արշավներն արագ վարակում են բոլորին, սոցիալական ցանցերում այդ էջերը մեկ շաբաթում հազարավոր հետևորդներ են հավաքում: Որովհետև այդ պահանջները միանգամից արձագանք են առաջացնում: Քիչ թբիլիսցի կարելի է գտնել, որ համաձայն չլինի ծառահատումներին վերջ տալու, կենտրոնում խելագար շինարարական հիստերիկան դադարեցնելու պահանջներին, որ չի կարելի աղբը նետել ոտքերի տակ ու մեքենաները կայանել թեքահարթակների վրա:
Այս բոլոր պահանջները, կարծես, օդում թևածեին արդեն տասնյակ տարիներ, բայց ժամանակ չլիներ դրանք բարձրաձայնելու: Եվ քանի դեռ նոր սերունդը չէր ձևավորվել, բոլորը լռում էին:
Եթե նայենք այդ նորովի բողոքող երիտասարդությանը, կհասկանանք, որ այն այլընտրանք է բոլոր այդ կարճամիտ, ճաղատ ու փորով երևույթներին, որոնց խելքն իրենցը չէ կենաց ասելու ու երբեմնի հերոսությունները գովաբանելու համար:
Եվ իրոք, այս նոր ուժի շարժիչ ուժը երիտասարդությունն է, ուսանողությունը, այսինքն՝ 90-ականներին ծնված երեխաները: Սոված ծնողների երեխաներն, ովքեր աշխատել են գրոշներով, հացի հերթեր կանգնել և գնդակոծություններից փախչել: Բարեբախտաբար, պատերազմի երեխաները ոչինչ չեն հիշում իրենց մանկության դժվարությունների մասին, և, հնարավոր է, այդ պատճառով էլ նրանք սեփական ծնողներից շատ ավելի ազատ են: Ու եթե մոտ ապագայում նրանց պահանջները չփոքրանան ու դառնան քաղաքական, կարելի է համարել, որ բոլոր թիթեղյա վառարանները, նավթավառները, հացի հերթերն ու շատ այլ բաներ, որոնց մասին նրանք չեն հիշում, իզուր չեն եղել:
Հրապարակվել է 05.09.2016