Թարխունը որպես հայ-վրացական բիզնես
Արարատյան դաշտի գյուղերն աստիճանաբար մասնագիտանում են որևէ մշակաբույսի արտադրության մեջ, այսինքն ամեն գյուղ մի բույսի վրա է կենտրոնանում: Դրա ընտրությունը գյուղացիները կատարում են առանց մասնագիտական խորհրդատվություն ստանալու, ամեն մեկն իր համար հաշվարկելով պահանջարկը, արտադրողականությունը և եկամտաբերությունը:
Արագած գյուղը մասնագիտացել է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, մասնավորապես՝ թարխունի արտադրությամբ: Մոտ 10 տարի առաջ Արագած գյուղում թարխունի մշակությունը համարվում էր ընդամենը լրացուցիչ եկամուտի աղբյուր, և ոչ բոլորն էին զբաղվում դրանով: Պահանջարկից ելնելով աստիճանաբար ավելացան թարխունի ցանքատարածությունները: Բանը հասավ նրան, որ գյուղացիները, հետևելով մեկը մյուսին, հրաժարվեցին այլ բանջարաբոստանային կուլտուրաներից և անցան համատարած թարխունի մշակության:
Արագած գյուղի մշակվող հողատարածքների 90 տոկոսը զբաղեցրեց թարխունը: Արդյունքում, առաջարկը գերազանցեց պահանջարկը, և խախտված հավասարակշռությունը կարող էր վերականգնվել միայն գնային քաղաքականության փոփոխությունը՝ ի վնաս արտադրողի:
Թարխունի մշակությունը և բերքահավաքը
Արագածում և հարևան մի քանի համայնքներում թարխունն աճեցնում են սածիլելու եղանակով, ջերմոցային պայմաններում, տարեկան երկու անգամ: Բերքահավաքը սկսվում է սածիլելուց երկու ամիս անց, տևում է 60-70 օր, յուրաքանչյուր 5 օրը մեկ: Եթե բերքահավաքը ժամանակին չկատարվի, բույսը փայտանում է և օգտագործման համար դառնում է անպիտան:
Արագածցի Լյովա Համբարձումյանը 20 տարի է թարխուն է մշակում: Նրա խոսքով, երբ փոքր ծավալներով էր մշակվում կանաչու այս տեսակը, իրացման խնդիր չկար, հիմնականում սպառումը կատարվում էր տեղական շուկայում, մասնավորապես՝ մայրաքաղաքում: Մեկ կապ թարխունը սկսում էր վաճառվել 150-200 դրամով: Արտադրության ծավալները մեծանալով՝ իրացման գները կտրուկ անկում ապրեցին:
Գյուղացիների հաշվարկը
Արագածցի Սուրեն Մաթևոսյանի հաշվարկով 1000 քմ հողակտորից լավագույն դեպքում 30 հազար կապ թարխուն է ստացվում: Եթե հաշվի առնենք միայն ծախսերը, որի մեջ մտնում է ջերմոցային տնտեսության կառուցում, սածիլում, պարարտացում, ոռոգում, բերքահավաք և կանաչու կապելու գործողություն, ապա մեկ կապ թարխունի վրա ծախսը կազմում է մոտ 10 դրամ:
25 դրամով վաճառելու դեպքում արտադրողը մեկ կապից օգտվում է միջինը 15 դրամ, որը կազմում է մոտ 500 հազար դրամ, չհաշված ընտանիքի ֆիզիկական ներդրումը: 25 դրամից էժան գնով վաճառելու պարագայում այլևս ձեռնտու չէ թարխուն մշակելը:
Թարխունի հիմնական գնորդները հիմա վրացիներն են
Վրաստանի գնորդներն անսահմանափակ քանակությամբ թարխուն են արտահանում: Սուրեն Մաթևոսյանն արդեն 10 տարի է, ինչ վրաստանցի գնորդներին թարխուն է վաճառում: Նրա խոսքով լինում են դեպքեր, երբ գնորդները քաջ գիտակցելով, որ կանաչին ունի բերքահավաքի և իրացման սահմանափակ ժամանակ, թելադրում են իրենց ուզած գները, երբեմն նույնիսկ տրամաբանությունից դուրս:
Օրինակ, երբ գյուղացիները գնորդներին մերժում են շատ ցածր գնով կանաչին վաճառել, նրանք միասնական համաձայնության են գալիս մի քանի օր թարխուն չգնել: Երբ վտանգվում է կանաչու պիտանելիությունը, գնորդներն առիթից օգտվելով, նախնականից էլ ավելի ցածր գին են առաջարկում, օրինակ, 17 դրամ մեկ կապի համար: Եղել են տարիներ, երբ թարխունի ամենաբարձր գինը 12 դրամ է եղել, ասում է Սուրենը:
Վրացի գնորդների հաշվարկները
Վրացի գնորդ Էմզար Արխամայան, ով 20 տարի է Արագածից թարխուն է արտահանում, ասում է. Վրաստանում էլ կանաչին բարձր գին չունի, վաճառում են 35-40 դրամով, կախված շուկայի պահանջարկից: Էզմարի խոսքերով, իրենց առաջարկած գները խիստ կապված են վրացական շուկայի գների հետ:
Բացի դա, իրենց վաճառած թարխունը մի քանի ձեռք անցնելուց հետո է միայն հայտնվում շուկայում, այսինքն առնվազն երեք վերավաճառողի ձեռքով է անցնում:
Չհաշված թարխունի գնման արժեքը, գնորդները տեղափոխման ծախսեր են կատարում, ճանապարհի հարկ են վճարում: Նաև կանաչին թարմ ու անվնաս տեղ հասցնելու համար սառույց են գնում, որը տեղադրվում է փաթեթավորման տարայի մեջ:
Ամենալուրջ խնդիրը՝ համակարգման բացակայությունն է
Արագածցիները վրաց գնորդներին նեղացնել չեն ցանկանում՝ տեղական շուկայում իրենց բերքը իրացնելն անհնար է, իսկ վրացիները գյուղից օրական մոտ 6 տոննա թարխուն են արտահանում:
Արագածի գյուղապետ Աշոտ Կամավոսյանը համոզված է, որ հիմնական խնդիրը գյուղում մշակաբույսերի ոչ կանոնակարգված արտադրությունն է, որի պատճառով էլ լճացում է առաջանում: Կամավոսյանը փորձում է գյուղացիների հետ բանակցել և հաջորդ տարի կարտոֆիլի ու կաղամբի ցանքատարածություններն ավելացնել:
Լևոն Համբարձումյանն էլ արդեն որոշել է՝ թարխունի բերքահավաքն ավարտելուց հետո, հուլիսին միջահաս կարտոֆիլի ցանքս կկատարի, ասում է, պետք գյուղացիները փորձեն իրենց հողատարածքները մասերի բաժանել ու տարբեր կուլտուրաներ մշակել: Այդ կերպ և ցանքաշրջանառություն կկատարվի, և թարխունի ցանքատարածությունը կկրճատվի, թարխունի գինն էլ, բնականաբար, կբարձրանա՝ ստացված օգուտն ավելի մեծ կլինի:
Ըստ Համբարձումյանի, եթե գյուղերում աշխատող գյուղատնտեսներ կամ խորհրդատուներ լինեին, ճիշտ հաշվարկներ ու մշակաբույսերի աճեցման բաշխում կկատարեին: Քանի դեռ նման հաստիք գյուղապետարաններում չկա, գյուղացիները, միմյանց նայելով ու նույնատեսակ կուլտուրա մշակելով, կկանգնեն բերքի լճացման և իրացման խնդրի առաջ: