Նոր էմոցիաներ, վախերի հաղթահարում․ էքստրիմի սիրահարի պատմությունը
Էքստրեմալ սպորտաձևերի սիրահարը
Հայաստանում տարեցտարի ավելանում է էքստրեմալ սպորտի սիրահարների թիվը։ Մարդկանց գրավում է ոչ միայն մարզվելու և առողջ ապրելակերպ վարելու ցանկությունը, այլ նաև այն էմոցիաները, որոնք ստանում են էքստրիմից։
28-ամյա Արթուր Պետրոսյանը նրանցից մեկն է։ Դեռահաս տարիքից իրեն փորձել է ու շարունակում է փորձել էքստրեմալ ամենատարբեր սպորտաձևերում։ Զբաղվել է վեյքբորդինգով, որն իրենից ներկայացնում է ջրային դահուկների, սնոուբորդի, սքեյթբորդի և սերֆինգի համադրություն։ Հետո սկսել է վարել մոտոցիկլ, արագընթաց հեծանիվ, պարապլան։
Արթուրը մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է, էքստրիմը համատեղում է սիրելի աշխատանքի հետ։ Գրասենյակային աշխատանքն ամենևին ձանձրալի չի համարում։ Պարզապես դրան հավելում է այն ուժեղ տպավորություններն ու էմոցիաները, որոնք ստանում է էքստրեմալ սպորտաձևերից։
- Երևանում շտապ օգնության աշխատանքի մասին․ պատմություններ, տեսանյութ
- Ինչո՞ւ են հայուհիներն ամուսնանում այլազգի տղամարդկանց հետ. երեք պատմություն
- Նորաձևության շաբաթ Երևանում․ հայկական արտադրության հագուստն ապագա ունի՞
- «Չլսված պատմություններ․ կյանքը լռության ու պայքարի միջև»։ Ֆիլմ Հայաստանից
«Էքստրեմալ սպորտաձևերն ունեն գաղափարախոսություն»
«Երբ երեխա էի, ֆիլմերից տպավորված, սկսեցի զբաղվել պարկուրով: Մենք ցատկում էինք մի ավտոտնակից մյուսի վրա, թռնում էինք պարիսպների վրայով։ Երբ երիտասարդ ես, նման բաները շատ արագ գրավում են: Բայց որքան շուտ գրավում են, նույնքան էլ շուտ շատերը դրանից հրաժարվում են, քանի որ չեն խորանում գաղափարախոսության մեջ, չեն դարձնում դա ապրելակերպ: Էքստրիմը ապրելու, կյանքը ընկալելու մասին է:
Դու չես կարող զբաղվել էքստրեմալ սպորտով ու առօրյա կյանքում էլ չլինես ռիսկը գնահատող, համարձակ և ուժեղ կամքով։ Գիտականորեն ապացուցված է, որ էքստրեմալ սպորտով զբաղվելու ընթացքում մարդու մարմնում արտադրվում է դոֆամին անվամբ հորմոնը։ Այն բնական խթանիչ է, որի շնորհիվ մարդն իրեն զգում է ավելի երջանիկ»,- ասում է նա։
Արթուրը կարծում է նաև, որ էքստրեմալ սպորտը հոգեբանություն է։ Մարդը ստանում է նոր էմոցիաներ, ազատվում է վախերից, կատարելով բարդ վարժություններ։
Համոզված է, որ՝ անցնելով դժվարանցանելի ճանապարհներ, սկսում ես քեզ ավելի ուժեղ զգալ․
«Էքստրեմալ սպորտաձևերը մարտահրավեր են մարդու մարմնի ու հոգու համար: Որևէ մեկը չի կարող պատկերացնել, թե ինչ կանի, ինչպես իրեն կպահի անկանխատեսելի, վտանգավոր իրավիճակներում: Ոչ ոք չգիտի, թե ինչի է ընդունակ մեր մարմինը, ինքնապաշտպանական ինչ բնազդներ ունի, ինչպես է կառավարում ուղեղը: Այդ ամենը բացահայտվում է միայն նման իրավիճակներում: Ու շատերը, ես այդ թվում, էքստրիմի օգնությամբ բացահայտում ենք ինքներս մեզ»:
Ներկայումս Արթուրը զբաղվում է լեռնադահուկային սպորտով։ Ասում է՝ իրեն շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ տարեց տարի ավելի մեծ թվով երիտասարդներ են հետաքրքրվում դահուկներով, սնոուբորդով․
«14 տարեկան էի, երբ առաջին անգամ կանգնեցի դահուկների վրա։ Նույնիսկ մարզաշորեր չունեի։ Ջինսերով էի, մի քանի հատ սվիտեր էի հագել, որ չմրսեի։ Հորեղբայրս էր սովորեցնում քշել։ Բայց ամենն այնքան ինձ վարակեց, որ սկսեցի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել։ Սկսեցի վարել նաև այն հատվածներում, որոնք նախատեսված չեն վարելու համար, մայրուղուց դուրս են։ Օրինակ, անտառներում, ճանապարհներ չունեցող սարերում, որոնք ունեն ավելի բարդ ռելիեֆ։ Վարելու այս տեսակը կոչվում է ֆրիռայդ։ Այն ավելի վայրի է, անկանոն ու, բնականաբար, մի քանի անգամ ավելի ուժեղ էմոցիաներ է տալիս»։
«Նորմալ է, երբ մարդը վախենում է»
Շատերը վախենում են էքստրեմալ սպորտաձևերից վնասվածքներ ստանալու հավանականության պատճառով, նկատում է Արթուրը։ Եվ դա հասկանալի է՝ վնասվածքները երբեմն անդառնալի են լինում։ Հիմա, տարիներ անց, իր ստացած վնասվածքների մասին ժպիտով է խոսում։ Մի քանի անգամ կոտրել է ոտքը, բայց դա չի դարձել պատճառ, որ հրաժարվի իր սիրելի մարզաձևերից։ Միայն մոտոցիկլ վարելուց է հրաժարվել, երբ վթարի է ենթարկվել․
«Հայ վարորդները սովոր չեն, որ փոխադրամիջոցը լինի երկու անիվով։ Մեզանում, ցավոք, չկա այդ մշակույթը հարգելու մոտոցիկլին, մոպեդին, հեծանիվին։ Վերջին անգամ մոտոցիկլ վարելուց վթարի ենթարկվեցի, երբ վարորդը առանց նայելու դուռը բացեց ու հարվածեց ինձ։ Ձեռքս կոտրվել էր, մոտոցիկլը ջարդ ու փշուր էր եղել։ Հասկացա, որ եթե անգամ ես շատ լավ վարեմ, կան հանգամանքներ, որոնք ոչ թե ինձանից չեն կախված, այլ մյուս վարորդներից։ Ու դա կարող է ճակատագրական լինել։ Երիտասարդ տարիներին քիչ ես վախենում հետևանքներից, դրանց մասին չես էլ մտածում»։
Բայց հիմա էլ ռիսկի քիչ չի դիմում, հակառակ դեպքում չէր զբաղվի էքստրեմալ սպորտով։
«Շատ նորմալ է, երբ մարդը վախենում է։ Ամեն անգամ, յուրաքանչյուր ցատկից առաջ, յուրաքանչյուր վազքից առաջ այդ անհանգստությունը զգում ես, որովհետև մարդ ես ու ունես պաշտպանական բնազդներ։ Բայց պետք է կարողանաս բթացնել այդ ամենը»,- կարծում է Արթուրը։
Հիմա նա սովորում է թռնել պարապլանով, որպեսզի զբաղվի սփիդռայդինգով։ Դա դահուկի ու պարապլանի համադրությունն է, պահանջում է ավելի լուրջ տեխնիկա, ավելի մեծ պատրաստվածություն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Էքստրեմալ սպորտաձևերի սիրահարը