Սուլթան Էրդողանը. ընտրություններում հաղթած թուրք բռնապետի վերելքների ու վայրէջքների մասին
Էրդողանի քաղաքական կենսագրությունը
Մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Թուրքիան 20 տարի ղեկավարած Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքեց ձայների ավելի քան 52 տոկոսը։ Միավորված ընդդիմությունից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ձայների 47 տոկոսը հավաքեց։
Այսպիսով, Էրդողանը իրավունք ստացավ ևս հինգ տարի ղեկավարել երկիրը, որն իր օրոք դարձել է ավելի հարուստ ու ազդեցիկ, բայց պակաս աշխարհիկ ու ազատ։ Իր կառավարման 20 տարիների ընթացքում նա կարողացավ նվազեցնել բանակի ազդեցությունը քաղաքականության վրա, մեծացնել իսլամի ազդեցությունը և երկիրը խորհրդարանական հանրապետությունից վերածել նախագահականի։ JAMnews-ի մեդիա գործընկեր «Kloop»-ը պատմել է, թե ինչպես Էրդողանը եկավ իշխանության և փոխեց Թուրքիան։
- Հայոց ցեղասպանության 108-րդ տարելից։ Կհաջողվի՞ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ
- Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Կարսի պայմանագիրն ու դրանով ամրագրված հայ-թուրքական սահմանը․ կարծիքներ
- Թուրքիա. ավելի քան 260 ողջ մնացած երեխաների անուններն անհայտ են
Օսմանյան մեծ շրջադարձ
Ժամանակակից Թուրքիան աշխարհիկ պետություն դարձավ 20-րդ դարի սկզբին՝ շնորհիվ Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ, գեներալ Մուստաֆա Քեմալի, ում անվանեցին Աթաթուրք («բոլոր թուրքերի հայր»)։ Նա առանձնացրեց կրոնը պետությունից և սկսեց երկիրը զարգացնել արևմտաեվրոպական չափանիշներով՝ ապավինելով բանակի աջակցությանը։
Քեմալը լուծարեց սուլթանությունը և հիմնեց հանրապետություն, ներմուծեց կշիռների և չափումների եվրոպական համակարգ, եվրոպական հագուստ, ներմուծեց Գրիգորյան օրացույցը և օրը 24 ժամ դարձրեց, մաքրեց լեզուն արաբերեն և պարսկերեն փոխառություններից և գրերը թարգմանեց լատիներեն: Աթաթուրքի իրականացրած բարեփոխումներից են համընդհանուր աշխարհիկ հանրակրթության ներդրումը, կանանց ընտրելու իրավունքի ամրագրումը, Շարիաթի օրենքների փոխարինումը Շվեյցարիայի քաղաքացիական օրենսգրքով և բազմակնության վերացումը։
Այնուամենայնիվ, քաղաքական իսլամը Թուրքիայում ոչ միայն գոյատևեց, այլև պահպանեց ժողովրդականությունը վերնախավի մի ստվար զանգվածի շրջանում: Թեև պահպանողական և կրոնական վրեժխնդրության փորձերը ճնշվում էին բանակի կողմից (1960-2016 թվականներին Թուրքիայում գրանցվել է հինգ ռազմական հեղաշրջում), Աթաթուրքի հակառակորդները պահպանում էին իրենց դիրքերը թուրքական վերնախավում և պարբերաբար վերականգնում էին իրենց իշխանությունը՝ քննադատելով քեմալականներին իրենց հոգևորության պակասի և իսլամի հիմքերը մերժելու համար։ Նրանցից մեկը Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր։
Նա իր քաղաքական կարիերան սկսել է 1970-ականների կեսերին Ստամբուլում՝ գլխավորելով իսլամիստական «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական թևը։ Մի քանի տարի անց Էրդողանը միացավ «Բարգավաճում» կուսակցությանը, որը նույնպես հավատարիմ էր քաղաքական իսլամի սկզբունքներին: Դրա շարքերում Էրդողանն առաջին անգամ հայտնի դարձավ որպես հռետոր և հասարակական քաղաքական գործիչ. քեմալիզմից հիասթափված թուրքերին ուղղված նրա կոչերն արագորեն հայտնի դարձան:
1994 թվականին Էրդողանը հաղթեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, իսկ մեկ տարի անց «Բարգավաճում» կուսակցությունը հայտնվեց խորհրդարանում։ Սակայն 1997 թվականին զինվորականները ստիպեցին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետին՝ «Բարգավաճում» կուսակցության ղեկավար Նեջմեթթին Էրբաքանին հրաժարական տալ։ Կուսակցությանն ու նրա կողմնակիցներին մեղադրեցին հակաաշխարհիկ գործունեության և երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայում «իսլամական պետություն» ստեղծելու փորձի մեջ։ 1998 թվականին Սահմանադրական դատարանն արգելեց «Բարգավաճում» կուսակցության գործունեությունը կրոնը պետությունից տարանջատելու սկզբունքը խախտելու համար։
Այնուամենայնիվ, Էրդողանը շարունակեց ակտիվորեն մասնակցել պահպանողականների հանրահավաքներին։ 1997 թվականին պանթուրքիզմի գաղափարախոս Զիյա Գյոքալդի բանաստեղծությունները մեջբերելու համար նրան մեղադրեցին «կրոնական ատելություն հրահրելու» մեջ։ Էրդողանին հեռացրին քաղաքապետի պաշտոնից և չորս ամսով ազատազրկեցին։
Չորս տարի անց Էրդողանը դարձավ «Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիրն ու նախագահը: 2002 թվականի նոյեմբերին այն անցավ խորհրդարան և ստացավ մանդատների մեծամասնությունը, ինչն էլ նրան թույլ տվեց ձևավորել միակուսակցական կառավարություն: Արդեն հաջորդ տարվա սկզբին Էրդողանին հավատարիմ խորհրդարանը փոխեց օրենքները, որպեսզի դատվածությունը չխանգարի նրան զբաղեցնել վարչապետի աթոռը։ 2003 թվականի գարնանը Էրդողանը դարձավ պատգամավոր, և շուտով նախագահը նրան նշանակեց վարչապետ. այն ժամանակվա խորհրդարանական երկրում կառավարության ղեկավարը լայն լիազորություններ ուներ։
Այդպես Թուրքիայում մեկնարկեց վերջին 100 տարվա ընթացքում ամենաերկար պահպանողական շրջադարձը: Թուրքիայի նորագույն պատմության այդ շրջանի կարճ նկարագիրը տալը դժվար է։ Բայց ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ սա փորձ է մեղմ ձևով վերստեղծել սուլթանությունն ու Օսմանյան կայսրությունը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։ Դա շարունակվում է արդեն երեք տասնամյակ և սերտորեն կապված է 69-ամյա Էրդողանի անվան հետ, ով այս ամբողջ ընթացքում ձեռքից բաց չի թողել իշխանությունը։
Առաջ դեպի անցյալ
Մեկ այլ «կայսրության վերստեղծող» և «ավանդական արժեքների» հետևորդ Վլադիմիր Պուտինի նման իշխանության գալու պահին Էրդողանի բախտը բերեց։ 21-րդ դարի առաջին տասնամյակը զարգացող երկրների շուկաներում աննախադեպ բումի ժամանակաշրջան դարձավ։ Համաշխարհային տնտեսության մեջ 1995 թվականից ուռճացող «dotcom փուչիկը» պայթեց, և աճի նոր կետերի փնտրտուքով համաշխարհային ներդրումային բանկերը սկսեցին հարյուր միլիարդավոր դոլարներ ներդնել ծայրամասային երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Թուրքիայում:
Հումքի գները սկսեցին գերազանցել բոլոր հնարավոր ռեկորդները, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ամենամեծ երկրները խեղդվում էին փողի մեջ: Ինչ-որ բան հասավ նաև բնակչությանը, մարդկանց եկամուտներն աճեցին։ Եվ տեղի քաղաքական գործիչները սերֆինգ արեցին այս բումի ալիքի վրա՝ վստահեցնելով, որ ժողովուրդը հարստանում է իրենց փայլուն որոշումների արդյունքում։
Չի կարելի ասել, որ Թուրքիայի տնտեսական աճն ամենևին Էրդողանի կառավարության արժանիքը չէր։ Նրա կողմից 2004-2005 թվականներին իրականացված դրամավարկային բարեփոխումը հանգեցրեց գնաճի նվազմանը։ Նա ներգրավեց օտարերկրյա ներդրողներին և միջոցներ չխնայեց լայնածավալ ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման համար։
2005 թ․-ին՝ երկիրը ողողած լավատեսության ալիքի վրա Էրդողանի կառավարությունը որոշեց իրականացնել հանգուցյալ Աթաթուրքի երազանքը՝ մեկնարկեց բանակցությունները Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ: Պահպանողական-կրոնական քաղաքական գործչի համար, ով 1970-ականներից ի վեր ընդդիմացել էր քեմալականների եվրոպամետ կուրսին և դրա համար նույնիսկ բանտ էր նստել, դա ակնհայտ անտրամաբանական քայլ էր։ Այդուհանդերձ, Էրդողանը առյուծի պես կռվեց եվրոպացի զգուշավոր չինովնիկների հետ՝ հրահրելով նրանց կտրուկ մերժումներն ու կատաղի քննադատությամբ հարձակվելով նրանց վրա։
Այսօր շատերն այդ բանակցությունները ներկայացում են համարում։ Էրդողանը չէր կարող չիմանալ, որ ԵՄ-ն պատրաստ չէ որպես անդամ ընդունել ոչ նման մի երկրի, ինչպիսին Թուրքիան է: Եվ նա օգտագործեց Եվրոպայի անխուսափելի մերժումը Աթաթուրքի գաղափարները փոխզիջման տանելու և թուրքական հասարակության աչքում դեպի նեոօսմանիզմ և պանթուրքիզմ հետագա շրջադարձը լեգիտիմացնելու համար: Ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ։
Եվրոպական կուրսից Թուրքիայի հեռանալու նախանշանները սկսվեցին դեռևս 2000-ականների առաջին կեսից։ Անգամ այն ժամանակ իրավապաշտպանները հայտարարում էին Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման և «թուրքական պետականությունը վիրավորելու» հոդվածով հետապնդումների մասին։ Դրանում մեղադրվողների թվում էին գրող Օրհան Փամուկը (Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր, ով ստիպված եղավ արտագաղթել) և հայազգի լրագրող Հրանտ Դինքը, ով սպանվեց 2007թ.-ին:
Էրդողանը զրոյանում է
2007 թվականին Թուրքիայում պետք է անցկացվեին նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Ըստ այն ժամանակվա օրենքների՝ երկրի նախագահին ընտրում էր խորհրդարանը։ Էրդողանի կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրեց նրա տեղակալ, «Բարգավաճում» կուսակցության նախկին անդամ Աբդուլլահ Գյուլի թեկնածությունը։
Խորհրդարանում քեմալականները դեմ արտահայտվեցին. Գյուլի կրոնականությունը համարում էին Թուրքիայի իսլամացման նախերգանք և, ընդհանուր առմամբ, չէին սխալվում։ Խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր անցկացվեցին։ Ցուցարարներին աջակցում էր թուրքական բանակի գլխավոր շտաբի պետը՝ խոստանալով, որ բանակը կօգնի նրանց պաշտպանել աշխարհիկ պետությունը։ Դա խանգարեց Գյուլին նախագահ դառնալ, բայց ոչ երկար ժամանակ:
Էրդողանի կուսակցությունը կրկին հաղթեց խորհրդարանական ընտրություններում, շարունակվող տնտեսական աճի ֆոնին այն կրկին ստացավ պատգամավորական մանդատների կեսից ավելին։ Նոր խորհրդարանականները հաջողությամբ նախագահ ընտրեցին Աբդուլլահ Գյուլին, և այս անգամ բանակը խոստացավ չմիջամտել։
Ավելի ուշ Թուրքիայի գլխավոր դատախազությունը փորձեց արգելել Էրդողանի կուսակցության գործունեությունը, իբր, իսլամական պետություն ստեղծելու դավադրության համար: Բայց Սահմանադրական դատարանը չբավարարեց այդ հայցը։
Երկու տարի անց Թուրքիայում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ծանոթ էր հետխորհրդային բազմաթիվ երկրների բնակիչներին․ հանրաքվեի միջոցով փոխվեց երկրի սահմանադրությունը։ Դա Էրդողանի կուսակցությանը թույլ տվեց երկարաձգել իր իշխանությունը երրորդ ժամկետով: Սակայն փոփոխությունները վերաբերում էին նաև ուժային բլոկին. զինվորականները զրկվեցին քաղաքացիական դատարաններում անձեռնմխելիությունից, ինչը տասնամյակներ շարունակ օգնում էր նրանց պաշտպանել Թուրքիայի քեմալական կուրսը: Հետագայում դա հանգեցրեց Էրդողանի կուսակցության դեմ ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ մեղադրվող սպաների ձերբակալության:
Բացի այդ, նոր սահմանադրությամբ նախագահը սկսեց ընտրվել ոչ թե խորհրդարանի, այլ համամասնական ընտրությունների միջոցով։ Եվ 2014 թվականին Էրդողանը նախագահ ընտրվեց։ Ի սկզբանե դա դեկորատիվ պաշտոն էր, քանի որ բոլոր կարևոր որոշումները կայացվում էին վարչապետի և նրա կառավարության կողմից: Թեև դա չէր խանգարում Էրդողանին ազդեցություն ունենալ կառավարության և խորհրդարանի իր համախոհների գործողությունների վրա։ Բայց ժամանակի ընթացքում նա նախագահի լիազորությունները վերածեց իսկապես թագավորականի։ Ավելի ճիշտ՝ սուլթանականի։
Զինվորականների նկատմամբ տարած հաղթանակն ու ավտոկրատիայի հաստատումը
2016 թվականի հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման վերջին հայտնի փորձը, որը թուլացրել քեմալականների դիրքերն ու ուժեղացրեց Էրդողանին։
Զինվորականները տեղակայվել էին Բոսֆորի վրայով անցնող կամրջին, Գլխավոր շտաբի շենքում և գրավել կենտրոնական հեռուստաալիքները՝ հայտարարելով, որ իշխանությունն անցել է իրենց։ Նրանք ավիահարված էին հասցրել Անկարայում գտնվող խորհրդարանի շենքին։ Սակայն մի խումբ դավադիրների կողմից պետական հեղաշրջում իրականացնելու արկածախնդիր փորձը մինչև առավոտ ճնշվեց։ Զինվորականների և Էրդողանի կողմնակիցների միջև բախման հետևանքով զոհվեց մոտ 300 մարդ, գրեթե 1500 մարդ վիրավորվեց։
Տասնյակ հազարավոր մարդիկ կալանավորվեցին կամ հեռացվեցին աշխատանքից՝ հեղաշրջման փորձին մասնակցելու և նախագահ Էրդողանի հանդեպ «անբավարար հավատարմության» համար։ Ձերբակալվածների թվում էին զինվորականներ, ուսուցիչներ, դատավորներ, լրագրողներ։ Իշխանությունները արգելափակել էին ավելի քան 20 լրատվական կայքեր, չեղարկել 25 հրատարակչությունների լիցենզիաներ և 42 լրագրողի ձերբակալության հրաման արձակել։
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ մեղադրեցին նախկին իմամ և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2000 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ Նա համարվում է Թուրքիայում երկրորդ ամենաազդեցիկ անձը Էրդողանից հետո և պնդում է, որ իսլամն ու ժողովրդավարությունը համատեղելի են։ Նա ազդեցություն ունի 150 երկրներում գործող ճեմարանների համակարգի վրա, իսկ Թուրքիայում՝ բանակի և ոստիկանության աջակիցների ցանցի վրա, որն Էրդողանն անվանում է «պետություն պետության մեջ»։
Էրդողանը ամերիկյան իշխանություններից պահանջել է արտահանձնել Գյուլենին, սակայն մերժում է ստացել և այժմ հետապնդում է իմամի կողմնակիցներին ամբողջ աշխարհում։
2017 թվականին թուրքական իշխանությունները Ղրղզստանից պահանջեցին փակել «Սեբատ» ճեմարանը, որը կապվում էր Գյուլենի անվան հետ։ Ղրղզստանի իշխանությունները Թուրքիային խնդրեցին չմիջամտել երկրի ներքին գործերին, սակայն ճեմարանը վերանվանեցին «Սապատ»։ Իսկ չորս տարի անց թուրքական իշխանությունները Բիշքեկում առևանգեցին այդ ճեմարանների ցանցի նախագահ, Ղրղզստանի քաղաքացի, ծնունդով Թուրքիայից Օրխան Ինանդային։
Նույն 2017 թվականին Էրդողանը կրկին փոխեց սահմանադրությունը՝ խորհրդարանական հանրապետությունը դարձնելով նախագահական։ Կառավարությունը, ընտրական հանձնաժողովը, դատարանները, ոստիկանությունն ու բանակը սկսեցին ենթարկվել նախագահին։ Վարչապետի պաշտոնը, որն ինքը Էրդողանը զբաղեցնում էր մոտ 10 տարի, վերացվեց։ Թուրքիան դարձավ ավտոկրատիա։
Սահմանադրության փոփոխության հանրաքվեի արդյունքները չեղարկելու համար երկրի քաղաքացիները դուրս եկան փողոց՝ հանրահավաքների, սակայն չկարողացան հասնել ցանկալի արդյունքի։ Մեկ տարի անց Էրդողանը կրկին վերընտրվեց նախագահ և փաստացի դարձավ Թուրքիայի միանձնյա կառավարիչը։