Էրդողանի կառավարությունը՝ լիրայի փորձությանը դեմ հանդիման
Լիրայի՝ վերջին քսան տարում աննախադեպ արժեզրկումը լրջորեն հարվածել է Էրդողանի կառավարության նկատմամբ վստահությանը, քաղաքացիների շրջանում ցույցեր առաջացրել։
Նոյմբերի 23-ին Թուրքիայում ամերիկյան դոլարի փոխարժեքը մեկ օրում աճել է 18 տոկոսով և կազմել 13 լիրա՝ նոր ռեկորդ սահմանելով։ Դա թուրքական լիրայի համար ամենածանր օրն էր՝ 2001 թ-ի տնտեսական ճգնաժամի ընթացքում լողացող ռեժիմի անցնելուց ի վեր։
- Թուրքիան՝ «արտաքին թշնամի» որոնելիս․ կարծիք
- Թուրքիա․ արժեզրկումը դուրս է եկել վերահսկողությունից․ արդյո՞ք դա կօգնի ընդդիմությանը
- Թուրքական տնտեսությունն աղետի եզրին է։ Ի՞նչ է կատարվում, և ի՞նչ կապ ունի ԱՄՆ-ն
- Ինչպե՞ս է ազդում թուրքական լիրայի անկումը Հարավային Կովկասի տնտեսության վրա
Ցույցեր
Համաշխարհային հիմնական արտարժույթի նկատմամբ լիրայի փոխարժեքի մեծ անկման ու գների աճի հետևանքով Թուրքիան համակել են քաղաքացիների բողոքի ցույցերը։ Սոցցանցերի թուրքական տիրույթում հեշթեգով գրառումների թիվը, որը կոչ է անում կառավարությանը հրաժարական տալ, հասնում է 150 հազարի։ Նոյեմբերի 23-ին և 24-ին երկրի մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև Ստամբուլում և Իզմիրում ցուցարարները փողոց են դուրս եկել ««Արդարություն և զարգացում» կուսակցությունը [Թուրքիայի իշխող կուսակցությունը — JAMnews] պետք է հաշվետվություն ներկայացնի ժողովրդին» կարգախոսով և կառավարության հրաժարականի պահանջով։ Բոլոր քաղաքներում, որտեղ ակցիաներ են անցկացվել, ոստիկանությունը դաժանաբար ցրել է ցույցերը, տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել։
Բողոքի ակցիաներին ակտիվորեն մասնակցում էին ձախ կուսակցությունները։
««Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման ժամանակահատվածում Թուրքիան վերապրում է իր պատմության մեջ ամենաաղքատ, գարծազուրկ և սոված ժամանակները։ Միակն, ով շահում է այս տնտեսական պատկերից, ԱԶԿ-ն է և դրա ղեկավարությունը։ Ինչպես ուզում, թալանում են Թուրքիան, որը վերածել են էժան աշխատուժով դրախտի։ Խախտում են աշխատավորների իրավունքները, ամեն օր հաղորդում են թանկացումների մասին, հետո էլ ուզում են, որ միլիոնավոր աշխատավորներ գոհունակություն հայտնեն իրենց կյանքից», — ասված է Աշխատավորների թուրքական կուսակցության հայտարարությունում, որը հնչել է երկրի կենտրոնական բանկի շենքի դիմաց անցկացված ակցիայի ժամանակ։
Աշխատավորների թուրքական կուսակցությունը համընդհանուր գործադուլի կոչ է արել՝ «պալատական ռեժիմի» լիազորություններն անհապաղ վայր դնելու պահանջով։
«Ազատագրական պատերազմ»
Նոյեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստին իր ելույթի ժամանակ հերթական անգամ տնտեսական ճգնաժամը, որում հայտնվել է երկիրը, գնահատել է որպես օտար ուժերի խաղ։ Նրա խոսքով՝ ամեն օր բարձրացող գները, լիրայի արժեզրկումը սաբոտաժի հետևանք է։
«Հետևում ենք արտարժույթի և տոկոսների հետ նրանց խաղին, որի նպատակը երկիրը կայուն վիճակից դուրս բերելն է։ Նույն խաղերն էինք տեսնում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի ժամանակ, հակահարձակման անցանք և հաղթեցինք։ Նույնպիսի խաղեր էին նաև պետական հեղաշրջման փորձի ժամանակ, ժողովրդի հետ դիմակայել ենք դրանց և հաղթել։ Յուրաքանչյուր պայքարից մենք հաղթող ենք դուրս եկել՝ դիմանալով ժողովրդի հետ միասին։ Մեր ազգին հաղթող ենք դուրս բերելու նաև այս ազատագրական պատերազմից», — ասել է Էրդողանը։
Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այսպես է արձագանքել նախագահի ելույթին․ «Լավ, իսկ ի՞նչ է եղել, որ ազատագրական պատերազմ են սկսել։ Երկիրն ա՞յլ մարդ էր ղեկավարում»։
«Խոհանոցներն այրվում են։ Իշխանությունը մեղադրում է մեծածախ առևտրով զբաղվողներին, խանութների տերերին։ Հանդիպել եմ նրանց, մեծածախով զբաղվողներն ասում են, որ «սկզբնական գինը շատ բարձր է, ֆերմերները չեն դիմանում, ողջ աջակցությունը գնում է հողատերերին, այլ ոչ թե նրանց, ովքեր հողը մշակում են։ 55 մլն տոննա արտադրանքից 29 միլիոնը գրանցում չի անցնում։ Արկղը դրա մեջ լցրած լոլիկից թանկ է։ Վառելիքի, ճանապարհի և տրանսպորտի գներն ազդում են ինքնարժեքի վրա։ Մենք աշխատում ենք ընդամենը 8 տոկոս հավելագնով, գինը չենք բարձրացնում։
Խանութներում սկսել են աշխատանքի ընդունել աշխատակիցների, որոնք ժամը մեկ գնապիտակներ են փոխում։ Թուրքիան այն կետին է հասել, երբ ապրանք վաճառելիս ինքդ ես վնաս կրում։ Եթե արտադրողներին աջակցություն չցուցաբերվի, կարող ենք բախվել սովի խնդրի։ Ողջ վաճառվող արտադրանքի 77 տոկոսը գյուղմթերքին է բաժին ընկնում։ Գները չեն իջնի վերահսկողության, ճնշման հետևանքով։ Կանցնեն սև շուկա։ Դոլարի յուրաքանչյուր աճի հետ գները բարձրանում են։ Իսկ ո՞վ է արժեզրկում լիրան։ Աշխատում են պատասխանատվությունը գցել քաղաքացիների վրա», — հայտարարել է Քըլըչդարօղլուն։
10 միլիարդ դոլար՝ արաբներից
Նոյեմբերի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է պաշտոնական այցով երկրում գտնվող Աբու Դաբիի արքայազն շեյխ Մոհամեդ իբն Զայեդ ալ-Նահայանին։ Նրանք համաձայնագիր են ստորագրել ՄԱԷ-ի և Թուրքիայի միջև ուղիղ ներդրումների վերաբերյալ։ Փաստաթուղթը վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են էներգետիկան, տեխնոլոգիաները, նավթաքիմիան, տրանսպորտը, ենթակառուցվածքները, առողջապահությունը, ֆինանսական ծառայությունները, պարենն ու գյուղատնտեսությունը։
Հանդիպումից հետո Աբու Դաբիի զարգացման հոլդինգի կառավարման ղեկավար Մոհամեդ Հասան ալ-Սուվայիդին հայտարարել է, որ ԱՄԷ-ն 10 մլրդ դոլար է տրամադրել Թուրքիայի տնտեսությունում ներդրում կատարելու նպատակով։
Երկար ժամանակ Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև, որոնց հարաբերություններն առանձնապես բարեկամական չէին տարածաշրջանային տարաձայնությունների պատճառով, բանակցություններ էին տարվում տնտեսական կապերի ամրապնդման և լարվածության նվազեցման համար։ Սա առաջին լայնամասշտաբ տնտեսական համաձայնագիրն է, որը ստորագրվել է երկու երկրների միջև բանակցությունների մեկնարկից ի վեր։
Այս նորությունը սոցցանցերում ոչ միանշանակ է ընկալվել։ Օգտատերերից մեկը բառացիորեն գրել էր․ «Չմերժեց մեզ 1 տոկոսային կետի հարցում [նկատի ունի կենտրոնական բանկի զեղչի տոկոսադրույքը — JAMnews], բայց մեզ ստիպեց արաբներից օգնություն խնդրել։ Իմ հիասքանչ երկիրը վաճառվում է մաս առ մաս»։
Սոցցանցերի մյուս օգտատերն այսպես է մեկնաբանել ստորագրված համաձայնագրի մասին հաղորդագրությանը Rûdaw մեդիախմբի Twitter-ում․
«Օգնություն խնդրել արաբներից, որոնց վրա ծիծաղում էին․․․ Հուսով եմ՝ հիմա հասկանում են, որ պետք չէ ծիծաղել ոչ մի ժողովրդի վրա»։
Միջամտություն առանց միջամտության
Տնտեսագետների կարծիքով՝ կատարվածի պատճառն այս հարցին նախագահ Էրդողանի վերաբերմունքն է։ Ըստ այն մոդելի, որը մատնացույց արեց նախագահը կառավարությունում իր վերջին ելույթի ժամանակ, արտարժույթի փոխարժեքի բարձրացման կանխումը վերջնանպատակ չէ։ Բարձր փոխարժեքի հետ միասին ենթադրվում է արտահանման ավելացում, սակայն նա մոռանում է արժեզրկման աճի մասին։ Այդ պատճառով էլ տնտեսագետները վստահ են, որ այժմ դժվար է կանխատեսել, թե ինչ թվերի կհասնի հիմնական արտարժույթների փոխարժեքը։ Նոր համակարգը մեծ ռիսկեր է պարունակում։
Մարմարայի համալսարանի կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Բուրակ Արզովան արտարժույթի փոխարժեքի մասին խոսելիս նշել է․ «Սա վերջ չունի, կարծես անհատակ հոր լինի»։
«Մարդիկ խուճապի մեջ սկսել են դոլար գնել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ կառավարությունը շարունակելու է նվազեցնել տոկոսադրույքն ու մտադիր չէ կանգնեցնել փոխարժեքի աճը։ Որովհետև, եթե չեք կարողանում և մտադիր չեք կանգնեցնել փոխարժեքի աճը, չեք էլ իմանալու, թե դեռ որքան է այն աճելու», — ընդգծել է պրոֆեսորը։ Արզովայի խոսքով, որը մեծ ցնցումների է սպասում արժեզրկման աճի պատճառով, արտարժույթի փոխարժեքի աճի պատճառով օտարերկրյա ներդրողները սկսելու են խուսափել թուրքական լիրայով ակտիվներից։ Նա կանխատեսում է, որ կառավարությունը գարնանն է սպասում, քանի որ զբոսաշրջային հոսքի աճը, հետևաբար՝ արտարժույթի մուտքը, կփոխհատուցի լիրայի կորուստները, ինչին կնպաստեն նաև արտահանման աճն ու ընթացիկ պակասորդի կրճատումը։ «Սակայն նաև հավանականություն կա, որ արտարժույթի փոխարժեքը կաճի այն աստիճան, որը կառավարությունը բացարձակ չէր կարող ակնկալել», — հավելել է տնտեսագետը։