Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի բնակիչների համար դեռևս չի բարձրանա, սակայն դա երկար չի տևի
Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի բնակիչների համար 2020 թ-ին կմնա նույնը։ Այն չի բարձրանա՝ չնայած գումարի մեջ կներառվի վարկի տոկոսը, որը Ռուսաստանից ստացվել է Հայկական ատոմակայանի վերանորոգման համար։
Բոլոր մանրամասներն ու փորձագետի կանխատեսումը։
• Հայկական ատոմակայանն էլ ավելի անվտանգ է դարձել․ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների գնահատականը
• Ատոմակայանը Հայաստանում և դրա բնակիչները
Ինչպե՞ս է պահպանվել սակագինը
Այն մասին, որ էլեկտրաէներգիայի սակագինը նախկինն է մնալու, դեկտեմբերի 25-ին հայտարարել է Հանրային ծառաությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նա պարզաբանել է, որ շատ ծանր տարի է սպասվում, քանի որ առաջին անգամ է էլեկտրաէներգիայի սակագնում ներառվելու Ռուսաստանից ստացված վարկի հիմնական գումարի մարումը։
Վարկը կազմում է 270 մլն դոլար, 2020 թ-ին, ըստ Բաղրամյանի, պետք է վճարվի 21 միլիոնը։ Եվ եթե այդ գումարը բաշխվի կայանի արտադրած էլեկտրականության ծավալի վրա, ապա մեկ կիլովատ ժամը պետք է թանկանա 2 դրամով։
«Գործող սակագները նույն մակարդակում պահելով՝ այսօր սակագներում ներառել ենք․․․ վարկի վերադարձը: Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատորի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և կառավարության հետ ունեցած քննարկումների արդյունքում կարողացանք ատոմակայանի աշխատանքային այնպիսի ռեժիմներ կազմակերպել 2020-ին, որ բալանսի առումով ունեցանք դրական արդյունքներ և կարողացանք․․․ սակագնի բարձրացման խնդիր առնվազն չդնել»։
Ի դեպ, այսօր սովորական բաժանորդների համար ցերեկային սակագինը կազմում է 44,98 դրամ, գիշերայինը՝ 34,98։
Կայանի վերանորոգման մասին
Այն մասին, որ Հայկական ատոմակայանը 2020 թ-ին վերանորոգման է կանգնելու 65 օրով, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Նրա խոսքով՝ կայանում վերանորոգվելու է գոլորշու սառեցման աշտարակը (խտարանը), որը կօգնի ավելի արդյունավետ պաշտպանել կայանը գերտաքացումից։
Բացի այդ, գալիք տարում կսկսվի աշխատանքն ատոմային ռեակտորի վրա, որը կայանին թույլ կտա մի քանի տարով ավելի երկար աշխատել։
Բոլոր վերանորոգման աշխատանքները կայանում կանցկացնեն ռուսական ընկերությունները։
Մեկնաբանություն
Էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքագետ-միջազգայնագետ Վահե Դավթյանը կարծում է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի աճն անխուսափելի է։
«Ընդհանուր առմամբ, մենք գործ ունենք երկրի էներգետիկ համակարգի անարդյունավետ կառավարման խնդրի հետ։ Հարցի լուծման համար երկու մոդել է հնարավոր։ Առաջինը սուբսիդավորումն է։ Եվ, ըստ ամենայնի, հենց այս մոդելն է կիրառվելու՝ սուբսիդավորում պետական բյուջեից։ Եվ երկրորդ մոդելն էլեկտրացանցերին հարկային արտոնությունների տրամադրումն է։
Եվ առաջին, և երկրորդ դեպքում մենք գործ ունենք բավականին խորը խնդրի հետ, որն, ընդհանուր առմամբ, արտացոլվելու է ողջ երկրի տնտեսության վրա։ Լիովին ակնհայտ է, որ Հայաստանում էլեկտարաէներգիայի սակագների աճն անխուսափելի է։ Եվ հետագա տարիներին մենք նմանատիպ խնդրի ենք բախվելու, քանի որ մակրոտնտեսական գործոնների շարքը, որոնք կան էներգահամակարգում, անխուսափելիորեն բերում են սակագների բարձրացման։
Այդ պայմաններում երկու առանցքային ուղի կա։
Առաջինը երկրի էներգետիկ համակարգի կառավարման արդյունավետության բարձրացումն է, որը նպատակաուղղված է արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազմանը՝ հանրապետության ներսում սպառման աճով, ինչպես նաև արտահանման ավելացմանը։ Եվ երկրորդ ուղին սուբսիդավորումն է։ Սա այն է, ինչին մենք, ամենայն հավանականությամբ, ականատես ենք լինելու 2020 թ-ի ընթացքում»։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Էլեկտրաէներգիայի սակագների մասին նորությունն առանձնապես իրարանցում չի առաջացրել սոցցանցերի հայկական տիրույթի օգտատերերի շրջանում։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Գներն իջեցնելու փոխարեն մեզ ասում են․ շնորհակալ եղեք, որ թանկացում չկա»։
«Եվ ի՞նչ, մենք պետք է ուրախանա՞նք, որ նույնքան ենք վճարելու»։
«Եթե գազն էլ չթանկանա, գերազանց կլինի»։
«Իսկ իմ կարծիքով, հիանալի նորություն է»։
Մեծամորի ատոմակայանի մասին
Հայկական ատոմակայանն ավելի քան քսան տարի առանցքային օղակ է հանրապետության էներգետիկ անվտանգության համակարգում։ Այն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։
Այն Հարավային Կովկասի միակ ատոմակայնն է։ ԱԷԿ-ը կարող է ինը բալ մագնիտուդով երկրաշարժի դիմանալ։ Դա կարևոր է, քանի որ Հայաստանը գտնվում է անկայուն սեյսմիկ գոտում։
Օբյեկտը շահագործման է հանձնվել 1977թ-ին։ Երկրի հյուսիսում 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո ԽՍՀՄ նախարարների խորհուրդն ու Հայաստանի ԽՍՀ նախարարների խորհուրդը որոշում կայացրին ատոմակայանի աշխատանքի կանգնեցման մասին։ Որոշումը պայմանավորված էր ցնցումների կրկնվելու հավանականության հետ։
Սակայն հինգ տարի անց՝ 1993թ-ին, անկախ Հայաստանի իշխանությունները վերագործարկեցին կայանի երկրորդ էներգաբլոկը։ Էլեկտրաէներգիայի իրական այլ աղբյուրների բացակայության պայմաններում դա էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու միակ տարբերակն էր, որը երկրում սկսվել էր ԽՍՀՄ փլուզումից և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման հետևանքով։