«Վրաստանի նախագահն ինքն էլ չի հավատում քաղաքական ուժերի լավ հարաբերություններին». կարծիք
Զուրաբիշվիլին՝ տեխնիկական կառավարության մասին
Վրաստանի քաղաքականության ինստիտուտի ղեկավար Կորնելի Կակաչիան «360 աստիճան» հաղորդման եթերում մեկնաբանել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երեկվա ճեպազրույցն ու անդրադարձել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նրա նախաձեռնած «Վրացական խարտիային»։ Կակաչիայի խոսքով՝ նախագահն ինքն էլ մինչև վերջ չի հավատում, որ նույնիսկ հաղթանակի դեպքում քաղաքական կուսակցություններին կհաջողվի լավ հարաբերություններ հաստատել միմյանց հետ։
Սեպտեմբերի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին պատմել է իր նախաձեռնած «Վրացական խարտիայի» մասին, որը ստորագրել են մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ, և այդ փաստաթղթի կոնկրետ կետի մասին, որը վերաբերում է «պրոֆեսիոնալների տեխնիկական կառավարությանը»։ Նախագահը հայտարարել է, որ տեխնիկական կառավարությունը պետք է ստեղծվի քաղաքական կուսակցությունների հետ համաձայնեցմամբ, այլ «ոչ թե նրանց կողմից նշանակված քաղաքական գործիչներից» կազմված լինի։
Կորնելի Կակաչիա
«Բոլոր քաղաքական գործիչները և, հավանաբար, հենց նախագահն են պատասխանատվություն կրում ռիսկերի համար, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարությունն ուղղված է նրա սկզբնական գաղափարին, քանի որ նախագահը, ինչպես և հասարակության մի մասը, մինչև վերջ չի հավատում, որ քաղաքական կուսակցություններին կհաջողվի լավ հարաբերություններ հաստատել միմյանց հետ նույնիսկ լավագույն սցենարի դեպքում։
Հենց դրա համար էլ Զուրաբիշվիլին հիշեց հին, բայց քաղաքական կուսակցությունների շրջանում ոչ հանրաճանաչ գաղափարը՝ տեխնիկական կառավարության մասին։ Քաղաքական կուսակցություններին, այդ թվում՝ խարտիան ստորագրողներին, դա դուր չի գալիս։
Հնարավոր է՝ հաշվարկն այն է, որ ընտրողները, որոնք տատանվում են կամ որոշակի հարցեր ունեն ընդդիմադիրների միավորման վերաբերյալ, կվերադառնան այս գաղափարին, և հիմնական ուղերձը պետք է լինի այն, որ հիմա նրանք կընտրեն տեխնիկական կառավարություն, որը կհարթի իրավիճակը, իսկ հետո, երբ քաղաքական կուսակցությունները հասունանան, տեղի կունենան իրական ընտրություններ։
Հնարավոր է՝ ժամանակը ցույց տա, թե որքանով են հիմնավորված նախագահի այս հույսերը:
Տեխնիկական կառավարության գաղափարն ինքնին կարող է վատը չլինել, եթե դրան աջակցի քաղաքական սպեկտրը։ Հատկապես ռեժիմի փոփոխության դեպքում անհրաժեշտ են սառնասիրտ մարդիկ, որոնք որոշումներ կկայացնեն։ Հաշվարկն այն է, որ տեխնիկական կառավարությունը մարդիկ են, որոնք հետաքրքրություն չեն ցուցաբերում կուսակցական քաղաքականության հանդեպ, չեն էլ ցուցաբերելու ապագայում, պարզապես պետք է կրեն անցումային շրջանի բեռը և հիմք դնեն մրցակցային պայմաններում քաղաքական կուսակցությունների գործունեության համար, այդ կերպ մասնակցեն հետագա ընտրություններին։
Ահա թե ինչու է կուսակցությունների մոտ հարց առաջանում՝ եթե իրենք են ռիսկի գնացել և փոխել ռեժիմը, ապա ինչի՞ համար է պետք տեխնիկական կառավարությունը։ Այդ պատճառով նախագահը դեռևս այս պլանի առավելությունների մեջ չի կարողանում համոզել ո՛չ քաղաքական կուսակցություններին, ո՛չ էլ քաղաքացիական հասարակության որոշ հատվածին»։