«Վրաստանում չկան քաղբանտարկյալներ». նախագահ Զուրաբիշվիլին համաձայն չէ ԱՄՆ սենատորի հետ
«Վրաստանում չկան քաղբանտարկյալներ», — հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախագահը պատասխանել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշի դիմումին, որն առաջարկել է իրեն ներում շնորհել ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի բաժնետերերից մեկին՝ Գիորգի Ռուրուային։ Նա դատապարտվել է չորս տարի ժամկետով ազատազրկման։ Ջիմ Ռիշը նրան անվանել է քաղբանտարկյալ:
«Ռուրուային ներում չի շնորհվելու»,- հաղորդել է Զուրաբիշվիլին 2020թ. հուլիսի 31-ի հատուկ հայտարարության մեջ:
Ողջ պատմությունը ուղղակիորեն կապված է 2020 թվականի հոկտեմբերին նշանակված Վրաստանի համար շատ կարևոր խորհրդարանական ընտրությունների հետ:
Գիորգի Ռուրուան Վրաստանում հայտնի ընդդիմադիր գործիչ է, հանրաճանաչ ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի բաժնետեր: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեջ։ Դատարանը նրա գործով վճիռ կահացրեց 2020 թվականի հուլիսի 30-ին:
Սակայն Ռուրուայի ազատ արձակումը մաս էր կազմում կառավարության և ընդդիմության միջև 2020-ի մարտի 8-ին մի քանի դիվանագետների միջնորդությամբ ստորագրված հուշագրի:
Հուշագիրը դարձավ երկար սպասված փոխզիջում ընտրական բարեփոխումների շուրջ ավելի քան մեկ տարի առճակատման մեջ գտնվող իշխանությունների և ընդդիմության միջև:
Ընդդիմությունը պահանջում էր ընդունել ամբողջովին համամասնական ընտրակարգ, բայց արդյունքում համաձայնվեց, որ հաջորդ ընտրությունները անցկացվեն խառը համակարգով. 120 պատգամավոր համամասնական ընտրակարգով, 30-ը՝ մեծամասնական:
Իր հերթին, իշխանությունները համաձայնվեցին հուշագրում ներառել քաղբանտարկյալներ Գիգի Ուգուլավայի, Իրակլի Օկրուաշվիլիի և Գիորգի Ռուրուայի ազատման մասին դրույթը:
Այնուամենայնիվ, ավելի ուշ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հրաժարվեց ազատել այդ քաղաքական գործիչներին: Հայտարարվեց, որ ընդդիմությունը ստում է, որ նման պայմանավորվածության հնարավոր չէր հասնել, քանի որ Վրաստանում քաղբանտարկյալներ չկան:
Արևմտյան գործընկերների ճնշումներից և միջազգային կազմակերպությունների մի շարք քննադատական հայտարարություններից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2020 թվականի մայիսի 15-ին ներում շնորհեց Գիգի Ուգուլավային և Իրակլի Օկրուաշվիլիին:
Գիորգի Ռուրուայի նկատմամբ, սակայն, հետաքննությունը շարունակվեց, որի արդյունքում նա չորս տարի բանտում կանցկացնի:
«Կեղծ մեղադրանքներ». ամերիկյան սենատորի կոչը
«Ես շատ անհանգստացած եմ, որ Գիորգի Ռուրուան դատապարտվել է կեղծ մեղադրանքներով. Դատարանները չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: Մոտենում են ընտրությունները, և երկրում քաղաքական բևեռացումը մեղմելու համար Ռուրուային պետք է ներում շնորհվի, ինչպես դա եղավ Ուգուլավայի և Օկրուաշվիլիի նկատմամբ», — հայտարարել է սենատոր Ռիշը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը լրագրողներին հայտնել էր, որ Գիգի Ուգուլավային և Իրակլի Օկրուաշվիլիին ներում շնորհելը «համարձակ քայլ էր՝ ուղղված Վրաստանում ստեղծված քաղաքական մթնոլորտի ապաբևեռացմանը»:
«Այդ մարդիկ հանցագործներ են, ոչ թե քաղբանտարկյալներ». Վրաստանի նախագահ
«Երեք ամիս առաջ ես շատ բարդ որոշում կայացրի՝ հասարակության մեջ շատերի համար անընդունելի, երբ ներում շնորհեցի երկու մարդու (Ուգուլավային և Օկրուաշվիլիին):
Այդ մարդիկ ոչ թե քաղբանտարկյալներ էին, այլ հանցագործներ, բայց ես ներեցի նրանց», — հայտարարել է Վրաստանի նախագահը:
Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ այդ բարդ որոշումը կայացրել է, որպեսզի «թույլ չտա այն ուժերին, որոնք չեն ուզում ոչ ընտրություններ, ոչ էլ Վրաստանի հաջողությունը, ապակայունացնել երկիրը»:
«Ոչ ոք և ոչինչ չի կարող ազդել իմ որոշման վրա», — նշել է նախագահը՝ պնդելով, որ Գիորգի Ռուրուան կմնա բանտում: