«Զորքերի էական հետքաշում տեղի չի ունեցել»․ իրավիճակը Քարագլուխում
Փառուխ գյուղի հատվածում ռուս խաղաղապահների պահուստային ուժերի կենտրոնացման մասին լուրերը համապատասխանում են իրականությանը։ JAMnews-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքից էինք տեղեկացել, որ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը որոշել է պահուստային ուժեր կենտրոնացնել Փառուխ գյուղի հատվածում՝ ադրբեջանական զորքի հետագա առաջխաղացումն արգելափակելու համար։
Փառուխում պահուստային ուժերի կենտրոնացման, Քարագլուխի հանդեպ վերահսկողության և հնարավոր զարգացումների մասին՝ քաղաքագետի տեսանկյունից։
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ մարտի լույս 29-ի գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել․
«Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ»։
Ըստ շտաբի տարածած հաղորդագրության՝ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլուխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում, իսկ Արցախի զինված ուժերն իրականացնում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումներ։
«Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն»,- ասված է հաղորդագրությունում:
Նախօրեին ադրբեջանական կողմից նոր սադրանքների հավանականության մասին նշել էր նաև Հայաստանի Անվտանգության խորհուրդը՝ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատելով «խիստ լարված»․
«Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանին մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ»։
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է «անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»։
Տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար Անվտանգության խորհուրդն անհրաժեշտ է համարում «միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը»։
Ռուսական կողմը պնդում է՝ Փառուխ բնակավայրը խաղաղապահների վերահսկողության տակ է, բացի այդ՝ գյողում պահուստային ուժեր են կենտրոնացվելու։ Այսօր նման տեղեկություն է տարածվել խաղաղապահ զորակազմի տելեգրամյան էջում, որին կցվել են և լուսանկարներ։
Արցախի նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ Արցախի ԶՈՒ և ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, ինչպես նաև դիվանագիտական հնարավոր մեխանիզմներով «շարունակվում են գործադրվել բոլոր ջանքերը խաղաղություն ապահովելու և շփման գծի արևելյան հատվածից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար»:
Փորձագիտական կարծիք
Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Փառուխ գյուղի հատվածում ռուս խաղաղապահների պահուստային ուժերի կենտրոնացման մասին լուրերը համապատասխանում են իրականությանը։
Անդրադառնալով հնչող իրարամերժ հայտարարություններին՝ քաղաքագետը նշել է, որ Քարագլուխի հատվածից «զորքերի էական հետքաշում տեղի չի ունեցել»։
«Քարագլուխը բարդ տեղանք է՝ մի շարք բլուրներից բաղկացած։ Քարագլուխ գյուղատեղիում, որտեղ նախկինում գյուղ է եղել, գտնվում են ադրբեջանցիները։ Բլուրներից մեկի վրա ևս գտնվում են ադրբեջանցիները։ Մեկ այլ բլուրի վրա, որը կարելի է ասել՝ ավելի բարձրադիր է, ՊԲ դիրքերն են»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է Գրիգորյանը։
Գրիգորյանը չի բացառում, որ Ադրբեջանը նոր սադրանքների կդիմի՝ փորձելով վերահսկողություն հաստատել այն դիրքերի նկատմամբ, որտեղ գտնվում են ՊԲ ուժեր։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի Անվտանգության խորհուրդն իր հայտարարությամբ փորձում է մեղմել Ադրբեջանի քաղաքականությունը։ Իսկ Ադըբեջանը «փորձում է ռազմական գործողությունները ներկայացնել որպես գոյություն չունեցող խաղաղ գործընթացի այլընտրանք»։
Գրիգորյանի խոսքով՝ Բաքուն չի էլ թաքցնում, որ իր ռազմավարական նպատակներից մեկը ռազմական ճնշման միջոցով Հայաստանին՝ իր համար ցանկալի դիվանագիտական լուծումներ պարտադրելն է։
Կարծում է՝ խնդրի հանգուցալուծման համար «Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը պետք է զսպի» ինչպես ռուսական կողմը, այնպես էլ միջազգային հանրությունը, իսկ բանակցություններ պետք է տեղի ունենան «ընդունված և հաստատված ձևաչափերի ներքո»։
«Չեմ կարծում, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանցիները կառուցողական մոտեցում ունեն։ Իրենց պահանջների [5 կետանոց առաջարկ] հրապարակման նպատակը հենց այն էր, որ ցույց տան, թե՝ մենք ուզում էինք գնալ խաղաղության, Հայաստանը չի ուզում, դրա համար մենք այլընտրանք չունենք և փորձում ենք ռազմական ճանապարհով լուծել հարցը»։