Զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավվելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները։ Այս մասին ահազանգում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Ընտանեկան պայմաններից ելնելով՝ զորահավաքային զորակոչից ազատվում են միայն նրանք, ովքեր ունեն չորս և ավելի երեխա: Թաթոյանի գնահատմամբ՝ այս շրջանակը վերանայման կարիք ունի։
«Ի տարբերություն պարտադիր զինծառայության զորակոչի, որի համար օրենքով նախատեսված են ընտանեկան պայմաններից ելնելով զորակոչից տարկետում տրամադրելու և ծառայությունից ազատելու բազմաթիվ հիմքեր, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է», — ընդգծում է պաշտպանը։
Նրա կարծիքով՝ հասկանալի է, որ պետության քաղաքականությունը ռազմական դրության պայմաններում զինապարտների ներգրավման առումով կարող է լինել որոշակիորեն տարբերվող՝ արտակարգ իրավիճակներին հատուկ: Սակայն, ըստ Արման Թաթոյանի, նման քաղաքականության հիմքում պետք է հստակ տրամաբանություն լինի։
Որպես օրինակ, պաշտպանը նշում է գտնվելու վայրն անհայտ կամ գերության մեջ գտնվող զինծառայողի, օրինակ՝ ծնողին կամ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելը, ինչն օրենքով նախատեսված չէ, բայց զինկոմիսարիատներն արդարացիորեն ձեռնպահ են մնում նման անձանց ընդգրկել զորահավաքային զորակոչին։
ՄԻՊ-ը համարում է, որ բացի 4 կամ ավելի երեխա ունեցողներից, ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչից ազատելու վերաբերյալ դրույթ կարելի է նախատեսել նաև առանց մոր մեծացող 3 անչափահաս երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ ունեցողների համար:
«Քաղաքացիների շրջանակը սահմանող օրենքի կարգավորումները վերանայման կարիք ունեն: Ավելին՝ նկատի ունենալով, որ սահմանված չէ որևէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա հաշվի առնել իրականում ավելի բարդ ընտանեկան պայմանները, անհրաժեշտ է ստեղծել նման կառուցակարգեր՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով անհատական մոտեցում ցուցաբերելու համար», — գրում է Արման Թաթոյանը։
Գործող օրենսդրական կարգավորման խնդրահարույց լինելու մասին են վկայում նաև ՊՆ թեժ գծին ստացված ահազանգերը, որոնց մասին պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել է նաև ՄԻՊ գրասենյակին։
Արման Թաթոյանն արձանագրել է, որ գործող օրենսդրական կարգավորումը խնդրահարույց է, իսկ անհատական մոտեցում ցուցաբերելը կարող է չարաշահումների տեղիք տալ։ Այդ իսկ պատճառով պաշտպանը գտնում է, որ անհրաժեշտ է խնդրին տալ ինստիտուցիոնալ լուծում՝ օրենքի հստակ կարգավորմամբ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց ցանկը կամ ներդնել անհատական (ճկուն) մոտեցում ցուցաբերելու հստակ կառուցակարգեր:
«Պաշտպանի առաջարկը հավասարապես վերաբերելի է նաև վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավման գործընթացին», — ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Առաջարկներն ուղարկվելու են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, ինչպես նաև պաշտպանության և արդարադատության նախարարություններ։