Զինվորականների միջև ծեծկռտուք հայ-ադրբեջանական սահմանին․ երկու կողմից տուժածներ կան
Հայաստանի Սյունիքի մարզում, որտեղով Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով անցնում է հայ-ադրբեջանական սահմանը, մայիսի 20-ի երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել երկու երկրների զինվորականների միջև։ Այս մասին հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։
Կոնֆլիկտն առաջացել է տեսանյութի պատճառով, որն արդեն մի քանի օր է՝ շրջանառվում է սոցցանցերում։ Սկզբից հայտնվել էր տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորականները ծեծում են հայ զինծառայողներին։ Հաջորդ օրը պատասխան տեսանյութ էր հրապարակվել, որում հայ զինվորականներն ադրբեջանցի զինվորներին վռնդում են իրենց տարածքից։
Ծեծկռտուքի հետևանքով 11 հայ զինվորական հիվանդանոցում է հայտնվել՝ տարբեր ծանրության վնասվածքներով։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ վնասվածքներ են ստացել երկու կողմի զինծառայողները։
Գերատեսչությունը կոչ է արել սոցցանցերում նման տեսանյութեր չտարածել, քանի որ դրանք «ոչ մի կերպ չեն նպաստում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի աճին»։
Իսկ իրավիճակը երկու երկրների սահմանին սրվել է մայիսի 12-ից և դեռևս լարված է մնում։ Ադրբեջանական զինուժն իր դիրքերը մի քանի կիլոմետր առաջ է բերել՝ անցնելով Հայաստանի սահմանը։ Խոսքը Սյունիքի մարզի սահմանահատվածի մասին է՝ Սև լճի ուղղությամբ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի տարածքների։
Հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանի զինծառայողները լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Ադրբեջանական կողմը չի համաձայնում նահանջել և պնդում է, թե դա իր տարածքն է։
Հայաստանի ԱԳՆ-ն վերջին միջադեպերի առնչությամբ հայտարարել է, որ «այսպես կոչված «վիճելի տարածքներ» կեղծ օրակարգի ներմուծումը վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ ուժի կիրառման արդարացման համար նաև այլ տարածաշրջաններում»։
Սահմանային միջադեպի մանրամասները
«Մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը:
Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո հայ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր», — ասված է Հայաստանի Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։
Սակայն ադրբեջանցի զինվորականները ժամը 21:10-ի սահմաններում կրկին հատել են սահմանը, վեճի բռնվել նրանց ընդառաջ գնացած, իրենց ծառայողական պարտականությունները կատարող հայ զինծառայողների հետ: Փոխադարձ ծեծկռտուքի ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են պատճառվել 11 հայ զինվորականների։
«Հայ զինծառայողներին այս անգամ ևս հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր», — հաղորդում է Գլխավոր դատախազությունը։
Հայաստանի ՊՆ հայտարարությունը
Ռազմական գերատեսչությունը նույնպես հայտարարություն է տարածել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Դրանում ասվում է, որ կոնֆլիկտը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերի շնորհիվ․
«Ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»։
ԱԳՆ արձագանքը
Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես մեկնաբանել է Սյունիքում սրված իրավիճակը, որը կողմերը չեն կարողանում հարթել արդեն մեկ շաբաթից ավելի։
«Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ պայմանների առաջադրումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Հայաստանը չի տրվելու նմանօրինակ ճնշումներին», — հայտարարել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով «պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և նրա վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»․
«Այս իրավիճակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը մայիսի 11-ի դրությամբ ելման դիրքեր կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել ի հայտ եկող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար»։
Աննա Նաղդալյանն անդրադարձել է նաև հարցին, թե ինչպես է միջազգային հանրությունն արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին առաջացած սրացմանը․
«Միջազգային իրավունքի դիրքերից հանդես եկող և Հարավային Կովկասում կայունությամբ ու անվտանգությամբ անկեղծորեն շահագրգռված միջազգային մեր գործընկերներն արտահայտել են իրենց աներկբա դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանն անհապաղ և անվերապահ պետք է ետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից»։