Զինվորական կոշիկների հետքերը
Ղ
արաբաղյան հակամարտության մասին պատմող վավերագրական ֆիլմեր սկսել են նկարահանել նույնիսկ նախքան հակամարտության ռազմական փուլի սկիզբը: Դրանք կարճամետրաժ ֆիլմեր էին Բաքվում անցնող հանրահավաքների մասին, երբ ամեն օր գրեթե կես միլիոն մարդ էր հավաքվում Լենինի (այժմ` Ազատության) հրապարակում: Հանրահավաքները սկսվեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների լարմանն ի պատասխան, իսկ հետո այդ ամենը վերածվեց հակախորհրդային ելույթների: Այդ ֆիլմերից մեկը «Յադաշ» ստուդիայի «Մեյդանն» էր` այն օրերի դեպքերի քրոնիկոնը:
Ինչ-որ իմաստով վավերագիր ռեժիսորների համար այն ժամանակ աշխատելն ավելի հեշտ էր. նրանք պարզապես ցուցադրում էին այն, ինչ կատարվում է, փորձում ժապավենի վրա պահպանել այդ բեկումնային պահը: Զինադադարի կնքումից տարիներ անց ֆիլմ նկարահանող ռեժիսորների պարագայում գայթակղությունը շատ ավելի մեծ էր: Նրանցից յուրաքանչյուրն ինքն էր որոշում, թե ինչպես հավասարակշռի հայրենասիրական զգացմունքները, պատմական ճշմարտությունն ու պրոդյուսերների շահերը:
Ա
յս պատմությունը կարող էր հիմք ծառայել որևէ արկածային ֆիլմի համար, բայց բոլորովին այլ նկար ստացվեց` վավերագրական ֆիլմ ադրբեջանցի ռազմական օդաչու Վագիֆ Գուրբանովի մասին: 1992թ. ադրբեջանական բանակը տեխնիկայի խիստ կարիք ուներ, իսկ Գուրբանովը մի ամբողջ ինքնաթիռ էր հայթայթել. այն ժամանակ դա իսկական գանձ էր: Մի քանի այլ զինվորականների հետ միասին նա Սիլտաչայ օդանավակայանից (Ադրբեջանի արևելքում) ռուսներից գրոհային Սու-25 ինքնաթիռ էր առևանգել:
Այդ նորությունն արագորեն հասավ նույնիսկ Բաքու, բայց չափից դուրս ռոմանտիկ էր հնչում, որ դրան հավատային: Մինչ օրս շատերն առևանգված ինքնաթիռը գեղեցիկ լեգենդ են համարում, այլ ոչ պատմական փաստ: Հենց այդ օդանավում էլ Գուրբանովին խփեցին 1992թ. հուլիսին:
Լրագրող Ասաֆ Գուլիևը 12 տարի տեղեկություններ էր հավաքում, որ Գուրբանովի մասին ֆիլմ նկարահանի: Նույնիսկ երբ դա նրան հաջողվեց, Գուլիևն այնքան էլ գոհ չէր, քանի որ ֆիլմում չկար հարցազրույց այդ ինքնաթիռի առևանգումը կազմակերպած մարդու հետ: Նկարահանումների պահին վերջինս հրաժարվել էր հարցազրույցից, ու միայն շատ տարիներ անց Գուլիևը կարողացավ խոսել նրա հետ ու ամբողջությամբ վերստեղծել պատկերը` գոնե ինքն իր համար:
Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված բազմաթիվ ֆիլմերի հեղինակ Ասաֆ Գուլիևն ասում է, որ այդ գործում երկու հիմնական բարդություն կա:
Առաջին հերթին, այդ ֆիլմերի կերպարների մեծամասնությունն իրենց որպես հերոս կամ զոհ են ներկայացնում, ու շատ դժվար է պարզել` արդյո՞ք իրականում այդպես է, թե ոչ:
«Նույնիսկ ես`իմ փորձով, համոզված չեմ, որ երբևէ չեմ սխալվել այդ առումով»,- խոստովանում է Գուլիևը:
Իսկ երկրորդ հերթին`
«Ցուցադրելով այդ արհավիրքը, արյունն ու մահը` դու, ըստ էության, պետք է մատնանշես տեղի ունեցողի մեղավորին, որպեսզի հանդիսատեսը որոշակի հասցեատեր ունենա, որին կուղղի իր զայրույթն ու ատելությունը: Սակայն, եթե տվյալ օբյեկտի դերում հայերին նշեմ, իսկ որևէ հայ լրագրող` ադրբեջանցիներին, ապա մեր ժողովուրդների միջև երբեք խաղաղություն չի հաստատվի: Ի՞նչ անել այդ դեպքում: Ու՞մ ուղղել հանրության ատելությունը: Իմ կարծիքով, տվյալ դեպքում ատելության օբյեկտ պետք է դառնա ոչ թե «ով», այլ «ինչը»` բուն պատերազմը: Հենց պատերազմն է ամեն ինչում մեղավոր, դա է պետք ատել:»
Մեկ այլ, համարյա դետեկտիվ ժանրի մի պատմություն է կապված «Ո’չ պատերազմ, ո’չ խաղաղություն» ֆիլմի հետ, որն Ասաֆ Գուլիևը նկարահանել է հայ գործընկեր Վահագն Անտոնյանի հետ համատեղ: Մի զույգ հին կոշիկն օգնեց լրագրողին գտնել Խոջալուի ողբերգության ժամանակ անծանոթ մի ընտանիք փրկած զինվորին:
Խոջալու քաղաքի գրոհի ժամանակ Էլյանա Գումբատովան որդու հետ գերի է ընկնում, բայց կարողանում է փախչել ու թաքնվել անտառում, որտեղ և նրան գտնում են ադրբեջանցի զինվորները: Նրանցից մեկը` Սամիր Աբդինովը, կնոջն է տալիս իր կոշիկները: Հետո Էլյանային շտաբ են տանում, իսկ այնտեղից շտապ օգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխում:
Գումբատովների ընտանիքը 10 տարի պահել էր զինվորական կոշիկները` Սամիրին վերադարձնելու նպատակով, ու միայն դրանից հետո իմացել, որ նա զոհվել էր այդ դեպքերից 12 օր անց:
Սակայն, ինչպես ասում է Գուլիևը, իր համար ֆիլմի կերպարների ճակատագրից նույնիսկ ավելի հետաքրքիր էր Հայաստանից իր գործընկերոջ հետ համագործակցության ընթացքը: Ինչ-որ մի պահ այդ գաղափարը նույնիսկ տապալման եզրին էր, բայց լրագրողներն ի վերջո կարողացան համաձայնության գալ:
Նաիլյա Բաբաևայի և Արմինե Մարտիրոսյանի «8-րդ կիլոմետրին» ֆիլմից կադրեր. պատմություն հայ-ադրբեջանական խառն ընտանիքների մասին: Ֆիլմը նկարահանվել է «Կինոերկխոսություններ» խաղաղասիրական ծրագրի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղից ու Ադրբեջանից երիտասարդների մասնակցությամբ, բրիտանական «Հաշտեցման ռեսուրներ» ՀԿ-ի աջակցությամբ: Ղարաբաղի մասին նման համատեղ վավերագրական ֆիլմեր նկարահանվում են տարբեր միջազգային նախագծերի շրջանակներում, թեև բավական հազվադեպ:
«13 տարի անց»`կարճամետրաժ ֆիլմ տեղահանված փախստականների հանրակացարանի բնակիչների կյանքի մասին: «Կինոերկխոսություններ»
«Download» («Ներբեռնում»)` երիտասարդ ադրբեջանցու մասին, որ կորցրել է իրականության զգացումը`տարվելով համացանցում հայերի հետ վիրտուալ պատերազմներով:«Կինոերկխոսություններ»
Կադր Դավուդ Իմանովի «Սումգայիթի արձագանքը» ֆիլմից: 1988թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում էթնիկ հողի վրա խառնակություններ սկսվեցին, որոնց արդյունքում բազմաթիվ հայեր սպանվեցին: Հայաստանն ու Ադրբեջանը մինչ օրս վիճում են զոհերի թվի ու այդ ամենի մեղավորների մասին: Իր ֆիլմում Դավուդ Իմանովն ամեն ինչում մեղադրում է ԱՄՆ ԿՀՎ-ին: Կադր «Սումգայիթի արձագանքը» ֆիլմից:
Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիստների աշխատանքին, ապա ղարաբաղյան հակամարտության մասին ֆիլմերի հիմնական «մատակարարներից» մեկը «Yaddash» («Հիշողություն») ստուդիան է: Այն ստեղծվել է 1980-ական թթ. սկզբին ու միանգամից իր առաջ ղարաբաղյան հակամարտության «փաստագրման» խնդիր է դրել:
«Yaddash» ստուդիայի «դեմքն» օպերատոր Նիզամի Աբասն է, ով կյանքի մեծ մասը ղարաբաղյան թեմային է նվիրել: Երբ սկսվեց պատերազմը, նա` ԿՀՊԻ-ի նորաթուխ շրջանավարտը, կամավոր մեկնեց ռազմաճակատ, զինվելով միաժամանակ և’ հրազենով, և’ տեսախցիկով: Սակայն շուտով նա հասկանում է, որ օպերատորը նույնիսկ ռազմաճակատում պետք է ոչ թե կրակի, այլ նկարահանի: Արդյունքում կիլոմետրերով քրոնիկոն է նկարահանել, որը հիմք է ծառայել ստուդիայի ֆիլմերի մեծ մասի համար:
«Ղարաբաղյան» ֆիլմերից յուրաքանչյուրի հետ Նիզամի Աբասին խիստ անձնական ու ցավոտ մի բան է կապում: Օրինակ, մի քանի տարի առաջ նկարահանված «Պատերազմի երեխաները» ֆիլմը կառուցվում է այն մարդկանց հիշողությունների վրա, ովքեր վաղ տարիքում վերապրել են Խոջալուի ողբերգությունը: 1992թ. Նիզամի Աբասը ներկա է գտնվել հայկական կողմի հետ այդ երեխաների փոխանակմանը:
«Պատերազմի երեխաները շատ յուրահատուկ են: Նրանք նույնիսկ այնքան էլ երեխա չեն. դժվար է երեխա մնալ`տեսնելով այն, ինչ նրանք են տեսել: Խոջալուի ողբերգությունից գրեթե 25 տարի անց ես նպատակ դրեցի գտնել այդ տղաներին ու աղջիկներին ու իմանալ, թե ինչպես է դասավորվել նրանց կյանքը: Կարողացանք վեց հոգու գտնել:»
Ֆիլմում մեծացած «պատերազմի երեխաների» հիշողությունները զուգակցվում են Խոջալուի տեսաքրոնիկոնի կադրերով: Հերոսներից շատերն այն ժամանակ կորցրել են հարազատներին ու հրաշքով փրկվել: Ու թեև ֆիլմը շատ ծանր է, այնուամենայնիվ, լուսավոր պահեր է պարունակում, կարծես ասելով` «կյանքը շարունակվում է»:
Թեև Նիզամի բեյը որպես զենք տեսախցիկն է ընտրել, խոսակցության մեջ զուտ ռազմական տերմինաբանություն է կիրառում, ինչը բնորոշ չէ կինոյի ասպարեզի լրագրողներին: Օրինակ, խոսում է «հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման» ու «թշնամու դիրքերի» մասին:
Նիզամի Աբասը` նկարահանումների ժամանակ ունեցած ամենատհաճ անհաջողության մասին
Եվս մեկ աշխատանք, որով հատկապես հպարտանում է «Yaddash» ստուդիան, լեգենդար Տերտերի ինքնապաշտպանական գումարտակին նվիրված «Գումարտակ» ֆիլմն է: Նիզամի Աբասը մասնակցել էր այդ գումարտակի բազմաթիվ գործողություններին, գիտեր նրա կազմում ընդգրկված մարդկանց, ու հենց ինքն էլ դարձավ ֆիլմի ռեժիսորը:
Վերջապես, վերջին չորս տարիների ընթացքում նկարահանվում է «Ազգային հերոսներ» ֆիլմաշարը: Նիզամի Աբասի խոսքով, նա չէր պլանավորում մասնակցել այդ սերիայի նկարահանումներին, բայց`
«Երբ արդեն մի քանի ֆիլմ պատրաստ էր, պարզ դարձավ, որ այդ ամենը սեփական աչքերով չտեսած ռեժիսորները պարզապես չեն կարող պատմել, թե ինչ է եղել: Նրանք շփոթում էին Աղդամն ու Քելբաջարը, չէին կարողանում ճիշտ աշխատել արխիվների հետ: Այն ժամանակ ես հասկացա, որ ինքս պետք է զբաղվեմ այդ գործով: Ի վերջո, ես անձամբ ճանաչում էի հերոսներից շատերից, ում մասին խոսք էր գնում, ու դա իմ պարտքն է:»
«Գումարտակ» ֆիլմի օպերատորը Նիզամի Աբասովի որդի Ուզեիրն էր: Վերջերս նա հոր հետ հաճախ է աշխատում, ու, Աբասովի կարծիքով, ինքն ակամա որդուն ժառանգաբար փոխանցում է ոչ միայն իր մասնագիտությունը, այլևս սեփական զգացողությունները:
«Նայում եմ Ուզեիրին. ընդամենը 32 տարեկան է, բայց շատ ավելի մեծ է երևում, կարծես ինքն է մասնակցել 90-ականների մարտերին: Աչքիս առաջ փոխվում է ամեն անգամ, երբ օգնում է ինձ նկարահանումներում կամ ինձ հետ մերձճակատային գոտի այցելում: Երևում է, որ նույնիսկ առանց «անմիջական շփման» պատերազմն իր դրոշմն է թողնում մարդկանց վրա:»