Սոցցանցերի ադրբեջանական հատվածը լի է կենցաղային տեխնիկայի խանութների տեղական ցանցերից մեկի գովազդային արշավի վերաբերյալ զայրացած մեկնաբանություններով։ Բանն այն է, որ ցանցը հայտարարել է զեղչ սև գույնի ապրանքների վրա մայիսի 25-ին՝ Աֆրիկայի օրը, որը նշվում է ամբողջ աշխարհում։ Փորձագետներն ու սովորական օգտատերերը համակարծիք են, որ այս գովազդը ռասիզմի վառ օրինակ է։
«Մայիսի 25-ին՝ Աֆրիկայի ազատագրման օրը, մեզ մոտ գործելու են զեղչեր ընտրված սև ապրանքների համար: Նշիր մեր ընկերների ազատությունը մեզ հետ միասին և ստացիր 50% զեղչ»,- ասվում է maxi.az կենցաղային տեխնիկայի խանութների ցանցի գովազդում։
Քարոզարշավի դեմքը կուբայական ծագմամբ ադրբեջանցի, նախկին հեռուստահաղորդավար Խոսե Բերնարդոն էր։
Ինքը՝ գովազդը և մասնավորապես պաստառների վրա Խոսե Բերնարդոյի պատկերված լինելը բուռն արձագանքների ալիք են բարձրացրել սոցցանցերի ադրբեջանական հատվածում։
Ժամեր անց ընկերությունն իր ֆեյսբուքյան էջից հեռացրել է գովազդային գրառումը։ Խանութների ցանցի YouTube-ի էջից նույնպես անհետացել է գովազդային տեսանյութը։
Մեկնաբանություններ
«Սա գովազդ չէ: Սա իսկական ռասիզմ է, սա հանցագործություն է։ Եվ միևնույն ժամանակ, ամոթ հենց ընկերության համար», «maxi.az, ես ամաչում եմ ձեր փոխարեն»,- գրում են սոցցանցերի օգտատերերը։
Մեկ այլ կարծիք էլ կա: Օգտատերերից մեկի խոսքով՝ «սադրող գովազդային արշավները բնորոշում են խանութների այս ցանցը։ Ինչպես ասում են՝ սև PR-ն էլ է PR։
Մարքեթինգի փորձագետ Վուգար Բաբան JAMnews-ին տված հարցազրույցում նշել է, որ սխալ է համարում Աֆրիկայի ազատագրման օրը սև ապրանքների՝ զեղչերով տոնելու մտադրությունը.
«Անընդունելի է մաշկի գույնի, կենսաբանական առանձնահատկությունների տարբերությունն ընդգծելը։ Սա ռասիզմ է: Սա անընդունելի է առանց որևէ քննարկման։ Ափսոսում եմ»:
«Անակնկալ» կանանց համար
Նույն խանութների ցանցը «առանձնացավ» իր գովազդային արշավով երկու ամիս առաջ, մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա նախօրեին։ Այդ ժամանակ ընկերության գովազդային հոլովակում կանայք ներկայացված էին որպես սպասուհիներ։
Սա ֆեմինիստների կողմից բացասական արձագանքի մեծ ալիք էր առաջացրել։
Առանց թարգմանության էլ այս տեսանյութից ամեն բան պարզ է: