Ի՞նչ է բերել Զելենսկին Վաշինգտոնից, և ինչպե՞ս է կազմակերպվել գաղտնի ուղևորությունը
Զելենսկու՝ Վաշինգտոն այցի արդյունքները. Օգտագործվել են «Նովայա գազետա. Եվրոպա» պարբերականի և BBC—ի հրապարակումները
Ուկրաինայի նախագահի այցը ԱՄՆ և ելույթը Կոնգրեսում անսպասելի էին և անցան մեծ հանդիսավորությամբ։ Նրան համեմատում են Չերչիլի հետ, Ուկրաինան էլ ավելի զանգվածային օգնություն կստանա ռուսական ռազմական ագրեսիայի դեմ պայքարելու համար։ Նրանք խոստացել են նաև Patriot համակարգի մատակարարումներ, ինչի մասին Ուկրաինայի իշխանությունները վաղուց էին խնդրում։
Վլադիմիր Զելենսկին պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ է լքել Ուկրաինան։ Ուղևորությունը կազմակերպվել է օպերատիվ կերպով և գաղտնի։ Մեկնելու նախօրեին՝ դեկտեմբերի 20-ին, Զելենսկին գնացել էր առաջնագիծ, և Բախմուտը պաշտպանող զինվորները նրան էին հանձնել մարտական դրոշ և խնդրել այն փոխանցել ԱՄՆ Կոնգրես։ Այցի մասին տեղեկություններ արդեն իսկ շրջանառվում էին։ Սակայն Զելենսկին այդ ժամանակ չհաստատեց, որ մեկնելու է Վաշինգտոն:
Այցից մեկ օր առաջ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին արտասովոր նամակ էր ուղարկել Ներկայացուցիչների պալատի բոլոր օրենսդիրներին՝ հաղորդելով «հատուկ նիստի» մասին, որով կամփոփվի ներկայիս Կոնգրեսի աշխատանքը, և խնդրել նրանց անձամբ մասնակցել չորեքշաբթի երեկոյան կայանալիք նիստին, թեև նրանք հնարավորություն ունեին քվեարկելու հեռակա կարգով։
Այս նիստով ավարտվում է Փելոսիի քաղաքական կարիերան պետական մակարդակով։ Հունվարի 3-ից կսկսի աշխատել Կոնգրեսի նոր կազմը։
Հիմնական արդյունքը․ Ուկրաինան կստանա Patriot, բայց ոչ հեռահար հրթիռներ
Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ջոզեֆ Բայդենը դեղին-կապույտ փողկապ է կրել, Զելենսկին եղել է զինվորական համազգեստով։ Ուկրաինայի նախագահն իր այցն անվանել է «պատմական» և Ամերիկայի նախագահին նվիրել է արիության համար մեդալը, որն ուկրաինացի կապիտանն է խնդրել փոխանցել։
Երկու ժամ տևած բանակցություններից հետո Բայդենի վարչակազմը հայտարարել է անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցության նոր փաթեթ տրամադրելու մասին՝ 1,85 մլրդ դոլարի չափով․
- Փաթեթում առաջին անգամ ներառվել է Patriot հակահրթիռային մարտկոց, ինչպես նաև սարքավորումներ՝ չկառավարվող զինամթերքը ճշգրիտ կառավարվող հրթիռների վերածելու համար։
- Joint Direct Attack զինամթերքի հավաքածուներ, որոնք կարող են բարելավել նման ռումբերի ճշգրտությունը՝ օգտագործելով գլոբալ դիրքորոշման համակարգերը:
- Օգնությունը ներառում է նաև հրետանային և ականանետային արկեր, ինչպես նաև հրթիռներ High Mobility Artillery Rocket System [կարճ՝ «Հիմարս»] արձակող սարքերի համար։
Ամփոփիչ համատեղ ասուլիսի ժամանակ Բայդենն ասել է, որ մարդասիրական օգնության հետ միասին գումարը կազմում է 2,2 մլրդ դոլար։ «Ամերիկյան ժողովուրդը ձեզ հետ է եղել ամեն քայլափոխի, և մենք ձեզ հետ կլինենք այնքան, որքան կպահանջվի»,- ասել է նա:
Նոր օգնությունը, սակայն, չի ներառում ԱՄՆ ռազմաօդային ուժերը, տանկերը և բանակի հեռահար մարտավարական հրթիռային համակարգը, որը Կիևը վաղուց էր խնդրում՝ փորձելով ռուսական զորքերը դուրս մղել Ուկրաինայի հարավից և արևելքից:
Մամուլի ասուլիսի ժամանակ ուկրաինացի լրագրողը հիշեցրել է Բայդենին, թե ինչպես էր նա պատերազմի սկզբում դեմ արտահայտվել Patriot կայանքների մատակարարմանը, իսկ հիմա՝ 10 ամիս անց, Վաշինգտոնը գնում է այդ քայլին։ «Ավելի լավ չէ՞ր լինի, եթե ԱՄՆ-ն անմիջապես Կիևին տրամադրեր այն ամենն, ինչ անհրաժեշտ էր՝ ժամանակ չկորցնելու համար»,- հարցրել է նա։
Բայդենը մեկնաբանել է, որ ավելի հզոր զենքերը կարող են բերել հակամարտության սրման և Եվրոպայում պատերազմի տարածման վտանգի։
«Գաղափարը, որ մենք Ուկրաինային տրամադրենք ռազմական տեխնիկա, որը սկզբունքորեն կտարբերվի այն ամենից, ինչն արդեն մատակարարվում է, կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի պառակտման, ինչպես նաև Եվրամիության և մնացած աշխարհի փլուզման», — շեշտել է նախագահը:
Բայդենն ասել է, որ Ռուսաստանը չպետք է Patriot հրթիռային համակարգեր մատակարարելու որոշումը դիտարկի որպես էսկալացիա, քանի որ դրանք պաշտպանական զենքեր են։
Զելենսկիի այցից առաջ Բայդենի վարչակազմի պաշտոնյաների ճեպազրույցում նաև ասվում է. «Ոչ վաղը, ոչ հաջորդ ամիս, ոչ հաջորդ տարի Միացյալ Նահանգները զորքեր չեն ուղարկի Ուկրաինա՝ ռուսների դեմ ուղղակիորեն կռվելու: Փոխարենը Վաշինգտոնը միլիարդներ է ուղարկում, այժմ դա ռազմական տեխնիկա և պաշարներ են, որպեսզի օգնի ուկրաինացիներին պաշտպանել իրենց: Մենք չենք ձգտում ուղղակի պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Եվ դրանում ոչինչ չի փոխվի»:
Ամերիկացի փորձագետները զգուշացնում են, որ ժամանակ կպահանջվի Patriot մարտկոցը գործարկելու համար ուկրաինական զորքերին պատրաստելու համար, և քիչ հավանական է, որ այն Ուկրաինայում տեղակայվի մինչև գարուն։ Նախատեսվում է, որ պատրաստությունը կկազմակերպվի Գերմանիայում։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ուեսլի Քլարքն ասել է, որ Զելենսկու այցը մատնանշում է՝ կրիտիկական պահ է.
«Ճակատագիրը պատերազմի, որում Ուկրաինան չի կարող հաղթել առանց ԱՄՆ-ի ուժեղացված աջակցության, կարող է որոշվել նախքան Ռուսաստանը կկարողանա վերախմբավորել իր զորքերը»:
«Մենք երբեք չենք հանձնվի»․ Զելենսկու ելույթը
Ելույթ ունենալով Կոնգրեսի երկու պալատների առաջ՝ Զելենսկին կրկնել է Չերչիլի հայտնի խոսքերը՝ «Մենք երբեք չենք հանձնվի»: Նրան բազմիցս ընդհատել են ծափահարություններով, դահլիճը նրան դիմավորել է հոտնկայս։
Զելենսկու այցը Վաշինգտոն կաթոլիկ և բողոքական Սուրբ Ծննդյան տոների նախօրեին շատերը համեմատում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի այցի հետ Ամերիկա 1941 թվականի Սուրբ Ծննդյան օրը՝ Պերլ Հարբորի վրա ճապոնական հարձակումից մի քանի օր անց: «Տվեք մեզ զենք, մնացածը մենք ինքներս կանենք», — ասել էր Չերչիլը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի երկու պալատների առաջ:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկացի քաղաքական գործիչներին և երկրի քաղաքացիներին աջակցության համար և ասել.
«Ձեր փողերը բարեգործություն չեն։ Դա ներդրում է ազատության և ժողովրդավարության պաշտպանության համար»։
Իսկ փոխնախագահ Քամալա Հարիսին և խոսնակ Նենսի Փելոսիին նա հանձնել է Բախմուտի պաշտպանների մարտական դրոշը։
Բացառիկ գաղտնիություն. ի՞նչ ճանապարհով է Զելենսկին գնացել ԱՄՆ
Անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայից ԱՄՆ մայրաքաղաք բերելու համար։ BBC-ն գրում է՝ սա վկայում է այն մասին, թե երկու երկրները որքան են գնահատում իրենց հարաբերությունները։
Ռուսական հրթիռների սպառնալիքը չափազանց վտանգավոր է դարձնում Ուկրաինայի վրայով թռչելը, ուստի Զելենսկին, ըստ երևույթին, գնացքով գաղտնի ուղևորվել է Ուկրաինայից Լեհաստան, որտեղ չորեքշաբթի վաղ առավոտյան նրան նկատել են սահմանամերձ Պշեմիսլ քաղաքի երկաթուղային կայարանում:
Լեհաստանից նրան անմիջապես վերցրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը, ըստ տեղեկությունների, ուղեկցել են ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռ և F-15 կործանիչ:
Իրականացնել աուդիտ, թե ինչպես է Ուկրաինան ծախսում ԱՄՆ-ի օգնությունը
2022 թվականի նոյեմբերի Կոնգրեսի ընտրությունների արդյունքում ֆինանսական հարցերը որոշող Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունն անցավ Հանրապետական կուսակցությանը, որը սերտորեն կապված է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ակնկալվում է, որ այս օրենսդիրներից ոմանք Կոնգրեսի նոր կազմում կընդդիմանան Ուկրաինային տրամադրվելիք օգնության հետ կապված ծախսերի ավելացմանը:
Նրանք արդեն կոչ են արել իրականացնել ամբողջական աուդիտ, թե ինչպես են Վաշինգտոնն ու Կիևը ծախսել այդ գումարները: Պալատի անդամ, Կալիֆորնիայից պատգամավոր Քևին Մաքքարթին, ով հավակնում է խոսնակի պաշտոնին, ասել է.
«Հանրապետականները Ուկրաինայի համար «դատարկ չեկ» չեն տա, այսինքն՝ նախապես ստորագրված կտրոն, որի վրա կարելի է գրել ցանկացած թիվ»։
Օրենսդիրների այս հատվածի կարծիքով՝ արդեն իսկ Ուկրաինային հատկացված 52 միլիարդ դոլարը փոխարենը պետք է ծախսվեր ներգաղթյալների հոսքի դեմ ԱՄՆ հարավային սահմանի ամրապնդման և երկրի ներքին այլ խնդիրների վրա։
Բայց մյուս հանրապետականները կողմ են արտահայտվում Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելուն, քանի որ դա բխում է ԱՄՆ-ի ռազմավարական շահերից։
«Այս պատերազմում հաղթելու համար Արևելյան Եվրոպայում մեր ընկերներին զինելն ուղղակի ներդրում է Պուտինի՝ Ամերիկային, մեր դաշնակիցներին սպառնալու և մեր հիմնական շահերը վիճարկելու հետագա հնարավորությունները կրճատելու համար»,- ասել է Սենատի փոքրամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը:
2023 թ․-ի ֆինանսական տարվա ծախսերի օրինագծի շրջանակում նոր Կոնգրեսի անդամները պետք է հաստատեն Ուկրաինային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին լրացուցիչ 44,9 միլիարդ դոլար հատկացնելու մասին որոշում։