Զգուշավոր հարաբերություններ
Գործոններ, որոնք կարող են խոչընդոտել խոշոր համատեղ նախագծերի իրականացմանը.
1. Տնտեսական իրավիճակը Ռուսաստնում
Ռուսաստանում առկա տնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ ռուսական էներգետիկ ընկերությունները չունեն անհրաժեշտ միջոցներ, իրանական տնտեսությունում ներդրումներ կատարելու համար:
2. Իրանական օրենսդրությունը
Իրանական օրենսդրությունը լրջորեն սահմանափակում է օտարերկրյա ներդրումային կապիտալի առկայությունը նավթային ու գազային ոլորտներում, որոնք հանրային սեփականություն են համարվում:
3. Իրանը ձգտում է դեպի Եվրոպա
Իր էներգետիկ հնարավորությունները Իրանն օգտագործում է ԵՄ հետ բանակցություններում: Նա ավելի շատ հետաքրքրված կլինի եվրոպական ընկերությունների հետ համագործակցել, քան ռուսական, ինչը կամրապնդի Իրանի դիրքը Եվրամիությունում և կարագացնի իր դեմ կիրառվող պատժամիջոցների դադարեցումը: Բացի այդ, եվրոպական ընկերությունների ներգրավումը կնպաստի երկրի էներգետիկ ոլորտում նոր բարձր տեխնոլոգիաների ներդրման գործընթացին:
4. Ռուս-իրանական համագործակցության նախադեպը
90-ականներից սկսած մինչև 2006թ. ռուսական էներգետիկ ընկերությունների՝ Իրանի նավթագազային ոլորտում ներդրումներ կատարելու փորձերն անհաջողության են մատնվել, և սա նախադեպ է:
5. Իրանի հովանավորչությունը
ԵՏՄ և Իրանի միջև այս պահին որևէ հեռանկարներ գոյություն չունեն, քանի որ Իրանը տնտեսության հովանավորչության քաղաքականություն է վարում: Այն խրախուսում է իր արտադրողին ու իր շուկան:
6. Պատմական հիշողությունը
Իրանում չեն մոռացել ո՛չ 18-րդ դարի վերջը, ո՛չ 19-րդ դարի առաջին քառորդը, ո՛չ 20-րդ դարի տարբեր փուլերը: Վերջին տասնամյակների ընթացքում իրանցիների ընկալման մեջ ամրապնդված է այն համոզմունքը, որ Ռուսաստանն այնքան էլ լավ չվարվեց «Գոր-Չերնոմիրդին» պայմանավորվածության, С-300-ի մատակարարման վերաբերյալ պայմանագրերի խզման և ալյնի շրջանակում: Այդ պատճառով էլ Իրանը Ռուսաստանին նայում է որպես մի երկրի, որին չի կարելի վստահել, քանի որ այն ցանկացած պահի կարող է հրաժարվել պայմանավորվածություններից:
Ի՞նչը կարող է փոխել իրավիճակը.
1. Իրանի անդամակցումը Համաշխարհային առևտրային կազմակերպությանը
Իրանը կարող է Համաշխարհային առևտրային կազմակերպության լիիրավ անդամ դառնալ: Այն կարող է շարժվել սեփական տնտեսական ու առևտրային համակարգի մասնակի ազատականացման ուղղությամբ: ԵՏՄ գործընկեր Իրանը կարող է դառնալ ոչ թե Ռուսաստանի համար, այլ հաշվի առնելով այդ կազմակերպության անդամ այլ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները, օրինակ Ղազախստանի հետ:
2. «Մետաքսի ուղին»
Գոյություն ունի ռուս-իրանական համագործակցության սպեկտր «Մետաքսի ուղի» չինական տնտեսական նախագծի իրականացման շրջանակում: Այս համագործակցությունն իրականացվելու է երկու ուղղությամբ. Թեհրան-ԵՏՄ համագործակցություն և Իրանի, Չինաստանի ու ԵՏՄ մասնակցությունը «Մետաքսի ուղի» ստեղծելու ֆինանսական, տրանսպորտային ու տնտեսական ծրագրի իրականացման շրջանակում:
3. Աշխարհաքաղաքական շահերը
Եթե էներգետիկ ոլորտում առկա են Ռուսաստան-Իրան համագործակցությանը խանգարող գործոններ, ապա աշխարհաքաղաքական տեսանկյունից այս երկու երկրների միջև դիրքորոշումը աբողջապես համընկնում է բազմաթիվ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ (Մեծ Մերձավոր Արևելք):
4. Անվտանգության ոլորտում համագործակցությունը
Վերջին ամիսներին ձեռքբերված քաղաքական պայմանավորվածությունները, այդ թվում՝ С-300 համակարգի մատակարարումը Իրանին, նպաստել են անվտանգության ոլորտում Մոսկվայի ու Թեհրանի միջև գործողությունների ավելի հստակ համակարգմանը: Երկու երկրների միջև մի շարք ընդհանուր շահեր գոյություն ունեն՝ իրանական միջուկային ծրագրի առաջընթացը, որում Ռուսաստանի դերը շատ կարևոր է եղել, Իրանի՝ մեկուսացումից դուրս գալու հետագա տնտեսական ու քաղաքական հեռանկարները, ինչպես նաև Սիրիայի, Իրաքի ու «Իսլամական պետության» հետ կապված հարցերը:
5. Ռազմական համագործակցությունը
Մոսկվայի ու Թեհրանի միջև լուրջ մերձեցում է տեղի ունենում: Ձևավորվել է իրավիճակային ռազմական-քաղաքական դաշինք Իրանի, Իրաքի, Ասադի ռեժիմի ու Մոսկվայի մասնակցությամբ: Այդ դաշինքի արտացոլումը Կասպից ծովի հարավային ջրային տարածքից թևավոր հռթիրների բացթողումն էր, որոնք անցել են Իրանի ու Իրաքի օդային տարածքով:
Սիրիայում ռուսական ռազմաօդային մասնակցության ձևաչափի ընդլայնումը անխուսափելի է դառնում, քանի որ ռուսական ավիացիային օդանավերի թռիչքադաշտեր են անհրաժեշտ: Այդ առումով կարևոր է իրանական ու իրաքյան թռիչքադաշտերի օգտագործումը: Չի բացառվում նաև Հայաստանի տարածքի ենթակառուցվածքների օգտագործումը, այդ թվում՝ ռադիոտեղակայման կայանների ու կապի այլ համակարգերի:
Ինչ ունենք այս պահին.
1. Զգուշավորություն
Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցումը այդ երկրին հնարավորություն է տալիս համագործակցելու տարբեր երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի: Սակայն, առայժմ Իրանը թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանին և զգուշությամբ գնում համագործակցության: Իրանը, հավանաբար, կգնա միայն այնպիսի համագործակցության, որն իր շահերից կբխի:
2. Շահերի բախում
Կարծես թե, Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցումը, որը դեռևս մինչհեղափոխական Ռուսաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից էր, պետք է համապատասխանի նաև Ռուսաստանի ազգային շահերին: Սակայն Ռուսաստանն իր հերթին չի կարող գոհ լինել Իրանի՝ որպես հզոր մրցակից պետության ներգրավվելուց տարածաշրջան և համաշխարհային շուկայում գազի ու նավթի նոր խոշոր մատակարարի հայտնվելուց:
3. Մրցակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում
Ռուս-իրանական համատեղ նախագծեր Հարավկովկասյան տարածաշրջանում քիչ հավանական են, քանի որ երկու երկրներն էլ տարածաշրջանում նույն նպատակն են հետապնդում՝ ավելացնել սեփական ազդեցությունն ու ներկայացվածությունը: Այն ժամանակահատվածում, երբ Հյուսիսատլանտյան դաշինքն իր դիրքերն էր ամրապնդում, ամրապնդվում էին նաև ամերիկյան դիրքերը, Ռուսաստանն ու Իրանն ինչ-որ ոչ ֆորմալ և չհամակարգված միություն էին կազմել: Այսօր Արևմուտքը աստիճանաբար դուրս է գալիս Հարավային Կովկասից, այդ թվում նաև՝ Ադրբեջանից, որը երկար տարիներ համարվել է արևմտյան հաշվարկների հանգրվանը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Ռուսաստանի ու Իրանի միջև մրցակցությունը մեծանում է:
Ի մի բերելով վերոնշյալ փաստարկները՝ խոշոր ու լուրջ համատեղ նախագծերի իրականացումը քիչ հավանական է թվում, ինչը նվազեցնում է այդ երկու երկրների համագործակցության ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:
Փորձագիտական տեսակետներն արտահայտել են՝ Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: