Զբոսաշրջության զարգացում Հայաստանի հարավում՝ ի հեճուկս համավարակի ու պատերազմի
Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանում զբոսաշրջային ուղղությունները փոխվել են։ Եթե նախկինում ամենապահանջված ուղղություններից էր Սյունիքի մարզը, ապա այսօր տուրիստական գործակալությունների հաճախորդները խուսափում են այդ առաջարկից։ Պատերազմից հետո Սյունիքի շատ համայնքներ սահմանամերձ են դարձել Ադրբեջանի հետ, և անվտանգության խնդիր է առաջացել։ Բայց տեղացիները հույսները չեն կորցնում և մտածում են շարունակել զբոսաշրջության զարգացումը Սյունիքում։
Նրանց խոսքով՝ տեղի բնակավայրերը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բայց առողջացումը հնարավոր է։ Մարդիկ տարբեր ծրագրեր են գործարկում, որ շարունակեն ապրել իրենց հայրենիքում, ստիպված չլինեն լքել իրենց տները:
- Նոր հին սահման․ ինչո՞ւ են հայկական գյուղերն Ադրբեջանի տարածքում հայտնվել
- Կարծիք․ խաթարել Հայաստանի պլանները, կամ ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը
- Էկոտուրիզմ Սյունիքում․ հաճույք զբոսաշրջիկների և աշխատանք տեղացիների համար
Վիճակագրություն
Կորոնավիրուսային ու պատերազմական 2020-ից ամենաշատը տուժած ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարի զբոսաշրջային գործակալությունների գործունեության անկումը կազմել է ավելի քան 85 տոկոս։
Նախաքովիդյան և նախապատերազմյան 2019 թվականին Հայաստան էր ժամանել գրեթե երկու միլիոն տուրիստ։ 2021-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 86 հազար 524 է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 307 հազարի դիմաց։ Հայաստան են գալիս հիմնականում Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից ու Վրաստանից։
Հուլիսից որոշակի ակտիվացում է նկատվում զբոսաշրջության ոլորտում, սակայն նախկինում պահանջված Սյունիքի ուղղությունը զիջել է դիրքերը։ Փոխարենը ակտիվացել է Հայաստանի հյուսիսը, զբոսաշրջիկների հոսքն ավելացել է Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզերում։
Իրավիճակը Սյունիքում․ պատմություն Տաթևից
Նորայր Գրիգորյանն արդեն տասը տարի հյուրատնային բիզնեսով է զբաղվում։ Նրա «Տաթև» B&B-ն վաղուց այլևս մարդաշատ չէ, մինչդեռ մինչև համավարակն ու Արցախյան վերջին պատերազմը նրա հյուրերի աշխարհագրությունը ձգվում էր Եվրոպայից մինչև ԱՄՆ, Չինաստան ու Ճապոնիա։
«Երբ քովիդը անցյալ ամառ թուլացավ, մի փոքր շարժ նկատվեց, բայց վրա հասավ պատերազմն ու պարալիզացրեց ամեն ինչ Տաթև համայնքում։ Բավական մեծ ներդրումներ էի արել, ամեն ինչ թողեցի, գյուղի ջոկատով մեկնեցի պատերազմ։ Պատերազմից ութ ամիս անց մի քիչ շարժ կա նորից, գիշերակացով են գալիս։ Երբ լսում են, որ իրավիճակը կայունանում է, գալիս են», — պատմում է Նորայր Գրիգորյանը։
Տաթևի վանական համալիրը և հարակից մի շարք գյուղեր Հայաստանի կառավարությունը 2009 թվականից հայտարարեց «Տաթև» զբոսաշրջային կենտրոն։ Այստեղ կառուցվեց «Տաթևեր» աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին։
«Այս քայլերի տնտեսական ազդեցությունը գյուղացին սեփական մաշկի վրա էր զգում։ Միայն Տաթևում մարդիկ քսան հյուրատուն բացեցին։ Գյուղացիների մեծ մասը մինչ այդ զբաղվում էին անասնապահությամբ, այգեգործությամբ, բայց ոգևորությամբ իրենց առանձնատները վերածեցին հյուրատների։
Սեզոնին լավ վաստակում էինք։ Եթե հաշվարկում ենք, թե ամեն օր, մեկ ամսում, որքան գումար էր զբոսաշրջիկից մտնում գյուղացու ընտանիք, այսօր այդ հոսքերը չկան, շատ քիչ են։ Շատերը նորից անցել են այգեգործության, հողագործության։ Բայց ես լավատես եմ», — ասում է Նորայր Գրիգորյանը։
Նա կարծում է, որ դեսպանատների հայտարարությունները, որոնցով իրենց քաղաքացիներին զգուշացնում են չայցելել Հայաստանի հարավային սահմանների բնակավայրերը, թողնում են իրենց ազդեցությունը զբոսաշրջիկների վրա։
«Եվրոպացին էլ, ամերիկացին էլ տասը քայլ առաջ են մտածում, էլ ո՞ւր կգան։ Բայց նրանք, ովքեր գալիս են ու իրենց աչքով տեսնում, որ անվտանգ է, նորից են գալիս։ Այս պահին ավելի շատ ռուս զբոսաշրջիկներ ենք ունենում», — ասում է նա։
Տաթևի վարչական ղեկավար Կառլեն Արշակյանը նշում է, որ գյուղում մինչև համավարակը գյուղացիների 40-50 տոկոսը ապրում էին տուրիզմով, ներդրումներ էին արել։ Կորոնավիրուսը վերջին ժամանակներս շատ չէր անհանգստացնում, փոխարենը առաջ եկավ անվտանգության խնդիրը, քանի որ Արցախյան պատերազմից հետո Սյունիքի մարզը դարձավ սահմանային։
«Միայն Տաթև, Տանձատափ, Սվարանց գյուղերն են, որ սահմանամերձ չեն, մնացածը դարձել են սահմանամերձ։ Ուզում ենք այնպես անել, որ զբոսաշրջիկների հոսքերը շատանան, նոր ծրագրեր ենք մշակում, որ գյուղն ավելի բարեկեցիկ դառնա, հանգստի ու ժամանցի գոտիներ ունենա։ Շարժ կա, բայց շատ դանդաղ, մեկ ամիս է՝ զգացվում է։ Եվրոպացիք քիչ են, մի հինգ տոկոս, հիմնականում Ռուսաստանից են գալիս։ Վստահ եմ, կաշխուժանա։ Սյունիքի նման չքնաղ տեղ չկա աշխարհում», — ասում է Տաթևի վարչական ղեկավարը։
Կողքի գյուղում՝ Սվարանցում
Մասնագիտությամբ երկրաբան Արա Նահապետյանն ասում է, որ Սվարանցում նույնպես զարգանում էր տուրիզմը։ Բայց կորոնավիրուսն ու պատերազմը ջարդեցին զբոսաշրջության մեջքը, գյուղացիներն էլ հիասթափվեցին։
«Բարդ իրավիճակ է, որովհետև ունենք ահռելի կորուստներ։ Տարածքային կորուստները իր մաշկի վրա զգում է Սյունիքը, իհարկե, արցախցիներից հետո։ Բոլորը հասկանում են, որ ադրբեջանական դիրքերը հեռու չեն, ու պատերազմից հետո վախենում են գալ Սյունիք։ Բնական ռեակցիա է։ Որ մի քանի զբոսաշրջիկ էլ տեսնում ենք, ոգևորվում ենք։ Հարկավոր է անվտանգության խնդիր լուծել, որ զբոսաշրջիկներ գան», — բացատրում է Արա Նահապետյանը։
Նրա փոքրիկ անասնապահական տնտեսությունը համագործակցում է զբոսաշրջիկներին սպասարկող հյուրատների հետ, այս պահին գործը խիստ պակասել է․
«Բայց երբ վերհիշում եմ, թե ինչ փորձանքներ մեր գլխով անցան, ու այդքանից հետո Սյունիք զբոսաշրջիկ է գալիս այսօր, ուրեմն հիանալի է։ Սվարանցը հիմա արհեստական շնչառության տակ է, վերակենդանացման բաժանմունքում է, հավատում եմ, որ կբուժվի։ Մտածում ենք ծրագրեր իրականացնել, գյուղը զարգացնել, մեր երեխաները պետք է շարունակեն ապրել այստեղ»։
Սվարանցի 18 հոգանոց դպրոցն այս տարի ունեցել է մեկ շրջանավարտ ու մեկ առաջին դասարանցի։ Դպրոցի ուսուցչուհիներից Անի Նահապետյանն ասում է, որ գյուղն ուզում են ոտքի հանել հենց երիտասարդներով․
«Թեկուզ քիչ ենք, բայց փորձում ենք գյուղի զրագացման համար ուղիներ գտնել։ Չենք էլ մտածում տեղափոխվելու մասին, մտածում ենք, թե ինչպես դրսի գնածացներին հետ բերենք։ Բոլոր խնդիրների առկայությանը զուգահեռ, դրախտը հենց մեր գյուղն է»։
Զբոսաշրջության զարգացման նոր ուղիներ
Զբոսաշրջային ոլորտի մասնագետները համոզված են՝ Հայաստանը աշխարհին ու զբոսաշրջիկներին պետք է ներկայացվի բոլորովին այլ տեսանկյունից։ Ըստ նրանց՝ կորոնավիրուսի համավարակից ու Արցախյան պատերազմից հետո նախկին մոտեցումներն ու ձևաչափերն այլևս ակտուալ չեն, պետք է գնալ նոր մոդելի։
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը համոզված է՝ ոլորտը ճգնաժամից դուրս բերելու համար անհրաժեշտ է աշխարհում Հայաստանի իմիջի փոփոխություն, ագրեսիվ մարքեթինգային քաղաքականություն և պատմամշակութային ներուժի կապիտալիզացիա․
«Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա, Հայաստանը պատերազմով անցած առաջին երկիրը չէ, կարելի է փոխառել այլ պետությունների փորձը, որոնք բախվել են նման իրավիճակի և կարողացել են դրանից հետո զբոսաշրջությունը դնել նոր ռելսերի վրա։ Այդ պետությունների ռազմավարությունը միանման է եղել․ ագրեսիվ մարքեթինգային արշավ՝ աշխարհում երկրի մասին պատկերացումը փոխելու ուղղությամբ։
Մենք անընդհատ հպարտանում ենք, որ Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն է։ Սակայն այդ մասին միայն մենք գիտենք։ Պետք է օգտագործել եղած պատմամշակութային ներուժը»։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի կարծիքով՝ Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է, սակայն դեռ շատ անելիք կա, որ ոլորտը վերակենդանանա․
«Համաշխարհային շուկաներում անհրաժեշտ տեղեկատվական դաշտ պետք է ապահովենք, ակտիվ մարքեթինգային քաղաքականություն իրականացնենք, անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարեփոխումներ անենք, որ կարմիրով ներկված կամ վտանգավոր երկրների ցանկից դուրս գանք»։