Ավելի քիչ զբոսաշրջիկներ են եկել Հայաստան, թեև պետական ֆինանսավորումն ավելացել է
Զբոսաշրջիկների թիվը ՀՀ նվազել է
Պետական քաղաքականության գերակա ուղղություն հանդիսացող զբոսաշրջության ոլորտին 2024 թվականի համար պետբյուջեից հատկացվել է 1.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 1 մլրդ-ի փոխարեն: Իսլ մինչև 2023 թվականը ոլորտին հատկացվող գումարի չափը կազմել է տարեկան միջինը 200 մլն դրամ:
Այս տարի հատկացված գումարի գերակշիռ մասը՝ 1.1 մլրդ դրամը Զբոսաշրջության կոմիտեն նախատեսել է ոլորտային դրամաշնորհային ծրագրերի, 400 մլն-ը՝ միջազգային միջոցառումների իրականացման համար:
Չնայած վերջին երկու տարիներին արվող պետական խոշոր ներդրումներին, Հայաստանի զբոսաշրջության ոլորտն այս տարի գրանցել է հյուրերի հոսքերի էական նվազում:
Վերլուծություն պատճառների մասին, ինչ լուծումներ են տեսնում Զբոսաշրջության կոմիտեում, նաև փորձագետների կարծիքները հնարավոր ելքերի վերաբերյալ։
- Աշխարհաքաղաքական իրավիճակը՝ ՀՀ-ում զբոսաշրջիկների թվի նվազման պատճառ․ կարծիք Երևանից
- Աննախադեպ ներդրում․ 1 մլրդ դրամ՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտին
- Հայաստանի սահմանամերձ զբոսաշրջային բիզնեսները պահպանման խնդիր են լուծում
Ներգնա հոսքերը կրճատվել են, արտագնա հոսքերը՝ աճել
2024 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ 6.1 տոկոսով նվազել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը։ Նախորդ տարվա 1 մլն 7 հազարի փոխարեն ՀՀ են այցելել 946 հազար մարդ:
Սրան զուգահեռ 9.4 տոկոսով աճել է Հայաստանից դուրս հանգստանալ ցանկացողների թիվը, 644.646-ից դառնալով 705.105 մարդ:
«Պետբյուջեի ներդրումների արդյունքների մասով դեռևս հասանելի վերլուծություններ չկան։ Բայց արդարության համար պետք է նշեմ, որ հատկապես մարքեթինգային ծախսերը կարճաժամկետ էֆեկտ հազվադեպ են ունենում: Դրանք հիմնականում երկարաժամկետ են ու ժամանակ է պետք, որ ձնագնդի էֆեկտն աշխատի ու որոշակի շարժ լինի։
Այդուհանդերձ, որքան էլ գովազդես ապրանքը, եթե գին-որակ հարաբերակցությունը խախտված է, իսկ մեր դեպքում դա, ցավոք, այդպես է, ապա հավանականությունը, որ այդ պրոդուկտը կվաճառվի, գնալով պակասում է»,- ասում է Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը։
Հետաքրքրական է, որ արտերկրում հանգստանալ ցանկացողների թվում առավելապես ավելացել են 36-63 տարիքային խմբում ընդգրկված մեծահասակներն ու մինչև 15 տարեկան երեխաները։ Ւնչը հուշում է վերլուծաբաններին, որ գերակշիռ մասը նախընտրում է անցկացնել երկրից դուրս ընտանեկան հանգիստը:
Դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի կրճատումը ոլորտի ներկայացուցիչները կապում են
- տարածաշրջանի ոչ կայուն աշխարհաքաղաքական իրավիճակի,
- հայաստանյան զբոսաշրջային ծառայությունների թանկացումների,
- արտարժույթի նկատմամբ դրամի արժևորման հետ:
«Հայաստանը դեռևս նպատակային շուկա հանդիսացող շատ երկրների պաշտոնական կայքերում ներկայացված է կարմիր սահմանագծերով։ Դա հուշում ք զբոսաշրջիկներին, որ սա ոչ այնքան անվտանգ երկիր է: Այս հանգամանքը տուրիզմի վրա շատ բացասական ազդեցություն է ունենում, քանի որ դժվարացնում է նաև այդ երկրներից Հայաստան ճամփորդել ցանկացողների համար բժշկական ապահովագրություն ստանալու հնարավորությունը։
Եթե իրավասու մարմինը կարմիրով է նշում տվյալ երկիրը, ապա ապահովագրական ընկերություններն ավելի զգուշավոր են դառնում ու ապահովագրություն չեն տրամադրում»,- ի թիվս զբոսաշրջային հոսքերի կրճատման այլ պատճառների մատնանշում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Ի՞նչ է արվում ներգնա հոսքերն ակտիվացնելու ուղղությամբ
Մեր գրավոր հարցմանը Զբոսաշրջության կոմիտեից պատասխանել են.
«Ներգնա զբոսաշրջության զարգացման նպատակով կոմիտեն ապահովում է
- Հայաստանի ու հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացումը միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներում,
- հոդվածների տպագրումը միջազգային հեղինակավոր պարբերականներում,
- միջազգային ճանաչում ունեցող լրագրողների ու բլոգերների ճանաչողական այցեր,
- գովազդային արշավներ,
- աջակցություն ՀՀ-ում կազմակերպվող փառատոներին,
- զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների բնականոն գործունեությանը»:
Կոմիտեի աշխատանքի դրական միտումները հաստատում են նաև ոլորտի փորձագետները:
«Զգալի աշխատանք է արվում կոմիտեի կողմից։ Ավելի ներկայանալի ցուցահանդեսներում մասնակցություն, տարբեր երկրներից լրագրողների ճանաչողական այցերի կազմակերպում Հայաստան, միջազգային միջոցառումների անցկացում։ Այս պահին արված աշխատանքները երևում են։ Բայց միշտ կարելի է մտածել հատկացված գումարն ավելի արդյունավետ ծախսելու մասին: Մենք առաջակում ենք նստել, քննարկել, միգուցե ավելի հետաքրքիր ու ավելի լավ լուծումներ գտնենք»,- ասում է Մեխակ Ապրեսյանը:
Ոլորտի ներկայացուցիչների հետ քնարկումների անհրաժեշտությունը շեշտում է նաև Յաշա Սոլոմոնյանը.
«Բյուջեի հատկացումների ծախսման հետ կապված մեզ հետ քննարկումներ չեն լինում: Եթե հարցը դիտարկենք առաջնորդության տեսանկյունից, ապա ուժեղ առաջնորդն այն մարդն է, որը ոչ թե հարցնում է, թե ինչ են ուզում, այլ գիտի, թե ինչ է պետք: Բայց այս պահին մենք չունենք այդ ուժեղ առաջնորդները: Եվ եթե նրանք չկան, միգուցե արժե հավաքել ու լսել ոլորտի փորձառուներին, որոնք բավականաչափ փորձ ունեն, կարողանում են շատ լավ վերլուծել»:
Հանգիստը Հայաստանում
Զբոսաշրջային հանգստի թեման սոցիալական հարթակներում ակտիվ քննարկման առարկա է ողջ տարվա ընթացքում: Սեզոնայնությամբ պայմանավորված, հանրային քննարկումներում փոփոխվում են արտագնա զբոսաշրջային ուղղությունները:
Ներքին կամ ներգնա զբոսաշրջության մասով, սակայն, մի բան անփոփոխ է. բոլորն անխտիր դժգոհում են երկրի ներսում առաջարկվող զբոսաշրջային ծառայությունների բարձր գներից։ Հենց դա էլ շատ հաճախ ստիպում է փոխել հանգստի ուղղությունն ու ընտրել այլ երկիր:
Տաթև Անանյանը ամուսնու ու երկու փոքրիկների հետ սեպտեմբերի առաջին հանգստյան օրերն անց է կացրել երևանամերձ Արագածոտնի մարզի բարձրակարգ հանգստի գոտիներից մեկում։ Երկօրյա հանգստի համար վճարել է 100.000 դրամ: Արժեքն իր մեջ ներառել է համարի ամրագրում, նախաճաշ, ինչպես նաև հյուրանոցի խաղասենյակից ու լողավազանից անվճար օգտվելու հնարավորություն:
Ասում է՝ նշված գումարն իր ընտանիքի ամսական եկամտի 1/4-ն է կազմում։ Սակայն համաձայնվել են այդ արժեքին, քանի որ երկու մանկահասակ երեխաների հետ հնարավոր չէր արտերկիր մեկնել:
Հյուրանոցի բարձր արժեքի հետ մեկտեղ շատ Տաթևը գոհ է մնացել սպասարկման որակից: Վստահ է՝ մի փոքր ավելի ճկուն ու մատչելի գնառաջարկների դեպքում թե իր, թե բազմաթիվ այլ ընտանիքներ շատ ավելի հաճախ կօգտվեին հայաստանյան զբոսաշրջային ծառայություններից:
«Հայաստանը, ցավոք, ծով չունի։ Իսկ դա չափազանց կարևոր բաղադրիչ է շատերի համար: Այս պարագայում, կարծում եմ, տեղի հանգստի գոտիները գոնե այլ շահագրրգող գործոններ պետք է առաջարկեն մարդկանց»,- ասում է նա:
Հանգիստը Վրաստանում և այլ երկրներում
Գոհար Սիմոնյանի ընտանիքն օրերս է վերադարձել վրացական Քոբուլեթի հանգստավայրից: Ասում է՝ Վրաստանը որպես հանգստի ուղղություն ընտրել է ծովային հանգստի ամենամատչելի տարբերակը լինելու պատճառով: Ամուսնու ու դստեր հետ մեկշաբաթյա հանգիստը արժեցել է մոտ 300.000 դրամ:
«Ծովին մոտ հյուրատներից մեկում շատ համեստ պայմաններով սենյակ էինք ամրագրել: Մեզ համար ամենակարևորը ծովից օգտվելն էր»,- ասում է նա:
Անկեզծ բացատրում է վայրի ընտրության պատճառը․ ցանկանում էր հանգստի մեկնել Կիպրոս կամ Եգիպտոս, ակնկալվող գումարի չափը, սակայն, հետ է պահել նրան այդ որոշումից․
«Եգիպտոսում մեկշաբաթյա հանգստի համար անհրաժեշտ էր 600.000-900.000, իսկ Կիպրոսում՝ 1 մլն դրամից ավելի գումար: Դա էր պատճառը, որ որոշեցինք այս տարի ընտրել մատչելի հանգստի տարբերակը»:
Հնարավո՞ր է բարեփոխել վիճակը
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը գլխավոր խնդիրն է համարում համակարգված քաղաքականության բացակայությունը․
«Այսօր զբոսաշրջությունը կարգավորող պետական կոմիտեն, որը ենթակա է էկոնոմիկայի նախարարությանը, մտածում է մեկ բան, ֆինանսների նախարարությունը՝ այլ։ Եվ այսպես շարունակ։ Այսինքն գերատեսչություններից յուրաքանչյուրը մտածում է միայն իր ոլորտի բարելավման մասին։
Բայց ընդհանուր տնտեսական զարգացման համար արդյո՞ք արվող փոփոխությունները դրական են։ Բոլոր գերատեսչությունների քայլերը պետք է լինեն համակարգված, հաշվարկված, որպեսզի աջ ու ձախ ձեռքերը միմյանցից տեղյակ լինեն: Միայն այդ պարագայում կարող ենք ունենալ ավելի լավ արդյունք»:
Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանն ասում է, որ պետականհատկացումների հետ մեկտեղ ոլորտում «ինչ-որ անհասկանալի օրենսդրական ու հարկային «բարեփոխումներ» են նկատվում»։
Եվ դրանք էականորեն բարձրացնում են զբոսաշրջային ծառայությունների գները, մեծացնում են տնտեսվարողների ֆինանսական ու հարկային բեռը․
«Գնալով սա ավելի է ազդելու մեր զբոսաշրջային արդյունքի գնաճի վրա: Պետք է վերանայել ոլորտին առնչվող հարկային փոփոխությունները: Մի ոլորտի համար գուցե այդ փոփոխությունները լավ են, բայց զբոսաշրջության համար դրանք ստեղծում են խոշոր խնդիրներ: Անհրաժեշտ է առավել ճկուն հարկային քաղաքականություն մշակել, հաշվի առնել ոլորտի առանձնահատկությունները, ոչ թե համահարթեցման սկզբունքը կիրառել բոլորի նկատմամբ:
Զբոսաշրջությունը արտահանվող ոլորտ է ու, բնականաբար, դրամի արժևորումն ազդում է արտահանվող ապրանքի արժեքի վրա: Այս ամենը գիտակցելով՝ պետք էր քայլեր ձեռնարկել այն փուլից սկսած, երբ դրամը սկսեց արժևորվել։ Պետք էր թեթևացնել մասնավորի բեռը, կառավարել գնաճը: Այնինչ մինչ այժմ չեմ տեսնում այն մեղմելուն ուղղված քայլեր կառավարության կողմից»:
Զբոսաշրջության կոմիտեում համաձայն են, որ առաջարկվող գները են և անհրաժեշտ է մեղմման քայլեր ձեռնարկել։
Հայտնում են, որ մասնավոր հատվածի աջակցությամբ արդեն մշակել և շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ։ Այն առաջարկում է զբոսաշրջային օպերատորների ներգնա փաթեթների իրացման նկատմամբ սահմանել ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ: Կոմիտեում վստահ են՝ նախագծի ընդունումը զգալիորեն կնվազեցնի ներգնա զբոսաշրջային փաթեթների արժեքները:
Կառույցը նաև մշակել ու վարչապետի աշխատակազմ է ներկայացրել Զբոսաշրջության զարգացման ռազմավարության նախագիծ՝ հաջորդ 5 տարիների համար։ Մանրամասներ չեն հաղորդում, բայց հավաստիացնում են, որ մինչև 2029 թվականը ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը կհասնի 3 միլիոնի:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Զբոսաշրջիկների թիվը ՀՀ նվազել է