ՀՀ-ում կաջակցեն այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն անապահով մարդկանց
Զբաղվածության փորձնական ծրագիր նպաստառուների համար
Հայաստանի կառավարությունը կաջակցի այն գործատուներին, որոնք պատրաստ են աշխատանքի ընդունել անապահով անձանց։ Խոսքը գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված, սակայն աշխատունակ անձանց մասին է։ Ծրագիրը փորձնական է, դեռևս իրականացվելու է միայն Կոտայքի և Սյունիքի մարզերում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղություն՝
- ուսուցում և աշխատանքի տեղավորում,
- աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
- աշխատանքի տեղավորում՝ գործատուին մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով։
Կախված ուղղությունից պետությունը գործատուներին փոխհատուցելու է շահառուի կրթական ծախսերը, աշխատավարձը կամ տրամադրելու է սուբսիդավորում՝ շահառուին վճարած աշխատավարձի 50 տոկոսի չափով։
Ծրագիրն իրագործվելու է e-work.am հարթակի միջոցով, որտեղ ներգրավված են գործատուներն ու աշխատանք փնտրողները։ Փոխնախարար Աննա Ժամակոչյանը հայտնել է, որ այս ծրագրի ընթացքում գործի են դրվելու նաև վերահսկողության և ռիսկերի զսպման մեխանիզմներ, այսինքն՝ խախտումների արձանագրման դեպքում պետությունն ունենալու է ծախսված միջոցների հետգանձման հնարավորություն։
- Հայաստանի 3594 քաղաքացի օգտվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագրից
- «Չհաշվարկված առաջարկ է»․ տնտեսագետը՝ ՀՀ-ում 7-ժամյա աշխատանքային ռեժիմի անցնելու մասին
- «Մրցունակ աշխատուժի ձևավորում և զբաղվածության աճ»․ մինչև 2031 թ․-ի նպատակները ՀՀ-ում
Ի՞նչ աջակցություն է տրամադրվելու գործատուներին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի փոխանցմամբ՝ շահառուի համար ուսուցում կազմակերպելու պարագայում պետությունը գործատուին փոխհատուցելու է մինչև 250,000 դրամ կրթական ծախսերը։
Ուսման տևողությունը չպետք է գերազանցի հինգ ամիսը։ Ուսուցումն ավարտելուց հետո շահառուին աշխատանքի ընդունելու պարագայում պետությունը վեց ամսով փոխհատուցելու է աշխատավարձից հաշվարկվող հարկերն ու պարտադիր վճարները՝ ամսական մինչև 50,000 դրամի չափով։
Երկրորդ ուղղությամբ նախատեսվում է, որ շահառուի հետ առնվազն վեց ամսով աշխատանքային պայմանագիր պետք է կնքվի։ Մասնավորապես՝ առաջին երեք ամսվա ընթացքում գործատուն կարող է շահառուի համար կազմակերպել պրակտիկա, ինչի համար գործատուն կստանա շահառուին վճարած աշխատավարձի ամբողջական փոխհատուցում՝ ամսական 165,000 դրամի չափով (ներառյալ հարկերը)։ Իսկ դրան հաջորդող երեք ամիսներին էլ գործատուին կտրամադրվի մինչև 50,000 դրամ աջակցություն՝ հարկային վճարների փոխհատուցման համար։
«Եթե շահառուն աշխատանքի ընդունվի առանց վերոնշյալ փուլերի՝ 6-11 ամսվա պայմանագրի դեպքում կտրամադրվի աշխատավարձի 50 տոկոսի սուբսիդավորում, բայց ոչ ավելի քան 50,000 դրամ ամսական, 12 և ավելի ամսվա պայմանագրի դեպքում՝ աշխատավարձի 70 տոկոսի սուբսիդավորում, բայց ոչ ավելի քան նվազագույն ամսական աշխատավարձը [75,000 դրամ]»,- նկատել է Ժամակոչյանը։
«Ռազմավարական նպատակն աղքատության հաղթահարմանը նպաստելն է»․ Փաշինյան
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ կառավարությունն ակնկալում է գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող շահառուներով՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անապահովության գնահատման նոր համակարգի նպատակն է աջակցել, որ աշխատունակ մարդը հաղթահարի աղքատությունը։
«Աղքատությունը հաղթահարելու գործիքն աշխատանքն է, և մենք հիմա հետևյալ տրամաբանությամբ ենք գնում՝ անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք և աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարում»,- պարզաբանել է նա։
Վարչապետի գնահատմամբ՝ գործադիրը նպատակ ունի ոչ թե մարդկանց պահել աղքատության վիճակում, այլ նրանց ուղեկցել դեպի աշխատաշուկա։
Ասում է՝ սոցիալական ծառայությունները կաջակցեն ոչ միայն շահառուին, այլև գործատուին՝ ապահովելով արդյունավետ համագործակցություն։
«Եվ դա կանենք մինչև այն կետը, երբ կարողանանք գնահատել, որ աշխատունակ մարդը, գործունակ մարդը վերադարձել է աշխատանքի շուկա և արդեն կարող է իր հետագա գործունեությունը դասավորել»,- նկատել է նա։
2025 թ․-ին ծրագրում կընդգրկվի շուրջ 400 շահառու
Որոշման նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք, որ այս տարի նախատեսվում է ծրագրի շահառու դարձնել շուրջ 400 անձի, մասնավորապես՝
- 70 շահառու ուսուցման ուղղությամբ,
- 130 շահառու աշխատանքային փորձի ձեռքբերման ուղղությամբ,
- 200 շահառու գործատուին մասնակի փոխհատուցման տրամադրման ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, 2025 թ․-ին ծրագրի իրականացմանը պետությունը կուղղի շուրջ 197,350,000 դրամ։
Ծրագրի շարունակականության վերաբերյալ որևէ բան չի հաղորդվում։ Հիմնավորման համաձայն՝ դա պայմանավորված կլինի «յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցների առկայությամբ»։
Ո՞ր դեպքերում պետությունը կարող է միջոցների վերադարձ պահանջել
Գործատուին փոխհատուցված ֆինանսական միջոցները ենթակա են շահառուի կողմից վերադարձման, եթե՝
• շահառուն ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ,
• տարածքային կենտրոնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին,
• խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները,
• լուծել է աշխատանքային պայմանագիրը մինչև ծրագրով սահմանված ժամկետի ավարտը:
Զբաղվածության ծրագրի առաջին (ուսուցում և աշխատանքի տեղավորում) ուղղության պարագայում որպես միջոցների վերադարձի հիմք է դիտարկվելու նաև երեք անգամ անհարգելի պատճառով դասընթացին չներկայանալը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Զբաղվածության փորձնական ծրագիր նպաստառուների համար