«Բաքուն պատրաստ չէ փաստաթուղթ ստորագրել և կաշկանդել ինքն իրեն»․ կարծիքներ Երևանից
Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագիրը
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են կնքվելիք խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթները։ Նախօրեին այդ մասին հայտարարեց Բաքուն։ Պաշտոնական Երևանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ պատրաստ է սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Մինչ հայկական կողմը շտապում է խոսել պայմանագրի ստորագրման մասին, Ադրբեջանը նախագահի և արտգործնախարարի մակարդակով հիշեցնում է բանակցված տեքստի ստորագրման նախապայմանները։ Բաքուն պահանջում է նաև ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Ընդ որում, Մինսկի խմբի լուծարումն ընդունելի է Երևանի համար։ Ինչ վերաբերում է երկրի մայր օրենքին, վարչապետ Փաշինյանը նշել է՝ Ադրբեջանի հետ «ներքին հարցեր» չեն քննարկում։ Հերթական անգամ շեշտել է՝ Սահմանադրությունը «չի պարունակում տարածքային պահանջներ որևէ երկրի նկատմամբ»։
JAMnews-ը զրուցել է հայ վերլուծաբանների հետ և փորձել հասկանալ՝ արդյո՞ք պետք է սպասել պայմանագրի շուտափույթ ստորագրման, ինչի՞ մասին են վկայում Բաքվից և Երևանից հնչող հայտարարությունները։
Փորձագետների մի մասը կարծում է՝ Ադրբեջանին չի հաջողվի «պոչ խաղացնել և չստորագրումը գցել ՀՀ վրա», քանի որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ինչպես նաև Թուրքիան դա թույլ չեն տա՝ ելնելով իրենց իսկ շահերից։ Մյուսների դիտարկմամբ՝ Բաքուն կանի առավելագույնը պայմանագրի ստորագրումը երկարաձգելու համար և կփորձի ուժի կիրառմամբ նոր զիջումներ կորզել ՀՀ-ից՝ օգտագործելով միջազգային հարմար իրադրությունը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը որևէ կերպ շահագրգռված չէ արձանագրել իրավիճակ, որը նրան հետագայում կզրկի ուժի կիրառման հնարավորություններից։
«Բաքուն որևէ ավելորդ ստորագրությամբ չի փորձի ինքն իրեն կաշկանդել՝ լինի դա հարաբերական, թե ուղիղ իմաստով։ Քանի դեռ ուժային բալանսը համարում է իր օգտին, քանի դեռ Կովկասի վերաբերյալ, նաև միջազգային հարաբերություններում առհասարակ չկա որևէ կարգ, որն ինչ-որ ձևով կկաշկանդի Ադրբեջանին ուժի գործոնին ապավինելու տեսանկյունից, Բաքուն կդիրքավորվի այդ միջավայրում առավելագույնը ստանալու տրամաբանությամբ»,- շեշտել է նա։
- Ինչո՞ւ է Բաքուն մերժում Երևանի առաջարկները․ Փաշինյանի հոդվածը ապաշրջափակման մասին
- «Մի հոդվածի համար չպետք է վերադառնանք նոյեմբերի 9-ի հայտարարությանը»․ ՀՀ ԱԽ քարտուղար
- «Չհրաժարվել Ադրբեջանի դեմ հայցերից». ՀԿ-ների կոչը Փաշինյանին
- «Ալիևը սպառնում է, քանի որ չի ստացվում մաշեցնել ՀՀ ներուժը»․ կարծիք Երևանից
Ադրբեջանի հրաժարվել է համատեղ հայտարարությունից։ Երևանի ու Բաքվի հահաղորդագրւթյունները
Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման մասին առաջինը հաղորդել էր ադրբեջանական կողմը։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ «Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը»։
Ավելի ուշ Հայաստանի ԱԳՆ-ից հաստատեցին՝ դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել են՝ ՀՀ-ն ընդունում է նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Երևանը Բաքվին առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ, սակայն ադրբեջանական կողմը «նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ»։
«Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»,- ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր հերթին, ընդգծել է՝ բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է, որոնց «նպատակը պետք է լինի Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված պահանջների վերացումը»։ Բացի այդ, գերատեսչությունը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է պահանջել լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ այդ կառույցը որակելով «հնացած և ոչ ֆունկցիոնալ»։
«Պատրաստ ենք շարունակել երկխոսությունը այս և երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը վերաբերող մյուս հարցերի վերաբերյալ»,- հայտարարել է ադրբեջանական կողմը։
«Համաձայնագրի բովանդակությունը փոխզիջումային տարբերակ է»․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա, բոլոր դրույթները վերաբերում են ինչպես ՀՀ-ին, այնպես էլ Ադրբեջանին։ Երրորդ ուժերի ներկայության բացառման և միջազգային հայցերի հետկանչման դրույթներն, ըստ նրա, «ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել»։
«Այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում և չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել: Ըստ էության, այո, այս հանգամանքներում ընդունելի է ՀՀ համար»,- արձանագրել է նա։
Լրագրողները Փաշինյանից հետաքրքրվել են՝ ո՞րն է ադրբեջանական կողմի փոխզիջումը։ Ի պատասխան վարչապետը նշել է միայն, որ համաձայնեցված տեքստը ձեռնտու է երկու երկրներին։
Հայկական կողմն ի սկզբանե հայտնել էր, որ երրորդ երկրների ներկայության անվան տակ Բաքուն նկատի է ունի նաև ԵՄ դիտորդներին։ Երևանն առաջարկել էր ԵՄ դիտորդներին դուրս բերել միայն այն հատվածներից, որոնք արդեն իսկ սահմանազատված են։ Ներկա պահին 1000 կմ-անոց սահմանի միայն 12 կմ-ն է սահմանազատված։
Ձեռքերված համաձայնությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ն փոխել է իր դիրքորոշումն այս հարցում։ Վարչապետ Փաշինյանը, սակայն, լրագրողներին ասել է՝․
«Մեր նախապես հայտարարված դիրքորոշումը չենք փոխել, փոխել ենք մեր ընկալումը տեքստի վերլուծության արդյունքում։ Հայաստանը համաձայնել է այն դրույթին, որ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը չպետք է երրորդ երկրների ուժեր տեղակայեն իրենց ընդհանուր սահմանի երկայնքով»։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը ֆիքսի, որ իր վերջնական դիրքորոշումն այն է, թե «պայմանագիր չի ստորագրելու մինչև ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը», բոլոր կողմերից մեծ ճնշումներ կլինեն Բաքվի վրա։ Հիշեցնում է՝ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ նոր Սահմանադրության ընդունումը հնարավոր չէ 2027 թ․-ից շուտ․
«Ադրբեջանն ի՞նչ է ասում, ասում է՝ մինչև 2027 թ․-ը հունիս պայմանագիր չի՞ ստորագրելու։ Թող ասի։ Բայց Ադրբեջանն այդպես չի ասում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ ուզում է պոչ խաղացնել, չստորագրումն էլ բարդել մեզ վրա։ Վստահ չեմ, որ Բաքվի մոտ դա կստացվի»։
Կարծում է՝ միջազգային հանրությունը թույլ չի տա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգում այն պայմաններում, երբ բոլոր դրույթները համաձայնեցված են։
Ըստ Մեհրաբյանի՝ դա չի բխում ԱՄՆ-ի, Եվրամիության, Թուրքիայի և մի շարք այլ սուբյեկտների շահերից։
Մյուս կողմից նկատում է՝ այս պահին պայմանագրի հետ կապված որոշակիություն չկա, քանի որ նախագիծը հրապարակված չէ, առկա են մի շարք անպատասխան հարցեր, այդ թվում՝ վերջին երկու համաձայնեցված դրույթների վերաբերյալ։
Մեհրաբյանը նկատում է՝ խոսք է գնում սահմանին երրորդ երկրի ուժերի ներկայության բացառման մասին։ Եվ հարցնո՞ւմ է՝ արդյո՞ք ԵՄ քաղաքացիական առաքելությունը երրորդ երկրի ուժ է։ Ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ դիտորդները սահմանին չեն, նրանք մոտենում են որոշ հատվածների բացառապես մոնիթորինգ իրականացնելիս։
Ինչ վերաբերում է միջազգային դատական հայցերի հետկանչմանը՝ քաղաքագետը շեշտում է՝ խոսքը միջպետական հայցերի մասին է։
«Հայաստանում և ՀՀ-ից դուրս ապրում է 150 հազար անհատ տուժող [ԼՂ-ի հայերը]։ Հայաստանի իշխանությունը նրանց չի կարող ասել՝ գնա դատարան կամ մի գնա դատարան, ճի՞շտ է։ Դե վերջ»,- արձանագրում է նա։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ ստույգ գնահատական հնարավոր կլինի տալ միայն պայմանագրի տեքստին ծանոթանալուց հետո։ Օրինակ է բերում միայն սահմանազատված հատվածներից ԵՄ դիտորդներին դուրս բերելու Երևանի առաջարկն ու հավելում՝ հայ պաշտոնյաների հայտարարությունները «հակասական և իրարամերժ» տպավորություն են ստեղծում․
«Արտգործնախարարը հայտարարում է՝ սահմանազատման գործընթացը ավարտելուց հետո դիտորդները կհեռանան սահմանային հատվածներից, վարչապետն ասում է՝ պայմանագիրը ստորագրելուց հետո կհեռանան»։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ միջազգային դատական հայցերի հետկանչմամբ Բաքուն փորձում է չեզոքացնել այն միակ հարթությունը, որտեղ կա ուժերի որոշակի բալանս։
«Դա այն հազվադեպ ուղղություններից մեկն է, որտեղ ինքը չունի առավելություն, նույնիսկ ունի բավականին մտահոգվելու տեղ։ ՀՀ իրավական փաստարկները շատ ավելի ուժեղ են, եթե հաշվի առնենք կարգավորման ամբողջ գործընթացը, ոչ միայն 44-օրյա պատերազմն ու վերջին տարիները»,— պարզաբանում է Բադալյանը։
Նրա խոսքով՝ ձեռքբերված համաձայնությունից հետո ՀՀ Սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Բաքվի հայտարարությունները վկայում են․
«Ադրբեջանը պատրաստ չէ ստորագրել համաձայնեցված փաստաթուղթը։ Ես չեմ բացառում, որ անգամ այդ պայմանների բավարարումից հետո Բաքուն նոր պայմաններ առաջ կքաշի»։
Քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ՝ պայմանագրի դրույթները համաձայնեցվել են, բայց խաղաղության գործընթացը պայմանավորված չէ միայն խաղաղության պայմանագրով։ Փաստաթղթից անջատ են քննարկվում սահմանազատման, հաղորդակցությունների բացման հարցերը։
Նկատում է՝ բուն խաղաղության հարցերը գտնվում են ոչ թե ՀՀ-Ադրբեջան, այլ լայն՝ միջազգային մակարդակում։ Ըստ փորձագետի՝ դրա համար է Բաքուն գնացել գործընթացի մասնատման, որպեսզի ուժի կիրառման տեսանկյունից միշտ ունենա մանևրի ավելի լայն տարածություն, չկաշկանդվի որևէ ուղղությամբ ձեռքբերված համաձայնությամբ։
«Առանցքային հարցերը, որոնք պայմանավորում են խաղաղությունը, դրա հավասարակշռված լինել-չլինելու հանգամանքը, փաստացի դուրս են մնացել խաղաղության պայմանագրից և գոնե այս պահին լուծում չունեն»,- հայտարարել է Բադալյանը։
Կարծում է՝ այս պայմաններում պայմանագիրն ինքնին առանցքային գործոն չէ, ուստի նույնիսկ դրա ստորագրումը չի կարող ապահովել խաղաղություն և բացառել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագիրը