«Միջազգային հանրությունից քարտ-բլանշ ստանալու փորձ»․ արձագանք Ալիևի ելույթին
Երևանի արձագանքը՝ Ալիևի ելույթին
«Ալիևը փորձում է տապալել ամերիկյան կողմի միջնորդությամբ բանակցային գործընթացը»,- ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն այսպես է մեկնաբանում Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչեցված մտքերը։
Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նա «հայատյացությամբ հարուստ և կոշտ» հայտարարություններ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ հանդիպումներից հետո, որտեղ ընդգծվել էր՝ «բռնի ինտեգրացիան անընդունելի է»։
Պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Իլհամ Ալիևը հերթական անգամ ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի «ներքին գործն» է, ընդգծել․ «Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակության վայր փնտրեն»։
Երևանի և Ստեփանակերտի արձագանքն Ալիևի հայտարարություններին, փորձագիտական կարծիք
«Բաքուն շարունակում է սադրիչ գործելակերպը»․ Փաշինյան
Այսօր խորհրդարանում լրագրողները վարչապետ Փաշինյանի կարծիքն են հարցրել Ալիևի հայտարարությունների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես «հակահայ և ֆաշիստական»։ Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ գնահատականները կիսում է, սակայն, ըստ էության, որևէ կերպ չի մեկնաբանել դրանք։ Ասել է միայն, որ դրանց արդեն իսկ արձագանքել է երկրի արտաքին գերատեսչությունը։
«Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը, մյուս կողմից` ես նաև արձանագրում եմ, որ հենց սադրանքի նպատակը դա է, որ իրադրության էսկալացիայի տանեն պրոցեսները: Մենք հանգիստ մեր քաղաքական հավասարակշռված գնահատականներով գնալու ենք առաջ»,- հայտարարել է Փաշինյանը։
Պաշտոնական Երևանի արձագանքը
Հայաստանի արտգործնախարարության գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններով՝
- հերթական անգամ ի ցույց է դնում իր մղումները՝ տորպեդահարելու Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի և միջազգային հանրության ջանքերը,
- արհամարհանք է ցուցաբերում միջազգային տարբեր գործընկերների նկատմամբ, ում ներկայությամբ և միջնորդությամբ Ադրբեջանը ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և ստանձնել է մի շարք հստակ պարտավորություններ,
- բացահայտորեն ընդունում է Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը,
- անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։
«Ադրբեջանի նախագահը, ում ղեկավարությամբ այդ երկրում տեղի են ունենում մարդու իրավունքների և տարբեր խմբերի իրավունքների կոպտագույն և աղաղակող ինստիտուցիոնալ խախտումներ, բացահայտորեն գոյաբանական սպառնալիքներ է հնչեցնում՝ ուղղված իրենց հայրենիքում բնակվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հիշեցնում է Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների իրականացրած պատերազմական հանցագործությունների, էթնիկ հողի վրա ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների մասին։ Նշում, որ դրանք հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակներ շարունակ պետականորեն քարոզվող անհանդուրժողականության և ատելության հետևանք են։ Իսկ հնչեցվող ատելության խոսքն ակնհայտորեն միտված է դա խորացնելուն։
Արտաքին գործերի նախարարությունը համոզմունք է հայտնել, որ Ալիևի վերջին հայտարարությունից հետո միջազգային հանրության շրջանում կասկած անգամ չի կարող հարուցել, որ վերոնշյալ հանցագործությունները կազմակերպված են եղել պետական մակարդակով․
«Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանը ուժի և ուժի կիրառման սպառնալիքների միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները»:
«Ադրբեջանի ներքին գործը չէ»
Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի փոխանցմամբ՝ ոչ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ։ Ընդգծել է՝ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու համար միջազգային ձևաչափ (Մինսկի խումբը) ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս։
«Իր հերթին Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ»,- ասել է նա։
Ղազարյանի գնահատմամբ՝ հակամարտությունը մարդու իրավունքների ու ազատությունների խնդիր է, իսկ նման խնդիրները «չեն հանդիսանում բացառապես որևէ պետության ներքին գործը»։
Արցախի շրջափակման, այնտեղ ապրող հայերի իրավունքների զանգվածային խախտումների և այլ ագրեսիվ գործողությունների պայմաններում հակամարտությունը որպես իր ներքին գործը ներկայացնելու Բաքվի ձգտումը որակում է որպես «Արցախի տարածքի էթնիկ զտումները և նրա բնիկ ժողովրդին հայրենի հողերից վտարումը շարունակելու համար միջազգային հանրությունից քարտ-բլանշ ստանալու բացահայտ փորձ»․
«Բացարձակապես անընդունելի ենք համարում Ալիևի վերջնագրային հայտարարությունները և նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները»։
«Որևէ այլ երկրի քաղաքացիություն չունենք ստանալու»
Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը նույնպես անդրադարձել է Ալիևի հայտարարություններին։ Շեշտել է՝ Ալիևը շարունակում է իրականացնել էթնիկ զտման քաղաքականություն, հնչեցնել ուժի կիրառման սպառնալիքներ։ Բեգլարյանի խոսքով՝ նման «ֆաշիստական մոտեցմամբ» հնարավոր չէ տարածաշրջանում ունենալ խաղաղություն ու կայունություն․
«Միակ լուծումը ներքին ու արտաքին գործնական զսպիչ միջոցների կիրառումն է բռնապետ Ալիևի հանդեպ՝ կանխելու համար նորանոր հանցագործությունները հայ ժողովրդի ու մարդկության դեմ»:
Անդրադառնալով «Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու կամ այլ բնակության վայր գտնելու» կոչին՝ արցախցի պաշտոնյան նշել է՝ խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախը դեռևս 1988 և 1991թթ. ընտրել է ինքնորոշումն ու ազատությունը․
«Մենք որևէ այլ տեղ չունենք ապրելու, քան մեր հայրենիքը, և որևէ այլ երկրի քաղաքացիություն չունենք ստանալու, քան Արցախի Հանրապետության քաղաքացիությունը: Եվ դա մեր ընտրությունն է՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով ամրագրված, իսկ մարդկանց սեփական հայրենիքից վտարելու սպառնալիքն արդեն էթնիկ զտման քաղաքականություն է, որի պատասխանատուները մեկ օր կանգնելու են միջազգային դատարանի առջև»։
Փորձագիտական կարծիք
Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ ներկա պահին հայ-ադրբեջանական բանակցությունների ռուսական ձևաչափ, ըստ էության, չկա․ Ռուսաստանը բավականին զբաղված է։ Ասում է՝ չկա նաև ԵՄ ձևաչափը, քանի որ Փաշինյանն ուզում էր, որ Մակրոնը ներգրավված լինի այդտեղ, իսկ Ալիևը չէր ուզում։
Հայրապետյանի դիտարկմամբ՝ կա միայն վաշինգտոնյան ձևաչափը, որի շրջանակներում էլ նախապատրաստվում էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումը։
«Նախատեսվող հանդիպումից առաջ Ալիևը նման ելույթով է հանդես գալիս, վերջնագրերի լեզվով, որ այս է լուծումը, ուրիշ տարբերակ չկա, չի լինի որևէ միջազգային մեխանիզմ, չի լինի դրա ներքո ուղիղ երկխոսություն, չեն լինի այլ քննարկումներ»,- Factor TV-ի եթերում ասել է նա ու հավելել, որ դա նշանակում է՝ տապալել ամերիկյան կողմի միջնորդությամբ բանակցային գործընթացը։
Ադրբեջանագետի փոխանցմամբ՝ քաղաքագիտական դաշտում քննարկում են այն հանգամանքը, որ Ալիևի ելույթի գլխավոր նպատակներից մեկը Արցախի իշխանություններին ժողովրդից տարանջատելն էր։
Հիշեցնենք՝ Ալիևն ասել էր, թե Ղարաբաղում ապրող հայ բնակչությանը 30 տարի պահել են պատանդի կարգավիճակում։ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն ուզում է ցույց տալ, թե, իբր, Արցախի իշխանությունները «ռազմական հանցագործներ են»․
«Բլոկադան ու այս ամբողջ ճնշումներն իրեն գերություն չեն թվում, բայց Արցախի ընտրված իշխանություններին, ղեկավարությանը այդպես է բնութագրում»։
Ըստ նրա՝ Հայաստանի ԱԳՆ-ն և մյուս կառույցները պետք է ահազանգեն ցեղասպանության ռիսկերի մասին․
«Իհարկե, Ադրբեջանը չի կարող մարսել կամ առնվազն թվում է, որ չպետք է մարսի էթնիկ զտման վտանգը, բայց դա թույլ չտալու համար պետք է նաև քայլեր ձեռնարկել։ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է իմանա, որ ինքը կարող է կանգնել միջազգային տրիբունալի առաջ»։
Ադրբեջանի նախագահը նաև պնդել էր, թե Ալմա-Աթայի հռչակագիրը որպես բանակցությունների հիմք ընդունելով՝ «Հայաստանը ճանաչել է ԼՂ-ը՝ որպես Ադրբեջանի մաս», բայց նաև ասել, թե հայկական կողմը պետք է հայտարարի, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»։
«Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հիմա ադրբեջանական զորքերը մեր սուվերեն տարածքում, Տեղ գյուղի տարածքում ի՞նչ գործ ունեն, ի՞նչ հանդգնությամբ է Ալիևը խոսում ու մեր երկիրն անվանում «Արևմտյան Ադրբեջան»,- այս հարցերն, ըստ նրա, պատասխանների կարիք ունեն։
Հայրապետյանի խոսքով՝ Բաքվի հռետորաբանությունն ուժգնանում է ամեն անգամ, երբ Հայաստանի ղեկավարությունը խոսում է հնարավոր նոր զիջումների մասին։ Ասում է՝ ադրբեջանական կողմը դա ընկալում է ոչ թե որպես փոխզիջում կամ խաղաղությանը միտված քայլ, այլ որպես թուլության նշան։ Մյուս կողմից նկատում է՝ Ալիևը տեսնում է, որ անպատժելի է, ինչը նրան ամենաշատ հնարավորություններն է տալիս․
«Ինչպես միջազգային մեխանիզմներով, այնպես էլ ռուսական տեսանկյունից, բոլոր առումներով․ բոլորը նրան կարևորություն են տալիս։ Իրականում Հարավային Կովկասում ստեղծում են հրեշի կերպար, որը դառնալու է անկանխատեսելի և վտանգ է հանդիսանալու բոլորի համար։ Իրենց թվում է, թե այդ վտանգը միայն Հայաստանի և Արցախի գլխին է կախված, բայց այդպես չէ»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Երևանի արձագանքը՝ Ալիևի ելույթին