Երկրորդ աշխարհամարտն ավարտվել է, ինտրիգները շարունակվում են
Լեհաստանում միջոցառումներ են անցկացվում, որոնք նվիրված են Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի տարելիցին։ 80 տարի առաջ այս օրերին հիտլերյան Գերմանիան հարձակվեց այդ երկրի վրա։
Որտե՞ղ և ե՞րբ են նշում
Առաջինը սեպտեմբերի 1-ը նշվել է լեհական Վելյուն քաղաքում․ այն բոլորից շուտ է 1939թ-ին ենթարկվել օդային հարվածների։
Այնուհետև մասնակիցներն ու հյուրերը տեղափոխվել են Վարշավա։
Ամենահիշվողը դարձել է Գերմանիայի նախագահ Շտայնմայերի ելույթը, որը Լեհաստանից ներողություն է խնդրել «նացիստական բռնապետության» համար, հաղորդում է Բի-Բի-Սին։
Միաժամանակ սգո միջոցառումներ են անցկացվում ողջ Լեհաստանում, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կորցրել է բնակչության գրեթե մեկ քառորդը։
• Թե ինչպես են Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի օրը հիշում և նշում Կովկասում
Ո՞վ էր եկել և ո՞վ չէր եկել
Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին Լեհաստան էին ժամանել քառասուն պետությունների ղեկավարներ։ Սակայն բոլորն ուշադրություն են դարձրել երկու առանցքային ֆիգուրների՝ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բացակայությանը։
Նախագահ Թրամփը չեղարկել է իր այցը Լեհաստան մի քանի օր առաջ։ Նա դա բացատրել է նրանով, որ իր ներկայությունը երկրում անհրաժեշտ է «Դորիան» հզոր փոթորկի մոտենալու կապակցությամբ։ Նրա փոխարեն ԱՄՆ-ն ներկայացնում է փոխնախագահ Մայքլ Փենսը։
Նախագահ Պուտինի չմեկնելը պլանավորված է։ Նրան հրաժարվել է հրավիրել Լեհաստանը։ Լեհաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ նշել ողբերգական դեպքերը պատմական ճշմարտության համատեքստում։
• Թե ինչպես է Պուտինը կազակների երգչախմբով ժամանել Ավստրիայի ԱԳՆ ղեկավարի հարսանիքին
«Աշխարհն այդպես էլ դաս չքաղեց Երկրորդ աշխարհամարտից», — հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և ուշադրություն հրավիրել այն բանին, որ Մոսկվայի ռևանշիզմն աշխարհին սպառնում է նոր ռազմական կատակլիզմներով։
Դուդան ասել է, որ Ռուսաստանը հարձակվել է Վրաստանի և Ուկրաինայի վրա, օկուպացրել այդ երկրների զգալի տարածքներ։
Լեհաստանի նախագահը կոչ է արել Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին թույլ չտալ Երկրորդ աշխարհամարտի կրկնություն և այդ նպատակով «իրական հակահարված տալ ցանկացած ռազմական ագրեսիայի»։
«Վերջին ժամանակներս մենք տեսնում ենք, որ որոշ երկրներ ձգտում են իմպերիալիզմի, այդ թվում՝ Եվրոպայում։ Մենք տեսնում ենք սահմաններ վերանայելու փորձեր, այլ պետությունների վրա հարձակումներ և ուրիշների տարածքների գրավում», — հայտարարել է նա։
Ի՞նչ է տեղի ունենում կուլիսների հետևում
Հոբելյանական միջոցառումների կուլիսներում բուռն դիվանագիտական գործունեություն է տեղի ունենում։
Կարևորագույն տնտեսական և քաղաքական իրադարձություն էր ԱՄՆ, Լեհաստանի և Ուկրաինայի միջև գազի առևտրի ոլորտում եռակողմ հուշագրի ստորագրումը։
Լեհաստանը ձգտում է դառնալ ԱՄՆ-ից դեպի Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրներ հեղուկ գազի խոշորագույն մատակարար։
Ստորագրված հուշագրի համաձայն՝ 2021թ-ից Ուկրաինան կսկսի հեղուկ գազ ստանալ Լեհաստանից, և դա կնվազեցնի նրա կախվածությունը Ռուսաստանից գազ ներմուծելուց։
Կայացել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հանդիպումը, վերջինս հայտարարել է, որ երկիրը «շարունակում է ակտիվորեն աջակցել Ուկրաինային»։
Ճիշտ է, դիտորդներն ուշադրություն են դարձնում այն բանին, որ միաժամանակ նախագահ Թրամփը հրահանգել է դադարեցնել օգնությունն Ուկրաինային ռազմական ոլորտում 250 մլն դոլարի չափով՝ «միջոցների ծախսն ուսումնասիրելու նպատակով»։