Երկու քայլ հետ, մեկ քայլ առաջ
9 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանն անցյալ տարի մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ է ընդունել, ըստ պետական վիճակագրական ծառայության տվյալների:
Վրաստան այդ նույն տարվա ընթացքում 5 մլն մարդ է այցելել՝ ավելին, քան այդ երկրի բնակչությունն է:
Համաշխարհային տնտեսական ֆորումին «Ճամփորդությունների և զբոսաշրջության մրցունակության վարկանիշում» Ադրբեջանը 84-րդ տեղն է զբաղեցնում, Վրաստանը՝ 71-րդը:
Խոսելով Վրաստանի տնտեսության մասին, շատ ադրբեջանցիներ ուսերն են թոթվում: Այնուամենայնիվ, օտարերկրացիների համար Վրաստանն ավելի գրավիչ է՝ չնայած մեր անցկացրած բոլոր եվրատեսիլներին, եվրոպական խաղերին և այլ միջոցներին, որոնք, ինչպես չեն հոգնում կրկնել մեր հեռուստաալիքները, կոչված են ամբողջ աշխարհից զբոսաշրջիկներ գրավելուն:
Որպես երկրորդ պատճառ, անասելի բարձր գներից հետո, շատերը նշում են վիզային ռեժիմը:
Պետք է ինչ-որ բան անել
Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էլետրոնային վիզաների տրամադրման ընթացակարգը պարզեցնելու և «ASAN Viza» համակարգի ստեղծման մասին հրաման է ստորագրել: Հրամանը ստորագրվել է արտասահմանցիներին և Ադրբեջան ժամանող քաղաքացիություն չունեցող անձանց վիզա տրամադրելու ընթացակարգը պարզեցնելու, թափանցիկություն և օպերատիվություն ապահովող և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ էլեկտրոնային վիզային համակարգ ստեղծելու նպատակով:
Ի՞նչ են ենթադրում այս նորարարությունները
«ASAN Viza» համակարգի միջոցով արտասահմանցիները կկարողանան էլեկտրոնային վիզա ստանալ, ձևակերպման համար պետտուրքը վճարել, ASAN գերատեսչությունից օգտակար տեղեկատվություն ստանալ: Վիզան տրամադրվելու է երեք օրվա ընթացքում:
Ամեն ինչ լավ կլիներ, եթե մոռանանք, որ 6 տարի առաջ Ադրբեջանում արտասահմանցին վիզա էր ստանում հենց օդանավակայանում՝ ժամանելիս: Օդանավակայանում վիզաների տրամադրումը նույնպես չեղարկվել է նախագահի հրամանով: Այդ պահից սկսած արտասահմանցիները վիզա են ստանում իրենց երկրում Ադրբեջանի դեսպանատանը:
Հունիսի 1-ին Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը ասուլիսին հայտարարեց, որ այս նորարարությունը «ԵՄ երկրներից դեպի Ադրբեջան զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու հնարավորություն կստեղծի»:
Նախապատմությունը
Սակայն, դատելով գործողությունների ողջ հաջորդականությունից, սա մի քայլ առաջ է՝ մի քանի հետքայլ ետ անելուց հետո: 2013թ-ի ապրիլին Ադրբեջանը բոլոր նրանց համար, ովքեր երկրում 3 օրից ավել են մնալու, պարտադիր գրանցում ներմուծեց, կես տարուց այդ ժամկետն ավելացավ մինչև 10 օր:
Եթե հյուրն ու տանտերը մոտակա փոստային բաժանմունքում չեն գրանցվում, ապա երկրից դուրս գալիս զբոսաշրջիկին տուգանում են 300-400 մանաթի չափով: Արտասահմանցիներին գրանցելու ընթացակարգ եղել է ԽՍՀՄ-ում, հետխորհրդային երկրների մեծ մասը հրաժարվել են դրանից: Նույն կերպ էր վարվել և Ադրբեջանը, սակայն (2013թ-ի ապրիլին) կրկին ներմուծեց:
Յոհանն ու Մարինը Ադրբեջան են եկել 2014թ-ին ընդամենը մեկ շաբաթով, իսկ մեկնելիս երկու հոգու համար 600 մանաթ տուգանք են վճարել: «Փարիզում՝ դեսպանատանը, մեզ իրոք բրոշուր տվեցին, որտեղ նշված էր, որ պետք է գրանցվել, — ասում է Մարինը, մենք չգիտեինք, որ այնտեղ կարևոր բաներ կան գրված և չկարդացինք անգամ, որ պետք է գրանցվել, իմացանք արդեն սահմանին: Ստիպված էինք վճարել»:
Վրացի լրագրող, բլոգեր, ճանապարհորդ Թեմո Կիգուրաձեն պատմում է. «Հաճախ եմ զբոսաշրջիկների հանդիպում ԵՄ-ից և ԱՄՆ-ին, ես ինքս եմ շրջագայում, այդ պատճառով էլ շատ ծանոթներ ունեմ այնտեղ: Շատերն են գրում և խորհուրդ հարցնում, թե ուր կարելի է գնալ Հարավային Կովկասում կարճ ժամանակով: Երբ նստում ու սկսում ենք պլանավորել, այնպես է ստացվում, որ ժամանակի 70 տոկոսն անցկացնում են Վրաստանում, 30-ը՝ Հայաստանում: Երբ ես ասում եմ, թե ինչքան հետաքրքիր է Ադրբեջանում լինելը, պատասխանը սովորաբար մեկն է՝ շատ բարդ, երկար ու թանկ է վիզա ստանալը, չարժե: Ցավոք, հենց այդ վիզային խոչընդոտի պատճառով, կարծում եմ, Ադրբեջանը զգալի թվով զբոսաշրջիկներ է կորցնում»:
Արդյո՞ք դա կաշխատի
Վիզային ռեժիմի համատեքստում Ադրբեջանն իրեն զարգացող երկրին բնորոշ ձևով չի դրսևորում, կարծում է տնտեսագոտ Նաթիկ Ջաֆարլին. «Փաստացի վիզաների հարցում Ադրբեջանն աշխարհում ամենափակ երկրներից մեկն է: Ի տարբերություն այլ զարգացող երկրների՝ Ադրբեջանը առանց վիզայի ռեժիմ ունի միայն ԱՊՀ որոշ երկրների հետ»:
Ընդ որում, տնտեսագետի խոսքով, երկիրը մինչ այժմ չի չեղարկում վիզային ռեժիմը ԱՄՆ, Արևմտյան Եվրոպայի, Իրանի և Թուրքիայի համար, որոնք բարձր զբոսաշրջային ներուժ ունեն: «Խոսակցություններ կային այն մասին, որ Թուրքիայի և Իրանի համար առանց վիզայի ռեժիմ է սահմանվելու, սակայն իրավիճակը շարունակում է նույնը մնալ, — ասում է Ջաֆարլին: — Եթե համեմատենք հարևան Վրաստանի հետ, նա առանց վիզայի ռեժիմ ունի ավելի քան 100 երկրների համար, և այս տարի ռեկորդ է սահմանվել՝ տարվա սկզբից Վրաստան է այցելել 2,5 մլն զբոսաշրջիկ»: Տնտեսագետի կարծիքով, վիզայի վերահսկումը ASAN-ին փոխանցելը, չի շտկի իրավիճակը:
Փոխարենը Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը լավատեսորեն է տրամադրված: Նրա խոսքով, նախորդ տարիներին նախարարությանը հաջողվել է արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել, պատմել Ադրբեջանի և զբոսաշրջային ոլորտում նրա հնարավորությունների մասին: Գարաևի խոսքով, նախարարությունն ուշադրություն է դարձնում երկրում զբոսաշրջության զարգացման առաջիկա 10 տարիների ռազմավարությանը, որը նախարարների կաբինետին է ներկայացվել:
Մի խոսքով, ամեն ինչ ըստ պլանի է գնում
- ASAN-ը (Ադրբեջանի նախագահին կից քաղաքացիական ծառայությունների և սոցիալական նորարարությունների պետական գործակալություն) հայտնի և քաղաքացիների կողմից սիրված մարմին է, որը օպերատիվ է աշխատում՝ մեկ պատուհանի սկզբունքով: Կազմակերպությունը կատարում է այլ գերատեսչությունների գործառույթները, սակայն տարբերվում է ժամանակակից սերվիսով և կաշառակերության բացակայությամբ:
- Ադրբեջանցի զբոսաշրջիկների շրջանում հաջողություն վայելող Վրաստանն առանց վիզայի ռեժիմ ունի 108 երկրի համար: Ադրբեջանը՝ միայն 9՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի:
Հրապարակվել է 06.06.2016