Գազի արտահոսքի հետևա՞նք, թե՞ դիտավորյալ պայթեցում․ փլուզում Երևանում
Երկու տան փլուզում Երևանում
Այսօր առավոտյան Երևանի Նոր Արեշ թաղամասում պայթյուն է տեղի ունեցել։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում։ Նախնական տվյալներով՝ երկու տուն է փլուզվել, վնասվել են նաև հարակից շինությունները։
Փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացու դի․ ամուսիններ են եղել։ Երկու տուժած էլ տեղափոխվել է բուժհաստատություն։ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը քիչ առաջ լրագրողներին հայտնեց, որ ծառայությունն իր գործողությունները, այն է՝ հետևանքների վերացում, տուժածներին օգնության ցուցաբերում, ավարտել է։
Պայթյունի պատճառների մասին որևէ բան պատկան մարմինները դեռ չեն հայտնել։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ»։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները
Ի՞նչ վիճակում են տուժածները
Փրկարար ծառայությունը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․)։ Երկուսն էլ հոսպիտալացվել են։
Տուժածների առողջական վիճակին անդրադարձել է առողջապահության նախարարությունը․
«Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր․ վերջինս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»։
«Ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ»
Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել են նաև հարակից մի քանի տներ։ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այն է՝ «հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք»։ Նշվում է նաև, որ ձևավորել է քննչական խումբ, այն դեպքի վայրում իրականացնում է անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ։
«Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ»,- փոխանցել են քննչական կոմիտեից։
Քաղաքացիները տարբեր վարկածներ են քննարկում
Դեպքի վայրում գտնվող քաղաքացիները հայտնել են, որ պայթյունի ձայնից են փողոց դուրս եկել։ Նրանց շրջանում ամենաշատ քննարկվող վարկածը գազի արտահոսքն է։
Shamshyan.com-ի հետ զրույցում էլ մի շարք քաղաքացիներ ասել են, թե «նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, որը միշտ ունեցել է հոգեկան անհավասարակշռություն, պայթեցրել է տունը», ինչի հետևանքով էլ խոշոր փլուզում է տեղի ունեցել:
Փլատակներից դուրս բերված 86-ամյա քաղաքացու հարսը, որը նույն թաղամասի բնակիչ է, ասել է, թե նման տեղեկություն չունի։ Գիտի միայն, որ այդ երիտասարդն ապրում է ծնողների և եղբոր հետ։
«Համայնքը լինելու է այս ընտանիքների կողքին»
Ողբերգական դեպքին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ցավակցել է զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
«Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները»,- ընդգծել է նա։
Քաղաքապետը վստահեցրել է՝ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին։ Թե ինչպես է համայնքն աջակցելու փաստացի անտուն մնացած քաղաքացիներին՝ Ավինյանը դեռ չի հայտնել։
Լուսանկարները՝ ՆԳՆ փրկարար ծառայության
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Երկու տան փլուզում Երևանում