Սկանդալ Երևանում. Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց մասնակցել Եվրոպայի առաջնությանը
Երեւանում այրել են Ադրբեջանի դրոշը
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը միջազգային սկանդալի է վերածվել։ Բացման արարողության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել՝ մի տղամարդ դուրս է վազել առաջին շարքերից և այրել Ադրբեջանի պետական դրոշը։ Պարզվել է, որ նա «Նիկոլյան» նորաձևության տան հիմնադիր, մոդելավորող, դիզայներ, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դիզայներական ստուդիայի ղեկավար, Դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ Արամ Նիկոլյանն է:
Միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Եվրոպայի առաջնությանը և որոշել է հեռանալ Հայաստանից։ Մարզիկները չեն կարողացել հասնել Երևան-Անթալիա չվերթին, քանի որ անվտանգության նկատառումներից ելնելով նրանց թույլ չեն տվել դուրս գալ հյուրանոցից։ Ամեն դեպքում, առաջնության կազմկոմիտեն հայտնել է, որ ապահովելու են նրանց անվտանգ մեկնումը Հայաստանից։
Մանրամասներ՝ ինչ է տեղի ունեցել, ինչպես է հայտնի մոդելավորող և դիզայներ Արամ Նիկոլյանը բացատրում իր արարքը, նաև մեկնաբանություններ Բաքվից և Երևանից
- Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային, բայց ծափահարությունների արժանացավ
- Հայաստանում կամավորների հետ պայմանագիր կկնքեն
- Հակառուսական պատժամիջոցների պատճառով Աբխազիան մասամբ հանել է Վրաստանից ներկրվող ապրանքների էմբարգոն
Դեպքի մանրամասները
Ծանրամարտի Ադրբեջանի հավաքականը որոշել է հրաժարվել Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց՝ բացման արարողության ժամանակ տեղի ունեցած սկանդալային միջադեպի պատճառով։
Դահլիճում, որտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահներ Մոհամմեդ Ջալուդի և Անտոնիո Կոնֆլիտիի մասնակցությամբ ընթանում էր արարողությունը, այրել են Ադրբեջանի պետական դրոշը։
Նրան ձերբակալել են ու տարել ոստիկանության բաժին, որտեղից էլ շուտով ազատ են արձակել։ Այս պահին հայտնի չէ, թե նրան ինչ մեղադրանք է առաջադրվել և առաջադրվել է արդյոք, թե ոչ։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվածները նրան դիմավորել են ծափահարություններով։
Երեկ երեկոյան Ադրբեջանի հավաքականին չի հաջողվել վերադառնալ Բաքու։ Երևան-Անթալիա չվերթի տոմսեր են ձեռք բերվել ադրբեջանական պատվիրակության 12 ներկայացուցիչների համար, սակայն հայկական կողմը թիմին թույլ չի տվել դուրս գալ հյուրանոցից՝ ելնելով անվտանգության ապահովման նկատառումերից։
Միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ են արել Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն և սպորտի ու երիտասարդության նախարարությունը, ինչպես նաև երկրի ԱԳՆ-ն։
Հայտարարություն Երևանից
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ապրիլի 15-23-ին Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը ադրբեջանցի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու մասին Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի ընդունած որոշումը գնահատում է «խնդրահարույց սպորտային էթիկայի առումով».
«Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։ Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել։
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023թ. առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը», — ասված է հայտարարության մեջ։
Պարզաբանումներ Արամ Նիկոլյանից
Միջադեպից հետո Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանը տեսանյութ է տարածել, որում բացատրում է իր արարքի դրդապատճառները.
«Կարևոր հայտարարություն եմ ուզում անել իմ արարքի վերաբերյալ։ Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը երբևիցե չի հարում ինչ-որ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը, ունի իր տեսլականն այս ամեն ինչի վերաբերյալ։
Իմ ցանկությունն էր թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում ծածանվի ադրբեջանական դրոշը։ Եվ ամենակարևորը, որ երբեք չմտածեն, թե հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել որոշակի իրավիճակների։ Ցավում եմ, կարծիք կա, որ իմ արարքը կարող է վատ անդրադառնալ սահմանին կանգնած տղաների վրա։ Ես աղոթում եմ սահմանը պահող մեր տղաների համար:
Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ես դա չպետք է անեի, որովհետև… թող տանը մտածեն, իրենց տանը Ադրբեջանի դրոշը կախեն և փարատվեն դրանով։ Ես շնորհակալություն եմ հայտնում այն հայերին, ովքեր աջակցեցին ինձ և այդ ուշ ժամին կանգնած էին ոստիկանական բաժանմունքի դիմաց ու սատարում էին ինձ»։
Մեկնաբանություններ Երևանից
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
«Դեռ տարիներ առաջ առիթ եմ ունեցել կարծիքս արտահայտելու, որ դրոշ վառելը ընդհանուր առմամբ բնորոշ է պետականազուրկ մտածողությանը և գործնականում ոչնչով չվնասելով թշնամուն, ընդամենը «մխիթարում» է քեզ, այն էլ ավելի շատ ինքնախաբեության տրամաբանությամբ:
Թշնամուն պետք է հաղթել առարկայորեն՝ մտքով ևուժով, երբ այն չկա՝ համբերատարությամբ, սառնասրտությամբ, մինչ կձևավորես դա անելու հնարավորությունը: Մնացյալը պարզապես «ծնծղա» է, որ հնչեցվում է ըստ անձնական, խմբային, ներքաղաքական և իշխանական նպատակահարմարությունների:
Բայց այս պատմության մեջ դրոշ վառելը չէ էականը, այլ դրա հնարավոր դառնալը: Այստեղ է մտահոգիչը, որովհետև, փաստացի ակնառու է դառնում անգամ մի փոքր, սահմանափակ բեմի «անվտանգություն» ապահովելու անկարողությունը: Եվ դրոշ վառելուց առավել, հենց այս հանգամանքն է սրում պետականությանը վերաբերելի հարցերը»:
«Կարճ։ Եթե դրոշը մարտի դաշտում չես գրավել, ապա դրոշի հետ այս անիմաստ գործողությունները տհասության ցուցիչ են»։
«Ինձ էս պատմության մեջ մի հարց է հետաքրքրում. ինչպե՞ս է հնարավոր ամենաբարձր մակարդակով արձանագրել արցախցիների գլխին կախված ցեղասպանության վտանգը, անընդհատ խոսել Ադրբեջանի ագրեսիվ և ուխտադրուժ վարքի մասին, աշխարհին ահազանգել սպասվող նոր պատերազմի մասին ու նույն ժամանակ թույլ տալ, որ հերթական արյունալի բախումից երեք օր անց էդ երկրի դրոշը բարձրացվի քո մայրաքաղաքում։ Դրոշ, որի տեսքը տասնյակ հազարավոր քաղաքացիների համար անձնական ու հավաքական ողբերգության սիմվոլ է։
Ո՞նց կարելի է չտեսնել սենյակում գտնվող փղին, ո՞նց կարելի է չկանխատեսել հնարավոր պոռթկումները։
Սա խաղաղություն ուզել-չուզելու մասին չի, ակնհայտ է, որ Հայաստանում ճնշող մեծամասնութունը խաղաղություն են ուզում: Անձամբ ես երազում եմ ո՛չ թե Ադրբեջանի կործանման մասին, այլ որ մի օր էդ երկրի հետ անկեղծ բարեկամություն կանենք:
Բայց փաստ է, որ հիմա, այսօր, Ադրբեջանի բռնապետական ռեժիմը և նրա պրոպագանդայի շնորհիվ՝ ադրբեջանական հասարակությունը, ծայրահեղ թշնամական է մեր հանդեպ ու գոյաբանական վտանգ է ներկայացնում մեզ համար:
Մի՞թե հնարավոր չէր որպես առաջնության կազմակերպիչ երկիր միջազգային ֆեդերացիային հայտնել, որ ադրբեջանական թիմի ներկայությունը Հայաստանում խնդրահարույց է հենց Ալիևի ագրեսիվ վարքի պատճառով:
Պատկերացրեք վիճակ, հարևանդ եղբորդ սպանել է ու գրեթե ամենօրյա ռեժիմով խոսք է տալիս, որ երեխաներիդ էլ է սպանելու: Ու մի օր երեկոյան մտնում ես տուն, տեսնում ես հարևանդ բազմոցին նստած թեյ է խմում: Ի՞նչ պետք է անես: Ես, անկեղծ, չգիտեմ՝ ինչ պետք է անել, բայց հաստատ գիտեմ, թե ինչ չպե՛տք է անել: Չպետք է տուն թողնել մարդասպան հարևանին, որը սպառնում է դեռ էլի սպանել»:
Ադրբեջանի ԱՕԿ-ի և երիտասարդության ու սպորտի նախարարության հայտարարությունը
«Նման բարբարոսական արարքի կատարումը մի արարողության ժամանակ, որին մասնակցում էր Հայաստանի վարչապետը, դրա հետ մեկտեղ կատարվածի ուղեկցումը հայ հասարակության ծափահարություններով, այս արարքի հեղինակին որպես հերոս ներկայացնելը Էթնիկ ատելության, ռասիզմի, այլատյացության, ադրբեջանաֆոբիայի վառ օրինակ է, ինչպես նաև լիովին հակասում է սպորտի վեհ նպատակին և սկզբունքներին, որոնք քարոզում են ժողովուրդների միջև խաղաղություն և փոխըմբռնում։ Սպորտի քաղաքականացումը կտրականապես անընդունելի է»,- ասված է ԱՕԿ-ի և Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարության համատեղ հայտարարության մեջ։
«Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, անվտանգությունն ապահովված չէ, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին հոգեբանական ճնշման պատճառով անհնարին է։ Այս ամենը հաշվի առնելով՝ կայացվել է որոշում ադրբեջանցի մարզիկներին հայրենիք վերադարձնելու մասին։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, միջազգային մարզական կազմակերպություններին խստորեն դատապարտել այս բարբարոսական արարքը։ Մենք նաև կոչ ենք անում Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ»,- ասված է փաստաթղթում։
Ադրբեջանի սպորտի նախարարի մեկնաբանությունը
Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ֆարիդ Գայիբովի խոսքով՝ 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Երևանում «բարբարոսություն է տեղի ունեցել»։
«Սա խորապես անընդունելի է և ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ չէ ընդունել նման միջոցառումներ։ Քանի որ Երևանը չի կարող երաշխավորել մեր մարզիկների անվտանգությունը, ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի մրցույթին և ինչպես սպասվում է’ կվերադառնա տուն։
Հայաստանը պետք է ապահովի մեր մարզիկների անվտանգ վերադարձը, բայց հիմա նրանք փակված են իրենց հյուրանոցում՝ առանց լրատվամիջոցների հետ կապի հասանելիության։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային սպորտային կազմակերպություններին խստորեն դատապարտել այս բարբարոսական արարքը»,- ընդգծել է նախարարը։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը
«Մենք խստորեն դատապարտում ենք այս արարքը, որը Ադրբեջանի նկատմամբ էթնիկ ատելության օրինակ է, ինչն արմատավորված է Հայաստանում», — հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Հայաստանի կառավարությունը’ որպես միջոցառումը կազմակերպող կողմ, պետք է ժամանակին կանխեր նման միջադեպերը և ձեռնարկեր անվտանգության համապատասխան միջոցներ։ Թեև այդ քայլն իրականացնողն անմիջապես կալանավորվել է, սակայն բուռն ծափահարությունների ներքո նրան ազատ արձակելը խիստ մտահոգիչ է: Հայկական կողմը պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկի ատելության հիմքով նման հանցագործություն կատարած անձին:
Կոչ ենք անում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային, Միջազգային օլիմպիական կոմիտեին և ոլորտային այլ միջազգային կազմակերպություններին խստորեն դատապարտել այս արարքը, որը սպորտային մրցումների վարքագծի կանոնների կոպիտ խախտում է, և կազմակերպիչների նկատմամբ ձեռնարկել պատժիչ գործողություններ»,- նշել են ԱԳՆ-ից։
Ադրբեջանցի օգտատերերի մեկնաբանությունները սոցցանցերում
Միջադեպն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ Ներկայացնում ենք մեկնաբանություններից մի քանիսը.
«Ցանկացած երկրի դրոշ այրելը ամենահիմար և անիմաստ քաղաքական արարքն է։
Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանը Հայաստանի հարուստ և արտոնյալ դիզայներներից է։ Իր հարմարավետության գոտում նստած նա հաշված րոպեների ընթացքում հերոսի վերածվեց’ կատարելով ատելության ակտ։
Իմ կարծիքով’ նա պատերազմին չի մասնակցել, և եթե նորից պատերազմ լինի, հավանաբար չի մասնակցի։
Բայց հանգիստ, անիմաստ արարքով նա ատելություն է սերմանում, և չի հասկանում, կամ գուցե հասկանում է, բայց նշանակություն չի տալիս նրան, ինչը կարող է բազմաթիվ ոչ արտոնյալ մարդկանց մահվան պատճառ դառնալ։
Գերիներին ծեծելը, նրանց խոշտանգելը, գնդակահարելը սրա հետ համեմատելի հասկացություններ են։
Միայն այն մարդիկ կարող են պաշտպանել գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը, խոշտանգումները, ովքեր վստահ են, որ երբեք նման իրավիճակում չեն հայտնվի, արտոնություններ ունեն:
Բոլոր ողջամիտ մարդկանց քաղաքական կամքը պետք է լինի արտոնություններից զրկել նրանց, ովքեր նստած են իրենց հարմարավետության գոտում և ատելություն են սերմանում, նրանք պետք է զգան, որ իրենք կարող են դառնալ հաջորդ զոհը։
Միայն մի միջավայրում, որտեղ չկան արտոնյալ մարդիկ, որտեղ մարդիկ հավասար են իրենց կյանքը կորցնելու վախի առաջ, կարելի է խաղաղության և արդարության հույս ունենալ»։
«Կատարվածի մեջ ամենատխուրն այն է, որ Ադրբեջանի դրոշն այրողը տեղական ամենահայտնի հայկական բրենդներից մեկի՝ «Նիկոլյանի» սեփականատերն է։
Եթե սրա անալոգիան փնտրում եք Ադրբեջանում, ապա պատկերացրեք, որ Emiland [ադրբեջանական հագուստի հայտնի ապրանքանիշ — JAMnews] ընկերության սեփականատերը բացման արարողության ժամանակ դրոշ է այրում։
Սա մեզ համար աներևակայելի է։ Ոչ մի ձեռնարկատեր իրեն դա թույլ չի տա, նման բան չի անի միջազգային մասշտաբի միջոցառման ժամանակ։
Սա է կատարվածի ողջ աբսուրդը»։
«Ես կարծում եմ, որ մարզիկներին վերադարձնելու որոշումը սխալ է։ Ինչ-որ ապուշի կամ սադրիչի կողմից ատելության ակտը չպետք է մեծ սկանդալի պատճառ դառնար: Նման դեպքերում չի կարելի հետևել ատելություն հրահրող ամբոխի օրինակին, պետք է դուրս գալ խաղաղություն չցանկացողների դեմ։
Հարցը պետք է լուծվի միջազգային մակարդակով, դիվանագիտական ճանապարհներով, որովհետև ինչքան ատելություն լինի, այնքան արյուն կթափվի։
Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի»։