Երեխաներ, որոնք հաղթահարում են աուտիզմը։ Հաջողության գաղտնիքները
Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, Հայաստանում հաշմանդամության կարգ է ստացել ուտիզմ ունեցող 310 երեխա: Սակայն Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկություններով՝ առհասարակ բժշկական օգնության դիմած աուտիզմ ունեցող երեխաների թիվը Հայաստանում 564 է:
Իրականում նրանց թիվը կարող է և ավելին լինել, եթե հաշվի առնենք, որ որոշ ծնողներ թաքցնում են այդ երեխաներին հասարակությունից: Պատմում ենք, թե ինչ խնդիրների են առնչվում այդ երեխաներն ու նրանց ծնողները և ինչպես են հաղթահարում դրանք:
«Սովորեցրու ինձ ավելին» կենտրոնում
Էկրանին հայտնված կինը վանկ առ վանկ, շրթունքների խիստ տեսանելի շարժումով, մի քանի անգամ արտասանում է ցուցադրվող մրգերի անունները: Սենյակում նստած երեխաները ուշադիր հետևում են կնոջ շրթունքներին, իսկ ավելի ուշ սեղանին հայտնված մրգերի պատկերներից մասնագետների օգնությամբ փորձում ճիշտ ընտրություն կատարել:
«Այս մեթոդը մենք առաջարկում ենք խոսքի զարգացման ու շրջակա միջավայրի հետ շփման խնդիրներ ունեցող երեխաներին: Աուտիկ երեխաներին դժվար է տրվում մարդկանց հետ շփվելը», — բացատրում է «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լենա Հարությունյանը:
40-ամյա Լենան երկու երեխաների մայր է: Տղան՝ Նարեկն, արդեն 12 տարեկան է, աուտիզմ ունի: Ծնողներն իմացել են դրա մասին որդու մեկ ու կես տարին լրանալուց հետո:
«Նարեկի հետ հաճախել ենք տարբեր կենտրոններ, տարբեր մասնագիտացված թերապիաների: Բազմաթիվ փորձություններից հետո հասկանում էինք, որ մեր ջանքերն ապարդյուն են՝ չենք կարողանում ապահովել նրա շփումը, սոցիալիզացումը:
Երկար որոնումներից հետո գտա այս մեթոդը, որն արդեն 15 տարի է կիրառվում է ԱՄՆ-ում, գտա դրա հիմնադիրներին՝ Լաուրա և Բրայան Կասբարներին, որոնց 7 երեխաներից երեքն ունեն աուտիզմ և խոսքի զարգացման հապաղում: Սկսվեց նրանց հետ համագործակցությունս: Մեթոդի կիրառումից հետո Նարեկս հաջողություններ ունեցավ», — պատմում է Լենա Հարությունյանը:
Նրա խոսքով, մեթոդը խոսքի հապաղում ունեցող երեխաներին կամաց-կամաց սովորեցնում է արտահայտվել և շփվել:
Հաջողության գաղտնիքը
Այս մեթոդի հեղինակ Լաուրա Կասբարն այն մշակել է ինքնուրույն՝ իր երեխաներին օգնելու անհրաժեշտությունից ելնելով: Նա ամեն կերպ փորձում էր երեխաներին խոսել սովորեցնել, բայց ոչինչ չէր ստացվում:
Տեսանյութերը նկարահանելու գաղափարը հայտնվեց, երբ նա իմացավ. իր երեխաներին վիզուալ աջակցություն է պետք: Իսկ մարդու ներկայությունը շեղում է նրանց: Պետք էր վիզուալացման ձև գտնել, որը կբացառեր որևէ մեկի ներկայությունը:
Ամուսնու՝ Բրայանի հետ, սկսեցին տեսանյութեր նկարահանել: Կադրում գլխավոր շեշտը դրվում էր Լաուրայի շուրթերի վրա, որպեսզի երեխաները տեսնեն, թե ինչպես է պետք արտասանել այս կամ այն բառը:
Եվ ամեն բան ստացվեց. երեխաները ոչ միայն խոսել և կարդալ սովորեցին, այլև դպրոցական ծրագիրն ավելի արագ յուրացրեցին, քան հասակակիցները, և 16 տարեկանում քոլեջ ընդունվեցին:
Տեսանյութերն օգնում եմ աուտիկ երեխաներին արագ ընկալել դասը, քանի որ ուշադրության կենտրոնում են պահում այն, ինչ նրանք պետք է յուրացնեն: Միաժամանակ դրանք բացառում են բոլոր հանգամանքները, որոնք կարող են շեղել ուշադրությունը:
Մեթոդի հայաֆիկացումը
Մասնագիտությամբ լեզվաբան և դպրոցական հոգեբան Լենան հայաֆիկացրել է մեթոդը և այն տեղադրել համացանցում:
«2016 թվականին մեթոդի բացումը արեցինք։ Սկսվեց հոսքը, ծնողները խնդրում էին, որ ավելացնենք տեսանյութերը համացանցում: Տեղադրում էինք յութուբում, անընդհատ ստանում էինք արձագանքներ, որ իրենց երեխան սկսել է ուշադիր նայել, արձագանքել, դա մեզ համար ոգևորիչ էր:
Շուտով ես հասկացա, որ սպառվում եմ, անընդհատ սկայպով ու հեռախոսով խոսելով, ֆեյսբուքյան էջում լինելով ու չեմ կարողանում այդքանը վերահսկել: Արդյունքում բացեցինք փոքրիկ կենտրոն, ներգրավեցինք մասնագետների ու սկսեցինք աշխատել», — պատմում է Լենան:
2016 թվականին նա հիմնադրեց «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնը, որն այսօր արդեն հաճախում է 90 երեխա: Եվս 200-ը սպասում են իրենց հերթին:
Կենտրոնում աշխատում են հոգեբանը, լոգոպեդը, հատուկ մանկավարժը, որոնք իրականացվում են խմբակային և անհատական պարապմունքներ: Կենտրոնին կից գործում է «Teach me more» («Սովորեցրու ինձ ավելին») քոլեջը, որտեղ երեխաներն անցկացնում են օրական չորս կամ ավելի ժամեր:
Ընդունելության ժամանակ դիտարկվում են երեխայի կարիքները, որից հետո որոշվում է, որ ծրագրին պետք է մասնակցի: Քոլեջում գործում են նաև ներառական խմբակներ, որոնց մասնակցում են խնդիրներ չունեցող երեխաներ։
Նարեկը
Կենտրոնի սենյակներից մեկում հատուկ մանկավարժ Էվելինա Հովհաննիսյանը Նարեկի հետ թելադրություն է գրում:
«Ես ուղակի բռնում եմ նրա դաստակը, քանի որ այն լավ զարգացած չէ, և նա ինքնուրույն գրում է, իր մտքերն է արտահայտում։ Զրուցում ենք. ես բանավոր, ինքը՝ գրավոր», — ասում է Էվելինան:
Նրա խոսքով, աուտիզմ ունեցող երեխաները երբեք նույն բնույթի ու զարգացածության չեն լինում, բոլորը շատ տարբեր են: Եվ ցանակացած մասնագետի դերը մեծ է աուտիզմ ունեցող երեխաների ընդհանուր զարգացման ու կյանքին պատրաստելու համար.
«Մեր աշխատանքը սկսում ենք հոգեբանից, հետո անցնում ենք հատուկ մանկավարժին: Հոգեբանն աշխատում է վարքի վրա, հիշողության զարգացման ուղղությամբ: Փուլեր են, որոնք երեխան պետք է հաղթահարի, որ պատրաստ լինի հաջորդին»:
Ինչ են սովորում կենտրոնում
Ամեն մասնագետ մեկ օրում անհատապես աշխատում է մինչև հինգ երեխայի հետ:
Բացի դրանից լինում են խմբային աշխատանքներ, որոնց միաժամանակ մասնակցում են երեք մասնագետ. հատուկ մանկավարժը, հոգեբանն ու էրգոթերապիստը։
Նարինե Մուրադյանն էրգոթերապիստ է, բացատրում է, թե ինքն ինչով է աջակցում է կենտրոնի շահառուներին.
«Զարգացնում ենք մանր ու խոշոր մոտորիկան՝ շարժունակությունը, այսինք բռնել, քայլել, վազել, ցատկոտել, ուտելու հմտություններ, զուգարանից օգտվել: Այսինքն սովորեցնում ենք առաջին անհրաժեշտության հմտությունները, փորձում ենք երեխաներին հնարավորինս ազատ ու ինքնուրույն դարձնել: Այս խնդիրը չունեցող երեխաները սովորում են սա իրենց առօրյա գործողությունները կատարելիս, ինչը բնականոն զարգացում է: Նույն ձևով մենք փորձում ենք օգնել, որ այս երեխաներն էլ յուրացնեն այդ հմտությունները»:
Ներառականություն
Ըստ Լենա Հարությունյանի, հասարակությունը դժվարությամբ է հաղթահարում վաղուց արմատացած կարծրատիպերը.
«Հասարակ մի բան, երեխան չի ուզում ինչ որ տեղ գալ ու գոռում է, սկսում են վախենալ այդ աղմուկից, չեն թողնում, որ իրենց երեխաները շփվեն այս երեխաների հետ, ասելով, որ գիժ է, քեզ կխփի։ Մանկապարտեզից սկսվում է խնդիրը»:
12-ամյա Նարեկը սովորում է հանրակրթական դպրոցում: Մայրը պատմում է, որ սկզբում անգամ հինգ րոպե չէր կարողանում նստել դասերին, գոռում էր, վազվզում, շրջապատը չէր ընդունում: Սակայն երկարատև աշխատանքի արդյունքում տղայի վարքագիծը փոխվել է:
«Ներառկան կրթությունը ուշացումով ներդրված համակարգ է Հայաստանում։ Ես շատ կուզենայի ժամանակին իմ կողքին դպրոցում տեսնել նման խնդիրներ ունեցող երեխաների: Ես ավելի պատրաստ կլինեի նման երեխայի մայր դառնալ։ Փուլեր կան, որ պետք է անցնի ծնողը: Օրինակ, մերժման փուլը, երբ դու չես ընդունում, որ քո երեխան կարող է այդպիսին լինել: Ժամանակ է անցնում, մինչև ընդունում ես ու սկսում պայքարել», — ասում է Լենան:
Աջակցություն ծնողներին
«Հետո արդեն գալիս է հասարակության հետ պայքարը: Երեխան ծնվել է, այդպիսին է, մեր պարտքն է նրան մեծացնել ընտանիքում ու տալ ամեն ինչ։ Բայց նաև պետությունը պետք է աջակցի մեզ: Օրինակ, ունենա ցերեկային կենտրոններ, որպեսզի մեր ծնողները գոնե 7 ժամով կարողանան երեխային այդտեղ թողնել և աշխատել», — ասում է Լենան:
Նրա խոսքով, Հայաստանում չկա նման ցերեկային գոնե մեկ կենտրոն, և ծնողների մեծ մասը հնաավորություն չունի աշխատելու.
«Իսկ եթե երեխան միակողմանի ծնողազուրկ է, ապա ասեմ այդ անապահով ընտանիքներում խայտառակ սոցիալական իրավիճակ է»:
Երեխաների ապագան
«Սովորեցրու ինձ ավելին» կազմակերպության հիմնադիրը մտահոգ է նաև այս երեխաների զբաղվածության հարցով:
«Յուրաքանչյուր խնդիր ունեցող երեխայի ծնող մտածում է. որ վաղը ես չլինեմ, իմ երեխան ո՞նց է ապրելու առանց ինձ։ Պետությունը պետք է օգնի մեզ զբաղվածության կենտրոններ ստեղծել, որ մեր երեխաները վաղը, մյուս օրը տանը չպարփակվեն: Պետք է ըստ համապատասխան ունակութությունների փորձենք ապահովվել նրանց զբաղվածությունը, օգտագործել նրանց հմտությունները, որպեսզի օգուտ տան հասարակությանը։
Եթե սովորեցնում ես, տարիներով պայքարում՝ այդ վերականգնողական աշխատանքները հենց դրա համար են։ Ունենք երեխաներ, ովքեր մոմեր են պատրաստում, կա այդ նախադեպը: Ես տեսել եմ արտերկրում այդ երեխաներին, որոնք արդեն աշխատում են», — ասում է Լենան:
Կենտրոնն օրինակ է ծառայում
Արդեն երեք ամիս է «Սովորեցրու ինձ ավելին» ուսուցման և զարգացման կենտրոնում» է աշխատում Տիգրան Գևորգյանը։ Նա փոքրերին օգնում է գրել, կարդալ:
«Ինքնուրույն տանից գալիս եմ, գնում, լավ եմ զգում ինձ այստեղ, շատ լավ է, կարևորը՝ աշխատում եմ արդեն», — ասում է 24-ամյա Գևորգը, որը Դաունի համախտանիշ ունի:
Արդյունավետությունը
Լենան ասում է. ծնողներ կան, ովքեր մտածում են, որ մի քանի պարապմունքնից հետո իրենց երեխան դեպի լավը կգնա: Հետո հասկանում են, որ ավելի երկար ճանապարհ պետք է անցնեն՝ ու ոչ միայն երեխան, այլև ինքը՝ ծնողը:
«Ծնողը ինքն է շարժիչ ուժը երեխայի: Եթե ծնողը երեխային հեռու պահի հասարակությունից, քանի որ նա խնդիր ունի, երեխան այդպես էլ չի վերականգնվի: Ծնողը նախ պետք է աշխատի իր վրա, պետք է ընդունի իրականությունը, եթե չընդունեց, ապա հասարակությունն ինչպե՞ս է ընդունելու իր երեխային։ Ու պետք չէ փնտրել մեղավորների, ինչո՞ւ այդպես եղավ: Ինչ որ եղել՝ եղել է, պետք է ապրել ներկայի ու ապագայի համար։ Սկսենք հենց հիմա, հենց սկզբից», — ասում է Լենան: