Երեխան համացանցում է, ի՞նչ անել: ՄԱԿ Մանկական հիմնադրամի հաշվետվությունը
ՄԱԿ Մանկական հիմնադրամի գլոբալ հաշվետվությունը՝ «Երեխաների վիճակն աշխարհում. երեխաները թվային աշխարհում»:
Հաշվետվության համաձայն՝ համացանցի յուրաքանչյուր երրորդ օգտատերը երեխա է, և թվային աշխարհի վտանգներից նրան չեն կարող հարկ եղած չափով պաշտպանել ոչ պետությունը, ոչ հարազատ ընտանիքը:
Ինչպե՞ս են թվային տեխնոլոգիաները փոխել երեխաների կյանքը, և այդ կապակցությամբ ի՞նչ է մեզ սպասվում ապագայում:
Թվեր և վիճակագրություն
- Համացանցի յուրաքանչյուր երրորդ օգտատերը երեխա է:
- 15-24 տարեկան տարիքային խումբը համացանցում ամենաակտիվն է:
- Այդ տարիքային խմբի 71 տոկոսն ակտիվ օգտատերեր են այն դեպքում, երբ աշխարհի ամբողջ բնակչության համար այդ ցուցանիշը կազմում է 48 տոկոս:
- Ընդ որում, երիտասարդության 29%-ի, կամ 346մլն երիտասարդների համար համացանցն անհասանելի է:
Արդյո՞ք համացանցը վնասակար է երեխաների համար
Ընդհակառակը: Հաշվետվության հեղինակները համարում են, որ համացանցը պետք է հասանելի լինի բոլոր երեխաներին, քանի որ ժամանակակից աշխարհում համացանցը ուսման, հաղորդակցման և ինքնաարտահայտման անսահման հնարավորություններ է պարունակում:
Հաշվետվության համաձայն՝ թվային տեխնոլոգիաների դարաշրջանն արդեն սկսվել է, և դա անդառնալի գործընթաց է, որին ի վիճակի չէ դիմակայելու ոչ պետությունը, ոչ ծնողները, ոչ էլ ոչ կառավարական հատվածը:
Ի՞նչ օգուտ երեխաներին գլոբալ ցանցից
Ճիշտ օգտագործման դեպքում համացանցը զգալիորեն փոխում է այն երեխաների կյանքը, որոնք խտրականության են ենթարկվում ռասայական, կրոնական, գենդերային կամ ազգային հատկանիշով, ապրում են աղքատության մեջ, բռնի տեղահանված անձինք են, սահմանափակ կարողություններով անձինք են կամ ապրում են աշխարհագրորեն դժվար հասանելի վայրում: Թվային տեխնոլոգիաների շնորհիվ՝ այդպիսի երեխաները կարող են իրենց աշխարհի մի մաս զգալ:
Պատկերացրեք մանկական ուղեղային կաթված ունեցող տղայի, որը հասակակիցների հետ շփվում է համացանցի միջոցով: Համացանցի շնորհիվ նա նրանց հետ հավասար պայմաններում է գտնվում. նրա վիրտուալ հնարավորությունները գերազանցում են իրական հնարավորությունները:
Կամ սիրիացի մի աղջկա, որը փախչել է պատերազմից և փախստականների ճամբարում սովորում է համակարգչից օգտվել. նրա համար բոլորովին այլ աշխարհ է բացվում:
Կամ Նինո Շալամբերիձեն Քութայիսիից, որն առցանց ռեժիմով իսպաներեն է ուսումնասիրում: Նրա ընտանիքն ուսուցիչ վարձելու հնարավորություն չունի, իսկ համացանցը նրան հնարավորություն է տվել արտասահմանյան լեզվին անվճար տիրապետել:
Իսկ 15-ամյա Գիորգիի համար համացանցը Հունաստանում ապրող մոր հետ ամենօրյա կապ հաստատելու միակ հնարավորությունն է:
Այդ պատճառով էլ համացանցից օգտվելու հնարավորություն պետք է ունենան բոլոր երեխաները, համարում են հաշվետվության հեղինակները, քանի որ դրանից զրկված երեխաները մյուսների հետ անհավասար պայմաններում են գտնվում:
Օրինակ, աղջիկը, որի ընտանիքի կամ համայնքի կարգերն ու սովորույթները, որում նա ապրում է, արգելում են համացանցից օգտվել, զրկված է հետաքրքիր տեղեկատվությունից, որը ստանում են ավելի լիբերալ պայմաններում ապրող նրա հասակակիցները:
Վտանգները, որոնք սպառնում են երեխաներին գլոբալ ցանցում
Բազում բարիքներին զուգահեռ համացանցը նաև բազում վտանգներ է պարունակում, նախազգուշացնում են հաշվետվության հեղինակներն ու հստակ օրինակներ են բերում. մի տղայի պատմություն, որը կախվածության մեջ է ընկել տեսախաղերից; դեռահաս է ինքնասպանություն գործել՝ դառնալով կիբերբուլինգի զոհ, 14-ամյա մերկ աղջկա լուսանկարները համացանցում տարածում է նրա նախկին սիրեցյալը, որը ժամանակին պնդել է, որ այդ լուսանկարներն արվեն; 8-ամյա ֆիլիպինցի աղջիկը, որին հարևանը սեռական կապ է պարտադրում: Հրապարակված հաշվետվությունում շատ են այսպիսի իրական օրինակներ աշխարհի տարբեր ծայրերից:
Կիբերբուլինգը որպես գլոբալ ցանցի գլխավոր վտանգներից մեկը
«Դպրոցում ես բուլինգի զոհ էի, սակայն երբ վերադառնում էի տուն և ծածկում դուռը, իմ տանջանքներն ավարտվում էին: Իսկ այսօր կարելի է զոհ դառնալ սեփական տանը: Բուլինգն այսօր կարող է տևել շաբաթվա 7 օրն օրական 24 ժամ», — ասում է համացանցային անվտանգության հարցերի բրիտանացի փորձագետ Ջոն Քարին, որը Վրաստան է եկել հատուկ այդ հաշվետվությունը ներկայացնելու համար:
Համացանցում չարագործները հեշտությամբ երեխաների հետ կապ են հաստատում անանուն էջի միջոցով՝ նրանց մոտ որևէ կասկածներ չառաջացնելով: Նրանք երեխաներին սեռկան կապ կամ այլ վտանգավոր կապեր են պարտադրում: Հաճախ գրանցվում են երեխաների ծայրահեղացման կամ անառողջ և վտանգավոր արարքների դրդելու փորձեր:
Նախորդ տարի Մեծ Բրիտանիայում անցկացրած հետազոտությունը պարզել է, որ 13-17 տարեկան աղջիկների մեկ երրորդ մասը հասակակիցներից սեռական բնույթի անցանկալի հաղորդագրություններ է ստանում, իսկ յուրաքանչյուր տասներորդը՝ բռնաբարության զոհ դառնալու սպառնալիքներ: Մալայզիայի ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ 2015թ-ին համացանցով ծանոթության հետևանքով բռնաբարվածների 80%-ը 10-18 տարեկան անչափահասներ են եղել:
Բացի այդ, համացանցում երեխաները հեշտությամբ կարող են հանդիպել նյութեր, որոնց բովանդակությունը կարող է վնասվածք հասցնել չամրապնդված հոգեկանին, որոնք կարող են լինել սեռական, պոռնկագրական բնույթի, լուսանկարներ և տեսագրություններ, որոնք բռնության տեսարաններ են պարունակում, անցանկալի գովազդ, ռասիստական կամ այլ խտրական հայտարարություններ, անառողջ գործողություններ, օրինակ, ինքնախարազանում կամ անորեքսիա խրախուսող գործողություններ կամ անգամ ինքնասպանության դրդող կայքեր:
Ի՞նչ է արվում երեխաների անվտանգությունը համացանցում ապահովելու համար
Մեծ Բրիտանիայի գրեթե յուրաքանչյուր ընտանիքում, որտեղ անչափահաս երեխա կա, ծնողների խնդրանքով համացանց ապահովող ընկերությունները հատուկ զտիչներ են դնում, որոնք արգելափակում են անչափահասին վնաս հասցնելու ունակ առցանց ռեսուրսները: Այդպիսի զտիչներից են օգտվում նաև Մեծ Բրիտանիայի բոլոր դպրոցները:
Նմանատիպ կերպով պաշտպանված են նաև անչափահասների բջջային հեռախոսները, որոնց սիմ-քարտերը մինչև նրանց չափահասության տարիքի հասնելն արգելափակված են կասկածելի ռեսուրսներից ուղարկվող հաղորդագրություններից:
Մեծ Բրիտանիայում անչափահասների համար անցանկալի առցանց ռեսուրսների ցանկը կազմում է հատուկ հանձնաժողովը, որը կազմված է հասարակությունում հեղինակություն և վստահություն վայելող հայտնի մարդկանցից:
Սակայն, չնայած այդ բոլոր կարգավորումներին, որոշակի վտանգներ և սպառնալիքներ այնուամենայնիվ մնում են: Օրինակ, անչափահասը կարող է օգտվել անվճար ծառայությունից որևէ ինտերնետ-սրճարանում և մուտք գործել արգելափակված անցանկալի ռեսուրս:
Ի՞նչ է արվում անվտանգության ապահովման համար Վրաստանում
Վրաստանում կանոնակարգ է գործում, որը պաշտպանում է սպառողների իրավունքներն ու օրինական շահերը հաղորդակցության ոլորտում: Կանոնակարգի համաձայն՝ համացանցի փրովայդերները, վեբ-կայքերի սեփականատերերը պարտավոր են օգտատերերին պաշտպանել «վնասակար տեղեկատվության ստացումից»:
Սակայն իրականում այդ կարգավորումը փաստացի չի աշխատում: Այսօր Վրաստանում համացանցից օգտվող երեխաները ոչ մի կերպ պաշտպանված չեն գլոբալ ցանցի վտանգներից:
Առողջապահության և սոցիալական հարցերի խորհրդարանական կոմիտեի ղեկավարի տեղակալ Դմիտրի Խունդաձեն հայտարարել է, որ խորհրդարանը նոր օրինագիծ է մշակում համացանցային տիրույթը վտանգ ներկայացնող տեղեկատվությունից պաշտպանելու համար:
«Եվրոպայում բավականին վաղուց այսպիսի պրակտիկա կա. այն, ինչ արգելված է իրական կյանքում, պետք է արգելվի նաև համացանցում: Մենք պետք է փոխառենք այդ մոտեցումը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդության 90%-ը պոռնկագրական տեսանյութեր է դիտում, որտեղ հաճախ բռնություն է ցուցադրվում: Օրենքն ընդունելուց հետո փրովայդերը պարտավոր կլինի արգելափակել կամ ոչնչացնել նմանատիպ տեղեկատվությունը»:
Սակայն շատերը նման կարգավորումներին թերահավատորեն են վերաբերվում, քանի որ թույլ ժողովրդավարություն ունեցող երկրներում, ինչպիսին է Վրաստանը, այդպիսի սահմանափակումները կարող են առիթ դառնալ խոսքի ազատության սահմանփակման, գրաքննության կիրառման համար: Օրինակ, Թուրքիայում պոռնոկայքերին զուգահեռ խիստ կարգավորումները վերաբերեցին նաև Վիքիպեդիային: Ամբողջ աշխարհի ուսանողների շրջանում հայտնի վիրտուալ հանրագիտարանը Թուրքիայում արգելափակված է, քանի որ հոդվածներից մեկում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բռնապետ էր անվանվել:
Մակա Շերազադաշվիլին երկու անչափահաս երեխաների մայր է: Եվ նա, և ամուսինն առավոտից մինչև երեկո աշխատում են, այդ պատճառով էլ երեխաներին ամբողջությամբ վերահսկել ի վիճակի չեն, առավելևս նրանց համացանցային հետաքրքրությունները:
«Մենք պարզապես անջատեցինք տան ինտերնետը», — ասում է նա: Այժմ Մակայի մեծ տղան ստիպված է սպասել աշխատանքից մոր վերադարձին բջջային ինտերնետով տնային առաջադրանքը կատարելու համար. դպրոցում հաճախ են այնպիսի հանձնարարություններ տալիս, որոնք հնարավոր է կատարել միայն համացանցի տեղեկատվության միջոցով:
Մանկական հիմնադրամի հաղորդակցման ծրագրի ղեկավար Մայա Կուրցիկիձեն համարում է, որ պետությունն ու ընտանիքն առաջին հերթին պետք է հոգ տանեն երեխաների կողմից համացանցի ճիշտ օգտագործման համար: «Դպրոցներում տարրական դասարաններից պետք է թվային աշխարհի մասին դիսցիպլիններ լինեն, երեխաներ պետք է իմանան, թե ինչպես շրջանցել վտանգներն ու ինչպես պաշտպանվել դրանցից», — ասում է Կուրցիկիձեն:
Նրա խոսքով՝ անչափահասները չպետք է համակարգչի մոտ ոչ չափազանց շատ, ոչ էլ քիչ ժամանակ անցկացնեն. «Այդ հարցում կարևոր է ոչ թե այն, թե որքան ժամանակ է երեխան անցկացնում համակարգչի մոտ, այլ այն, թե ինչ է դիտում և ինչով է զբաղված»: