«Սառեցնել ռազմական սարքավորումների արտահանումներն Ադրբեջան»․ Եվրախորհրդարանի նոր բանաձևը
Եվրախորհրդարանի բանաձև COP 29-ից առաջ
Եվրախորհրդարանն այսօր բանաձև է ընդունել, որով ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը։ «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների և ՀՀ հետ հարաբերությունների» վերաբերյալ բանաձևն ընդունվել է 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։
Բանաձևում մի շարք կոչեր կան, այդ թվում՝ խորհրդարանականները ԵՄ-ին հորդորում են դադարեցնել «ցանկացած տեխնիկական և ֆինանսական աջակցություն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը»։ Իսկ միության անդամ երկրներին կոչ են անում «սառեցնել ռազմական և անվտանգության սարքավորումների բոլոր արտահանումներն Ադրբեջան»։
Անդրադարձ է արվում ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այնպես էլ Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովին։ Շեշտվում է, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն «անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ»։
«ԵՄ առաջնորդներին, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արվում COP 29-ը որպես հնարավորություն օգտագործել՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին և բովանդակալից կերպով անդրադառնալու այդ երկրում մարդու իրավունքների վիճակին»,- ասվում է բանաձևում։
COP 29-ին ընդառաջ բռնաճնշումներն ուժեղացել են
Ընդունված բանաձևով Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների դեմ Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումները, որոնք տեղի են ունենում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Ընդգծել են՝ COP 29-ին ընդառաջ այդ ճնշումներն ուժեղացել են։
Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել կամայականորեն բանտարկված ու կալանավորված բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել բոլոր տեսակի հետապնդումներն ու բռնաճնշումները։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լրջորեն մտահոգված են Ադրբեջանում ստեղծված վախի մթնոլորտով, որը նպատակ ունի լռեցնել քաղհասարակությանը։
Խորհրդարանը Եվրամիությանն ու անդամ երկրներին կոչ է անում «անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները չհյուրընկալվեն այնպիսի երկրներում, որտեղ մարդու իրավունքների ցուցանիշները վատն են»։
Դադարեցնել կախվածությունն ադրբեջանական գազից
Բանաձևում խորհրդարանականները ԵՄ-ին կոչ են անում դադարեցնել ադրբեջանական գազից կախվածությունը, կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ 2022 թվականի փոխըմբռնման հուշագիրը։
Շեշտում են՝ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ապագա գործընկերության համաձայնագրի նախապայման պետք է լինեն՝
- բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը,
- իրավական բարեփոխումների իրականացումը,
- երկրում մարդու իրավունքների վիճակի ընդհանուր բարելավումը։
Բացի այդ, հատուկ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Բաքուն պետք է պատրաստակամություն ցուցաբերի «հավատարմորեն ներգրավվելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները»։
Ադրբեջանական զորքը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքներից
Եվրախորհրդարանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նշում է, որ վճռականորեն աջակցում է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
ԵԽ-ն բանաձևով վերահաստատում է իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից, կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Բանաձևում անդրադարձ է արվում նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին։ Ընդգծվում է, որ այն պետք է լուծվի ՀՀ ինքնիշխանության և տարածային ամբողջականության հարգմամբ։
Եվրամիությունը պետք է պատրաստ լինի պատժամիջոցների կիրառման
«Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն անընդունելի է և ունենալու է լուրջ հետևանքներ ԵՄ-Ադրբեջան գործընկերության վրա»,- զգուշացնում են պատգամավորներն ու դատապարտում ՀՀ դեմ ցանկացած ռազմական ագրեսիա, ուժի կիրառում կամ հիբրիդային սպառնալիք։
Ըստ բանաձևի՝ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որը կսպառնա Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։
Հիշատակվում է Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ զինված ուժերին օգնություն հատկացնելու փաստը։ Նշվում է, որ անհրաժեշտ է էլ ավելի ամրապնդել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ գործակցությունը։
Երկարացնել ԵՄ առաքելության մանդատը
Եվրախորհրդարանականները կարևորում են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դերը։ Միաժամանակ մտահոգություն են հայտնում դիտորդական առաքելության հասցեին Բաքվից հնչող զրպարտող բնույթի հայտարարությունների ու իրականացվող արշավների վերաբերյալ։
Բանաձևը Եվրամիությանն ու անդամ երկրներին կոչ է անում «մեծացնել և երկարացնել առաքելության մանդատը»։
Ազատել բոլոր հայ ռազմագերիներին, ապահովել ԼՂ հայերի անվտանգ վերադարձը
Ի թիվս այլ պահանջների՝ բանաձևն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր 23 հայ ռազմագերիներին։ Ինչպես նաև կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։
Բանաձևը հորդորում է համապարփակ և թափանցիկ երկխոսություն սկսել ԼՂ-ի հայության հետ, տրամադրել անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։
Փաստաթղթում կան նաև Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ շեշտադրումներ։ Պաշտոնական Բաքվին կոչ է արվում զերծ մնալ տարածաշրջանի մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխությունից, փոխարենը պահպանել, պաշտպանել և խթանել առկա հարուստ բազմազանությունը։
Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանը պետք է ապահովի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Եվրախորհրդարանի բանաձև COP 29-ից առաջ