ԵՄ-ն կոչ է անում բարեփոխումներ իրականացնել Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում
Եվրախորհրդարանը Վրաստանին բարեփոխումների կոչ է անում
Եվրախորհրդարանի պատգամավորները նոր փաստաթուղթ են հրապարակել ընդլայնման քաղաքականության ամրապնդման վերաբերյալ։ Դրանով նրանք ԵՄ-ին կոչ են անում շարունակել իր ընդլայնումը ինչպես անդամ երկրներում, այնպես էլ թեկնածու երկրներում։ Նոր փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ին նոր անդամների անդամակցության շուրջ բանակցությունները պետք է ավարտվեն մինչև 2030 թվականը։
Փաստաթուղթը վերաբերում է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային։ Եվրախորհրդարանը ասոցացված եռյակի երկրներին կոչ է անում ձեռնարկել էական բարեփոխումներ՝ ընդգծելով, որ Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են Եվրոպայի խորհրդի բացառիկ արագ որոշումը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ անդամակցության դիմումների վերաբերյալ և կոչ են անում այս երեք երկրներին իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները։
Եվրոպացի խորհրդարանականների հեղինակած փաստաթուղթն ունի երեք հիմնական ուղերձ.
- Եվրամիության ընդլայնումն այլընտրանք չունի,
- անհրաժեշտ է բարեփոխել անդամակցության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը՝ միաձայնության փոխարեն նոր անդամներ ընդունել որակյալ մեծամասնությամբ,
- անդամակցության շուրջ բանակցությունները պետք է ավարտվեն մինչև 2030 թ.-ը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Փաստաթղթում դիտարկվում են նաև թեկնածու և դիմորդ երկրների՝ ԵՄ անդամակցության հետ կապված կարիքները և նրանց հետ հարաբերությունները խորացնելու ուղիները:
Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են, որ Եվրոպայում խաղաղության և կայունության համար Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի լույսի ներքո՝ ընդլայնման քաղաքականության ամրապնդումը մնում է ամենահզոր աշխարհաքաղաքական գործիքը ԵՄ-ի ձեռքում։
Նրանց կարծիքով՝ բարեփոխումների և օրենքի գերակայության անհրաժեշտության պատճառով, որպես ԵՄ ընդլայնման նոր ռազմավարության մաս, ֆինանսավորումն ու դրա շոշափելի արդյունքները պետք է ավելի տեսանելի դառնան ընդլայնման երկրներում։ Պատգամավորները նաև ուզում են, որ ԵՄ-ն աշխատի այդ երկրների քաղաքական, ընտրական և այլ ժողովրդավարական գործընթացներում երրորդ կողմերի միջամտությունը դադարեցնելու ուղղությամբ:
Եվրախորհրդարանի պատգամավորներն ասում են, որ անդամակցության շուրջ բանակցությունները Սերբիայի հետ պետք է շարունակվեն միայն այն դեպքում, եթե երկիրը աջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին և զգալի առաջընթաց գրանցի ԵՄ-ի հետ կապված բարեփոխումներում:
- Ուկրաինան և Մոլդովան ստացան ԵՄ թեկնածուի կարգավիճակ, Վրաստանը՝ միայն հեռանկար
- «Մենք պատերազմ չենք ուզում, նույնիսկ եթե դա է ԵՄ-ին անդամակցելու գինը». Վրաստանի վարչապետ
Նոյեմբերի 8-ին Բրյուսելում կայացած արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Եվրախորհրդարանի պատգամավորները քննարկել են Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցը։ Ընդունված փոխզիջումային փաստաթղթում Բիձինա Իվանիշվիլին այլևս չի հիշատակվում որպես օլիգարխ, թեև նրա անունն ընդգրկված է ապաօլիգարխացման գլխում, որտեղ նշվում է նաև պետության վրա Իվանիշվիլիի չափազանց մեծ ազդեցությունը սահմանափակելու նպատակով իրավական որոշումներ կայացնելու անհրաժեշտության մասին։
Բացի այդ, փաստաթղթում խոսվում է նաև մեդիա ահաբեկչությունների, քաղաքական հետապնդումների, հանրային պաշտպանի ընտրության ընթացակարգի մասին։ Եվրախորհրդարանը նաև Վրաստանի իշխանություններին կոչ է անում «մարդասիրական նպատակներով և բևեռացումը նվազեցնելու համար» արտասահման բուժման ուղարկել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
2022 թվականի հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը հետաձգում է Վրաստանի համար Եվրամիության կողմից նախանշված 12 կետերի կատարման ընթացքի գնահատումը մինչև 2023 թվականը։ Այդ մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Ռուպը։
Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը զեկույց էր պատրաստել Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Որոշվել էր Ուկրաինային և Մոլդովային տալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ, նրանցից պահանջել կատարել որոշակի պարտավորություններ։ Իսկ Վրաստանը նախ պետք է կատարի 12 առաջարկներից բաղկացած ծրագիրը, ինչից հետո երկիրը կունենա թեկնածուի կարգավիճակ ստանալու շանս։
Եվրախորհրդարանը Վրաստանին բարեփոխումների կոչ է անում