Պատժամիջոցներ Վրաստանի առաջին դեմքերի նկատմամբ. Եվրախորհրդարանի բանաձևի նախագիծը
Եվրախորհրդարանը Իվանիշվիլիի և Կոբախիձեի դեմ սանկցիաների մասին
Եվրոպական խորհրդարանի բանաձևի նախագիծը, որը պատրաստել է «Նորացրու Եվրոպան» քաղաքական խումբը, պահանջում է պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նույն կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի դեմ:
«Վրաստանում ընտրական գործընթացների արդարությունը և քաղաքական ազատությունների պաշտպանությունը որոշիչ նշանակություն ունեն երկրի ապագա ժողովրդավարական զարգացման և Եվրամիություն մուտք գործելու հեռանկարի համար: Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել ԵՄ անդամակցության թեկնածու երկրի չափանիշներին»,- ասված է բանաձևում:
Վերոնշյալ բանաձևի քննարկումը Եվրոպական խորհրդարանում տեղի կունենա նոյեմբերին 25-28-ին:
Բանաձևը դատապարտում է միջազգային նորմերի խախտումները, որոնք նկատվել են Վրաստանում հոկտեմբերի 26-ի ընտրությունների ժամանակ, կոչ է անում անցկացնել մանրակրկիտ, արագ և թափանցիկ անկախ քննություն գրանցված բոլոր խախտումների վերաբերյալ:
Բացի այդ, բանաձևը՝
- Վրաստանի քաղաքական ուժերին և քաղհասարակությանը կոչ է անում մասնակցել ներառական երկխոսությանը՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու և միջազգային հսկողությամբ նոր ընտրություններ կազմակերպելու նպատակով,
- Վրաստանի իշխանություններին կոչ է անում ցուցադրել եվրոպական արժեքների նկատմամբ իրենց հավատարմությունը՝ ապահովելով ընտրական գործընթացի լիակատար թափանցիկություն,
- համերաշխություն է հայտնում վրացի ժողովրդին, որը պայքարում է իր ժողովրդավարական իրավունքների և երկրի եվրոպական ապագայի համար, վերահաստատում է աջակցությունը նրա ժողովրդավարական ու եվրոպական ձգտումներին,
- Վրաստանի իշխանություններին կոչ է անում հրատապ կերպով ընդունել և իրականացնել բարեփոխումներ, որոնք պահանջում է երկրի քաղաքացիների մեծամասնությունը՝ որպես նպատակ ունենալով Վրաստանի՝ ԵՄ մուտք գործելը,
- բարձր է գնահատում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջանքերը՝ երկիրը ժողովրդավարության և եվրոպական զարգացման ուղի վերադարձնելու համար,
- պատասխանատու անձանց կրկին կոչ է անում դադարեցնել հարձակումները քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և ԼԳԲՏ համայնքի վրա, հետ կանչել նրանց դեմ ուղղված օրենքները և ապահովել նպաստավոր միջավայր քաղհասարակության և լրատվամիջոցների համար: Բացի այդ, Եվրոպական միությանն ու անդամ պետություններին հորդորում է լիովին աջակցել Վրաստանի քաղաքացիական հասարակությանն ու ԶԼՄ-ներին այս դժվար ժամանակաշրջանում,
- կոչ է անում սառեցնել Վրաստանի կառավարության համար նախատեսված ԵՄ ֆինանսական աջակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրական բոլոր խախտումները պատշաճ կերպով չեն վերացվել և չեն չեղարկվել վերջերս ընդունված ոչ լիբերալ օրենքները,
- Եվրոպական միությանն ու անդամ պետություններին հորդորում է պատժամիջոցներ սահմանել վրացի քաղաքական առաջնորդների և պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ժողովրդավարությունից հետընթաց կատարելու և ընտրական գործընթացի խախտման համար, մասնավորապես՝ խորհուրդ է տրվում հրատապ կերպով քննարկել Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի և Կախա Կալաձեի նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված երկրի ժողովրդավարական իրավիճակի կտրուկ վատթարացման մեջ նրանց ունեցած դերի հետ,
- դատապարտում է անմիջապես հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վաղաժամ այցը Վրաստան, որը ԵՄ-ի ընդհանուր արտաքին քաղաքականությունը խարխլելու հերթական փորձն է: