Եկեղեցին և հասարակությունը Վրաստանում. դիկտատը չափազանց շատ չէ՞
Ես կարծում եմ, որ եթե պատմությունը մեզ ինչ-որ բան սովորեցրել է, դա այն է, որ փոփոխություններն առանձին մարդկանց գործողությունների արդյունք են լինում, իսկ մեծամասնության կարծիքին խոնարհաբար հետևելը լավ ավարտ չի ունենում:
Մարտին Լյութեր Քինգը քաղաքացիական իրավունքների համար իր շարժմամբ, իսկ դրանից տասնամյակներ առաջ սուֆրաժիստներն իրենց օրինակով ապացուցել են այդ գաղափարի ճշտությունը: Եվ այդ փորձը մտածելու տեղիք է տալիս, երբ նայում ես վրացական հասարակության վերաբերմունքին Վրաց ուղղափառ եկեղեցուն:
Բնականաբար, հազիվ թե արդար լինի համեմատել հայրապետության դեմ պայքարն այն հանգամանքների հետ, որոնց առկայության պարագայում են գործել դոկտոր Քինգն ու Էմիլի Փանքհերսթը: Նախևառաջ այն պատճառով, որ չկա որևէ կազմակերպված խումբ, որը կդիմակայեր Վրաց ուղղափառ եկեղեցու ազդեցությանը: Եկեղեցին նախկինի պես ունի բնակչության ցնցող մեծամասնության աջակցությունը (ենթադրվում է, որ այդ թիվը հասնում է մինչև 95%-ի): Նրան հակադրվում են սեռական փոքրամասնություններն, իրավապաշտպան կազմակերպությունները և լիբերալ տրամադրված քաղաքացիները, սակայն միասնական շարժում չկա:
Մեծամասնությունը չի նկատում ցցուն հակասությունը սոցիալական և քաղաքական դիսկուրսում. եկեղեցին գրեթե անթաքույց ռուսամետ դիրքորոշում ունի և կոչ է անում Մոսկվայի հետ հաշտվել այն հիմքերով, որ խոսքը գնում է երկու ուղղափառ ժողովուրդների մասին: Եվ այդ դիրքորոշումը գրեթե քննադատության չի արժանանում վրացական հասարակության կողմից, որը մեծ մասամբ վախենում է և ատում իր հյուսիսային հարևանին:
Հասարակությունում բարյացակամորեն են լսում եկեղեցու գործիչների հակաարևմտյան հռետորաբանությունը, որն ուղղված է սեռական փոքրամասնությունների դեմ և աբորտների արգելքի օգտին, և չեն հասկանում, որ, սատարելով, եկեղեցուն, նրանց մի քայլ է մնում մինչև Վլադիմիր Պուտինի քաղաքականությանն աջակցելը:
Ս ակայն ոչ մի տեքստ կամ տեսանյութ չի կարող համեմատվել անձնական փորձի հետ: Այդ փորձն ինձ անձամբ հաղորդում է, որ եկեղցու հետ վրացիների հակասական հարաբերությունների արմատները ողջամտության ամբողջական բացակայության մեջ են:
Մի քանի տարի առաջ ես մի աղջկա հետ ծանոթացա, որն ինձ պատմեց, որ հաճախ խորհուրդ է հարցնում քահանայից: Ի՞նչ տեսակի խորհուրդ, — հարցրի ես՝ ենթադրելով, որ խոսքը գնում է հոգևոր խրատների մասին:
Պարզվեց, որ նա քահանայի կարծիքն է հարցնում բոլոր հարցերի վերաբերյալ՝ աշխատանքի ընտրությունից մինչև հակառակ սեռի ներկայացուցիչների հետ իր հարաբերությունները կառուցելը:
Հնարավոր է, որ այդ քահանան բարձր հոգևոր արժեքների տեր մարդ էր բազմազան փորձով, սակայն ես այնուամենայնիվ ինձ թույլ կտամ կասկածել դրան:
Ես հարցրի, և ինձ համար իրոք հետաքրքիր էր իմանալ. պրոֆեսիոնալ ձգտումների վերաբերյալ ի՞նչ խորհուրդ է նա սպասում մի մարդուց, որը ողջ կյանքը եկեղեցում է անցկացրել: Մի՞թե Աստվածաշնչում հիշատակվում է, թե Քրիստոսը ղեկավարում էր իր աշակերտների կարիերան: Ինչպես նաև ինչպե՞ս կարող է կուսակրոնություն ընդունած մարդը հակառակ սեռի հետ հարաբերությունների մասին խորհուրդներ տալ: Ընդ որում, այստեղ պետք է հաշվի առնել այն, որ Վրաց ուղղափառ եկեղեցին կոչ է անում երիտասարդ կանանց որքան հնարավոր է շատ երեխա ունենալ, սակայն սկզբում ամպայման պետք է ամուսնանալ:
Այն աղջիկը համառորեն պատասխանում էր. նա (քահանան) իմաստուն մարդ է, նա շատ խելացի է: Մի քանի անգամ կրկնեց դա և հեռացավ:
Իսկ մի քանի շաբաթ առաջ ես ու կինս գնացել էինք նրա ընկերների աղջկա մկրտությանը: Ծնողները որոշեցին աղջկան Նոյել անվանել:
Ցանկացած այլ երկրում դա հիանալի անուն կլիներ, իսկ Վրաստանում՝ առավել ևս, քանի որ ի վերջո երեխայի համար օրիգինալ անուն ընտրվեց: Անգամ Վրաստանում 7 տարի ապրելուց հետո ես շարունակում եմ զարմանալ, որ այստեղ բոլորն իրենց երեխաներին նույն անուններն են տալիս՝ չնկատելով, որ դրանով չեղարկում են իրենց երեխաների բացառիկությունը:
Այդ մկրտությանը քահանան տարեց մարդ էր՝ թռիչքուղու երկարությամբ մորուքով: Երբ նրան ներկայացրին Հիսուս Քրիստոսի սիրահարների վրացական ակումբի նոր թեկնածուին, նա հարցրեց, թե ինչ անուն են ընտրել աղջկա համար: Երբ պարզվեց, որ անունը վրացական չէ, իրավիճակը սրվեց:
Նա ծնողներին հաղորդեց, որ անունն իրեն դուր չի գալիս, և պահանջեց, որպեսզի նրանք ուրիշ անուն ընտրեն: Ծնողներն, ինչպես պարզվեց, նախատեսել էին այդ դժվարությունները և միանգամից Թինաթին անունն առաջարկեցին: Նրանք պայմանավորվեցին, որ տանն աղջկան այնուամենայնիվ իր իսկական անունով են կոչելու:
Դրանով կողմերը հաշտվեցին, և արարողությունը շարունակվեց:
Ես ցնցված և զայրացած էի մարդու մասնավոր կյանքին այդպիսի միջամտությամբ և ծնողներին հարցրի, թե ինչու նրանք ենթարկվեցին և անգամ չհակաճառեցին: Նրանք ուսերը թոթվեցին և բացատրեցին, որ սպասում էին դեպքերի նման զարգացման, և միևնույնն է, աղջկան տանը Նոյել են անվանելու:
Ես հասկացա, որ նրանք չէին ուզում սկանդալ սարքել այն բանից հետո, երբ հյուրեր էին կանչել, բոլորը եկել էին և այդքան ժամանակ ծախսել:
Սակայն այնուամենայնիվ ես համարում եմ, որ մարդիկ պետք է պաշտպանեն իրենց սկզբունքները: Եվ եթե անգամ այդպիսի լիբերալ տրամադրված վրացիներն, ինչպիսիք են Նոյելի ծնողները, դա չանեն, ապա ոչ ոք դա չի անի:
Երբ քահանան հրաժարվում է մկրտել երեխային, որովհետև, ըստ նրա, «սխալ անուն» է ընտրվել, այդ պահին կրոնը պաշտամունքի է վերածվում:
Շատերն ինձ լրիվ իրավունք ունեն երեսպաշտ անվանելու, քանի որ իմ սեփական հարսանիքին քահանան, կնոջս նայելով, փնթփնթաց. «Ինչո՞ւ են մեր բոլոր գեղեցիկ աղջիկներն ամուսնանում արտասահմանցիների հետ»:
Սակայն ես ի պաշտպանություն ինձ ասեմ, որ կինս ինձ այդ խոսքերը փոխանցեց շատ ավելի ուշ: Սակայն ես էլ այն ժամանակ կցանկանայի, որպեսզի Ֆրանսիայից և Անգլիայից եկած իմ ընկերներն ու հարազատներն այնուամենայնիվ հաճույք ստանային այդ անսովոր արարողությունից:
Մենք՝ բոլոր Վրաստանում ապրողներս, գիտենք, թե ինչպես են հասարակությանը վրդովում այն փաստերը, որ պետական կառույցները գաղտնալսում են մեր հեռախոսները, կարդում մեր նամակագրությունը, և բողոքում են դրա դեմ:
Սակայն որոշակի հակասություն կա նրանում, որ Վրաստանում ոչ ոք, նույնիսկ ամենալիբերալ տրամադրված անձինք և անգամ ես նույն բանը չեն պահանջում եկեղեցուց. որպեսզի այն դադարի միջամտել իրենց անձնական կյանքին:
Թիմ Օգդեն, բրիտանացի լրագրող, որն ապրում և աշխատում է Թբիլիսիում