Եկեղեցական նոր պառակտո՞ւմ
Հունիսի 20-ին հունական Կրետե կղզում իր աշխատանքն է սկսել Համաուղղափառ ժողովը: Չնայած՝ ժողովը, որի նախապատրաստական աշխատանքները տևել են գրեթե մեկ դար, կարող է ոչ միայն միավորել ուղղափառ աշխարհն, այլ նաև պառակտման հիմք հանդիսանալ:
Պատճառը որոշ եկեղեցիների դիրքորոշումն է, որոնք հրաժարվել են մասնակցել ժողովին: Դրանց շարքում է նաև Վրացական ուղղափառ եկեղեցին: Ինչո՞ւ են ուղղափառները հավաքվել Կրետեում: Ի՞նչ նպատակ է հետապնդում ժողովը, ի՞նչն է դարձել պառակտման պատճառ: Այս բոլոր հարցերին պատասխանում է աստվածաբան Զուրաբ Ջաշին:
Ի՞նչ է պետք հասկանալ՝ Կրետեի ժողով ասելով, ի՞նչ է քննարկվում հանդիպմանը:
Ժողովի նպատակը աշխարհի բոլոր ուղղափառ եկեղեցիների դիրքորոշումները միավորելն է առկա մարտահրավերների պայմաններում: 20-րդ դարից սկսած, այն բանից հետո, երբ աշխարհը սկսեց կտրուկ փոխվել, ուղղափառ եկեղեցին սկսեց այդ փոփոխությունների հետ կապված հարցերի պատասխաններ փնտրել:
Ժողովին քննարկվող ամենագլխավոր փաստաթղթերից մեկը կոչվում է «Ուղղափառ եկեղեցու առաքելությունը ժամանակակից աշխարհում»: Դրանում նշվում է, որ «եկեղեցին ոչ մի դարաշրջանում անտարբեր չի եղել մարդու հանդեպ՝ ընդունելով նրա հոգսերն ու առկա խնդիրները…»: Փաստաթուղթն ընդգծում է անձի ինքնասիրության, նրա ազատության և բարոյական պատասխանատվության կարևորությունը, ուղղափառ եկեղեցու առաքելությունը դիտարկում է որպես խաղաղության և սիրո սպասավորի, հետևաբար, պատերազմներին, անարդարությանը, ցանկացած խտրականությանը դիմակայող: Այդ փաստաթղթի ընդունումը կնպաստի այն կարծրատիպերի վերացմանը, համաձայն որոնց, կրոնը, հատկապես այնպիսի ավանդական քրիստոնեական դավանանքն, ինչպիսին է ուղղափառությունը, ֆանատիզմ է ծնում, այլ կրոնների և բարոյական համոզմունքների ներկայացուցիչների հանդեպ ատելություն առաջացնում: Այդ փաստաթուղթն իրականում ընդլայնում է բարձր հումանիստական արժեքնների սահմանները և խորացնում հոգևորությունը: Այս սկզբունքն է դրված անցկացվող ժողովի այլ գործնական հարցերի հիմքում: Օրինակ, այնպիսի հարցի, ինչպիսին է այլ քրիստոնեական եկեղեցիների ճանաչումը, չնայած որ մինչ օրս նրանց հետ հարաբերություններում հովվական դոգմատիկ հակասություններ կան: Նույնպես կարևոր է այլ քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների հետ ուղղափառի ամուսնությունն օրհնելու հարցը:
Ինչո՞ւ Վրաստանը չի մասնակցում ժողովին: Կա՞ն այլ հրաժարվածներ:
Վրաստանից ու Ռուսաստանից բացի ժողովին տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել Անտիոքի և Բուլղարիայի եկեղեցիները: Մասնավորապես, Անտիոքի եկեղեցին մտահոգ է Քաթարի տարածքում իրավասության տարածման հարցով Երուսաղեմի եկեղեցու հետ դատական գործընթացով: Իսկ Բուլղարական եկեղեցին խնդրում է ժողովին չքննարկել որոշ եկեղեցական կանոնական հարցեր, որոնք վերաբերում են եկեղեցու ծիսական և բարոյական պրակտիկային:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նա հրաժարվել է մասնակցությունից՝ առանձնահատուկ խիստ բողոք հայտնելով: Այդ որոշումն անսպասելիորեն ընդունվեց մի քանի օր առաջ սինոդի նիստում:
Վրաստանի պատրիարքարանի բացասական վերաբերմունքը ժողովին պայմանավորված է որոշ դոգմատիկ հարցերով: Օրինակ, սինոդը դեմ է արտահայտվում ոչ ուղղափառ եկեղեցիների մասին պաշտոնական հիշատակմանը: Սակայն այդ հարցը քննարկվելու է ժողովին: Սինոդի դիրքորոշումն այն է, որ միայն ուղղափառ եկեղեցին է հիշատակվում որպես դավանանքի խորհրդանիշ: Դրանից ելնելով՝ սինոդը կարծում է, որ ուղղափառների ու ոչ ուղղափառ քրիստոնյաների ամուսնությունն անընդունելի է:
Բացի այդ, սինոդն իր դժգոհությունն է հայտնում «Կոստանդնուպոլսի եկեղեցական դիպտիխի» վերաբերյալ, համաձայն որի, Վրացական ուղղափառ եկեղեցին պատմականորեն իրեն հարիր «հարգված» տեղը չի զբաղեցնում ուղղափառ եկեղեցիների ցուցակում:
Կրետեի ժողովին չի մասնակցում նաև Ռուս ուղղափառ եկեղեցին, որը համերաշխություն է հայտնել ժողովին որոշակի հավակնություններ հայտնած այլ ուղղափառ եկեղեցիներին:
Արդյո՞ք Վրացական ուղղափառ եկեղեցու բոյկոտի վրա ազդեցություն է ունեցել Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը:
Իհարկե, և դա զգացվում է ոչ միայն ժողովի հետ կապված: Ազդեցությունը զգացվում է ժամանակակից վրացական եկեղեցու քաղաքականությունում, գլխավոր գաղափարախոսության մեծ մասի վրա: Հենց Ռուսաստանից է գալիս հակաարևմտյան պրոպագանդիստական գրականությունը: Այդպիսի ընդհանուր տրամադրվածությունից զատ վրացական և ռուսական եկեղեցիները պահանջում են, որ ժողովի բոլոր որոշումներն ընդունվեն ամբողջական համաձայնության հիման վրա, ինչն իրականում անհնար է դարձնում ցանկացած որոշման ընդունումը և կաթվածահար է անում ժողովի գործունեությունը:
Ի՞նչ հետևանքներ կունենա Վրացական եկեղեցու համար ժողովին չմասնակցելը:
Ցավոք, ժողովին մասնակցելուց հրաժարվելով՝ մենք ևս մեկ քայլ արեցինք դեպի ինտելեկտուալ և բարոյական խավարամտություն: Վրաստանում հիմա իրավիճակն այնքան էլ բարեհաջող չէ կրոնական հանդուրժողականության տեսանկյունից: Գլխավոր պատճառն այն է, որ եկեղեցում հագևորականներն ու աշխարհիկները հնարավորություն չունեն ուղղափառ եկեղեցու ավանդույթների և աստվածաբանության ոլորտում տարրական կրթություն ստանալու: Առկա հոգևոր ուսումնական հաստատությունները չունեն բավարար ինտելեկտուալ ռեսուրսներ:
Մեծ վնաս է հասցնում եկեղեցում տիրող ավտորիտար բնույթի կառավարումը: Ըստ հիերարխիայի վերադասին չենթարկվելը մեղք և եկեղեցու հանդեպ թշնամանք է համարվում: Քահանաները, առավել ևս բարձր դիրք ունեցող հոգևորականները գրեթե երբեք չեն սխալվում. այսպիսին է ներկայումս տիրող մտածելակերպը, որը պայմանավորված է դարավոր ուղղափառ ինտելեկտուալ ավանդույթների էությամբ: Ելնելով այդ փաստից՝ հիերարխիկ համակարգում տրամաբանորեն անցանկալի է աստվածաբանական կրթության ներդրումը եկեղեցում, որը եկեղեցում կսահմանի հավատքի և բարյոկանության չափանիշներ, հետևաբար նաև՝ հիերարխների հայացքներն ու գործողությունները թելադրված կլինեին հավատացյալների քննադատական վերաբերմունքով:
Հենց այսպիսի տրամաբանությամբ են ղեկավարվում մեր հոգևորականները, երբ անընդհատ ուշադրություն են սևեռում աշխարհում Վրացական եկեղեցու առանձնահատուկ հոգևոր առաքելության վրա և ոչ մի հնարավորություն չեն տեսնում մնացած ուղղափառ աշխարհի, ինչպես նաև քրիստոնեական ոչ ուղղափառ այլ եկեղեցիների հետ բաց ու թափանցիկ հարաբերությունների զարգացման համար:
Որքան քիչ են այլ եկեղեցիների կյանքն ու աշխարհահայացքը ճանաչելու հավատացյալների հնարավորությունները, այդքան քիչ նրանք սեփական եկեղեցում տիրող իրավիճակին քննադատական գնահատական տալու ունակություն կունենան, և այն ավելի շատ կախված կլինի հոգևորականների կամքից:
Ինչո՞ւ է ժողովն անցկացվում հենց Կրետեում:
Ի սկզբանե ժողովը ծրագրվում էր Ստամբուլում անցկացնել՝ Սուրբ Իրինայի եկեղեցում, որտեղ չորրորդ դարի վերջում կայացել է երկրորդ Տիեզերական ժողովը: Սակայն ավելի ուշ Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի խնդրանքով այդ որոշումը փոխվել է: Պատճառը քաղաքական բնույթ էր կրում. Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները զգալիորեն վատացել են: Այլ պատճառների շարքում էին անվտանգության խնդիրները, որոնք վերջերս Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի հետ են կապված:
Ուղղափառ աշխարհում գլխավորը Կոստանդնուպոլսի պատրիա՞րքն է համարվում:
Կոստանդնուպոլսի պատրիարքը հավասարների մեջ առաջին տեղն է զբաղեցնում: Ի տարբերություն Հռոմի պապի, նա չի կարող միանձնյա որոշումներ կայացնել, որոնք պարտադիր են բոլոր մնացած եկեղեցիների համար: Ավելին, ուղղափառության կանոնների համաձայն, նա, ինչպես և այլ եկեղեցիների ղեկավարները, հենց Պոլսի եկեղեցին է գլխավորում միայն տեղի այլ եպիսկոպոսների ժողովի համաձայնությամբ: Մի խոսքով, ուղղափառ եկեղեցիներում կառավարումն իրականացվում է եպիսկոպոսական սկզբունքով, որը ենթադրում է սովորական հավատացյալների մասնակցություն:
Քրիստոնեական այլ ուղղությունների ներկայացուցիչներ կարո՞ղ են մասնակցել ժողովին:
Այլ ուղղությունների ներկայացուցիչները մասնակցում են միայն դիտորդի կարգավիճակով: Այսօր հայտնի է, որ Հռոմի պապը ժողովին է ուղարկելու իր ներկայացուցչին:
Ե՞րբ է վերջին անգամ նման ժողով անցկացվել և ինչ որոշումներ են այնտեղ կայացվել:
Պաշտոնապես նման կարգավիճակով ժողով չի անցկացվել: Եկեղեցու պատմության առաջին հազարամյակի ընթացքում պարբերաբար քրիստոնեական հանդիպումներ են անցկացվել Տիեզերական ժողովների կարգավիճակով: Այս ժողովին տիեզերականի կարգավիճակ չի շնորհվել: Բացի այդ, տիեզերական ժողովների ընթացքում քննարկվում էին հովվական դոգմատիկ բնույթի հարցեր, հերքվում էին տարբեր կրոնական մոլորություններ: Օրինակ, վերջին այդպիսի ժողովի ընթացքում, որը կայացել է 787թ-ին Կոստանդնուպոլսում, աստվածաբանության մեջ սրբապատկերները հաստատվել են որպես աստծո հետ հավատացյալի հնարավոր կապ: Այս որոշումանը նախորդել է որոշ բյուզանդական կայսրերի կառավարման ժամանակաշրջանում սրբապատկերների հանդեպ սուր բացասական վերաբերմունքը:
Հրապարակվել է 20.06.2016