«Դեմենցիան հնարավոր է կանխարգելել»․ նոր ծրագիր Հայաստանում
Դեմենցիայի կանխարգելման ծրագիր ՀՀ-ում
Հայաստանի առողջապահության նախարարությունը հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ մշակել է դեմենցիայի՝ ծերունական թուլամտության կանխարգելման ազգային պլան ու գործողությունների ծրագիր։
Ըստ ԱՀԿ-ի սահմանման, «դեմենցիա տերմինը նկարագրում է մի քանի հիվանդություններ, որոնք բացասաբար են ազդում հիշողության, մտածողության և առօրյա գործունեությամբ զբաղվելու ունակության վրա»։ Դեմենցիան զարգանում է հիմնականում տարեցների մոտ: Բայց ոչ բոլոր մարդկանց մոտ է տարիքի հետ դեմենցիա առաջանում:
Ի՞նչ է արվում դրա շրջանակում։ Պատմում են կազմակերպիչներն ու մասնակիցները։
- ՀՀ-ն անցնում է էլեկտրոնային դեղատոմսերի. ինքաբուժության դեմ նախագծի ընթացքը
- Անձնական օգնականի ծառայություն հաշմանդամություն ունեցող անձանց. ծրագրի բացթողումները
- Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 14,1%-ով
«Մարզումները ոչ միայն հաճելի են, այլև օգտակար»
Երևանի դպրոցներից մեկում մի խումբ կանայք ֆիզիկական վարժություններ են կատարում, լսելով մարզչի տարբեր հրահանգները։ Սկզբից հենվում են դիմացի աթոռներին, ձեռքերով ձգվում դեպի վեր, հետո փորձում որոշակի ժամանակ պահել հավասարակշռությունը։ Ոչ բոլորին է դա հաջողվում, բայց մարզիչը քաջալերում է և առաջարկում անցնել հաջորդ վարժությանը։
«Մի տեսակ թեթևություն եմ զգում, ոչ միայն հաճելի է, այլև օգտակար։ Մեր կյանքը մի տեսակ փոխվել է։ Տանն էլ եմ այս վարժությունները կրկնում։ Ողնաշարիս հետ կապված խնդիրներ ունեմ, խորհրդակցեցի, ասեցին՝ չես վնասի։ Ու իսկապես հիմա ավելի լավ եմ։ Ես ակտիվ եմ դարձել, այս ամենն ինձ ուժ և վստահություն է տալիս»,— ասում է մասնագիտությամբ տնտեսագետ, երկար տարիներ քաղաքաշինության և էներգետիկայի նախարարությունում աշխատած Շողիկ Մուրադյանը։
70-ամյա կինն արդեն չորս ամիս է՝ շաբաթական երկու անգամ այցելում է ֆիզիկական ակտիվության և սոցիալիզացիայի խմբակ։ Այն գործում է առողջապահության նախարարության և մի շարք հասարակական կազմակերպությունների ուժերի համախմբան արդյունքում։
ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանն ասում է՝ տարբեր ծրագրերի շրջանակում փորձում են տարեցների համար բարեկեցության և որակյալ կյանքի նոր հնարավորություններ ստեղծել։ Նախորդ տարվանից փորձարարական ծրագիր են իրականացրել Երևանի 60 դպրոցներում։
«Ֆիզիկական ակտիվության խմբակ ավագ սերնդի համար» խորագրով նախաձեռնության հիման վրա 2024-ի ապրիլից մայրաքաղաքի տասը դպրոցներում շաբաթական երկու անգամ անվճար գործում են ֆիզիկական ակտիվության խմբակները, իսկ չորս դպրոցներում` հիշողության խթանման։
Քրիստինե Գալստյանի խոսքով՝ դպրոցների հետ համագործակցումը պատահական չէ։ Հաշվի են առել հասարակության կարծրատիպերը, միջսերնդային կապի խթանումը․
«Շահառուների թիվը խմբերում 25-30 է։ Կենսաթոշակի տարիքում տարեցներն անցում են կատարում պասիվ ապրելակերպի, ինչն էլ պատճառ է դառնում քրոնիկ հիվանդությունների և դեպրեսիայի արագ տեմպերով զարգանալուն։ Ծրագիրն ամբողջովին ուղղված է դեմենցիայի կանխարգելմանը և իրականացվում է դեմենցիայի ազգային պլանի ներքո։ Դրա մի կետով նախատեսվում է երկրում ստեղծել ենթակառուցվածքներ, որպեսզի մարդիկ կարողանան պահպանել իրենց կոգնիտիվ կարողությունները։
Եթե մենք չունենանք հիշողության զարգացման խմբակ, մարդիկ ո՞ւր գնան և ինչպե՞ս վարժեն իրենց հիշողությունը։ Ամեն օրվա հետ հիշողությունը հետզհետե կորում է, և առաջ են գալիս դեմենցիայի տարբեր ախտանիշներ։ Հաջորդը` ֆիզիկական ակտիվությունն է։ Թվում է, թե այն ուղղված է մկաններին։ Բայց գիտականորեն ապացուցված է, որ ֆիզիկական ակտիվությունը խթանում է ուղեղի գործունեությունը»։
Ալցհայմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված տեսակն է
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանն ասում է՝ այն պահից սկսած, երբ ուղեղը սկսում է վատ աշխատել, փոխվում է մարդու վարքը։ Սակայն Հայաստանում մասնագետին դիմում եմ միայն այն դեպքում, երբ տարեցի մոտ սկսվում են հոգեական առողջության խնդիրներ։
«Դառնում են կասկածամիտ, փախչում են տանից, այդ ժամանակ ասում են. «Վայ, պապան լավ չի»։ Բայց պապան մինչև այդ կետին հասնելն արդեն վատ է եղել։ Առնվազն յոթ տարի։ Եվ դա խնդիր է, որը հնարավոր էր հայտնաբերել առնվազն 10 տարի առաջ։ Ալցհայմերի հիվանդությունը դեմենցիայի տեսակներից մեկն է և ամենատարածվածը։ Այն պատճառ է հանդիսանում տարեց մարդկանց մոտ դեմենցիայի դեպքերի 60-ից 80%-ի համար: Այն դրսևորվում է հատկապես հիշողության կորստով։ Մարդիկ հիշում են հին պատմությունները, բայց չեն հիշում իրենց երեկվա օրը»,— պարզաբանում է նա։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպությունը 2022 թ․-ին անցկացրել է «Առողջ ուղեղի հայկական ծրագիր»։ Այն իրականացվել է «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի աջակցությամբ։ Հայաստանի քառասունից բարձր մոտ 4000 բնակիչների շրջանում անցկացվել է այսպես կոչված մոնրեալյան կոգնիտիվ թեստը։ Այն հնարավորություն է տալիս որոշել մարդու տարածական կողմնորոշումը, կարճաժամկետ հիշողությունը, տեսողական հմտությունները, լսելու կարողությունները, բառապաշարը։
Թեստի արդյունքներով՝ մասնակիցների 35,7%-ի մոտ հայտնաբերվել են այս կամ այն տեսակի կոգնիտիվ ֆունկցիայի խանգարումներ։ Փորձագետները սա մեծ թիվ են համարում՝ հաշվի առնելով, որ բնակչության 27-30%-ը տարեցներ են։
«Մարդը որքան էլ խաչբառ լուծի, սերիալներ նայի, դա չի օգնի իրեն։ Մեր երկրում պրոբլեմը նրանում է, որ մեր տարեցներն իրենց համար ապրել չգիտեն, շատ հոգսաշատ են։ Տեսնում ենք՝ դրսի տարեցները՝ ձեռնափայտով, տարիքը խոչնդոտ չհամարելով, ճամփորդում են աշխարհով մեկ։ Իսկ մերոնք բժշկի չեն գնում։ Փոխարենը տան գործերն են անում, պահածոներ պատրաստում, տուն մաքրում։ Բայց մարդը նաև իր համար պետք է ապրի։ Այս ծրագիրը միտված է այդ մշակույթը փոխելուն։
Մարդիկ մտածում են, որ եթե մեկը մեծացավ, պարտադիր պետք է դեմենցիա ունենա։ Դա պարտադիր պայման չէ։ Մարդիկ պետք է ֆիզիկապես և մտքով առողջ լինեն կյանքից հեռանալուց»,— ասում է Օֆելյա Կամավոսյանը։
Ծերացող հասարակություն
Ըստ Սոցիալական աջակցության մասին օրենքի՝ Հայաստանում տարեց են համարվում 65 տարեկանը լրացած անձիք։ Համաձայն 2022-ին անցկացված մարդահամարի արդյունքների՝ Հայաստանի 2.689.438 բնակիչներից 460.165-ը 65-ից բարձր տարիքի են․
65-69 տարեկան են 175.286-ը,
70-74՝ 129.318-ը,
75-79՝ 61.567-ը,
80-84՝ 61.398-ը,
85 և ավելի՝ 32.596-ը։
Հայաստանի տարեցները կազմում են բնակչության 12 տոկոսից ավելին։ ՄԱԿ-ի չափորոշիչներով՝ բնակչությունը համարվում է ծերացող, եթե տարեցների թիվը գերազանցում է 7 տոկոսը։
Պահպանել տարեցների հիշողությունը
Տարեցների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակներում ֆիզիկական ու մտավոր վարժանքների հետ անցկացվում են քննարկումներ առողջ սննդակարգի, ճիշտ շնչառության, տարածված հիվանդությունների կանխարգելման մասին։
«Ֆիզիկական ակտիվության խմբակ ավագ սերնդի համար» ծրագրի ղեկավար, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ֆիզիկական կրթվածության դասախոս Սվետլանա Սարգսյանը նշում է՝ պետք է առողջ հասարակություն ունենալ, ոչ թե բուժել, այլ կանխարգելել հիվանդությունները․
«Խնդիրը նրանում է, որ շաքարի օգտագործումը մեր կյանքում վերջին մի քանի տասնամյակում կտրուկ աճել է։ Դեմենցիայի վրա շատ է ազդում շաքարի ավելցուկը։ Շատ շաքարը օրգանիզմում չի հասցնում մարսվել, չի սնուցում ուղեղը։ Մեր հիպոֆիզ և էպիֆիզ գեղձերը ահավոր ազդվում են շաքարի ավելցուկից։ Ավելցուկը բերում է կալցիֆիկացման։
Մեր տարեցները ընդամենը տասը տարի առաջ հիսուն տարեկան էին։ Դա այն սերունդն է, որը տեսել է սովետի փլուզումը, հասարակության տրանսֆորմացիա, պատերազմ, երկարաշարժ, միգրացիա, դարձյալ պատերազմներ, անդադար սթրեսներ։ Այս բոլորը նպաստաբեր պայմաններ է ապահովում հիվանդության զարգացման համար»։
Ֆիզիկական վարժություններն օգնում են հիշողության լավացմանը
Ֆիզիկական ակտիվության խմբակում մարզիչները աշխատում են տարեցների հետ տարբեր վարժություններ կատարել։ Մարզիչներից՝ Անահիտ Մուշեղյանը պատմում է, որ սկզբում դիմադրություն կար, բայց աստիճանաբար սկսեցին բացվել․
«Ծրագիրը կազմել ենք կինեզիոլոգիայի սկզբունքներից ելնելով [գիտություն ուղեղի զարգացման մասին մկանային շարժման շնորհիվ և միջոցով]։ Քայլի, շնչառության, ուսերի, հոդերի շարժունակության լավացմանն ուղղված պարզ, ընկալելի վարժություններն են։ Դրանք կարելի է կատարել անկախ նրանից, թե ինչ առողջական խնդիրներ ունեն։ Շաբաթական երկու օր են մեր հանդիպումները։ Արդեն զգում եմ, որ սկսել են ճանաչել իրենց մարմինը, կարողանալ մարմինը հարմարեցնել, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը։ Սկզբում չէին կարողանում։ Ֆիզիկական վարժությունների կրկնությունը օգնում է նաև հիշողության լավացմանը»։
Մասնագիտությամբ ինժեներ, 72 -ամյա Հեղինե Սաֆարյանը ծրագրին մասնակցում է անցյալ տարվանից, երբ այն փորձարարական էր։
«Կարծես ներքին պահանջ լիներ։ Ես գնում էի մեր համայնքի բոլոր դպրոցները, որտեղ խմբերը բացվել էին։ Սրտանց ուզում էի, որ անպայման շարունակվի ծրագիրը։ Մարմինը պետք է շարժվի, դա պահանջ է։ Եթե մարդը նստի, նստած էլ կմնա։ Մենք պետք է ստեղծենք մեր օրը։ Տանը քիչ ենք շարժվում։ Այստեղ հավաքվում ենք, շարժվում, շփվում, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Շնորհակալ եմ, որ մտածել են մեր`տարեցներիս մասին»,— ասում է նա։
Ծրագրի նկատմամբ մոտեցումը տարբեր է
Նոր ձևավորվող մշակույթը հասարակությունում տարբեր կերպ է ընդունվում։
«Պարզվում է, որ շատերին ընտանիքն է ստիպում գալ, որովհետև հասկանում են այս միջոցառումների կարևորությունը։ Ուզում են, որ իրենց տարեցը ուրախ, առողջ լինի։ Մինչդեռ ունենք մյուս ծայրահեղությունը, երբ ընտանիքի անդամներն արգելում են՝ ասելով, թե իրենց խայտառակ է անում։ Ստացվում է՝ կա հնարավորություն, սակայն մշակույթը սահմանափակում է։ Սա մարտահրավեր է»,- ասում է Հանրային առողջության գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը։
Ծրագրի ֆիզիկական մասի ղեկավար Սվետլանա Սարգսյանն էլ նշում է, որ մեծահասկաներն ունեն հիշողություն, կյանքի հմտության փորձ և այն փոխանցելու ունակություն․
«Մենք պետք է փայփայենք նրանց հիշողությունը, նրանց ուղեղի աշխատանքը։ Առանց այն էլ նրանց ուսերն այնքան ծանրացած են։ Այս ծրագիրը օգնում է վերագտնել ինքնավստահությունը։ Օրինակ, տղան Եվրոպայում է, աղջիկն ամուսնացել է, մնացել է միայնակ։ Ասենք՝ տարվա մեջ մեկ անգամ գնաց տղայի մոտ ու եկավ։ Հետո՞։ Հիմա սկսել է մասնակցել այս ծրագրին՝ անցկացնելով օրը ավելի քիչ ֆեյսբուք մտնելով, վատ լուրեր ու քոմենթներ կարդալով։ Քայլում է, նիհարել է, սոցիալիզացվում է։
Մի պապիկ ունեմ, որը Ավանից գալիս է Նուբարաշեն։ Երկու ժամ է ծախսում, բայց գալիս է։ Արդյունքները երեք ամսում երևացին։ Ասում է․ «Գիտես, գլխապտույտի դեղ էի խմում, այևս չեմ խմում»։ Փորձում են մարզումներով իրենց պահել»։
Ծրագրի հեղինակները համարում են, որ պետք է տարեցների նկատմամբ վերաբերմունքը փոխվի, նրանց պետք է արժևորել, թույլ չտալ մեկուսանալ, շարժունակությունը կորցնել։ Նրանցից ամեն մեկն իրեն պետք է շարունակի կարևոր և պիտանի զգալ։
«Երբ լույսը բացվում է, մենք արդեն գիտենք թե այդ օրն ինչ ենք անելու։ Իսկ դա նշանակում է նպատակ, մոտիվացիա։ Թե չէ․․․ Գիտեք, «պառավությունը» լավ բան չէ»,— ծիծաղելով ասում է մասնակիցներից Շողիկ Մուրադյանը։
Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ հնարավոր է, որ ապագայում այն իրականացվի Երևանից դուրս, մարզերում, նաև խմբերում ներգրավելով տղամարդկանց։
«Դեռևս միայն կանայք են, բայց պետք է թիրախավորենք տղամարդկանց էլ։ Չեն գալիս, բայց կարծում եմ աստիճանաբար կներգրավվեն։ Եթե մի քանիսը գան, մարդիկ կբացվեն։ Նույնը կանանց մոտ էր, աստիճանաբար բացվեցին»,— ասում է Քրիստինե Գալստյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Դեմենցիայի կանխարգելման ծրագիր ՀՀ-ում