Դատարանն ադրբեջանցի կալանավորված լրագրող Աֆղան Մուխտարլիին թույլ չի տվել մասնակցել հարազատների թաղմանը
Կիսվել
Կիսվել
Կալանքի տակ գտնվող հայտնի ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլին չի կարողացել ներկա գտնվել հարազատների թաղմանը: Հունվարի 5-ին դատարանը մերժել է ժամանակավորապես ազատ արձակել նրան:
2017թ-ի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի հյուսիս-արևելքում գտնվող Զագաթալա քաղաքում հայտնաբերվել են Աֆղան Մուխտարլիի քրոջ և քրոջ երկու երեխաների մարմինները: Ընտանիքի անդամների խոսքով՝ դժբախտությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ գիշերը քամին հանգցրել է գազային վառարանի կրակը:
Լրագրող Աֆղան Մուխտարլին, որը պաշտպանության նախարարությունում չարաշահումների և Վրաստանում Ալիևների ընտանիքի բիզնեսի մասին մի քանի սկանդալային հոդվածների հեղինակ է, անհետացել էր Թբիլիսիում 2017թ-ի մայիսի 30-ին: Մեկ օր անց նա կալանավորվել էր Բաքվում: Նա մեղադրվում է սահմանի խախտման, մաքսանենգության և սահմանապահին դիմադրելու համար: Մուխտարլին պնդում է, որ առևանգվել է Վրաստանում Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից և հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:
Մուխտարլիի փաստաբան Նեմաթ Քերիմլին Կավկազսկի ուզելի լգարգրողներին ասել է.
“Դեկտեմբերի 31-ին ողբերգական մահով մահացել են Աֆղան Մուխտարլիի մոտ ազգականները, և մենք խնդրել էինք խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով, որպեսզի նա կարողանա հանդիպել հարազատների հետ, մասնակցել թաղմանը: Բացի այդ, կալանքը երկարաձգելու պահից կալանքի տակ պահելը հիմնավորող հանգամանքները փոխվել են, և նա արդեն հիպոթետիկ կերպով չի կարող ճնշում գործադրել վկաների վրա: Դատաքննությունն ավարտին է մոտենում, և մինչև դատավճռի հրապարակումը Մուխտարլին կարող էր տնային կալանքի տակ մնալ»:
Քերիմլիի խոսքով՝ դեկտեմբերի 31-ին նա իր գործընկեր Էլչին Սադիղովի հետ միասին դիմել է նաև օմբուդսմենին, Քրեակատարողական ծառայությանը, որպեսզի Մուխտարլիին թույլ տան ներկա գտնվելու հարազատների թաղմանը, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:
“Այո, օրենսդրությունում ուղղակի նորմ չկա, որը քննության ենթակա անձի համար արձակուրդ է նախատեսում մոտ հարազատների թաղմանը ներկա գտնվելու համար: Դա նախատեսված է Պատժի իրականացման կոդեքսով: Այսպես, արդեն պատիժ կրող անձանց համար 7-օրյա արձակուրդ է նախատեսվում մոտ հարազատների մահվան կապակցությամբ: Քննչական մեկուսարանում մեզ բանավոր ասացին, որ այդ նորմը չի տարածվում նրանց վրա, ում հանդեպ դեռևս օրինական կերպով ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Սակայն օրենսդրությունում կալանքի տակ գտնվող անձի կարճաժամկետ ազատ արձակման ուղղակի արգելք էլ չկա”, — մանրամասնեց փաստաբանը: