«Դատական վճիռը կարող է օգնել Արցախի ճանաչմանը»․ Արա Ղազարյանը՝ Հաագա ներկայացված հայցի մասին
Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի սկսված դատական գործընթացը տարիներ կարող է ձգվել, բայց եթե հաջողվի ստանալ բարենպաստ վճիռ, պատմական փաստաթուղթ է լինելու։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքն է՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Արցախի ճանաչման հիմնական խոչընդոտն այսօր Ադրբեջանի ռասիստական քաղաքականությունն է։ Ասում է՝ եթե դատարանի վճռով հաստատվի, որ Ադրբեջանը վտանգում է արցախցու գոյությունը, կնշանակի, որ խնդրի միակ՝ քաղաքական լուծումն Արցախի անկախության ճանաչումն է։
Հայաստանը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել միջազգային ամենահեղինակավոր ատյան՝ Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի խախտումների համար, ինչպես նաև կիրառել նախնական միջոց՝ «ելնելով ծայրաստիճան հրատապությունից»։
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ JAMnews-ի զրույցը․
— Հայցադիմումը ներկայացնելուն ի՞նչ գործընթացներ են հաջորդելու։
— Հայցադիմումը ներկայացվում է պատասխանող պետությանը։ Տրամադրվում է ժամկետ փաստարկներ ներկայացնելու համար։
Հետո կողմերը մի քանի անգամ կփոխանակվեն գրավոր պնդումներով։ Հիմնականում գրավոր ընթացակարգ է, բայց չեմ բացառում, որ նաև բանավոր լսումներ լինեն։
— Ի՞նչ ժամկետում է դիտարկվելու հայցը, ինչպես նաև նախնական միջոց կիրառելու պահանջը։
— Այս գործը տարիներ կտևի, ելնելով մյուս նմանատիպ գործերից՝ մոտ 10-15 տարի։ Նույնն էլ անհապաղ միջոցը, թեև վերջինը կարող է շուտ բավարարվել՝ ամիսների ընթացքում։
Իմ կարծիքով՝ երկար ժամանակ կպահանջվի․ հայցը բավականին լայն է, ներկայացված խնդիրների վերաբերյալ կայուն, հաստատված մոտեցումներ դատարանը չունի։ Սա ռասիզմի այնպիսի դրսևորում է, որը տեղի է ունեցել պատերազմական հանցագործություններին զուգահեռ։ Սրանով այս գործը մի փոքր տարբերվում է մյուս գործերից։
— Ի՞նչ պատասխանատվության կարող է ենթարկվել Ադրբեջանը։
— Դատարանը ակտ է սահմանում, արձանագրում է խախտումը, ոչ ավելին։ Հաշվի առնելով, թե որ դատարանն է դա իրականացնում, շատ լուրջ իրավական փաստաթուղթ է լինելու։ Պատմական փաստաթուղթ կլինի, եթե մեզ հաջողվի ստանալ բարենպաստ դատական ակտ։
— Եթե հաստատվի իրավախախտումների առկայությունը, ի՞նչ տեսակ փոխհատուցման մասին կարող է խոսք գնալ՝ ֆինանսակա՞ն, թե՞ օրինակ՝ պատժամիջոցներ են կիրառվելու Ադրբեջանի նկատմամբ։
— Դատարանը պատժամիջոց չի կիրառում, Անվտանգության խորհուրդն է կիրառում, բայց չմոռանանք, որ այս դատարանը ստեղծվել է ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, դատավորներն էլ ընտրվում են Անվտանգության խորհրդի կողմից, այսինքն՝ ՄԱԿ-ի բոլոր մարմինները հաշվի կնստեն այս դատարանի որոշման, ինչպես նաև իրավական դիրքորոշումների հետ։
Հատուցման պահանջ վարույթի հետագա փուլերում է ներկայացվում, դա լինում է վճռի հրապարակումից հետո, եթե խախտումն արձանագրվում է։
Հիմա Հայաստանն ընդհանուր կարգով հատուցում է ուզում կատարած խախտումների համար, որոնք վերաբերում են մշակութային արժեքների, պաշտամունքի առարկաների ոչնչացմանը, ինչպես նաև անհատների ու ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններին և էթնիկ զտումներին։ Այլ հարց է, թե երբ և ինչպես կներկայացվի կոնկրետ հատուցման հարցը։
Ուստի նախ՝ դատական ակտով ճանաչվում է խախտումը, այնուհետև փոխհատուցման վերաբերյալ դատարանն առանձին ակտ է կայացնում։
— Ի՞նչ կտա Արդարադատության միջազգային դատարանի վճիռը ՀՀ-ին։
— Առաջին հերթին դա իրավական պաշտպանության միջոց է, ի վերջո շատ հեղինակավոր դատարանի կողմից ընդունված որոշում է լինելու։
Բացի այդ, զսպման լուրջ մեխանիզմ կարող է հանդիսանալ Ադրբեջանի սանձարձակ քաղաքականության համար։ Ցավոք, երկար պրոցես է լինելու, բայց արդյունքում Ադրբեջանը կհասկանա, որ ուժի տեսանկյունից խոսելը սխալ է, քանի որ իրավական առումով մենք կհայտնվենք հավասար հնարավորությունների դաշտում։
Իհարկե, Ադրբեջանը կփորձի ներկայացնել հայելանման իրավիճակ՝ իր տեսանկյունից խոսելով էթնիկ զտումների, խոշտանգումների ու բարձրացված մյուս բոլոր հարցերի մասին։ Ես դրանում վստահ եմ, որովհետև դա է եղել Ադրբեջանի ձեռագիրը իրավական դաշտում։
Տեսականորեն՝ դատական վճիռը կարող է օգնել նաև Արցախի ճանաչմանը, որովհետև հիմքում ընկած է այն փաստարկը, որ ռասիստական քաղաքականություն Ադրբերջանը վարել է հենց Արցախի հարցի հետ կապված, թեև պատմական փաստերը 1918-20 թթ․-ից՝ Նախիջևանով են սկսվում։
— Այսինքն այն, ինչ մնացել է ԼՂ-ից, ազգերի ինքնորոշման իրավունքի կոնտեքստում կարող է դիտարկվել և այդ վճիռը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ։ Ճի՞շտ եմ հասկանում։
— Ոչ միայն այն, ինչ մեզ մնացել է, այլև օկուպացված տարածքների հետ կապված խնդիրներ են բարձրացվում․ էթնիկ զտումները վերաբերում են այն բոլոր տարածքներին, որտեղ ապրել են հայեր, այդ թվում՝ Հադրութին, Շուշիին, Լեռնային Ղարաբաղի մյուս բնակավայրերին։
Հայցում պարզապես նշված է էթնիկ զտում։ Հետագայում արդեն կմասնավորեցվի՝ որ տարածքի, որ ժամանակահատվածի մասին է խոսքը։
Արցախի ճանաչման հիմնական խոչընդոտն այսօր Ադրբեջանի ռասիստական քաղաքականությունն է․ չի ճանաչում Արցախը զուտ նրա համար, որ այնտեղ ապրում են հայեր։ Եթե դատական ակտով սահմանվի, որ Ադրբեջանը վարում է ռասիստական քաղաքականություն բոլոր էթնիկ հայերի նկատմամբ, դրանով արդեն կբացատրվի, թե ինչն է պատճառը, որ արցախցին ուզում է անկախանալ։
Մեր իշխանությունները որդեգրել են «Անջատում հանուն փրկության» սկզբունքը։ Թեև միջազգային իրավունքում այն ճանաչված չէ որպես տեսական սկզբունք, բայց եթե հաստատվի, որ տվյալ պետության ներսում (Ադրբեջանում,- հեղ․) վտանգված է արցախցու գոյությունը, կնշանակի, որ խնդրի միակ՝ քաղաքական լուծումը Արցախի անկախության ճանաչումն է։
Այդ դատական ակտը կարող է նպաստել «Անջատում հանուն փրկության» սկզբունքի տարածմանը, ինչպես նաև կոնկրետ Արցախի դեպքում դրա կիրառմանը։
— Այս դատական գործընթացին զուգահեռ ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել իրավական դաշտում՝ հետագայում Արցախի ճանաչմանը հասնելու համար։
— Իրավական գործընթաց չկա։ Բոլոր գործընթացները պտտվում են մարդու իրավունքների սկզբունքների ներքո տարբեր ատյաններում։ Իսկ անկախության ճանաչումը քաղաքական գործընթաց է, ոչ թե իրավական։
Անկախության ընդունումն ինչ-որ տեղ իրավական է՝ հավաքների, խոսքի ազատութուն և այլն, բայց ճանաչումը «մաքուր» քաղաքական է և իրավական զուգահեռ գործընթացների հետ կապ չունի, ավելին՝ մեկը մյուսին կարող են խանգարել։
Այն, որ Հայաստանը մինչև հիմա չի ներկայացրել այս հայցը, որոշ վերլուծաբաններ պատճառաբանում են նրանով, որ Մինսկի խումբը ցանկալի չէր համարում դատական գործընթացների սկսումը միմյանց դեմ, որովհետև կարծում էր, որ դա կարող է խոչընդոտել խմբի աշխատանքները։
Պատերազմ եղավ, իրավիճակը փոխվեց։ Հիմա ծայրահեղ միջոցների է պետք դիմել, քանի որ անարդյունավետ է ապավինել քաղաքական այնպիսի գործընթացի, ինչպիսին Մինսկի խումբն է, դրա համար առաջին պլան է մղվում իրավական գործընթացը։