«Չհասցրեցինք պատրաստվել 5-րդ սերնդի պատերազմին»․ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը վերլուծել է իրավիճակը, որում հայտնվել էր երկրի ԶՈւ-ն արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ «Մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ», — հայտարարել է նա հայկական Մեդիամաքս պարբերականին տված հարցազրույցում։
Իր բացթողումների մասին խոսելիս նախկին նախարարը խոստովանել է «Թուրքիայի անմիջական և վարձկանների զանգվածային ներգրավման, մատակարարման ուղիների ամբողջական արգելափակման ռիսկերի թերի գնահատման» փաստը։
Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել նոյեմբերի 20-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից 10 օր անց։ Նրան փոխարինել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը 1999-2000 թթ-ին արդեն զբաղեցրել էր պաշտպանության նախարարի պաշտոնը։
Դավիթ Տոնոյանն իր՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» աղմկահարույց արտահայտության, պատերազմին պատրաստվածության և մարտական գործողությունների ընթացքում անձնական թերացումների մասին։
Իր հասցեին հնչող մեղադրանքների մասին
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությունն արձագանք էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին»։ Այսպես է մեկնաբանել պաշտպանության նախկին նախարարն այն մեղադրանքը, թե իր հայտարարությունը «ձգանի» դեր է խաղացել արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկի համար։
Այն հնչել է 2019 թ-ի մարտին՝ Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո։ Նախարարն այն ժամանակ պաշտոնական այցով ԱՄՆ-ում էր։
«Որպես պաշտպանության նախարար՝ ասում եմ, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով», — այն ժամանակ ասել էր Տոնոյանը։
Նախարարը հայտարարել էր նաև, որ հայկական կողմը ոչինչ չի զիջելու Ադրբեջանին․
«Որքան էլ պնդեն Ալիևը և հայաստանյան քաղաքական որոշ գործիչներ, այդ հայտարարությունը բանակցությունների ձախողման և պատերազմի վերսկսման առիթ հանդիսանալ չէր կարող։ Նույն տրամաբանությամբ՝ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման մասին։ Ավելին, տասնամյակներ շարունակ աշխարհում «չեն նկատում» Ալիևի այն հայտարարությունները, որ «Երևանը պատմական ադրբեջանական տարածք է»:
Բանակի պատրաստվածության մասին
«Մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ», — հայտարարել է Տոնոյանը հարցազրույցի ժամանակ։
Սակայն 2019 թ-ի ապրիլին նախարարն ասել էր, որ «անհրաժեշտության դեպքում կարող ենք քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»։
Նախկին նախարարը պնդում է, որ նշված գրոհային ստորաբաժանումների ստեղծումը և դրանց պատրաստումը հակառակորդի տարածքում գործելու համար, Զինված ուժերի համալրումը գերճշգրիտ հրթիռահրետանային համակարգերով և այլ նախաձեռնություններ բերելու էին բանակում հայեցակարգային փոփոխությունների․
«Պաշտպանության ոլորտի և Զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ […] տեսլականում ես նշել էի, որ մեկնարկել է Զինված ուժերի լայնածավալ վերազինման գործընթաց […], սակայն մենք ճանապարհի սկզբին էինք»:
Բոլոր հայտարարություններն, ըստ նախարարի, արվել են՝ հաշվի առնելով հակառակորդի հնարավոր գործողությունների և տարածաշրջանային զարգացումների կանխատեսելիությունը․
«Մենք պարտություն ենք կրել բոլոր առումներով անհավասար մարտում, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ: Պետք է դադարեցնել մարդկանց հոգեբանորեն հյուծող այս քաղաքական մղձավանջը և թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն վերլուծել սխալները, դասեր քաղել ու աշխատել:
Մենք չափազանց բարձր գին ենք վճարել, հազարավոր երիտասարդներ իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի և մեր շահերի պաշտպանության, և պարտվողական ելույթներն անարգում են նրանց հիշատակը»։
Իր գլխավոր բացթողման մասին
«Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ — պաշտպանության նախարարություն — Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը»։
Տոնոյանը պարզաբանել է, որ 2015 թ-ին ընդունված նոր Սահմանադրությամբ՝ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին․
«Այդուհանդերձ, ինչպես ասել եմ նոյեմբերի 20-ի ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը»։
Գլխավոր շտաբի պետի հայտարարության մասին
Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է նաև Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, որը պատերազմի չորրորդ օրն Ազգային անվտանգության խորհրդի նիստին նախազգուշացրել է, որ երկու-երեք օրից անհրաժեշտ է լինելու պատերազմը դադարեցնելու համար միջոցներ ձեռնարկել, որովհետև Հայաստանի մարտական ռեսուրսները շուտով սպառվելու են, և բանակցային գործընթացի համար պայմանները ոչ բարենպաստ կարող են լինել․
«Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը անկեղծ և անձնազոհաբար արել են ավելին, քան հնարավոր էր՝ հանուն հաղթանակի։ Իսկ Գլխավոր շտաբի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ»։