Դասագրքերն՝ այրել: Կամ գոնե ջուրը նետել
Աբխազիայում սկանդալ տեղի ունեցավ վերջերս 8 հազար տպաքանակով վերատպված 10-11-րդ դասարանի «Աբխազիայի պատմություն» դասագրքի շուրջ՝ Ս. Լակոբայի և Օ. Բգավբայի խմբագրությամբ:
Դասագրքի հեղինակներին մեղադրեցին 2013-2014թ-ին Աբխազիայում ներքաղաքական իրադարձությունները կեղծելու համար:
Վեճը բռնկվեց «Նորագույն պատմություն» բաժնի 13-րդ պարագրաֆի շուրջ, որում նկարագրվում է, թե ինչպես և ինչու էին 2014թ-ին տեղի ունենում նախագահի վաղաժամկետ ընտրություններն Աբխազիայում:
«Այտաիրա» հասարակական կազմակերպությունը հայտարարեց, որ դասագրքում 2013-2014թթ-ի դեպքերը կեղծվել են, և առաջարկեց ամբողջությամբ ոչնչացնել տպաքանակը:
«Մենք նախագահ Ռաուլ Հաջիմբայից պահանջում ենք շրջանառությունից հանել այս դասագիրքը և դրա տպաքանակի համար պատասխանատուների՝ կրթության և գիտության նախարարության ղեկավարության հանդեպ միջոցներ ձեռնարկել: Այլապես իշխանությունների անգործությունը գնահատելու ենք որպես Աբխազիայի պատմությունը կեղծելու մասնակցություն և հասարակությունն արդեն աճող սերունդների մակարդակում միտումնավոր պառակտելու փորձ», — ասված է հայտարարությունում:
Կրակին յուղ լցրեց Օչամչիրում բնակչության հետ ընդդիմության վերջերս տեղի ունեցած հանդիպմանն արված հայտարարությունը:
Աբխազիայի նախկին վարչապետ և «Այտաիրա» հասարակական կազմակերպության ղեկավար Լեոնիդ Լակերբայան ասաց, որ նոր դասագրքերն անպայման պետք է շրջանառությունից հանվեն: Դահլիճից ինչ-որ մեկը գոռաց, թե դրանք պետք է այրել: Իսկ Լակերբայան պատասխանեց, որ այրելը թանկ է, այդ պատճառով էլ ավելի լավ է դրանք ջուրը նետել:
Պատմաբան և «Աբխազիայի պատմություն» դասագրքի համահեղինակ Ստանիսլավ Լակոբայի խոսքով, այդ դասագիրքը հրատարակման է նախապատրաստվել դեռևս նախագահ Ալեքսանդր Անկվաբի ժամանակ: Այնուհետև Անկվաբն իր պաշտոնը վաղաժամ լքեց, և դասագրքի հրատարակումը ձգձգվեց այն պատճառով, թե 2014թ-ի պատմական դեպքերի ինչ մեկնաբանություն օգտագործել:
«Դասագիրքը դպրոցներում տարածվեց սեպտեմբերի սկզբին: Սակայն հանկարծ նոյեմբերի սկզբին… [ընդդիմությունն] աղմուկ բարձրացրեց: Դասագրքում նկարագրված են հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը տեղի ունեցած դեպքերը, և դրանցում շատ նոր բաներ կան, որոնք նախկինում չեն եղել, սակայն ահա այսպես խոսել, թե Աբխազիայի պատմությունը սխալ է գրված, չարժե», — ասաց Լակոբան:
Նրա կարծիքով, խնդիրը կապված է այն բանի հետ, որ ընդդիմությունը համաձայն չէ, որ 2014թ-ի մայիսի 27-ի դեպքերը գրքում ներկայացված են որպես սուր քաղաքական ճգնաժամ, որը դուրս չի եկել սահմանադրական դաշտից, և իշխանությունը փոխանցվել է խորհրդարանին:
«Ինչ-որ մեկն Աբխազիայի պատմությունը խառնում է անձնական պատմության հետ… Մենք գիտենք, որ ձեռագրերը չեն այրվում: Գիրքը լույս է տեսել, և դրա հետ ոչինչ չես անի: Անգամ եթե այն այրեն կամ ոչնչացնեն», — ասում է Ստանիսլավ Լակոբան:
Ձգտելով բնակչությանն ավելի շատ ներգրավել քննարկմանը, «Այտաիրան» կլոր սեղան անցկացրեց, որին քննարկվում էր «2014թ-ի արտահերթ նախագահական ընտրություններն Աբխազիայում» գլուխը: Վերջնական հայտարարության մեջ մասնավորապես հաղորդվում էր, որ Աբխազիայի Հանրապետության օրինական ձևով ընտրված նախագահ Ալեքսանդր Անկվաբի ոչ սահմանադրական հեռացմանը նախորդող իրադարձությունների մեկնաբանությունը քաղաքական կոնյունկտուրայի արտահայտում է»:
- 2014թ-ի մայիսի 27-ին բազմամարդ հանրահավաքի ճնշման տակ, որը վերածվեց նախագահական պալատի գրոհի, Աբխազիայի այն ժամանակվա նախագահ Ալեքսանդր Անկվաբը ստիպված էր պատսպարվել Գուդաութում տեղակայված ռուսական ռազմաբազայում, իսկ 4 օր անց՝ պաշտոնապես հրաժարական տալ:
- Ընդդիմությունը և բնակչության մի հոծ զանգված այդ դեպքերը գնահատում էր որպես «օրինական իշխանության բռնի տապալում»:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ
Հրապարակվել է 13.11.2016