Դայակները կբարձրացնեն ծնելիությունը
«ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը» ոգևորեց ֆիզարձակուրդում գտնվող երիտասարդ մայրերին, ովքեր ցանկանում են երեխան ունենալուց հետո վերադառնալ իրենց աշխատանքային պարտականություններին: Նրանք ազգային ծրագրի մասին տեղեկատվություն են տարածում սոցկայքերում, իսկ պաշտոնյաները զգուշացնում են, որ սա ընդամենը նախագիծ է, պարզ չէ՝ արդյո՞ք այն կդառնա իրականություն:
Փաստաթղթի մասին սկսեցին շատ խոսել ‘Սպուտնիկ Արմենիա‘ ռադիոկայանի եթերում աշխատանքի և սոցիալական հարցերի ժողովրդագրական բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանի բարձրաձայնած դրույթների կապակցությամբ.
1. Երեխաների ծնունդից հետո աշխատելու ցանկություն ունեցող կանանց դայակ վարձելու համար գումար հատկացնել (Հայաստանում նվազագույն աշխատավարձը չգերազանցող՝ 55 հազ. դրամ),
2. սուբսիդավորել մինչև 22 տարեկան ծննդաբերած կամ հղի ուսանողների ուսման վարձը,
3. սուբսիդավորել մինչև 24 տարեկան կանանց բուհ ընդունվելու նախապատրաստական ընթացքը, ովքեր վաղ ծննդաբերության պատճառով չեն հասցրել բարձրագույն կրթություն ստանալ, բայց ցանկություն ունեն,
4. գործատուի մոտ մասնագիտական ուսուցում և վերապատրաստում ապահովել 30 տարեկան այն կանանց համար, ովքեր ունեն երեխաներ, սակայն աշխատաշուկա մուտք գործելու խնդիր ունեն, քանի որ մինչ այդ երբևէ չեն աշխատել:
Ծրագրի վերջնական նպատակը մեկն է՝ ծնունդների քանակի ավելացում: Տասնամյակներ է, որ այս մասին խոսվում է, սակայն առանց որևէ արդյունքի:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը դեռևս 2 տարի առաջ էր նշում.
«Ժողովրդագրության խնդիրների նկատմամբ շեշտադրումները պետք է փոխվեն. մենք պետք է նպատակադրվենք, ոչ թե ծնելիության ցուցանիշը բարձրացնել, այլ այնպիսի նպաստավոր պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»: Այժմ շեշտադրումները փոխելու գործընթացն է սկսվել:
Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօր միջին վիճակագրական ընտանիքի համար երկու երեխան սահման է, մեծ մասը նախընտրում է սահմանափակվել մեկ երեխայով, թեև համարում է, որ իդեալական տարբերակը երեք երեխա ունենալն է։
Միանվագ գումարների հատկացումը երեխայի ծնունդի դիմաց, թեպետ և կիրառվում է ամբողջ աշխարհում, սակայն փորձագետի գնահատմամբ այնքան էլ արդյունավետ միջոց չէ: Ավելի շահեկան է երկարատև աջակցությունը. դժվար է երիտասարդ ընտանիքին համոզել շատ երեխաներ ունենալ, եթե նրանք վստահ չեն իրենց վաղվա օրվա ապրուստը հայթայթելու հարցում: Ավելի գործուն միջոց է երեխայի սուբսիդավորումը ծնվելու օրվանից մինչև, ասենք, 5 տարեկան:
Օրինակ, Մակեդոնիայում, ինչպես նշում է ժողովրդագրության հարցերով միջազգային փորձագետ Ռալֆ Հակերտը, յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի համար պետությունը 10 տարվա ընթացքում՝ 150 դոլարի չափով նպաստ է վճարում: Ծնելիության բարձրացման համար նա խորհուրդ է տալիս Հայաստանին գնալ ընտանիքին երկարաժամկետ և բազմակողմանի օգնություն ցուցաբերելու ճանապարհով:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015-ին Հայաստանում ծնվել է ավելի քան 41 հազար, իսկ մահացել՝ շուրջ 28 հազար մարդ: Այսինքն, Հայաստանում ժողովրդագրական կենսունակության գործակիցը համապատասխանաբար 1.4 է, սակայն պարզ է վերարտադրության համար այն պետք է 2.1 լինի:
Ռալֆ Հակերտի դիտարկմամբ, Հայաստանում ծնելիության ցածր մակարդակի երկու հիմնական պատճառները գործազրկությունն ու արտագաղթն են: Այնպես որ, կառավարության առաջին թիրախը պետք է լինի գործազրկության նվազեցումն ու կենսամակարդակի բարձրացումը:
Ասելը հեշտ է, իրականացնելը՝ ոչ: Ֆրանսիան ծնելիությունը խթանելու ուղղությամբ տարիներ շարունակ հատկացնում է իր ՀՆԱ-ի 3,5 տոկոսը:
Հայաստանում այս խնդրի լուծման համար խոշոր ֆինանսական ներդրումներ չեն սպասվում, սակայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կարծում են, որ ազգային ծրագրի շնորհիվ ժողովրդագրական խնդիրների մի մասը գոնե կլուծվի: Նույնիսկ ժամկետներ են նշում՝ 2-3 տարվա ընթացքում արդյունքներ կունենանք:
Հրապարակվել է՝ 30.03.2016