Դաղստան. անհետացող մարդիկ
Դաղստանում մարդկանց զանգվածային առևանգմանն ի պատասխան հասարակական կազմակերպություն ստեղծվեց, որը միավորում է այդ պրակտիկայից տուժածների հարազատներին:
Տիպիկ դեպք
Ինչպես հաղորում է «Կավկազսկի ուզելը», Դաղստանի բնակիչ Շամիլ Ջամալուտդինովն, ըստ նրա բարեկամների տվյալների, առևանգվել է ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից սեպտեմբերի 27-ի երեկոյան Մանասից Կասպիյսկ տանող ճանապարհին:
Հոկտեմբերի 3-ին Դաղստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ջամալուտդինովը ձերբակալված է ապօրինի կազմավորումներին հանցակից լինելու կասկածանքով՝ նշելով որ նրա վերաբերյալ կալանավորման վճիռ է կայացվել:
Սակայն երիտասարդի գտնվելու վայրի մասին նրա հարազատները մինչ օրս ոչինչ չգիտեն:
Շամիլ Ջամալուտդինովին էքստրեմիզմի համար կասկածելու հիմքեր իրավապահ մարմինները չէին կարող ունենալ, կարծում է նրա կինը՝ Մադինան, որն իրեն ու Շամիլին «Դաղստանից սովորական ընտանեկան զույգ» է անվանում:
24-ամյա Շամիլ Ջամալուտդինովը, ինչպես նրա հարազատներն են պնդում, սովորական երիտասարդ է, որն ամեն առավոտ աշխատանքի էր գնում ցեմենտի գործարան:
Նրա կնոջ խոսքով, նրանք իմացել են, որ Շամիլը ՆԳՆ պրոֆիլակտիկ հաշվառման է կանգնած՝ նախորդ տարվա վերջին Թուրքիայում հանգստանալուց վերադառնալուց հետո:
«Նախորդ տարվա հոկտեմբերից մենք վերադարձանք Թուրքիայից: Մի քանի ամսից մեզ կանգնեցրին դիրքերում, երբ Բույնակսկից Կասպիյսկ էինք գնում: Ամուսնուս երկար ժամանակ բաց չէին թողնում, և այդ ժամանակ մենք իմացանք, որ նա այսպես կոչված պրոֆհաշվառման տակ է», — հիշում է Մադինան:
Դաղստանում ակտիվորեն կիրառվում է հանրապետության բնակիչներին հաշվառման կանգնեցնելու պրակտիկան: Ինչպես նշում են իրավապաշտպանները, հաճախ մարդկանց նման հաշվառման են կանգնեցնում՝ հիմնվելով այն բանի վրա, որ մարդը մորուք է պահում կամ մզկիթ է գնում: Մուսուլմաններին ՆԳՆ պրոֆհաշվառման կանգնեցնելու պարկտիկան ուժային կառույցների անպատժելիության ֆոնին կհանգեցնի ոչ թե իրավիճակի կայունացմանը Հյուսիսային Կովկասում, այլ ընդհակառակը, երիտասարդության ծայրահեղականացմանը, հայտարարել են Մոսկվայում հունիսի 27-28 անցկացվող «կլոր սեղանի» մասնակիցները:
Ոստիկանները երկար հարցուփորձ են արել, թե ինչով են նրանք զբաղվել Թուրքիայում: Շամիլը վստահեցրել է, որ մեկնել են հանգստանալու և ցույց տվել այնտեղ արված լուսանկարները: Սակայն ոստիկաններին դա չի բավարարել և նրանք պայման են դրել. նրան հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է նրա բնութագիրը հավաքել բոլոր հարևաններից:
Սակայն երիտասարդ ընտանիքը լուրջ չի ընդունել ոստիկանների խոսքերը, և ոչինչ չի ձեռնարկել: Ընդ որում, որևէ խնդիր Շամիլն անմիջապես դրանից հետո չի ունեցել, նշում է Մադինան:
«Նա հանգիստ զբոսնում էր քաղաքում: Իր հանդեպ հսկողություն չի նկատել: Մտածելու առիթ, թե նրան ինչ-որ բանում կարող են կասկածել, չի եղել», — ասում է Շամիլի կինը:
Անհետանալուց առաջ, կնոջ խոսքով, Շամիլը խոստացել է ցեմենտ վաճառել Խասավյուրտի բնակիչներին, որոնք, ինչպես հետո պարզվել է, նույնպես անհետ կորել են:
Խասավյուրտի բնակիչներ Հաշիմ Ուսդանովի, Փահրուդին Մախաևի և Իսլամ Մագոմեդովի բարեկամները Շամիլ Ջամալուտդինովի բարեկամների հետ միասին հոկտեմբերի 4-ին դիմել են «Մեմորիալի» Մախաչկալայի գրասենյակ՝ խնդրելով օգնել իրենց հարազատներին:
«Առաջին մի քանի օրը մտածում էինք, որ նրան ձերբակալել են և շուտով մեզ կհաղորդեն, թե որտեղ է նա: Սակայն երբ պարզեցինք, որ բոլոր այն երեք հոգու հեռախոսներն անջատված են, ում հետ նա այդ երեկո գտնվել է, հասկացանք, որ նա հավանաբար առևանգվել է», — ասում է Շամիլի կինը:
Բարեկամները ինքնուրույն փորձ են արել երիտասարդին գտնելու: Նրանք ընդամենը մի բան են գտել՝ Մախաչկալայի մուտքի դիրքի տեսանյութը, որտեղ երևում է, որ Շամիլի մեքենան քաղաք է մտնում: Դրանից հետո նրա հետքերը կորում են:
Իշխանությունների ուշադրությունը գրավելու համար բոլոր 4 առևանգված երիտասարդների հարազատները մի քանի անգամ Մախաչկալայի հրապարակ են դուրս եկել: Նրանց են միացել տարբեր ժամանակներում անհետացած մարդկանց հարազատները:
Ուժայինները վստահեցրել են, որ կորածներից և ոչ ոք իրավապահ մարմիններում չէ, և քրեական գործ և հետախուզում է հայտարարվել նրանց գտնվելու վայրը պարզելու համար:
«Հույս ունենք, որ քննության արդյունքում ամուսինս կգտնվի: Սակայն մեզնից ոչ ոքի դեռևս հարցաքննության չեն հրավիրել Քննչական կոմիտե: Հոկտեմբերի 18-ին մեզ ինչ-որ տեղեկատվություն պետք է տային, սակայն այդպես էլ ոչինչ չհաղորդեցին», — ասում է Մադինան:
Շամիլ Ջամալուտդինովի հարազատները կորած դաղստանցիների բարեկամների հետ միասին մի քանի անգամ ակցիա են անցկացրել՝ պահանջելով պարզել նրանց գտնվելու վայրը:
Հոկտեմբերի 14-ին Խասավյուրտում հանրահավաքի ժամանակ կորած դաղստանցիների մայրերը որոշել են հասարակական շարժում ստեղծել: Նրանք մտադիր են զբաղվել առևանգումներին հակահարված տալով և օգնել տուժածներին:
Զանգվածային պրակտիկա
Գրեթե երեք շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 4-ը, «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի հաշվարկներով, հանրապետությունից ենթադրաբար ուժային կառույցների կողմից 12 մարդ է առևանգվել:
«Առևանգումների ալիքը սկսվեց 2010թ-ին… Մենք տեսնում ենք, որ առևանգումները սկսվել են, շարունակվում են և աճում: Սակայն ինչի հետ է դա կապված, մենք չգիտենք», — «Կավկազսկի ուզելի» թղթակցին հայտնել է Դաղստանում «Մեմորիալի» ներկայացուցիչ Սիրաժուդին Դացիևը:
Եթե 2-3 օրում կորածը չի հայտնաբերվում և չի պարզվում, որ նա ոստիկանության շրջանային բաժանմունքներից մեկում է, 90 տոոկս հավանականությամբ նրան արդեն կենդանի չեն գտնի, նշում է «Իրավական նախաձեռնության» փաստաբան Շամիլ Իսաևը: Կազմակերպությունը զբաղվում է մարդու իրավունքների խախտումների զոհերին իրավական օգնություն ցուցաբերելով, այդ թվում նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
«Կամ առևանգվածի գտնվելու վայրը չի պարզվի, կամ նրա մարմինը կհայտնաբերեն ինչ-որ հատուկ գործողությունների ժամանակ սպանվածների շարքում», — «Կավկազսկի ուզելին» հայտնել է Շամիլ Իսաևը:
Իրավապաշտպանների տվյալներով, տարիներ շարունակ ուժային կառույցները զբաղվում են Դաղստանի առևանգված բանկիչների կեղծ գործեր կազմելով: Նրանք մարդկանց անհետանալը բացատրում են «անտառ գնալով», քրեական գործ են հարուցում, որը կարճվում է ուժային կառույցների հետ կասկածյալների բախումների կամ ինքնապայթյունի հետևանքով նրանց մահվան պատճառով:
Մարդկանց փնտրելու համար ուժային կառույցների կողմից անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու դեպքում նրանց կարելի է պարտավորեցնել դա անել Եվրոպական դատարանի միջոցով, նշում է «Իրավական նախաձեռնություն — Ռուսաստանը»:
Այսպես, ամռան սկզբին այդ իրավապաշտպան կազմակերպությունը միացավ 2012թ-ին Մախաչկալայի բնակիչ Սիրաժուդին Ալիևի և Գազիմագոմեդ Աբդուլաևի առևանգման գործին և վճիռ կայացրեց նրանց 120 հազար եվրո գումար վճարել որպես փոխհատուցում:
Հրապարակվել է՝ 1.11.2016