Գրքային պատմություններ «չկարդացող» Բաքվից
«Նախկինում՝ խորհրդային ժամանակներում, խոտն ավելի կանաչ էր, ջուրն՝ ավելի թաց, երիտասարդությունն էլ գիրքեր էր կարդում, այլ ոչ թե սմարթֆոնների մեջ մտնում»: Մոտավորապես այս կարգի հանդիմանանքներ են հաճախ հնչեցնում ավագ և միջին սերնդի ներկայացուցիչներն Ադրբեջանում:
Իր հերթին, երիտասարդությունը մտածում է, թե որքանով նույնիսկ ամենագլուխգործոցային գիրքը կարող է լրջորեն ինչ-որ բան փոխել ժամանակակից մարդու կյանքում և մտածելակերպում: Թե որքան բարձր (կամ ցածր) է «ընթերցանության ցուցիչն» այսօրվա Ադրբեջանում, առանձին վիճակագրական հետազոտության թեմա է:
Թե որքանով է գրականությունն ազդում մարդկանց մտքի վրա, հոգեբանական կամ սոցիալական հետազոտության թեմա է:
Մենք ունենք ընդամենը մի քանի պատմություն մարդկանց ու գրքերի մասին:
Աիդա Հասանովան ու «Երկարագուլպա Պեպպին »
«Այդ կրակոտ մազերով վարակը ողջ կյանքս փչացրեց», — ասում է Աիդա Հասանովան՝ նկատի ունենալով Երկարագուլպա Պեպպիին՝ շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի հայտնի հեքիաթի հերոսուհուն: Հազիվ թե հարկ կա բացատրելու, թե ինչ գիրք է դա, սակայն ահա անոտացիան:
Անոտացիա.
Պեպպին կրակոտ մազերով պեպենոտ աղջնակ է, որը միայնակ ապրում է «Հավ» վիլայում: Նա գերբնական ֆիզիկական ուժ ունի, մի ճամպրուկ ոսկի, ինչպես նաև անվախություն, բարություն և բուռն ֆանտազիա, այնպես որ նրա հետ չես ձանձրանա:
Կարդալով գիրքը՝ փոքրիկ Աիդան Պեպպիին փաստացի իր կուռքը դարձրեց, չնայած որ այդ տարիքում գաղափար անգամ չուներ, թե ինչ է կուռքը:
«Ինձ անսահման դուր եկավ այդ աղջիկը: Նա այդքան անկեղծ ու քաջ էր, ապրում էր իր կանոններով: Եվ ես սրբորեն հավատացի այն ամենին, ինչ նա ասում էր: Օրինակ, որ «Երբ սիրտը տաք է և ուժեղ է խփում, հնարավոր չէ սառել», որ բարությունը շատ ավելի կարևոր է, քան քեզ ճիշտ պահել կարողանալը և այլն: Մասամբ ես նույնիսկ փոխառեցի նրա պահվածքի և մտածելակերպի մոդելը:
Հետո, երբ մեծացա, երկար էի դրա համար ափսոսում: Քանի որ իրական կյանքում ամեն ինչ բացարձակապես այլ կերպ է: Սակայն, նույնիսկ հասկանալով, որ Պեպիի «կտակները» միամիտ հիմարություններ են և իրական կյանքում դրանք չեն գործում, ես միևնույնն է, շարունակում եմ դրանց հավատալ»:
Արզու Սուլեյմանովան և «Դատապարտված քաղաքը»
Ուսուցիչը՝ սեփական ուսանողների երեկույթին արդեն զվարճալի է: Իսկ այն իրավիճակը, երբ նրան սկսում է «խոսեցնել» շատ ավելի երիտասարդ տղան, արդեն հոլիվուդյան դրամայի է նման: Սակայն նման մելոդրամայի հերոսուհի Արզուն չէր պատրաստվում դառնալ: Հատկապես որ տղան էլ իր ճաշակով չէր՝ առնական և արտաքինից ոչ այնքան կրթված:
«Նրանից ինչ-որ կերպ ազատվելու համար ես որոշեցի ցուցադրել մեր ինտելեկտուալ մակարդակների տարբերությունը և չարախնդորեն հարցրի. «Եվ ի՞նչ է այժմ կարդում երիտասարդությունը»: Հարցրի ու սպասում էի լսել՝ «Ես ավելի շատ ֆիլմեր եմ դիտում»:
Սակայն դրա փոխարեն երիտասարդը պատասխանեց, որ տվյալ պահին Ստրուգացկի եղբայրների «Դատապարտված քաղաքն» է կարդում: Ես ցնցված էի: Չէ՞ որ այդ գիրքը պայթեցրել էր ուղեղս դեռևս 1993թ-ին: Եվ այս ամբողջ ընթացքում ինձ թվում էր, ինձնից բացի ոչ ոք դր ամասին չգիտի»:
Անոտացիա:
«Դատապարտված քաղաքը» ռուս ֆանտաս գրողներ Արկադի և Բորիս Ստրուգացկիների վեպն է, որը պատմում է մի Քաղաքի մասին, որը ժամանակից ու տարածությունից դուրս է գտնվում: Դրա բնակիչներն այստեղ տարբեր ժամանակներից ու երկրներից հայտնված մարդիկ են, ովքեր ներգարվված են առեղծվածային Փորձի մեջ:
«Մի խոսքով, մի շաբաթ անց մենք սկսեցինք հանդիպել: Եվ հաճախ էինք հետո քննարկում, թե որքան կարևոր է մեզ համար երաժշտական և գրական ճաշակների համընկնումը: Ես կարծում եմ, որ սիրված գրքերի երկրպագուների շրջանում կարելի է «բանականության եղբայրներ» գտնել:
Անար Միրզոևն ու «Կապիտալը»
Ադրբեջանցիներն ասացվածք ունեն՝ «Գրքի գողը գող չէ»: Հավանաբար այն հորինել են Անար Միրզոևի պես գրքամոլները:
«Ես միշտ գիրք եմ գողացել ընկերներիցս ու բարեկամներիցս: Այսինքն, վերցնում էի, որ կարդայի՝ նախապես իմանալով, որ չեմ պատրաստվում վերադարձնել դրանք: Նրանք չէին նեղանում՝ հավանաբար «գիտելիքների ծարավի» հանդեպ հարգանքից ելնելով:
Սակայն մի անգամ Անարը «կողոպտել է» անծանոթ մի մարդու՝ Մոսկվայում մի ամսով վարձակալած բնակարանի տիրոջը:
«Դա ոչ թե բնակարան էր, այլ գրքամոլի երազանք: Բոլոր պատերին՝ հատակից մինչև առաստաղ, գրքեր էին: Չդիմացա և գողացա Լերմոնտովի երկու հատորը, Ալեքսանդր Դյումայի «Կեսարն» ու Մարքսի «Կապիտալը»: Ճիշտ է, պատկերացում անգամ չունեմ, թե ինչիս էր պետք «Կապիտալը»: Կարծեմ՝ կազմն էր դուրս եկել:
Գիտե՞ք՝ ինչ է «Կապիտալը»: Եվս մեկ անգամ լսեք:
Անոտացիա.
«Կապիտալը»գերմանացի փիլիսոփա և տնտեսագետ Կարլ Մարքսի գլխավոր աշխատությունն է՝ նվիրված քաղաքական տնտեսմանը, այն նաև կապիտալիզմի քննադատական վերլուծություն է պարունակում:
Անարն ավելի ռոմանտիկ պատմություններ էլ ունի.
Եվ միշտ դա ինչ-որ խորհրդանշական իմաստ, ենթատեքստ էր ունենում: Այսպես, օրինակ, մի աղջիկ ինձ նվիրեց Պաոլո Կոելյոյի «11 րոպեն» ի հիշատակ մեր առաջին համբույրի: Իսկ ես մի անգամ արդեն ուրիշ աղջկա նվիրեցի իմ ամնվանակցի, ժամանակակից ադրբեջանցի գրողի գիրքը՝ վրան կարճ լիրիկական տեքստ գրելով: Իսկ աղջիկը հետո ասաց ինձ, որ իմ գրած այդ մի քանի տողն ավելի հետաքրքիր էին, քան ինքը գիրքը: Եվ դա ահավոր հաճելի էր»:
Լեյլա Ալին և «Երբ Նիցշեն արտասվում էր »
Մի քանի տարի առաջ նկարիչ-ձևավորող Լեյլա Ալիի կյանքում երկարաձիգ մի փուլ սկսվեց, որն ընդունված է «սև ժամանակաշրջան» անվանել:
«Պայմաններն այնպես դասավորվեցին, որ ես երկար ամիսներ փաստացի փակված էի սահմանափակ տարածքում՝ գրեթե առանց ինտերնետի, բոլոր իմ ընկերներից ու հարազատներից հեռու, օտար մարդկանց մեջ: Իրականությունը գրեթե անտանելի էր, ապագան՝ մշուշոտ և վախեցնող: Մի խոսքով՝ ցնորվելու համար անթերի պայմաններ»:
Սակայն Լեյլան այնուամենայնիվ չխելագարվեց: Հիմնականում շնորհիվ ամերիկացի հոգեթերապևտ Իվլին Յալոմի «Երբ Նիցշեն արտասվում էր» գրքի, որն ընկերուհին էր ուղարկել:
Անոտացիա.
«Երբ Նիցշեն արտասվում էր» վեպում իրադարձությունները ծավալվում են XIX դարի Վիեննայի ինտելեկտուալ խմորումների ֆոնին՝ հոգեվերլուծության ծնունդի նախաշեմին: Հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերի օգնությանն է դիմում «մեծն ու սարսափելի» Ֆրիդրիխ Նիցշեն: Վեպի կերպարները մեծ մասամբ իրական են, և փաստերն ու մտացածինը սերտորեն միահյուսվում են:
«Յալոմը շատ հետաքրքիր է նկարագրում հոգեբանական պահերը, գրավում է ընթերցողին և ստիպում ամբողջությամբ ընկղմվել այդ պատմության մեջ. շատ հետաքրքիր է, թե մինչև ուր կկարողանա հասնել հոգեթերապևտը և ինչ է տեղի ունենում նրանց գլխի մեջ: Միաժամանակ էլ մոռանում ես, թե ինչ է տեղի ունենում քո սեփական գլխում: Գոնե ժամանակավորապես անէանում ես քո սեփական խնդիրներից: Իսկ ինձ համար այդ փուլում դա շատ կարևոր էր»:
Դավուդ Մելիքովն ու «Սոկրատեսի ճամփորդությունը»
Երեք տարի առաջ ՏՏ մասնագետ Դավուդ Մելիքովի հոգին, մեղմ ասած, անհանգիստ էր: Շրջապատող ամեն ինչ երիտասարդի մոտ ցասման նոպաներ էր առաջացնում: Բնականաբար այդ ցասումը հաճախ ստիպված էր լինում ճնշել, սակայն ժամանակ առ ժամանակ, այն դուրս էր հորդում:
«Փառք Աստծո, որ Ադրբեջանում արգելված է զենք կրել: Եթե գրպանումս ատրճանակ լիներ, հայտնի չէ, թե ինչ ավարտ կունենար այդ ամենը: Զայրացնում էր բացարձակապես ամեն ինչ և ամեն ոք՝ հաճախորդներն աշխատանքի վայրում, կենցաղային խնդիրները, տրանսպորտի գերծանրաբեռնվածությունը: Իսկ եթե կոնֆլիկտ էր լինում ինչ-որ մեկի հետ, դա հրաշքով արյունալի ծեծկռտուքի չէր վերածվում»:
Այդպես շարունակվեց մինչև այն պահը, երբ Դավուդի ձեռքն ընկավ ամերիկացի գրող Դեն Միլմենի «Սոկրատեսի ճամփորդությունը» վեպը:
Անոտացիա.
«Սոկրատեսի Ճամփորդությունն» ինքնակենսագրական (կամ իբրև ինքնակենսագրական) վեպ է, որի դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարի Ռուսաստանում: Գլխավոր հերոսը Նևայի ռազմական դպրոցի սանն է, որը, անցնելով ատելության և վրեժի ճանապարհ, մեծն Վարպետ և Խաղաղ Զինվոր է դառնում:
«Գիրքը կոպիտ է, տեղ-տեղ նույնիսկ՝ դաժան, դրանում շատ բռնություն և հուսահատություն կա: Սակայն կարդացվում է մի շնչով: Եվ ամեն էջի հետ փոխվում էր իմ վերաբերմունքը կյանքին: Աստիճանաբար ես ամբողջությամբ բուժվեցի ագրեսիայից և վերջապես դարձա.. ո՛չ, ոչ Վարպետ իհարկե, բայց սկսեցի թեթև վերաբերվել ամեն ինչին: Չեք պատկերացնում, թե որքան հեշտ էր ապրելը դրանից հետո»:
Հրապարակվել է 08.12.2016