Թանկացումներ Հայաստանում, նաև պարենային շուկայում. ի՞նչ է կատարվում
Գնաճը Հայաստանում
Այս տարի Հայաստանում զգալի թանկացումներ են եղել հատկապես պարենային շուկայում, որոնց ազդեցությունը զգում է ցանկացած քաղաքացի: Օրինակ, բանջարեղենը նախորդ տարվա համեմատ թանկացել է մոտ 9%-ով, ալկոհոլային խմիչքները մոտ 7%-ով, հեղուկ գազը 50%-ից ավելի: Ամենաօրյա սպառման ապրանքներից թանկացել է սուրճը, թեյը, կակաոն, շաքարը, հրուշակեղենը, յուղերը ու ճարպերը և այլն:
2024թ-ի տարեվերջի համար կանխատեսվում է բարձր գնաճ: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Կենտրոնական բանկի նախագաh Մարտին Գալստյանը: Այս ֆոնին երկրի գլխավոր դրամատունը իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 8%։ Հիմնավորել է, որ դա անհրաժեշտ է գների կայունացման և նվազեցման համար:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը դա տարեկան այն տոկոսադրույքն է, որը վճարվում է Կենտրոնական բանկին այն վարկերի համար, որոնք այն տրամադրել է վարկային հաստատություններին։ Երբ տոկոսադրույքը բարձրանում է, վարկերը թանկանում են, քանի որ բանկերը պետք է շահույթ ստանան: Երբ այն նվազում է, վարկերը էժանանում են, քանի որ բանկերը ուզում են պահպանել հաճախորդներին և պահպանել շրջանառությունը։
Գյուղատնտեսը բացատրում է, թե ինչու է ավելի թանկ վաճառում իր ախրանքը։ Տնտեսագետները վերլուծում են իրավիճակն ու ելքեր առաջարկում։
- Fitch-ն անփոփոխ է թողել ՀՀ վարկանիշը` «կայուն» հեռանկարով․ ինչպե՞ս բարելավել այն
- «Երկու քարի արանքում»․ Հայաստանի բանկերը այլևս «Միր» քարտերը չեն սպասարկի
- Կարծիք Հայաստանի տնտեսության «դրական և բացասական շոկերի» մասին
Գյուղատնտեսը՝ բանջարեղենի թանկացման պատճառների մասին
Վաչիկ Ալոյանը 20 տարի է զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Ասում է՝ այս տարի բանջարերեղի թանկացումը լռիվ հիմնավորած էր: Եթե անցած տարիներին ինքն ու մյուս ֆերմերներն բարձրացնում էին գները, երբ նկատում էին, թե որքանով ավելի թանկ են միրգն ու բանջարեղենը վերավաճառողների կրպակներում, ապա այս տարի գների բարձրացման մի քանի գործոն են ունեցել:
Նա մշակում է տնամերձ 4000քմ հողատարածք և աճեցնում սեզոնային տարբեր բանջարեղեն։ Ապրանքը անձամբ վաճառում է Երևանի մի քանի շենքերի բակերում:
«Ապրանքս մինչև բերում եմ Երևան և հետ դառնում, մոտ 70 կմ ճանապարհ եմ անցնում։ Ամեն երկու օրը մեկ ապրանք եմ բերում, ստացվում է ամսական ամենաքիչը 10-12 անգամ գալիս եմ: Հեղուկ գազը կրկնակի թանկացել է, չեմ կարող այդ թանկացման համար միայն իմ գրպանից վճարել։ Պետք է չէ՞ մի քանի դրամ ապրանքը թանկացնեմ, որ չտուժեմ»,- բացատրում է Վաչիկը:
Նրա խոսքով, կլիմայական պայմաններն էլ ազդեցին բերքատվությանը։ Մոտ 30%-ով անցյալ տարվա համեմատ ավելի քիչ բերք է ստացվել:
«Տևական անձրևների պատճառով բերքը ուշ շուկա հանեցի, եղածն էլ որակապես լավը չէր: Եթե երկու-երեք օր իրար հետևից անձրևային եղանակ էր, բերքը խոնավությունից փչանում էր»,- ասում է գյուղատնտեսը:
Բացատրում է, որ գյուղատնտեսական մթերքի վաճառքն ազատ շուկա է։ Եթե որոշ հողագործներ հնարավորություն չունեն ավելի էժան ապրանքը վաճառել, մնացածներն օգտվում են այդ հանգամանքից.
«Կարևոր է հաշվի առնել մասշտաբը։ Եթե ես 4000 քմ հողատարածքի վրա եմ աշխատում, տարբեր պատճառներով իմ բերքը ինձ վրա թանկ է նստում։ Ւսկ ֆերմերներ կան, որ հեկտարներով են մշակում, աշխատողներ ունեն, մթերող ընկերությունների հետ պայմանագրեր: Տեսնում են փոքրերը թանկ են վաճառում, իրենք էլ են գինը բարձրացնում»:
Գնաճի ֆոնին աշխատավարձերի ինդեքսացիա չի կատարվում
Տնտեսագետ, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ասում է, որ սպառողական ապրանքների, այդ թվում սննդամթերքի շուկայի թանկացումները հատուկ են աշխարհին, բոլոր երկրներում գնաճ կա: Այլ հարց է, որ Հայաստանում անգամ փոքր թանկացումը ցավոտ է անդրադառնում բնակիչների վրա:
«Գների բարձրացումը նորմալ երևույթ է և տարբեր գործոններից կախված: Աննորմալ է, երբ թանկացումների ֆոնին աշխատավարձերի, թոշակների և նպաստների ինդեքսացիա չի արվում: Արդյունքում մարդիկ տուժում են, առաջ են գալիս արդարացված դժգոհություններ, որոնք որոշում կայացնողների կողմից մնում են անարձագանք։
Հայաստանը հիմնականում ներմուծող երկիր է։ Եվ պարզ է, որ ապրանքները, այդ թվում սննդամթերքը, երկար ճանապարհ են անցնում մինչև սպառողին հասնելը։ Նկատի ունեմ ճանապարհածախսը, մաքսազերծումը, դոլար-դրամ տատանումները: Դա մեծապես ազդում է գնագոյացմանը»,- բացատրում է նա:
Այս տարի գյուղատնտեսական ապրանքների գների վրա, ըստ Չիլինգարյանի, զգալի ազդեցություն են ունեցել եղանակային պայմանները և ֆերմերների սխալ մոտեցումները․
«Ժամանակն է, որ գյուղացին պլանավորի՝ ինչ մշակաբույս կամ մշակաբույսեր է ուզում ստանալ, և ունենա դրա պատասխանը: Պետք է գիտական մոտեցում ցուցաբերի, որ և՛ բերքատվությունը բարձր լինի, և՛ իրացման հետ կապված խնդիրներ չլինեն»:
Ասում է, որպես կանոն, գյուղացիները եկող տարվա համար պլանավորում են այն մշակաբույսերը, որոնք այս տարի լավ բերք ու սպառում են ունեցել։ Բայց հաճախ ստանում են հակառակ պատկերը: Այսպես է նաև անասնաբուծության ճյուղում:
«Պետք է նպատակահարմարության համար հաշվարկներ իրականացվեն: Եվ այդ հարցում գյուղատնտեսին պետք է օգնի նաև պետությունը: Մինչդեռ մենք տեսանք, որ գյուղատնտեսության նախարարությունը լուծարեցին։ Այն այլ նախարարության մեջ մնաց որպես վարչություն: Դա կաթվածահար արեց ոլորտը»,- համոզված է Կարեն Չիլինգարյանը:
Ըստ նրա, գյուղատնտեսության նախարարությունը պետք է մնար, նաև գործնական քայլեր պետք է արվեին հողագործներին կրթելու և կողմնորոշելու հարցում:
Գնաճը զսպելու համար, կարծում է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը տեղային լուծում է և մեծ ազդեցություն չի կարող ունենալ.
«Որպեսզի գնաճը քաղաքացիների համար ցավոտ չլինի, կառավարությունը պետք է տարբեր գործիքներ ունենա: Օրինակ, թոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացում նախատեսի։ Դա էլ, իր հերթին, կազդի մասնավոր ընկերությունների վճարման մոտեցումների վրա:
5000 հազար դրամ կենսաթոշակ ստացող քաղաքացին՝ լսելով 1000-3000 դրամ թանկացման մասին ավելի է զայրանում: Ստացվում է դժգոհությունները մեղմելու փոխարեն ավելի մեծ դժգոհություններ ու մտահոգություններ են ի հայտ գալիս: Իսկ դա վտանգավոր է Հայաստանի նման անվտանգային խնդիր ունեցող երկրի համար»:
Տնտեսական կախվածությունն ու բիզնես պայմանավորվածությունները
Տնտեսագետ Արման Գրիգորյանը նկատում է, որ ծառայությունների և պարենային մթերքների թանկացման պատճառների մասին հասարակությունը տեղեկացվածության կարիք ունի․
«Կարծում եմ՝ մեդիան տնտեսագետներին պետք է խոսեցնի, պարզաբանի թանկացման պատճառները և տեղեկացնի հանրությանը: Գնաճի տեմպերը մտահոգիչ են ամբողջ աշխարհում, և մեր բնակիչները պետք է սրա մասին իմանան»:
Գրիգորյանի խոսքով՝ կարևոր է նաև հաշվի առնել, որ մեր տնտեսությունը մեծապես կախված է արտաքին աշխարհից, քաղաքական որոշումներից ներսում և անվտանգային խնդիրներից:
«Վերջին տարիներին ծառայությունների և ապրանքների մեծ գնաճը պայմանավորված էր Ռուսաստանից Հայաստան եկած ռելոկանտների ձևավորած պահաջարկով: Նրանց զգալի մասը հեռացավ Հայաստանից, բայց գնաճը պահպանվեց: Տնտեսվարողները դեռ այդ էֆեկտի տակ են։ Կտեսնեն պահանջարկ չկա, գները կվերանայեն։ Բայց միայն այն դեպքում, երբ կանգնեն սնանկացման կամ վարկային պարտավորությունների չկատարման շեմին: Նրանց համար ցավոտ է գին իջեցնելը»,- պարզաբանում է տնտեսագետը:
Նրա կարծիքով՝ Հայաստանում բիզնես միջավայրը ճկուն չէ և չի կարողանում արագ արձագանքել շատ փոփոխությունների։ Փոխարենն ընդունված է գին պահելու շուրջ պայմանավորվածությունը:
«Ինձ որպես մասնագետ այնքան չի հուզում գնաճը, ինչքան այն մեղմելու պետական քաղաքականության բացակայությունը: Եվ սա պարարտ հող է ստեղծում բիզնեսի համար՝ չվերանայել գները, չբարձրացնել աշխատավարձերը։ Նաև անհիմն թանկացնել ապրանքը՝ պատճառաբանելով, թե շուկան է որոշում։ Շուկան շուկա, բայց ամեն ինչ ինքնահոսի թողնելը, մեղմ ասած, անպատասխանատվություն է»,- ասում է Արման Գրիգորյանը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Գնաճը Հայաստանում