Գնալ «Եվրոպա»՝ հացի։ Կյանքն ուկրաինական ճակատամերձ գյուղում
Ուկրաինայի հարավում իրավիճակը սրվում է։ Ինտենսիվ դիրքային մարտեր են ընթանում ուկրաինական զորքերի և ռուսամետ կազմավորումների միջև։ Սակայն այդ ընթացքում հենց ճակատային գծում մարդիկ շարունակում են ապրել։ Հաճախ՝ առանց գոյատևման տարրական պայմանների։ Ուկրաինական Հրոմադսկոյե հեռուստաընկերությունն այցելել է այդպիսի մի գյուղ։
Նովոալեքսանդրովկան, հնարավոր է, ապրելու վատթարագույն վայրն է Ուկրաինայում։ Այստեղ չկա ոչ գազ, ոչ էլեկտրականություն, ոչ ճանապարհ։ Չնայած այս ամենին՝ Նովոալեքսանդրովկայում մինչ օրս շարունակում է ապրել տասը մարդ, որոնց, կարծես, ժամանակի մեքենան հարյուր տարով ետ է գցել։
Երկուսուկես կիլոմետր երկարությամբ գրունտային ճանապարհը մեկուկես ժամում հազիվ ենք անցնում։
- Ուկրաինան ու Ռուսաստանը «մեծ պատերազմի եզրին»
- Ռեպորտաժ արևելաուկրաինական գյուղից, որ բաժանել է պատերազմը
- Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, Դոնբասը պատրաստում են Ռուսաստանի բռնազավթմա՞նը
Այն որպես ճանապարհ է ծառայում արդեն զինվորականներն՝ անցնելով անտառով և դաշտով։ Սակայն, քանի որ այդ ճանապարհով հիմնականում ծանր ռազմական տեխնիկա է անցնում, ապա, օրինակ, մարդատար ավտոմեքենայով դրանով հնարավոր չէ անցնել նույնիսկ տարվա տաք եղանակին։ Իսկ ձմեռվանից հետո, երբ ձյունը հալվել է, բայց ջուրը դեռ չի չորացել, մարդու ոտքերը յուրաքանչյուր քայլափոխին խրվում են ցեխի մեջ։
Կյանքը մեկուսացման մեջ
«Տեսեք՝ ինչ գեղեցկություն ունենք։ Այստեղ մի ժամանակ մարդիկ էին ապրում։ Պատերազմի պատճառով հեռացել են»,- մեզ համար գյուղում էքսկուրսիա է անցկացնում Վլադիմիրը։
«Այստեղ խորդանոցներ էին։ Տունը բնակելի է։ Խոհանոց կար։ Նեմա (էլ չկա)»։
«Նեմա»-ն մեծ հրդեհի հետևանք է, որը Նովոալեքսանդրովկայում բռնկվել է 2020 թ-ի սեպտեմբերի 1-ին։
Նա ցույց է տալիս արահետն ու ասում, որ այն Եվրոպա է տանում, այնուհետև դրամատիկ դադարից հետո հստակեցնում է․ «Դե, Պոպասնայան Եվրոպա ենք անվանում»։
Ուկրաինայի ենթակայության տակ գտնվող տարածքը Եվրոպա անվանելը տարածված կատակ է օկուպացված տարածքների բնակիչների շրջանում։ Նովոալեքսանդրովկան երբեք օկուպացված չի եղել։ 2014-2018 թթ-ին այն գտնվել է «գորշ գոտում»՝ ուկրաինական բանակի և զինյալների դիրքերի միջև։ 2018 թ-ին Ուկրաինայի Զինված ուժերն այն իրենց վերահսկողության տակ են առել։
Սակայն Նովոալեքսանդրովկան այժմ էլ է մեկուսացված․ դեպի այնտեղ տանող որևէ նորմալ ճանապարհ չկա։ Այստեղ չկա տրանսպորտ, ավտոխանութը չի գալիս։ 2014-ից ի վեր գյուղում էլեկտրականություն նույնպես չկա։
Մուտքի սահմանափակումները գործում են նաև մյուս ճակատամերձ գյուղերում և քաղաքներում։ Ճանապարհների բացարձակ բացակայությունը նույնպես բացառիկ բան չէ։
Իսկ էլեկտրականության երկար բացակայությունը բացառիկ է։ Նովոալեքսանդրովկայից բացի՝ նույնպիսի խնդիր կա նաև Դոնեցկի մարզի Օպիտնոյե գյուղում։ Այնտեղ առանց լույսի է ապրում 30 մարդ։
Նովոալեքսանդրովկայի խնդիրները ծայրահեղ դանդաղ են լուծվում։ Անգամ նրա վարչական վերաենթակայության մասին հարցը գյուղխորհրդում, որը գործում է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքում, գրեթե երկու տարի ձգվեց՝ այն բանից հետո, երբ ուկրաինացի զինվորականները զբաղեցրին գյուղը։ Այն ժամանակ էլ պաշտոնյաները խոստացել էին լուծել էլեկտրամատակարարման հարցը։ Հիմա էլ են խոստանում։
«Եթե մեզ երաշխավորեն, որ այնտեղ չկրակելու ռեժիմ է լինելու՝ էլեկտրամատակարարումը վերականգնելու համար, մենք ամեն ինչ կանենք։ Սակայն դեռևս նման երաշխիք, ցավոք, չեն տալիս», — ասում է Լուգանսկի մարզային պետական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Հույսը Կարմիր խաչն է
«Ամռանը շան պես ենք ապրում։ Եթե միս ենք գնել, մինչև երեկո ուտում ենք։ Երշիկ ենք գնել՝ մինչև երեկո ուտում ենք։ [Այլապես]՝ առավոտյան շանն ենք տալու», — իր կյանքն է նկարագրում 57-ամյա Նիկոլայ Նիկոլաևիչը։
Նա պատմում է, որ Կարմիր խաչը տեղացիների համար արևային մարտկոցներ և դիզելային գեներատորներ է գնել։ Առաջինը հերիքում է միայն հեռախոսը լիցքավորելուն։ Իսկ երկրորդի համար վառելիք է պետք, որը ոչ միայն պետք է գնել, այլև տեղ հասցնել Պոպասնայայից։
«Մենք փորձում ենք նրանց օգնել, սակայն մեր օգնությունը սահմանափակ է, քանի որ այնտեղ տնտեսական գործունեություն վարելն անհնար է՝ հաշվի առնելով անվտանգության կանոնները, — պատմում է Ուկրաինայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վլասենկոն։ — Այնտեղ հնարավոր չէ խթանել տեղական ձեռնարկատիրությունը, այնպես անել, որ մարդիկ հող մշակեն, որովհետև դա նրանց վտանգի է ենթարկում։ Այդ պատճառով էլ սահմանափակվում ենք նրանով, որ ամեն ամիս նրանց քարտին ֆինանսական օգնություն ենք փոխանցում [յուրաքանչյուրին առանձին-առանձին]։ Դեկտեմբերի սկզբին նաև վառելիք ենք տարել, որով մարդիկ կարող էին ջեռուցել իրենց տները ցուրտ ժամանակահատվածում»։
Կարմիր խաչի մասին են խոսում տեղի բոլոր բնակիչները։ Ի տարբերություն տեղի կամ կենտրոնական իշխանության, որոնց գոյության մասին այստեղ կարծես վաղուց մոռացել են։
Ինչո՞ւ են նրանք մնում
Պատերազմից առաջ Նովոալեքսանդրովկայում ապրում էր ավելի քան 100 մարդ։ Այժմ մնացել են ընդամենը տասը։
«Գյուղը չեմ լքի։ Ո՞վ հոգ կտանի նրա համար։ Ո՞վ կվերանորոգի։ Ես ինքս շինարար եմ։ Մեկ տանիքն եմ վերանորոգում, մեկ պատուհանների ապակիներն եմ գցում։ Վերջերս էլ էին վնասվել, վերանորոգել եմ», — մի քիչ պաթետիկ ձևով փոքր հայրենիքում ապրելու իր իրավունքն է պաշտպանում Վլադիմիր Ալեքսեևիչը։
Բայց ավելի ուշ ևս մեկ պատճառ է նշում․
«Հայրենի տունս չե՜մ լքի, որպեսզի չը-թա-լա-նեն։ Սա է պատճառը՝ անկեղծ ասած։ Մի անգամ «Եվրոպա» եմ մեկնել հացի, տունս թալանել են»։
Նրա եկամտի գլխավոր աղբյուրը Կարմիր խաչի նպաստն է և համագյուղացիներին ձվի վաճառքից ստացվող գումարը։
Նա երեք աղջիկ և թոռներ ունի։ «Ես հարուստ պապիկ եմ», — այսպես է բնութագրում նա ինքն իրեն։ Բայց ո՛չ աղջիկներին, ո՛չ թոռներին վաղուց չի տեսել․ պարզապես գումար չունի ինչ-որ տեղ մեկնելու համար։ Իսկ նրանք չեն գալիս, որովհետև «14 թվականին այնքան կրակոցների ձայներ են լսել, որ հերիք է»։
Նմանատիպ պատմություն ունի Նիկոլայ Նիկոլաևիչը․ նրա աղջիկն ապրում է Կիևում, տղան՝ Վրաստանի Բաթում քաղաքում։ Իսկ ինքը չի պատրաստվում հեռանալ գյուղից։
«Ով ասես, որ չի հարցրել, թե ինչու չեմ հեռանում այստեղից,- վրդովվում է տղամարդը։ — Բայց սա հռետորական հարց է։ Դու ինձ քո տունը կտա՞ս, կփոխանակե՞ս իմ տան հետ։ Քանիսո՞վ ես այստեղ կարող եմ վաճառել իմ տունը։ Ոչ մի կոպեկով։ Պարզած ձեռքով էլ չեմ ուզում գնալ»։
«Ես այստեղ եմ ծնվել, տուն եմ կառուցել, որպեսզի թոշակի անցնելիս լավ ապրեմ։ Որ երեխաներս, թոռներս գան։ Ես ոչնչից չեմ բողոքում, ամեն ինչ ունեմ։ Միայն թե, թողեք ապրեմ»,- հավելում է նա։
«Մեդիացանցի» աջակցությամբ