Գյումրիի խորհրդավոր թունելները․ այն ամենը, ինչ հայտնի է դրանց մասին։ Տեսանյութ
Գյումրիի խորհրդավոր թունելները
Գյումրիի խորհրդավոր թունելների մասին քիչ մարդ է տեղյակ։ Երևանից Գյումրի տեղափոխված երիտասարդ ամուսիններին էլ է շատ զարմացրել, նույնիսկ անհանգստացրել իրենց տան տակ շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված թունելը, որով ջուր է հոսում։ Սկսել են հետաքրքվել ու պարզել, որ նման թունելներ կան Գյումրիի շատ տների տակ։ Հարևաններն էլ հանգստացրել են, թե ջուրը ներս չի լցվի։
Ներկայացնում ենք այս ընտանիքի պատմությունը, նաև այն, ինչ է հաջողվել պարզել Գյումրիի թունելների մասին, ինչ նպատակով են դրանք կառուցվել և ուր են տանում։

- Տեսանյութ և լուսանկարներ վրացական անվանումով հայկական փողոցից
- 34 տարի անց. Հայաստանի երկրաշարժը վերապրածների պատմությունները
- Աշխատանք հաշմանդամություն ունեցող մարդկանց համար․ թանկ, բայց սիրված սրճարան Գյումրիում
- Երևանից Գյումրի. ինչո՞ւ է ավելի լավ ապրել փոքր քաղաքում։ Տեսանյութ
Թունել գինետան տակ
Դավիթ Ավետիսյանն ու Քրիստինա Սոլոյանը Գյումրի են տեղափոխվել 2019 թվականին։ Նրանք Գյումրիի կենտրոնում տուն են գնել ու այն վերածել հյուրատան։ Երիտասարդ զույգի այս որոշման մասին JAMnews-ը պատմել է երեք տարի առաջ։

Իսկ երբ հյուրատունն արդեն սկսել է եկամուտ բերել, ամուսինները որոշել են տան առաջին հարկում գտնվող ավտոտնակը քանդել ու դրա փոխարեն գինետուն բացել։
Հենց այդ ժամանակ էլ Դավիթն ու Քրիստինան իմացել են, որ իրենց տունը սովորական չէ․ թունել են գտել, որը, Գյումրիում պտտվող լեգենդների համաձայն, տանում է դեպի Արևմտյան Հայաստան։
«2023 թվականին սկսեցինք ինտենսիվ փորել։ Մոտ 15 մեքենա հող հանեցինք։ Մտածում էինք՝ ինչ լավ է, գինետնից կողքին նաև մառան կսարքենք։ Բայց ամեն ինչ գնաց այլ կերպ։ Գտանք բավականին մեծ՝ մոտ 2 մետր բարձրությամբ թունել, որով մարդը հանգիստ կարող է քայլել: Թունելի ներսում ջուր կար։ Չգիտեինք՝ ինչ անել, չէինք հասկանում՝ ինչ է դա։ Շատ անհանգիստ էինք, որովհետև վախենում էինք, որ ջուրը կլցվի տուն։ Դիմեցինք երկրաբաններին, որպեսզի մեզ օգնեն։ Երբ մասնագետները նայեցին, ասացին, որ սա «քյարիզ» է, այսինքն թունել, պետք չէ անհանգստանալ»,- պատմեց Դավիթը։

Հիշում է՝ վարպետներն ուրախացել էին, երբ գտել էին թունելը։ Մտածել էին՝ տան նախկին տերերը ոսկի թաքցրած կլինեն։ Բայց դրա փոխարեն գտան շատ ու շատ այլ իրեր՝ 1800-ականների դեղերի սրվակներ, կճուճ, թանաքաման, ափսեներ, փամփուշտներ։
Դավիթն ասում է՝ հենց այդ իրերն էլ առիթ տվեցին ենթադրելու, որ գուցե իսկապես թունելը օգտագործվել է որպես մարդկանց տեղաշարժի գաղտնի ու անվտանգ ճանապարհ։
«Երբ հարևաններն իմացան, որ թունել ենք գտել, սկսեցին տարբեր պատմություններ պատմել։ Մեկն ասաց, որ Ալեքսանդրապոլը, ինչպես նախկինում անվանել են Գյումրին, նման թունելներով է կապվել Կարսին։ Մեկ ուրիշն էլ ասաց, թե այդ թունելներում չար հոգի է ապրում։ Հորդորեց ցեմենտել, փակել թունելը, որ «մեջից դուրս չգա»:
Վարկած կա նաև, որ Ալեքսանդրապոլի գրավման ժամանակ այս թունելներում է թաքնվել տեղի բնակչությունը: Իրերը, որոնք գտել ենք թունելից, մեզ հուշում են, որ դրանց միջով ամեն դեպքում մարդիկ են անցել։ Ապակե շիշ ենք գտել, որի վրա ֆրանսերենով և ռուսերենով գրված է «դեղատուն», վրան ռուսական ցարական գերբն է՝ երկգլխանի արծիվը»։
Ի՞նչ է «քյարիզը»
«Քյարիզը» պարսկական փոխառություն է։ Որոշ գիտնականների կարծիքով՝ քյարիզների հայրենիքը Իրանն է։ Եվ այնտեղ են գտնվում աշխարհի քյարիզների 60 տոկոսը։ Դրանց ընդհանուր երկարությունը կազմում է 160 հազար կմ։
Գյումրիում, ինչպես պատմեց ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի Հետախուզական երկրաֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող Ռոլան Գասպարյանը, քյարիզները կառուցվել են որպես ջրամատակարարման համակարգ։ Մասնագիտական լեզվով ասած՝ դրանք ուղղահայաց ջրհորներից և ստորգետնյա ջրատարներից բաղկացած համալիրներ են, որոնք ծառայում են որպես գրունտային ջրերը ինքնահոս եղանակով տեղափոխելու և երկրի մակերես հանելու միջոց։
«Քյարիզները եղել են քաղաքի ջրամատակարարման միակ և շատ հուսալի միջոցը։ Այդ ջրերն օգտագործել են նաև քաղաքի նախկինում հայտնի բաղնիքները, գարեջրի և աղյուսի գործարանները, տեքստիլ կոմբինատը և այլ ձեռնարկություններ: Դրանց մի մասը գյումրեցիների կողմից կառուցվել և շահագործվել է դեռևս 18-19 դարերում, իսկ գուցե ավելի վաղ»,- բացատրում է մասնագետը։
Նա ափսոսում է, որ քյարիզներւժը չեն օգտագործվում իրենց բուն նպատակով․
«Գյումրու քյարիզները որպես ջրամատակարարման աղբյուր չեն օգտագործվում, քանի որ դրանց մեծ մասը քանդվել է երկրաշարժի ժամանակ, մյուս մասն էլ, այսպես ասած, շինարարական անփույթ աշխատանքների հետևանքով։ Երբ մարդիկ հանդիպում են քյարիզի, խցանում են այն, փակում են։ Սա առաջացնում է լուրջ խնդիր։ Ջրի մակարդակը բարձրանում է, հարակից տները սկսում են խոնավանալ, տեղի են ունենում փլուզումներ»։
Թե ուր է գնում գինետան քյարիզը՝ հայտնի չէ։ Դավիթն ասում է, որ իրենք թունելով մինչև վերջ չեն քայլել։ Գնացել են մոտ 100 մետր ընդամենը, քանի որ վախեցել են հնարավոր փլուզումից։
«Երբ նոր էինք գտել, լուցկի վառեցինք, տեսանք, որ քամի է փչում, ինչը նշանակում է, որ ելք կա, մի տեղ դուրս է գալիս թունելը»,- պատմեց նա։

Ռոլան Գասպարյանն էլ դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ուր կարող է տանել այս նոր գտնված քյարիզը։ Ասաց, որ Գյումրու քյարիզների տարածման օրինաչափությունները պարզելը շատ դժվար է, ցանցը շատ խճճված է։ Դրանց ամբողջական քարտեզագրման համար պետք է ժամանակակից սարքավորումներով ուսումնասիրություններ իրականացնել քաղաքի ողջ տարածքում։
«Այդ աշխատանքները կատարելու համար պետք են գրավիմետրեր, գեոռադարներ և էլեկտրահետախուզական տոմոգրաֆներ: Սրանք բավականին թանկարժեք սարքավորումներ են։ Ինստիտուտն այդ սարքավորումները ձեռք բերելու փորձեր է կատարել, բայց անօգուտ։ Քաղաքի քյարիզների համալիր ուսումնասիրության համար նախկին կառավարության կողմից կազմված փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունն անգամ հիմք չհանդիսացավ, որ սարքավորումներ ձեռք բերելու և հետազոտություններ իրականացնելու համար որոշակի, գոնե սիմվոլիկ գումար հատկացվեր ինստիտուտին»,- շեշտեց Ռոլան Գասպարյանը։
Հնագետի կարծիքը
Հնագետ Բեն Վարդանյանն էլ բացատրեց, որ գինետան քյարիզը նախախորհրդային քաղաքին՝ պատմական Ալեքսանդրապոլին բնորոշ կառույց է։ Միաժամանակ նկատեց, որ տվյալ թունելը փոքր-ինչ տարբերվում է քաղաքի հայտնի մյուս քյարիզներից․
«Նախորդները, որոնք գտնվել ու զննվել են, ունեն քարաշեն պատեր, կամարաձև տանիք։ Իսկ այս նկուղում գտնված թունելը կավե հիմնահողի մեջ է։ Կողային պատերի վրա գործիքների հետքեր ունի։ Երկարությունից դատելով՝ այն կարող է սելավատար խողովակ լինել։ Սրանք պատմական շերտեր են։ Եվ, բնականաբար, շատ հետաքրքիր են ուսումնասիրության համար։ Պատմում են կոնկրետ ընտանիքի կենցաղի մասին, կյանքի մասին, տվյալ դարաշրջանի մասին ընդհանուր առմամբ։
Եվ բնական է, որ այսքան էմոցիաներ են առաջացնում։ Բնական է նաև, որ դրանք լեգենդների առաջացմանն են նպաստում։ Բոլոր տեղերում, որտեղ ես աշխատել եմ, լեգենդ է եղել, որ այդտեղ կճճուճով ոսկի կա պահված։ Գյումրիում լեգենդները շատ են։ Ասում են՝ Ամենափրկիչ եկեղեցու տակ գաղտնուղի կա, որը գնում է դեպի Անի, Կարս և այլն։ Նման բան պնդելու հիմքեր չունենք։ Բանն այն է, որ գործնականապես սա անհնար է, որովհետև Անիի ու Կարսի միջև Ախուրյանի ձորն է, Ախուրյանի գետն է։ Ինչպե՞ս պետք է կառուցեին»։
Քյարիզը կդառնա՞ ստորգետնյա թանգարան
Դավիթն ասում է, որ ինքը չի փակել քյարիզը՝ վստահ լինելով, որ մարդկանց հետաքրքիր է առնչվել պատմության հետ, զբոսաշրջության խթանման տեսանկյունից այն հավելյալ պատմամշակութային արժեք կարող է հաղորդել քաղաքին։
«Գյումրի տուր» ընկերության տնօրեն, զբոսավար Գոռ Թորոսյանը համաձայն է։ Ասում է՝ եթե գոնե փոքր հատված քարտեզագրվի ու գտնվի սկիզբն ու ելքը, այն կարող է դառնալ թանգարան՝ գետնի տակ․
«Դա կհետաքրքրի ոչ միայն օտարերկրյա տուրիստներին, այլև մեր հայրենակիցներին։ Ինձ էլ՝ որպես Գյումրու բնակչի, այս թունելների առեղծվածը շատ հետաքրքիքր է: Սա միանշանակ տուրիստական այցեքարտ կդառնա»։

Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Գյումրիի խորհրդավոր թունելները