Հնարավո՞ր է Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվեն գերիներով։ Հայ փորձագետների կարծիքը
Երևանում և Բաքվում քննարկվում է, արդյո՞ք գերիների փոխանակում տեղի կունենա, կհաջողվի՞ փոխանակում կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, որն ավելի վաղ առաջարկում էր Ադրբեջանն ու մերժում հայկական կողմը։
Հարցը կրկին արդիական է դարձել, քանի որ օգոստոսի 23–ին Բաքուն հայտարարել է հայ սպայի գերության մասին։ Ադրբեջանական կողմը նրան դիվերսանտ է հայտարարել, նրան մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով։
Հայկական կողմը հերքում է դիվերսիայի մասին լուրը և հայտարարում, որ Գուրգեն Ալավերդյանը գնացել է մարտական հենակետի ստուգման և մոլորվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
Ավելին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ԱԳՆ–ն արդեն մեղադրում են Ադրբեջանին այն բանի համար, որ խախտվում ենք ռազմագերու իրավունքները։
Ադրբեջանական կողմը հրապարակել է Գուրգեն Ալավերդյանի տեսաուղերձը, որում նա ասում է, թե «զղջում է արածի համար և ուզում է ծառայել Ադրբեջանին»։ Հայաստանում կարծում են, որ ադրբեջանական կողմը ստիպել է հայ սպա Գուրգեն Ալավերդյանին կարդալ այդ տեքստն, ինչը «միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում է»։
Թե ինչպես է հայ սպան գերի ընկել և արդյոք, այնուամենայնիվ, գերիների փոխանակում կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայ փորձագետների կարծիքն՝ ըստ Կավկազսկի ուզելի նյութերի։
●Բաքուն հաղորդում է հայկական կողմից դիվերսիայի փորձի մասին, Երևանը հերքում է
●Բաքուն ու Մոսկվան բարձրաստիճան պաշտոնյաների այցերով են փոխանակվում
«Դիվերսա՞նտ է», «մոլորվե՞լ է», «առևանգվե՞լ է»
Razm.info ռազմավերլուծական կայքի փորձագետ Հայկ Խաչիկյանը կասկածի տակ չի դնում Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է։ Նա մատնանշում է, որ հայկական ռազմական գերատեսչության այս տեղեկությունը հայտնվել է ավելի ուշ, քան Ադրբեջանը հայտարարել է հայկական կողմից դիվերսանտի գերեվարվելու մասին, քանի որ այդ ժամանակ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում էին․
«Ադրբեջանական կողմը թատերական ներկայացում է կազմակերպել դիվերսանտ բռնելու մասին․․․ Մասնավորապես, ցուցադրվել է մարտավարական բաճկոնը [նախատեսված է զինամթերքի և այլ միջոցների տեղափոխման համար – խմբ․], որն իբր եղել է հայ սպայի վրա։ Սակայն դրա մանրազնին ուսումնասիրության դեպքում երևում է, որ բաճկոնի այդ մոդելն, ինչպես նաև զենքն օգտագործում է ադրբեջանական բանակի ռազմական հետախուզությունը»։
«Օրբելի» վերլուծական–հետազոտական կենտրոնի ռազմական փորձագետ Վլադ Վարդանյանը նույնպես չի կասկածում գերի ընկնելու մասին հայկական կողմի պաշտոնական վարկածի արժանահավատության վրա՝ հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները ու սահմանի այդ հատվածում դիրքերի տեղակայումը։ Նա ևս պնդում է, որ «բաճկոնի նման մոդել հայկական բանակում չկա»։
Ընդ որում, փորձագետը չի բացառում, որ հայ սպան կարող է գերեվարված և առևանգված լինել։ Սակայն դա, ըստ նրա, ցույց կտա քննությունը․
«Ցանկացած հայ գերու որպես դիվերսանտ ներակայացնելն Ադրբեջանի դասական գործելաոճն է»։
Lragir.am–ի քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանը կարծում է, որ հայ սպային կարող էին առևանգել հենց փոխանակման նպատակով։ Նա իր ենթադրությունը հիմնավորում է այն փաստով, որ ադրբեջանցի փորձագետներն ու քաղաքագետները միջադեպից հետո անմիջապես բարձրացրել են փոխանակման հնարավորության հարցը։
Արդյո՞ք փոխանակում կլինի
Ադրբեջանն ավելի վաղ մի քանի անգամ առաջարկել է չորս գերիներով փոխանակվել՝ երկուական յուրաքանչյուր կողմից։ Բանն այն է, որ պաշտոնական Բաքուն ու Երևանը միմյանց հակասող վարկածներ ունեն այն մասին, թե ինչպես են այդ մարդիկ գերի ընկել։
● Ադրբեջանն առաջարկում է գերիներով փոխանակվել, Հայաստանը կասկածում է
Ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին Ղարաբաղում ցմահ և 22 տարվա ազատազրկման են դատապարտել սպանությունների, լրտեսության և առևանգումների համար։ Իսկ Ադրբեջանում կարծում են, որ նրանք Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք են մեկնել՝ իրենց նախնիների գերեզմաններն այցելելու։
Ադրբեջանում սպա Գուրգեն Ալավերդյանից բացի ևս երկու գերի կա՝ Կարեն Ղազարյանն ու Արայիկ Ղազարյանը։ Առաջինին Ադրբեջանում դիվերսանտ են համարում և դատապարտել են 20 տարվա ազատազրկման, իսկ Հայաստանում՝ հոգեպես անառողջ մարդ։ Երկրորդն, ըստ ադրբեջանական կողմի՝ ինքն է փախչել զորամասից անմարդկային վերաբերմունքի պատճառով։ Սակայն, հայկական կողմը կարծում է, որ Ղազարյանը մոլորվել է։
Razm.info ռազմավերլուծական կայքի փորձագետ Հայկ Խաչիկյանը կարծում է, որ Ադրբեջանը հայ գերիներին դիվերսանտ է հայտարարում՝ Գուլիևի և Ասկերովի հետ փոխանակելու համար․
«Փոխանակումը շատ բարդ հարց է, և ցանկացած որոշում ցավոտ է լինելու։ Զինվորականներից բացի ադրբեջանական գերության մեջ են նաև քաղաքացիական անձինք։ Մի կողմից, պետությունը պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների համար, և քայլեր են անհրաժեշտ նրանց վերադարձնելու համար։ Մյուս կողմից, այդ երկուսը [Գուլիևն ու Ասկերովը] սպանության համար են դատապարտվել»։
«Օրբելի» վերլուծական–հետազոտական կենտրոնի ռազմական փորձագետ Վլադ Վարդանյանը կարծում է, որ հայ ռազմագերիներին Գուլիևի և Ասկերովի հետ փոխանակելը սխալ կլինի․
«Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դրան չեն գնա։ Ցավալի է հասկանալ, որ Ալավերդյանին դիվերսիայի փորձի մասին շինծու գործով կալանք է սպասվում»։
Lragir.am–ի քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումը հավանական է համարում․
«Այժմ [ասվել է օգոստոսի 25-ին] Բաքվում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն, իսկ վաղն այցով Ռուսաստան կմեկնի Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը։ Ռուսաստանն ու Ադրբեջանը Տավուշի սրացումից հետո [ռազմական գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 2020 թ–ի հուլիսին — JAMnews] կրկին փորձում են հարաբերություններ հարթել, և «բոլորը բոլորի դիմաց փոխանակումը» կարող է հարաբերությունների շտկման համար «բրուդերշաֆտի» հարմար առիթ դառնալ»։