Կարտոֆիլ՝ ծառից, մանդարին և այլ մրգեր. 25 լուսանկար՝ Ադրբեջանի հարավից
Ադրբեջանի հարավն՝ Աստարան և Լենքորանը, հայտնի է իր «էկզոտիկ մրգերով»՝ ֆեյխոայով, կիվիով, նարնջով և մանդարինով: Մաշխանը տիպիկ աստարանյան գյուղ է, որտեղ այդ ամենն աճեցնում են:
Օքթայի հողակտորում մանդարինի 120 ծառ կա: Դրանից մոտավորապես 2,5 (լավագույն սեզոններին՝ 3) տոննա մանդարին է հավաքվում:
Տարեցտարի Օքթայի համար ավելի ու ավելի դժվար է դառնում միրգ հավաքելն, այդ պատճառով էլ նրան այդ հարցում օգնում է որդին՝ Էմինը:
«Այս տարի տաք քամին շատ մանդարին փչացրեց, — ասում է Օքթայը: — Մենք այն «գյալմիշ» էլ ենք անվանում [«օտարական» — խմբ.]: Այն Իրանից է փչում դեպի ծով: Ամռանն առանց այդ էլ շոգ է, վրայից էլ դա: Մանդարինը սկսում է դանդաղ փտել ծառերի վրա: Այդպիսի միրգն արկղում դնես, կողքի մանդարիններն էլ կփչացնի»:
«Շուկայում տարբեր մանդարիններ են հանդիպում՝ Իրանից, Վրաստանից: Իմ կարծիքով՝ մերն՝ ադրբեջանականն, ավելի լավն է, որովհետև ավելի քաղցր է: Իսկ այն, որ ներկրված մանդարիններն «ավելի գեղեցիկ» են, այն պատճառով է, որ մեզ մոտ միշտ չէ, որ ջուր է լինում ծառերը հարկ եղածի չափ ջրելու համար»:
«Եթե փայտե արկղի մեջ դնես, մանդարինները մեկ-երկու ամիս կպահպանվեն: Իսկ պլաստմասե արկղերում օդափոխությունն ավելի լավ է, այդ պատճառով էլ մինչև 4 ամիս պահպանվում են: Իսկ կիվիի հետ կապված ամեն ինչ հեշտ է: Պարզապես պինդ մրգերը շարում ես ձվի տուփերում: Տեղ հասցնելուց հետո են արդեն հասնում»:
«Մրգագողությունից չենք վախենում. ի վերջո, բոլորն էլ այգի ունեն: Ի՞նչ իմաստ ունի գողանալը»:
«Եթե մանդարինը լավ չի վաճառվում, ոչինչ, — ասում է Էմինը: — Գլուխ կհանենք: Ես ոչխարներ ունեմ: 59 գլուխ՝ 4 որձ, մնացածն՝ էգ: Ես նրանց համար գետակից մի փոքր ջրանցք եմ փորել, որպեսզի ամռանը ստիպված չլինեմ դույլով հեռվից ջուր կրել:
Որքան բարձր է հողը ծովի մակերևույթից, այդքան մանդարիններն ավելի լավ են աճում: Այդ պատճառով էլ ցածրադիր շրջանները հիմնականում որպես արոտավայր են օգտագործում:
Անձրևից հետո արոտավայր տանող ճանապարհը ճահճի է վերածվում: Սակայն այդպես միշտ չի եղել: Խորհրդային տարիներին այստեղ հողն ընդհանուր էր, լոլիկ-վարունգ էին աճեցնում, ճանապարհով միշտ ինչ-որ մեկն անցնում էր, և այն այսքան լքված չէր:
Հետո հողը բաժանեցին մարդկանց: Նրանք փորձեցին այստեղ ցորեն աճեցնել, սակայն դա շահութաբեր չէր: Հիմա այստեղ ամեն ինչ լքված է, թեև ահա այս եղեգից ավել են պատրաստում»:
«Գյուղում բնակիչների միջև մրցակցություն չկա: Եթե ինչ-որ մեկը սկսում է էժան վաճառել, բոլորը դրան ըմբռնումով են մոտենում. նշանակում է մարդը վարկային պարտավորություններ ունի:
2015թ-ը վատ տարի էր: Մեկ կիլոգրամ մանդարինը մեզնից 40 կոպեկով էին գնում: Հիմա արդեն 70-80-ով ենք հանձնում:
Մեր կյանքը հեշտ չէ. որքան վաճառեցիր սեզոնի ընթացքում, մնացած ժամանակը դրանով էլ ապրելու ես: Սակայն ավելի վատ են խանութների վաճառողների գործերը: Նրանք ստիպված են լինում ապրանքը պարտքով տալ և սպասել, թե երբ են սեզոնին փողը վերադարձնելու: Իսկ ի՞նչ փողով նոր ապրանք գնեն: Բացի այդ, կան գյուղացիներ, որոնք պարզապես չեն վերադարձնում պարտքը: Փող չունեն: Կռիվ էլ չես անի, բոլորին ճանաչում ես: Այդ պատճառով էլ փակվում են խանութները», — պատմում է Էմինը:
Կիվին պարզապես համեղ միրգ չէ. որոշ քեբաբ պատրաստողներ կիվիի հյութն օգտագործում են պինդ միսն արագ մարինացնելու համար:
«Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, մարդիկ սկսեցին ակտիվորեն Իրան մեկնել աշխատելու, — պատմում է Օքթայը: — Այնտեղ էլ իմացել են, թե ինչ է կիվին: Դա 90-ականների սկզբներին էր: Միրգը մեզ շատ դուր եկավ, բայց սկզբից տեղացիներն այն անվանում էին «բրդոտ կարտոֆիլ»:
Գյուղի մեկ այլ բնակիչ Ալիաղան մանդարինի 80 ծառ ունի: Դրանք ավելի շատ էին, սակայն 1985թ-ի սարսափելի ցրտերը շատ երիտասարդ ծառեր ոչնչացրին:
Նրա թոռը՝ Խանիմը, շատ է սիրում մանդարին, բայց ծառերից չի կարելի ուտել. սառն են, կոկորդը կցավի: Պետք է մանդարինները տուն տանել և սպասել, մինչ տաքանան: