Բուն, հարսն ու հատուկ ջոկատայինները
Վրաստանում ավարտվեց երկրի պատմության մեջ ամենաերկար նախընտրական փուլն ու ամենաանկանխատեսելի ընտրությունները: Սակայն ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Հետընտրական գործընթացները կարող են շատ ավելի երկարատև ու լարված լինել, քան նախընտրական պատրաստությունները, քանի որ գլխավոր ընդդիմադիր ուժն անվստահություն է հայտնում գործընթացին:
Այսպիսով, նախնական տվյալները հետևյալն են.
- Վրացական երազանք՝ 49,78%
- Միացյալ ազգային շարժում՝ 26,7%
- Հայրենասերների դաշինք՝ 4,9%
Ոչ մի այլ կուսակցություն անգամ չի մոտեցել 5% շեմին:
Ապագա խորհրդարանի «նորարարությունը» կարող է վրացի ազգայնականների «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը լինել, որի առաջնորդներն աչքի են ընկնում հակաարևմտյան և հակաթուրքական հայտարարություններով և իրենց կուսակցությունը «վրացամետ» են անվանում:
Փոխարենը նախընտրական շեմը չկարողացան հաղթահարել լիբերալ և հստակ ընդգծված արևմտամետ ուժերը՝ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներն» ու հանրապետականները: Շեմից շատ հեռու էր նաև Պաատա Բուրչուլաձեի «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը:
Հոկտեմբերի 9-ի առավոտյան 10-ի դրությամբ ԿԸՀ-ն հաշվել է ընտրատեղամասերի գրեթե 70%-ի արդյունքները, այդ պատճառով էլ արդյունքների զգալի փոփոխության չարժե սպասել:
Այս փուլում ընդդիմադիր կուսակսություններն ընտրությունների արդյունքներին անվստահություն են հայտնել: «Ազգային շարժման» հիմնական հավակնությունները կապված են ձայների հաշվարկի հետ, որն անցկացվել է բավականին լարված իրավիճակում. ընտրատեղամասերի փակվելուց հետո դրանցից որոշներ կամ հարող տարածքներ օտար մարդիկ են ներխուժել, իսկ ընտրատեղամասերից մեկում անգամ քվեատուփեր են կոտրվել:
Մեկ այլ հավակնությունը կապված է անմիջականորեն ԿԸՀ աշխատանքի հետ: Ընդդիմության բողոքի առիթն այն փաստն է, որ նախորդ ընտրությունների համեմատ ԿԸՀ-ն ուշացրել է ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: Եթե 2012թ-ին դրանք հայտարարվել են 22:00-ին, ապա այժմ առաջին տեղեկատվությունը հրապարակվել է գիշերը 2:00-ին:
Եվ երրորդը. ընդդիմությունը կասկածելի է համարում այն փաստը, որ նախնական արդյունքները համընկել են էկզիթ-փոլերի արդյունքների հետ, որոնք անցկացվել են իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով: Այդ էկզիթ-փոլի արդյունքները հրապարակվել են 20:00-ին՝ ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո, և իշխանական կուսակցության շտաբ-բնակարանում շամպայն բացելու առիթ են դարձել. «Վրացական երազանք»՝ 53%, «Ազգային շարժում»՝ 19%:
Սեփական էկզիթ-փոլի տվյալներ է հրապարակել նաև «Ազգային շարժմանը» հավատարիմ «Ռուսթավի-2»-ը, և այստեղ իրականությունը բոլորովին այլ է. «Վրացական երազանք»՝ 39,9%, «Ազգային շարժում»՝ 32%:
Ընտրությունների արդյունքները վիճարկել ու բողոքարկել «Ազգային շարժումը» սկսել է ընտրություններից անմիջապես հետո, երբ հայտարարվել են նախնական արդյունքները:
Առավոտյանը ժամը 3-ից ԿԸՀ շենքի մոտ արդեն բազմամարդ էր. հավաքվել էին «Ազգային շարժման» համակիրները: Հենց այստեղ ամբիոն է դրվել, որտեղից կուսակցության առաջնորդները իրենց ընտրողներին կոչ են արել դուրս գալ փողոց և պաշտպանել իրենց ձայները:
«Թող ոչ ոք պատրանքներ չկառուցի այն բանի վերաբերյալ, որ մենք ուզում ենք խորհրդարան մտնել այն ամենաթողության պայմաններում, որը կատարվում էր», — ակցիային իր ելույթի ժամանակ հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը:
Իսկ այդ ընթացքում՝ «Վրացական երազանքի» շտաբում
Ուղիղ երեկոյան 8-ին իշխող կուսակցության շտաբ-բնակարանում շամպայնի շիշ էին բացել և սկսել հաղթանակը տոնել: Լրագրողներին տված մեկնաբանություններում «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հայտարարում էին, որ վստահում են «Իմեդի» հեռուստաընկերության էկզիթ-փոլի տվյալներին և չեն կասկածում իրենց հաղթանակի վրա:
«Վրացական երազանքի» գրասենյակի դիմաց տեղադրված ամբիոնի մոտ՝ կառավարության անդամների և կուսակցական առաջնորդների կողքին էր նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Նա շնորհակալություն հայտնեց ընտրողներին աջակցության համար և ասաց. «Դուք իրոք ունեք ձեր սիրած իշխանությունը, ունեք կառավարություն, որը գլխավորում է Կվիրիկաշվիլին՝ հանճարեղ մի առաջնորդ, ով ունի պատիվ և արժանապատվություն: Դուք հանճարեղ թիմ եք ընտրել»:
Երկկուսակցական խորհրդարան
Ընտրատեղամասերի մեծ մասի քվեաթերթիկները հաշված են: Եթե «Ազգային շարժումն» ի վերջո ճանաչի ընտրությունների արդյունքն ու այդ օրենսդիր մարմնում իր տեղերը զբաղեցնի, ապա Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանը երկկուսակցական կլինի: Նման արդյունքը շատերի համար էր անսպասելի, քանի որ 2016 թ-ի նախընտրական քարոզարշավը առանձնանում էր իր բազմակուսակցական լիենլով:
Ընտրություններից առաջ անցկացրած սոցիոլոգիական տարբեր հետազոտությունների համաձայն՝ նվազագույնը 4 կուսակցություն կկարողանար հաղթահարել նախընտրական շեմը:
Սակայն այնպես ստացվեց, որ առաջիկա 4 տարիների ընթացքում կողք կողքի ստիպված են աշխատել երկու կուսակցություններ, որոնց թշնամանքը ծայրահեղ անհաշտ բնույթ է ստացել:
Ֆեյսբուքի օգտատերերն արդեն արտահայտել են առաջիկա 4 տարիների իրենց տեսլականը.
Ապագա խորհրդարանի վերջնական ուրվագիծը դեռևս այնքան էլ պարզ չէ, քանի որ, ըստ նախնական տվյալների, միամանդատ շրջանների մեծ մասում (դրանք 73-ն են) երկրորդ փուլ է նշանակվելու: Սակայն քաղաքական վերլուծաբանները չեն կասկածում, որ «Վրացական երազանքի» համար դժվար չի լինի խորհրդարանական մեծամասնություն հավաքել, այսինքն՝ 113 մանդատ 150-ից:
Բու, հարսնացու և հատուկ նշանակության ջոկատ
Ընտրությունների օրն այնքան հագիստ ու խաղաղ սկսվեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ժամանակ ունեին ցուցադրելու մի բվի, որը ներս էր մտել ընտրատեղամասերից մեկը, հարսի ու փեսայի, որոնք եկել էին քվեարկելու, և տարեց մի մարդու, որը ընտրատեղամասում ԿԸՀ դիտորդներին ծաղկեփունջ նվիրեց:
Քվեարկության եկած և իրենց հաղթանակի վրա վստահ քաղաքական գործիչների մեկնաբանություներին զուգահեռ, ողջ օրվա ընթացքում հնչում էր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների տեղեկատվությունն այն մասին, որ քվեարկությունն ընթանում է առանց միջադեպերի, իսկ արձանագրվող խախտումներն այնքան աննշան են, որ ընտրությունների արդյունքների վրա ոչ մի կերպ չեն անդրադառնա:
Սակայն երեկոյան այդ գրեթե սկանդինավյան խաղաղությունն ու կարգուկանոնը հանկարծակի խախտվեց: Առաջին լուրջ միջադեպը տեղի ունեցավ Կվեմո Քարթլիում՝ Մարնեուլում, որտեղ հիմնականում ապրում են էթնիկ ադրբեջանցիներ:
Կիզիլաջլո գյուղի ընտրատեղամասում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ հանձնաժողովի անդամները հայտնաբերեցին մի սուբյեկտի, որը փորձել էր երկու անգամ քվեարկել:
Տարբեր կուսակցությունների դիտորդները բողոքել էին այդ փաստի դեմ և խնդրել դադարեցնել քվեարկությունը: Սակայն իրավիճակը խաղաղ ճանապարհով չհաջողվեց հանգուցալուծել, այն վերածվեց քաշքշուկի:
Ընտրատեղամասի մոտ, որը տեղակայված էր դպրոցներից մեկում, մի քանի հարյուր մարդ էր հավաքվել: Նրանք սպառնացել են մահակներով, քարերով կոտրել ապակիներն ու փչացրել դռները, և անարդյունք փորձեցել փախցնել քվեաթերթիկներով քվեատուփը: Իրավիճակը հանդարտացավ միայն գյուղում հատուկ նշանակության ջոկատի հայտնվելուց հետո, որը տեղակայված էր ընտրատեղամասի ողջ երկայնքով: Արդյունքում մի քանի մարդ տուժեց, այդ թվում նաև՝ ոստիկաններ:
Իշխանությունը Կիզիլաջլոյի անկարգությունների համար մեղադրեց «Ազգային շարժմանը», իսկ ընդդիմությունն այդ միջադեպի պատասխանատվությունն իշխանությունների վրա է դնում:
Իրավիճակն էլ ավելի թեժացավ, երբ ընտրատեղամասերը փակվեցին և սկսվեց ձայների հաշվարկը:
Ընտրատեղամասերի վրա հարձակում էր տեղի ունեցել Ջիհաշքարի գյուղում, որտեղ անհայտ անձինք ներխուժել էին հանձնաժողովի անդամների մոտ և կոտրել քվեատուփերը: Այժմ համարվում է, որ ընտրություններն այնտեղ չեն կայացել, խաթարվել են: Ենթադրություն կա, որ այդ ընտրատեղամասերում հաղթում էր ընդդիմությունը:
Անկարգություններ էին գրանցվել նաև Քութայիսիի տեղամասերից մեկում, որտեղ մի քանի տղամարդ էր ներխուժել: Նրանց հարձակման թիրախը «Ազգային շարժման» ներկայացուցիչ Գիգի Ծերեթելին էր: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է նրանցից մեկը գոռում. «Չե՞ք ամաչում, քութայիսցիներ: Մի՞թե «ազգայիններին» եք ձեր ձայնը տալու: Տղամարդկա՞նց եք որոշել ամուսնացնել»:
Հասարակական կազմակերպությունների մոնիթորինգ անող ներկայացուցիչներն իշխանություններին կոչ են անում նորմալ և հանգիստ պայմաններ ապահովել, որպեսզի հանձնաժողովի անդամները կարողանան ձայները հաշվել, հետաքննել Մարնեուլիի շրջանում, ինչպես նաև մի քանի այլ ընտրատեղամասերում տեղի ունեցած բռնության պատճառներն ու հանգամանքները:
Չնայած խախտումներին՝ դիտորդներից ոչ ոք տվյայլ պահին կասկածի տակ չի դնում ընտրությունների լեգիտիմությունը:
Հրապարակվել է 09.10.2016