Ազա՛տ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուսներին․ բողոքի ակցիաներ ՀՀ-ում
Բողոքի ակցիա՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի
Հայաստանում քննարկվող թիվ մեկ թեման վերջին շրջանում Բաքվում պահվող հայ գերիների «դատավարության» գործընթացն է։ Մեծ աղմուկ է բարձրացել հատկապես այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները դատարանի դահլիճից։ Նրա դեմքին անզեն աչքով տեսանելի են վնասվածքներ և խոշտանգումների հետքեր։
Ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է գերիների վերադարձի ուղղությամբ քայլեր չձեռնարկելու մեջ։ Իսկ իշխող ուժն այդ մեղադրանքը վիրավորական է համարում և պնդում. «Չկա օր, որ կառավարությունը քայլ չանի այդ ուղղությամբ»։
«Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին»,- այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն։
Քաղհասարակության տարբեր խմբեր այսօր բողոքի ակցիաներ են անցկացրել արտգործնախարարության և կառավարության շենքերի դիմաց։ Նրանք պահանջել են, որ իշխանությունները «ձեռնարկեն հրապարակային քայլեր ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ, դատապարտեն ցուցադրական շինծու դատավարությունը՝ որակելով քաղաքական և ապօրինի»։ Առաջիկայում նման ցույցեր են իրականացնելու նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Կարմիր խաչի գրասենյակների դիմաց։
ՀՀ-ում գործող շուրջ երեք տասնյակ ՀԿ-ներ նախօրեին դիմել էին նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին։ Նրանք կոչ են արել «գործել որպես անկախ միջնորդ հայ գերիների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ապահովելու միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը և նրանց անհապաղ ազատ արձակումը»։
Իսկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վարչապետ Փաշինյանին է կոչ արել հայտարարել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները դադարեցնելու մասին, քանի դեռ «բոլոր հայ գերիներն ու պատանդները չեն վերադարձել Հայաստան»։ Ըստ դիվանագետի՝ դա նվազագույնն է, ինչ կարող են անել օրվա իշխանությունները։ Կարծում է՝ այդ քայլը կլինի օրինական, հասկանալի կլինի նաև միջազգային հանրության համար։
- Բաքվի պահանջից խուսափել չի՞ ստացվում. կարծիքներ «Իրական Հայաստանի» մասին
- «Հերքելու ենք Բաքվի անհիմն պահանջները»․ Ադրբեջանը ՀՀ-ից փոխհատուցում է ուզում
- «ՀՀ տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»»․ Փաշինյանի ասուլիսի կարևոր դրվագները
Վարդանյանը բողոքում է «դատական ֆարսի» դեմ
Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանը 11 օր առաջ է հացադուլ սկսել։ Ընտանիքի միջոցով տեղեկացրել է՝ այդ ծայրահեղ քայլով բողոքում է Ադրբեջանում իր դեմ իրականացվող անօրինականությունների ու ճնշումների, դատական ֆարսի դեմ:
Փետրվարի 25-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է։ Ընդմիջում է հայտարարվել, սակայն ավելի ուշ նիստը շարունակվել է։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ, չի պատասխանել որևէ հարցի: Ավելի վաղ Վարդանյանը հաղորդել էր՝ զրկված է պաշտպանության իրավունքից, միջազգային փաստաբանների հետ շփումներից, իսկ ադրբեջանցի պաշտպանի վրա կան ճնշումներ։
Ռուբեն Վարդանյանին վերագրվող մեղադրանքներն ադրբեջանական կողմը 422 հատորում է ձևակերպել։ Դրանց թվում են 40-ից ավելի հանցագործություններ, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու ու վարելու, վարձկանության, արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեսիս 2» կամ ահաբեկչական գործողություններ ծրագրելու վերաբերյալ։
Մինչդեռ նախկինում ուսաստանաբնակ գործարարն ու բարերարը ՀՀ-ում կամ ԼՂ-ում ռազմական գործողությունների չի մասնակցել, որևէ զինվորական պաշտոն չի զբաղեցրել։
Ցեղասպանության, ահաբեկչության և խաղաղ բնակչության բռնի տեղահանում կազմակերպելու մեջ են մեղադրվում նաև ԼՂ-ի այլ նախկին պաշտոնյաներ՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանը որոշել է Վարդանյանի գործն առանձին քննել։ Բոլոր գործերը քննվում են Բաքվի ռազմական դատարանում՝ դռնփակ ռեժիմով։
Փաստաբանը պնդում է՝ պետք է հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը երկու օր առաջ հայտարարություն էր տարածել։ Նա պնդում է, որ Վարդանյանին ստիպել են շարունակել մասնակցությունը դատական նիստին այն պարագայում, երբ ներկայացվել են դատավարությունը հետաձգելու միջնորդություններ։
«Ռուբենի զարկերակային ճնշումը նորմայից զգալիորեն բարձր է եղել, նա հյուծված տեսք է ունեցել ու մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել։ Պարտադրել Ռուբենին մասնակցել այս դատավարությանը, երբ նրա առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում, նվազագույնը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է կամ պատիժ»,- նկատել է նա։
Գենսերն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել թույլ տալ իրենց միջազգային թիմի բժշկին այցելել Վարդանյանին, անհապաղ կերպով ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը: Բացի այդ, փաստաբանն անկախ դատական փորձագետներին հորդորել է հետևել «դատավարությանը»՝ համոզվելու համար, որ Վարդանյանի իրավունքները լսումների ընթացքում հետայսու ևս չեն ոտնահարվի:
Պաշտոնական Երևանը՝ դատավարությունների բեմականացված լինելու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի և ողջ հասարակության համար»,- ընդգծել է ԱԳՆ-ն։
Կառույցի փոխանցմամբ՝ կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ: Ավելի վաղ «հոգեներգործուն միջոցների» կիրառման մասին խոսել էր նաև վարչապետ Փաշինյանը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է՝ հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում։ ԱԳՆ-ն դա «միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում» է հայտարարել՝ թվարկելով այն փաստաթղթերը, որոնց միացել է Բաքուն։
ԱԳՆ-ն ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս գործընթացներն ընթանում են ադրբեջանական լրատվամիջոցներում հայերի դեմ էթնիկ ատելության շարունակական քարոզչության պայմաններում: Այս պայմաններում Հայաստանը չի կարող անմասն և անտարբեր մնալ, ուստի շարունակելու է գերիների վերադարձի հարցը բարձրացնել տարբեր հարթաներում և ձևաչափերով՝ ակնկալելով «լուծումներ և դրական առաջընթաց»։
Օրեր առաջ ՄԱԿ ամբիոնից թեմային անդրադարձել էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները»,- հայտարարել էր նա։
Ի պատասխան Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը պնդել էր, թե «պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին պատասխանատվության ենթարկելը ոչ միայն Ադրբեջանի իրավունքն է, այլև միջազգային իրավունքի պարտավորությունը»:
«Կանխե՛լ հնարավոր ողբերգական հետևանքները»․ կոչ Կարմիր խաչին
Հայաստանի մի քանի տասնյակ ՀԿ-ներ բաց նամակով դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին։ Նրանք կոչ են արել անհապաղ միջամտել Ադրբեջանում հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի և քաղաքական դրդապատճառներով անօրինական կերպով «դատվող» մյուս հայ գերիների հետ կապված իրավիճակին: Պնդել են՝ Բաքվում պահվող հայերը ենթարկվում են անարդար վերաբերմունքի ու էթնիկ ծագմամբ պայմանավորված հետապնդման։
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հացադուլի մեջ գտնվելուն՝ նկատել են՝ «նրա առողջական վիճակը կարող է արագորեն վատթարանալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների»։
Քաղհասարակության ներկայացուցիչները կոչ են արել՝
- անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին, իրականացնել անկախ բժշկական գնահատում,
- ապահովել Վարդանյանի առողջական վիճակի անկողմնակալ մշտադիտարկումը և հետևել, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն,
- բացահայտել նրա դեմքի վնասվածքների պատճառները, որոնց մասով «ադրբեջանական կողմը կրում է հատուկ պարտավորություն»,
- հասցեագրել Վարդանյանի հացադուլի պատճառներն ու գործուն ջանքեր ձեռնարկել հացադուլի ավարտի ուղղությամբ,
- ներկայացնել անաչառ զեկույց բոլոր հայ գերիների պահման պայմանների ու նրանց հանդեպ վերաբերմունքի մասին,
- իրականացնել կանոնավոր այցելություններ ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայ գերիներին՝ երաշխավորելու նրանց նկատմամբ արդար վերաբերմունքը։
Արձանագրել են՝ չպետք է անել այնպես, որ Կարմիր խաչի հերթական այցն «արդեն ուշացած լինի»։
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ունի բացառիկ իրավասություն և մանդատ բանտարկյալների պաշտպանության ոլորտում։ Ուստի Ձեր միջամտությունը այս իրավիճակում ոչ միայն հիմնավորված է, այլև՝ անհրաժեշտ»,- նշել են ՀԿ-ներն ու հույս հայտնել, որ ԿԽՄԿ-ի կողմից կձեռնարկվեն անհապաղ քայլեր՝ կանխելու համար հնարավոր ողբերգական հետևանքները։
Միջազգային կառույցներին մտահոգում է հայ գերիների հանդեպ Բաքվի անմարդկային վերաբերմունքը
«Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը։ Նա հացադուլի մեջ է՝ հուսահատորեն դիմելով միջազգային հանրությանը միջամտելու Ադրբեջանի կողմից օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեմ»,- ասված է Тransparency International միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։
Վարդանյանի վատթարացող առողջական վիճակի հետ կապված իր մտահոգությունն է հայտնել նաև «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը» (Democracy Development Foundation):
Վերոնշյալ կազմակերպություններն իրենց հայտարարություններով միացնել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և մի շարք այլ կառույցների համատեղ կոչին, այն է՝ ձեռնարկել հրատապ գործողություններ, որպեսզի «Ադրբեջանը կատարի միջազգային պարտավորությունները և դադարեցնի քաղաքական դրդապատճառներով հետապնդումը»։
Փորձագիտական կարծիք
Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը Factor TV-ի եթերում հայտարարել է՝ Ադրբեջանում դատավարության մասնակցին խոշտանգելը համակարգային լուրջ խնդիր է։
«Այն աստիճան հակակշռող գործոնները չկան և նույնիսկ մինիմալ իրավունքները երկրում համատարած կերպով ապահովված չեն, որ իրենք պատրաստ են դա նույնիսկ ցուցադրել, նույնիսկ ԶԼՄ հաղորդումները չվերահսկել, որովհետև Ադրբեջանի առաջին կարևոր նպատակն է վերահսկել դատավարության մասնակիցներին, մեղադրյալներին»,- մանրամասնել է նա։
Ղազարյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանին առերևույթ ծեծի են ենթարկել, նորից կանգնեցրել դատարանի առաջ, իսկ ԶԼՄ-ները դա նկարել և տարածել են, քանի որ Ադրբեջանի իշխանություններին հնարավոր հետևանքներն այնքան էլ չեն հետաքրքրում․
«Հիմա արդեն շատ ռեալ են Ադրբեջանին Եվրոպայի խորհրդից հեռացնելու մասին խոսակցությունները։ Բաքուն նույնիսկ չի էլ դիմադրում, որովհետև հասկանում է՝ ռեսուրս չունի, որպեսզի բավարարի միջազգային իրավունքի պահանջները»։
Փորձագետի դիտարկմամբ՝ դա է պատճառը, որ Ադրբեջանը հայացքն ուղղել է իր ազգաբնակչությանը, փորձում է ադրբեջանցիներին ցույց տալ՝ «տեսեք, թե մենք հայերին ինչպես ենք դատում, այն էլ դատում ենք Ադրբեջանի նկատմամբ ահաբեկչության հոդվածով»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Բողոքի ակցիա՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի