Բիզնեսը տարանջատել իշխանությունից. ինչ է տեղի ունեցել Հայաստանի տնտեսությունում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում
Նիկոլ Փաշինյանի՝ որպես Հայաստանի վարչապետի պաշտոնավարման հարյուր օրն, ըստ ամենայնի, կհիշվի նախևառաջ բազմաթիվ կոռուպցիոն բացահայտումներով և աղմկահարույց կալանավորումներով:
Սակայն այդ գործողությունները Հայաստանի «հեղափոխական» կառավարության նոր տնտեսական ծրագրի միայն աղմկոտ և սկանդալային մասն են: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության եկավ 2018թ-ի ապրիլին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության արդյունքում: Անցել է ավանդական հարյուր օրն. ինչպիսի՞ տնտեսական բարեփոխումներ են գործարկվել, ի՞նչ ձեռքբերումներ են եղել, ի՞նչ ուղղություններ են նախանշվել: Առաջարկում ենք փորձագետների մեկնաբանությունների վրա հիմնված մանրամասն վերլուծություն:
Տնտեսության կայունացում
Տնտեսության ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2018թ-ի վեց ամսվա կտրվածքով կազմել է 8.9 %. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 6.1%: Ազգային արժույթը հեղափոխության օրերին և դրանից հետո զգալի տատանումներ չի ունեցել:
Սակայն որոշ ոլորտներում ցուցանիշներն, այնուամենայնիվ, անկում են ապրել: Այդ պատճառով էլ որպես կառավարության առաջնային խնդիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տնտեսության կայունացումը:
Հայաստանի նախարարների նախորդ կաբինետը՝ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, 2018թ-ի համար պլանավորել էր 4.5% տնտեսական աճ: Առաջին կիսամյակից հետո պարզ երևում է, որ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է լինելու: Այս տարվա համար մասնագետները կանխատեսում են նվազագույնը 6.5% տնտեսական աճ:
Հրանտ Միքայելյան, տնտեսագետ.
«Տնտեսության արձագանքը հեղափոխությանը սթրեսային էր, ինչպես որ սովորաբար լինում է նման դեպքերում: Սակայն ազդեցությունն այնքան էլ խորքային չէր: Ըստ իմ գնահատականների՝ տնտեսությունը կորցրել է ՀՆԱ աճի ընդհանուր ծավալի 2.5%-ը»:
Բագրատ Ասատրյան, տնտեսագետ.
«Թավշյա» հեղափոխությունը բարդություններ է առաջացրել ֆինանսական շուկաներում, գրանցվել է փողերի արտահոսք: 2018թ-ի ապրիլին Հայաստանի միջազգային պահուստները դատարկվել են 200 մլն դոլարով:
Սակայն սկսված տնտեսական անկումն արդեն հաջողվել է կարգավորել: Տարին արդեն հիմա կարելի է հաջող համարել նաև գյուղատնտեսության համար: Վերջնական արդյունքները դեռ պետք է ամփոփել, սակայն, հուլիսի տվյալներով, մրգի ու բանջարեղենի արտահանումն աճել է 70%-ով: Զգալի աճ է գրանցվել նաև այլ ոլորտներում»:
Հրանտ Միքայելյան, տնտեսագետ.
«Ներկա պահին լավ աճ է գրանցվում ծառայությունների և առևտրի ոլորտում: Ինչ-որ առումով՝ նաև շինարարությունում: Դա կապված է Հայաստանի շուրջ ստեղծված ընդհանուր դրական ֆոնի հետ: Հայաստանն ինտեգրվել է ԵԱՏՄ-ին, սակայն գործում են նաև GSP և GSP+ ռեժիմները համապատասխանաբար ԱՄՆ և ԵՄ հետ: Գործում է առևտրային պայմանագիր Վրաստանի հետ: Իրանն ազատվել է պատժամիջոցներից (համենայնդեպս, մինչև ԱՄՆ նոր պատժամիջոցները)»:
Պայքար՝ շուկայում մենաշնորհների դեմ
Նոր կառավարությունն իր աշխատանքի առաջին իսկ օրվանից հայտարարել է Հայաստանի շուկայում արհեստական մենաշնորհների դեմ պայքարի մասին: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա անարգել Հայաստան ներկրել ցանկացած ապրանք:
Զուգահեռ պարզվել է, որ առևտրով զբաղվող մի շարք ընկերություններ տարիներ շարունակ հարկ չեն վճարել, այդ թվում՝ «Երևան սիթի» սուպերմարկետների խոշոր ցանցը: Այդ բոլոր կառույցները պետբյուջե են վերադարձրել չվճարված հարկերն ու սկսել են աշխատել նոր կանոններով: Միաժամանակ ոչ մի ընկերություն չի դադարեցրել իր գործունեությունը:
Հրանտ Միքայելյան, տնտեսագետ.
«Նոր իշխանությունը ձգտում է ընդունելի քաղաքականություն վարել, առանց էքստրիմի՝ նույնիսկ խոշոր մենաշնորհ ունեցողների համար, և դա իրեն դեռ արդարացնում է. բոլոր խաղացողները մնացել են շուկայում, բայց արդեն այլ պայմաններով»:
Բիզնեսի և իշխանության տարանջատումը
Բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու նպատակը նույնպես առաջնահերթություն է համարվում: Նիկոլ Փաշինյանին մասամբ հաջողվել է հասնել դրան: Նախարարների նրա կաբինետի կազմում չկա ոչ մի օլիգարխ կամ բիզնեսում նկատված որևէ մարդ, որը կարող է իշխանությունն իր անձնական նպատակներով օգտագործել:
Քննադատություն
Չնայած ընդհանուր դրական ֆոնին և հասարակական աջակցությանը՝ կառավարության հասցեին շատ քննադատություն է հնչում:
Հիմնական պատճառն այն է, որ տնտեսական ծրագրում չկան թվերով արտահայտված կանխատեսումներ, և, ընդհանուր առմամբ, մինչև հիմա ներկայացված չէ երկարաժամկետ տնտեսական զարգացման որևէ հայեցակարգ:
Բագրատ Ասատրյան, տնտեսագետ.
«Կոռուպցիայի, բիզնեսի և իշխանության սերտաճման դեմ պայքարը կառուցվածքային փոփոխությունների կարևորագույն մաս է: Սակայն դա դեռ տնտեսական քաղաքականություն չէ: Փոփոխություններ են անհրաժեշտ անմիջականորեն տնտեսական քաղաքականությունում, ինչը կնպաստի ոչ միայն արտաքին, այլև ներքին ներդրումների ներգրավմանը: Տնտեսական մոդելը պետք է այնպիսին լինի, որպեսզի հնարավոր լինի երկարաժամկետ նախագծեր իրականացնել»:
Ամփոփում
Երեք ամսում գրանցված տնտեսական ցուցանիշները մասնագետները դրական են գնահատում: Միաժամանակ փորձագետները նշում են, որ կարևորագույն և հիմնական քայլերը դեռ առջևում են, քանի որ Հայաստանում մինչ այսօր շարունակում է գործել հին տնտեսական մոդելը:
Եվ հենց այդ նոր տնտեսական ռազմավարությունը ցույց կտա, թե արդյոք Փաշինյանի կառավարությունն ունակ է ապահովելու տնտեսության այն թռիչքը, որին այդքան սպասում են Հայաստանում: