«Կրկին հեղաշրջում և նախագահի տապալում Աբխազիայում». ինչպե՞ս դուրս գալ այս շրջապտույտից
Բժանիայի հրաժարականը. ի՞նչ սպասել
Աբխազիայում ռուսական ներդրումների համաձայնագրի շուրջ իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտությունը, ի վերջո, հանգեցրեց նրան, որ նախագահ Ասլան Բժանիան կորցրեց իր պաշտոնը: Նոյեմբերի 19-ի խորհրդարանական նիստում նրա հրաժարականի օգտին քվեարկեցին 31 ներկա պատգամավորներից 28-ը: Այժմ հանրապետությունը պատրաստվում է արտահերթ նախագահական ընտրությունների:
Այսպիսով, Աբխազիայում հերթական՝ արդեն երրորդ անգամ անընդմեջ, իշխանությունը փոխվեց համեմատաբար խաղաղ հեղաշրջման միջոցով: Աբխազական JAMnews-ի խմբագիր Ինալ Խաշիգը մտորում է այն մասին, թե ինչու է դա այդքան հաճախ կրկնվում և հանգեցնում նույն արդյունքին:
- «Նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը». ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնո
- «Երազանքը հաղթեց, բայց Աբխազիայում դեռ անհանգիստ են»․ Ինալ Հաշիգի կարծիքը
- «Պատրաստ ենք օգնել Թբիլիսիին երկխոսել Աբխազիա և Հարավային Օսիա երկրների հետ»․ Զախարովա
Ինալ Խաշիգ
Այսպիսով, հերթական աբխազական հեղաշրջումը կրկին ավարտվեց հաջողությամբ:
Դասական սցենարը խաղարկվեց՝ ճիշտ նոտաների նման. դժգոհ քաղաքացիները առանց արյան գրավում են նախագահական պալատը, ապա իրականության զգացումը կորցրած նախագահը հեռանում է հարկադրված-կամավոր հրաժարականով:
Սա արդեն երրորդ նախագահն է, որին քաղաքացիները նման արմատական եղանակով անվստահություն են հայտնում:
- 2014 թվականի մայիսին հեղափոխականները՝ Ռաուլ Խաջիմբայի գլխավորությամբ, նախագահական աթոռից հեռացրին Ալեքսանդր Անկվաբին:
- 2020 թվականի հունվարին հեղափոխական զանգվածների հերթական առաջնորդ Ասլան Բժանիան հրաժարականի դրդեց Խաջիմբային և նստեց նրա աթոռին:
- Եվ հիմա՝ 2024 թվականի նոյեմբերին, նույն պատմությունը կրկնվեց Բժանիայի հետ:
Ընթացիկ հեղափոխությունն ունի մի քանի առաջնորդներ, ուստի դեռևս պարզ չէ, թե ով կլինի Աբխազիայի հաջորդ ղեկավարը: Բայց ես համոզված եմ, որ եթե նախագահության ինստիտուտը չվերաիմաստավորվի, հաջորդ նախագահի ճակատագիրը կլինի նույնը, ինչ իր նախորդներինը:
Խնդիրը ոչ թե յուրաքանչյուր նոր նախագահի մեջ է, այլ այդ պաշտոնի անսահման լիազորությունների:
Այս ձևաչափը 20 տարի առաջ ստեղծվել է մեկ կոնկրետ մարդու՝ Վլադիսլավ Արդզինբայի համար:
1994 թվականին՝ վրաց-աբխազական պատերազմի ավարտից հետո, լիարժեք ավերված տնտեսությամբ պետությունը հայտնվեց լիակատար շրջափակման մեջ և իր առջև դրեց միայն մեկ նպատակ՝ գոյատևել:
Բացի այդ, պահպանվում էր Վրաստանի կողմից ռազմական ռևանշի սպառնալիքը:
Այդպիսի իրավիճակում այլընտրանք չկար, բացի ուժեղ նախագահական իշխանությունից, որը փաստացի նախագահին իրավունք էր տալիս լինել բռնապետ: Թեև այդ ժամանակվա նախագահ Վլադիսլավ Արդզինբան իր ժողովրդի համար անվերապահ հեղինակություն էր:
Այդ ժամանակաշրջանում նախագահությունը չէր ենթադրում ոչ ֆինանսական հոսքերի կառավարում, ոչ էլ ռուսական օլիգարխների հետ ընկերություն կամ ամենօրյա բանկետներ ռեստորաններում: Այն ենթադրում էր պայքար ապրելու համար:
Հանրապետությունը ապրեց: Վլադիսլավ Արդզինբան հեռացավ պաշտոնից: Իսկ նրա լիազորությունները շարունակեցին «իրենց վրա կրել» հաջորդ նախագահները, որոնք այնքան էլ լավ չէին հասկանում իրենց դերը:
Եվ արդեն քսան տարի է, ինչ աբխազական հասարակությունը խոսում է բարեփոխումների մասին: Յուրաքանչյուր նոր նախագահի իշխանության գալուց հետո, մասնավորապես՝ նրա հնգամյա ժամկետի սկզբում ստեղծվում են սահմանադրական հանձնաժողովներ, որոնց նպատակն է լիազորությունների վերաբաշխումը գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև: Բայց հետո այս նախագահները, ովքեր իշխանություն են գալիս՝ որպես բարեփոխողներ, թողնում են ամեն բան այնպես, ինչպես կա:
Իշխանությունը հարբեցնում է, հարստացնում, ապականում և, ի վերջո, հասցնում միաձայն որոշումների:
Այս արատավոր շրջապտույտից վերջապես դուրս գալու համար անհրաժեշտ է փոխել կառավարման համակարգը՝ վերաբաշխելով նախագահի լիազորություններն այնպես, որ նա իրեն չզգա ամենակարող և անպատասխանատու թագավոր:
Բոլոր քաղաքական ուժերը պետք է այդ մասին պայմանավորվեն հենց հիմա, քանի դեռ նոր նախագահական ընտրություններ չեն կայացել: Հակառակ դեպքում մենք չենք կարողանա խուսափել հերթական հեղափոխությունից և այս կամ այն՝ իրականությունը լիովին կորցրած միապետի տապալումից: