Բեռնատարների շարասյուն Վրաստանի հարավային սահմանին. ինչո՞ւ են տուժում տեղի բնակիչները
Բեռնատարների շարասյուն Վրաստանի սահմանին
Մայիսից մինչ օրս Վրաստանի Ախալքալաքի շրջանում՝ Կարծախ գյուղի և հարակից գյուղերի մոտ, բեռնատարների հսկայական հերթ է։ Դրանք շարժվում են դեպի թուրքական սահմանի Կարծախի անցակետ։
Տրանսպորտային այս կոլապսը Վրաստանի՝ տարանցիկ երկրի համբավի համար մեծ խնդիր լինելուց բացի, դժվարացնում է տեղի բնակչության կյանքը։ Այս ճանապարհը միակն է, որը միացնում է ավելի քան 10 գյուղերն ու շրջկենտրոնը՝ Ախալքալաքը։ Այստեղ մարդիկ չեն կարողանում շտապ օգնություն կանչել ու բերքահավաք անել։
Վաչիանի գյուղի մոտ գտնվող մայրուղու վրա բեռնատարների հսկայական շարասյուն կա։ Վարորդներից ոմանք խմբերով նստում են, քննարկում պատերազմը, ինչ-որ մեկն աննպատակ թափառում է այս ու այն կողմ։ Ոմանք սեղաններ են դնում ու թեյ են խմում, ոմանք քնում են, իսկ ոմանք խոսում են տեսազանգի միջոցով:
Հայերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, ռուսերեն․ այստեղ հնչում են տարբեր լեզուներ:
Արդեն մի քանի ամիս է, ինչ բեռնատարների հսկայական շարասյուններ՝ մի քանի կիլոմետր երկարությամբ, կանգնած են Վրաստանի հարավում գտնվող Ջավախքի շրջանի Վաչիանի գյուղի և Կարծախի սահմանային անցակետի միջև։
Այդ մեքենաների մեծ մասը Թուրքիայից է։ Նաև Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և այլ երկրներից։
Կարծախի մաքսակետը գտնվում է Ախալքալաքից 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կարծախ գյուղում, այն Վրաստանի և Թուրքիայի միջև գտնվող երեք անցակետերից մեկն է (երկու երկրների միջև գործում են նաև Սարփի և Վալե անցակետերը)։
Կարծախին բացվել է 2015 թ.-ին։ Տեղացիները չեն ողջունել դրա բացումը։ Շրջանի հայ բնակչությունը բացահայտ կերպով ասում էր, որ Թուրքիայի հետ անմիջական հաղորդակցությունը, անշուշտ, իրենց մոտ առնվազն հոգեբանական անհարմարություն կառաջացնի։
Սակայն տեղի բնակիչները համոզված էին, որ Վրաստանի տարանցիկ ներուժի բարելավման հետ մեկտեղ, 10 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագիրը օգուտ կբերի նաև իրենց:
Ենթադրվում էր, որ «Կարծախին» օրական կհատի մոտ 200 բեռնատար և հինգ հազար մարդ, իսկ շրջանում լրացուցիչ գումար կհայտնվի։
Սկզբում այդպես էր, Կարծախին դիմակայում էր մեքենաների հոսքին, բայց այն բանից հետո, երբ Ուկրաինայում պատերազմ սկսվեց, և այստեղ մեքենաները ավելի շատացան, տեղացիների կյանքն անտանելի դարձավ։
Արդեն հինգ ամսից ավելի է, ինչ Վաչիանի, Սուլդա, Բոզալ, Կարծախ գյուղերում ամեն օր մի քանի կիլոմետրանոց հերթ է գոյանում։ Տեղական Jnews լրատվամիջոցի լրագրողները հաշվել են օրական մինչև 800 մեքենա։
Եթե ճանապարհի այս հատվածը մեքենայով անցնելու համար սովորաբար պահանջվում էր առավելագույնը 15 րոպե, ապա այժմ ճանապարհը կարող է երկարել մի քանի ժամով։ Տեղի բնակիչներն ասում են, որ գյուղեր կանչված շտապօգնության մեքենաները շատ են ուշանում։
Այս ճանապարհը կարևոր է նաև գյուղատնտեսության համար։ Ախալքալաքի շրջանն ապրում է գյուղատնտեսությամբ։ Կարտոֆիլի բերքահավաքը շուտով պետք է իրականացվի, սակայն խցանումների պատճառով տեխնիկա չեն կարողանում բերել դաշտեր։
Բացի այդ, շուրջը սարսափելի հոտ ու փոշի է։
«Մեզ խանգարում են։ Չգիտենք՝ ինչպես գյուղտեխնիկան բերել։ Թող շրջանցիկ ճանապարհ սարքեն, ինչպե՞ս կարելի էր գյուղամիջում նման երթուղի կառուցել։ Այստեղ չապրե՞նք։ Մարդիկ փոշու մեջ են, չգիտենք՝ ինչ անել բերքի հետ»,- ասում է Վաչիանիի բնակիչ Սասուն Ափոյանը։
«Երկու օր է անցել, ինչ սկսել են ճանապարհին ջուր լցնել, փոշին մի փոքր թուլացել է։ Մինչ այդ մենք իրար չէինք տեսնում։ Պատահել է, որ նույնիսկ երթևեկությունը կանգ է առել, քանի որ վարորդները ճանապարհը չեն տեսել։
«Մենք չենք բողոքում, հասկանալի է, որ այս ճանապարհը շատ կարևոր է և պետք է աշխատի, բայց միգուցե մեզ համար էլ մի բան մտածեն»,- ասում է Ափոյանի համագյուղացի Վիգեն Ալեքյանը։
Սուլդա գյուղից Արարատ Մարաբյանն ասում է, որ չնայած սպասելիքներին, այս տարանցիկ ճանապարհը տեղացիներին ոչ մի օգուտ չի բերել, միայն վնասներ.
«Տեսեք, ամբողջ տարածքը լցված է աղբով։ Ինչ ստացանք՝ կիլոմետրանոց աղբ անտառային գոտում։ Բայց սա մեր արոտավայրն է, որտեղ մենք բաց ենք թողնում մեր անասունները, իսկ շուրջբոլորը պարկեր ու շշեր են: Անասունները ուտում են այդ պլաստիկը:
Տասը օրից պետք է կարտոֆիլը հավաքենք։ Բայց ինչպե՞ս։ Տեսեք, նրանք այնպես են կանգնած ճանապարհին, որ նույնիսկ միմյանց միջև հեռավորություն չեն պահպանել, որպեսզի ինչ-որ կերպ թույլ տան, որ տեղի մեքենաներն անցնեն»։
Սա դեռ ամռանը, իսկ ի՞նչ կլինի ձմռանը, երբ շատ ձյուն գա։ Այդ բեռները մեզ միայն վնասներ են բերում։ Այսպես պետք է շարունակվի այնքան, քանի դեռ պատերազմը չի ավարտվե՞լ»,- վրդովված ասում է Արարատ Մարաբյանը։
Այժմ իրավիճակը սրվել է այն պատճառով, որ Վաչիանի գյուղի ճանապարհին վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Ախալքալաքի շրջանի ճանապարհները նախատեսված չեն բեռնատարների նման հոսքի համար։ Դրանք նեղ են և անորակ։ Ճանապարհի արտաքին շերտը նախկինում էլ հաճախ էր փչանում, իսկ բեռնատարների մեծ հոսքը ավելի է սրել խնդիրը:
«Վրաստանում ամենուր նման հերթեր կան»
Կայանած մեքենաների վարորդները նշում են, որ նույն իրավիճակն է Վրաստանի բոլոր անցակետերում։
«Մենք նոր ենք եկել Հայաստանից, գնում ենք Ռուսաստան։ Նույն խցանումը նաև Հայաստան տանող ճանապարհին է։ Ռուսաստանից Վրաստան շատ երկար ենք գնացել․ Լարսում էլ նույնատիպ հերթ էր։ Երկու շաբաթ սպասել ենք։
Մենք վճարում ենք այս ճանապարհների համար՝ ճանապարհ, էկոլոգիա, ապահովագրություն։ Տարանցման համար վճարում ենք 350 լարի [մոտ 120 դոլար], բայց այս ճանապարհն այդքան չարժե, այստեղ մեզ հարմար պայմաններ չեն կարող առաջարկել»,- ասում է բեռնատարներից մեկի վարորդը։
«Մեկ օրից ավելի է, ինչ այստեղ կանգնած եմ, դիմացս հսկայական հերթ է։ Նրանք ոչինչ չեն ասում, թե երբ մեզ ներս կթողնեն։ Մինչ այդ վեց օր եղել ենք Կազբեգիում՝ Վերին Լարսում։ Ոմանք ստիպված էին այնտեղ կանգնել շաբաթներով։ Էլեկտրոնային հերթագրում էին անում, բայց մենք չգիտեինք։
Նման իրավիճակ է ստեղծվել, քանի որ հիմա սա միակ ճանապարհն է։ Հասկանալի պատճառներով այժմ անհնար է Ուկրաինայի տարածքով անցնել։ Նախկինում երթևեկությունն անցնում էր Ուկրաինայի և Լեհաստանի տարածքով։
Ինձ մոտ կա գործվածք, մետաղ, փայտ։ Այս ճանապարհին աղբամաններ պետք է տեղադրվեն, որպեսզի նման աղտոտվածություն չլինի։ Մոտակայքում զուգարան չկա։ Տրանզիտի համար վճարում ենք 350 լարի։ Նախկինում 220 լարի էր, իսկ հիմա, երբ հոսքն ավելացել է, գինն էլ է բարձրացել։
Գրանցումն արագ է արվում, բայց դեռ պետք է այնտեղ հասնել: Նախատեսված չի եղել նման հոսքի համար։ Մաքսավորները պետք է պատուհաններ ավելացնեին»,- ասում է բելառուս վարորդ Սերգեյ Սադովսկին։
Կարելի է ասել, որ իր աշխարհագրական դիրքի և Կովկասում իր հարևանների հետ լավ հարաբերությունների շնորհիվ Վրաստանը տարածաշրջանում տարանցման մենաշնորհ ունի։
Երկրի տարածքով անցնում են մի շարք տրանսպորտային միջանցքներ։ Ուկրաինական պատերազմից հետո դեպի Վրաստան մտնող հոսքերն էլ ավելի մեծացան, ինչը հաստատում է նաև վիճակագրությունը։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Վրաստանի սահմանը հատել են ռեկորդային թվով տարանցիկ բեռնատարներ, մասնավորապես՝ 209.000, ինչը 51.000 կցորդիչով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Սա նշանակում է, որ ամեն օր 1150-ից ավելի բեռնատար է հատում երկրի սահմանը։
Հունվար-հունիս ամիսներին Վրաստանի բյուջեն ստացել է 41,9 մլն լարի [14,5 մլն դոլար] եկամուտ տարանցիկ բեռներից. Վրաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր բեռնատար մինչև 2022 թվականի հունիսի 20-ը վճարում էր 200 լարի, իսկ հունիսի 20-ից այդ գումարը հասել է 350 լարիի։
«Տարածաշրջանին իրականում սպառնում է տրանսպորտային կոլապս»,- ասում է քաղաքագետ Գելա Վասաձեն։
«Այսօր Ռուսաստանը մեկուսացված է, և Չինաստանից Եվրոպա ապրանքների այնպիսի հոսք կա, որ տարածաշրջանը շնչահեղձ է լինում։ Այս բեռներին գումարվում են Թուրքիայից Ռուսաստան ուղարկվող բեռները, որոնք նույնպես անցնում են այստեղով։ Այո, կան նավահանգիստներ, բայց մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր ճանապարհներին։ Իրանից Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ, Իրանից Վրաստանի նավահանգիստներ․սա կոլապս է»։
Բեռնատարների շարասյուն Վրաստանի սահմանին